ՀԵՖԵՐՆ-ՎՈԼԻՆԿԻՆ-1:0 ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Հայաստանում ավարտվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակում Երեւանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդես եկավ հայտարարությամբ: Ու չնայած հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերությունները եւ տեսագրություն ներկայացնելու հնարավորություն ունեցող կայքերը հրապարակեցին Հեֆերնի հայտարարությունը` վիդեո տարբերակով, բայց այն ըստ էության կարեւոր էր ոչ այնքան բովանդակային մասով: Հազիվ թե անգամ գտնվեն մի քանի հոգի, ովքեր ուշադիր լսել են դեսպանի հայտարարությունը: Դեսպան Հեֆերնն իր հայտարարությունը տեսագրել էր` հայերենով, այսինքն ԱՄՆ դեսպանը հայաստանցիներին դիմեց մեր իսկ մայրենի լեզվով: Ինչո՞ւ: Անշուշտ ԱՄՆ դեսպանատանը, անձամբ դեսպան Հեֆերնը հրաշալի հասկանում են, որ Հայաստանում նախ` քիչ չեն անգլերենին տիրապետողները, ապա եւ հնարավոր էր դեսպանի հայտարարությունը թարգմանել հայերեն, հետեւաբար այն, անգամ անգլերենով հասկանալի կդառնար բոլոր հայաստանցիներին, ճիշտ այնպես, ինչպես նախագահ Օբամայի ամեն տարի ամպրիլքսանչորսին արտասանած` «Մեծ եղեռն»-ը: Սակայն Հեֆերնը հայերեն խոսեց իրադարձությունների հետեւյալ համապատկերում: Բանն այն է, որ Երեւանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, չնայած արդեն մի քանի տարի է պաշտոնավարում է Հայաստանում, երբեւէ որեւէ հայերեն հայտարարությամբ հանդես չի եկել: Ավելին, Վոլինկինի գրեթե յուրաքանչյուր հայտարարությունից հետո Հայաստանում ստեղծվում է ընդվզման որոշակի ալիք` կապված պետականության, անկախության պահպանման անհրաժեշտության հետ, որը կամ անմիջապես, կամ աստիճանաբար մարում է: Ավելին, ռուսական դեսպանատան աշխատակիցները, Երեւան ժամանած ռուս պաշտոնյաները, կամ լրագրողները, որոնցից ոմանք որեւէ պաշտոնյայից ավելի պաշտոնյա են, խոսում են բացառապես ռուսերեն: Սա դեռ բավական չէ, Հայաստանում նրանց հյուրընկալած պաշտոնյաները եւս` հյուրերի թանկագին խաթեր համար, եւս խոսում են ռուսերեն: Ուրեմն հենց այս համապատկերում ԱՄՆ դեսպանն իր հայտարարությունն արեց հայերեն: Կարծիք կա, որ այդպիսով դեսպան Հեֆերնը ցույց տվեց, որ ինքը չի խառնում դիվանագիտությունը ենթադրենք` «տապոռության» հետ, բայց սա միայն կարծիք է: Փաստն այն է, որ անգամ հայերեն խոսող Հեֆերնը դիվանագետ է եւ դիվանագիտություն է անում, եւ մեկ ուրիշ փաստն այն է, որ նրա դիվանագիտություն անելը մեզ համար ավելի հաճելի է, քան Իվան Վոլինկինի դիվանագիտությունը, չնայած հենց Վոլինկինի երկրի հետ ենք մենք ռազմավարական իրավահավասար գործընկերներ, ինչը ենթադրում է այդ թվում` միմյանց լեզուների նկատմամբ փոխադարձ հարգանք: |