ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՇՎՈՒՄ ԵՆ ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Նոյեմբերի 5-19-ը մարդահամար է անցկացվում Վրաստանում: Այս մասին հայտարարվել էր դեռեւս նախորդ տարի: Մինչեւ հիմնական փուլը տեղեկացվել էր, որ մարդահամարի առաջին փուլում վարձված գրեթե 4000 աշխատակիցները տնետուն այցելություններ կանեն` համապատասխան հարցաթերթիկներով: Իսկ արդեն նոյեմբերի 5-19-ը, որպես մարդահամարի երկրորդ փուլ, մոտ 15000 աշխատակիցներ հատուկ կազմված հարցաթերթիկներով հարցազրույցներ կանցկացնեն բնակչության հետ: Ըստ վիճակագրական ծառայությունների հայտարարությունների, անցկացվում է նաեւ գյուղատնտեսական մարդահամար, որի միջոցով տեղեկություններ կհավաքվեն ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ արդյունաբերական գործունեության վերաբերյալ: Մարդահամարի արդյունքները կհրապարակվեն քայլ առ քայլ, առաջին հրապարակումը կլինի մարդահամարի անցկացումից գրեթե վեց ամիս անց: Փաստացի 2015թ. մայիսին կարելի է ակնկալել որոշակի թվերի հրապարակում: Այդ համատեքստում հետաքրքրական կլինի տեսնել վրացական մարդահամարի հայկական համայնքին վերաբերող տվյալներն ու թվերը, հատկապես որ Վիրահայոց թեմի կողմից հատուկ հայտարարություն ու կոչ եղավ Վրաստանում բնակվող հայերին` «միանշանակ արտահայտել ու ընդգծել պատկանելիությունը Հայ առաքելական սուրբ եկեղեցուն` նշելով դա համապատասխան թերթիկում»: Մարդահամարի տվյալները հետաքրքրական են ոչ միայն փոքրամասնությունների մասին տեղեկությունների առումով, այլեւ նույն այդ փոքրամասնությունների` ընտրություններում դերակատարության շուրջը շահարկումների համատեքստում: 1989թ.-ին անցկացված վերջին մարդահամարը, որը պաշտոնապես ներառում էր նաեւ Աբխազիան եւ Հարավային Օսիան, Վրաստանում գրանցել էր մոտ 5.5 մլն մարդ: |