ԲԱՔՈՒՆ ՈՒՂՂԱԹԻՌ Է ԽՓՈՒՄՙ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԴԻԱՆ ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿԵԼՈՒ ՀԱՃՈՒՅՔԸ ՎԱՅԵԼԵԼՈՎ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա «Ադրբեջանը հայտնել է, որ հայկական ուղղաթիռ է խփել»,«Շպիգել- օնլայնը» նոյեմբերի 12-ին ժամը 16.34- ին տարածել էր Բաքվի տրամադրած լուրըՙ mxw, AFP, Reuters, AP լրատվական գործակալություններին հղում անելով, ինչը մեծ մասամբ նույնությամբ կամ որոշ դեպքերումՙ նոր շեշտադրումներով տեղ է գտել գերմանալեզու լրատվամիջոցներում։Ադրբեջանը սեփական աղբյուրները վկայակոչելով հաղորդել է, թե հարեւան Հայաստանի ռազմական ուղղաթիռն է խփել։ Բաքվում պաշտպանության նախարարության հայտարարության համաձայնՙ MI-24 տիպի մարտական ուղղաթիռը փորձել է հարձակում իրականացնել Աղդամի սահմանային շրջանում ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, որից հետո ուղղաթիռը խփվել է։ Հայկական զանգվածային լրատվամիջոցների փոխանցմամբՙ անձնակազմի 3 անդամ սպանվել է։ Սա 1994-ի հրադադարից հետո երկու երկրների միջեւ առկա ռազմական ծանրագույն միջադեպն է։ Լեռնային Ղարաբաղի ապստամբ ղեկավարները (բնագրումՙRebellenfՖhrung) հաստատել են, որ ուղղաթիռը խփվել է ադրբեջանական զինուժի կողմից «ռազմական զորավարժանքի ժամանակ իրականացրած ուսումնական թռիչքի ժամանակ»։ Պատահարից հետո տարածքը գնդակոծվում է։ Այնուհետ գերմանագիր լրատվամիջոցները ներկայացնում են տարիներ շարունակ շրջանառվող տարբերակըՙ «մեծ մասամբ հայերով բնակեցված ԼՂ միջազգայնորեն Ադրբեջանին պատկանող տարածք է», մի նոր շեշտադրում փոխանցելովՙ անցյալ տարիներին հակամարտության լուծմանն ուղղված միջազգային ջանքերն ապարդյուն են։ «Դի վելթը» նույն ադրբեջանական լուրն արդեն տեղադրել էր ժամը 15.30-ին, «Ֆոկուսը»ՙ 17.44-ին։ Շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգը» Մոսկվայի իր թղթակցիՙ Դանիել Վեհլինի ( Daniel Wechlin) «Ադրբեջանը մարտական ուղղաթիռ է խփել» վերնագրյալ հոդվածը տեղադրել էր 17.06-ին։Հոդվածն իհարկե վերոբերյալ տարբերակից չշեղվելով հանդերձ նոր շեշտադրումներ է հավելում։ Այսպես օրինակՙ հոդվածագիրը գրում էՙ ադրբեջանական զինված ուժերը երկրի արեւմուտքում մարտական ուղղաթիռ են գնդակոծել։ Բաքուն «հայկական ուղղաթիռ» է անվանում, այլ աղբյուրներ նշում են, թե այն միջազգայնորեն չճանաչված ԼՂՀ- ին է պատկանում։ Հայկական գործակալություններից մեկի փոխանցմամբՙ 3 հոգի զոհվել են։ Բաքվի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայնՙ ուղղաթիռին կրակել են, երբ նկատել են, որ այն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ «հարձակողական կուրս» է իրականացնում։ ԼՂ զինվորական ղեկավարությունը, ինչպես նաեւ Երեւանում ՊՆ հերքում են այս շարադրանքը։ Ըստ այդմՙ ուղղաթիռը միմիայն ուսումնական թռիչքի է եղելՙ տարածաշրջանում. ԼՂ ու Հայաստանը «Միասնություն 2014 » զորավարժություններ են անցկացնում։ Բաքվի լրատվության համաձայնՙ միջադեպը տեղի է ունեցել Աղդամի Կենգերլի բնակավայրի հյուսիսարեւելյան շրջանում, ուղղաթիռը խորհրդային շրջանում ստեղծված MI-24 է։ Կործանման վայրը Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանի շփման գծում է, տեղանքն ականապատ է, հակամարտող կողմերը դիրքավորված են դեմ դիմաց տեղակայված խրամատներում։ Հայաստանի եւ ԼՂ պաշտոնյաները հայտարարում են, թե ադրբեջանցիները կրակի տակ են պահում կործանված ուղղաթիռի բեկորները, այդ պատճառով չեն կարողանում այնտեղ թափանցել։ «ՆՑՑ» լրագրողը միաժամանակ ընդգծում է, թե տեղեկությունները չեն կարող ստուգվել անկախ աղբյուրի կողմից։ Նշելով, թե ԼՂ հակամարտությունը ամենահինն է հետխորհրդային տարածքում, շվեյցարական թերթը փոխանցում է, թե 1991-94-ին հայ- ադրբեջանական պատերազմից հետո Հայաստանը լիովին վերահսկում է 11 000 քառ կմ-ը, ավելինՙ Երեւանի տրամադրության տակ են գրավյալ 7 շրջանները, ինչը բազմիցս քննադատել է ՄԱԿ-ը։ Տարածաշրջանում մահացու միջադեպերը կանոնավոր բնույթ են կրումՙ զոհերի թվում զինվորականների հետ ներառելով նաեւ շարքային քաղաքացիների։ Օգոստոսին գրանցվեց ամենածանր փոխհրաձգությունըՙ խլելով նվազագույնը 24 մարդու կյանք։ Ինչպես նախկինում, կողմերն այժմ էլ միմյանց են մեղադրում սադրանք հրահրելու, հրադադարը խախտելու համար։ Բայց ռազմական ուղղաթիռի կործանումը հատուկ որակ է հաղորդում։ ՊՆ Երեւանից սպառնում է Բաքվին, թե հետեւանքները «շատ ցավագին» են լինելու, իսկ միջադեպի ողջ պատասխանատվությունը կրում է Բաքվի ղեկավարությունը, իր հոդվածում փոխանցում է «Նոյե ցյուրխեր ցայթունգի» մեկնաբանը։ Հակամարտության լուծման առաջին գծում ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Բայց բանակցությունները տարիներ ի վեր փակուղում են։ Հոկտեմբերի վերջին Փարիզում կայացած Ալիեւ- Սարգսյան հանդիպումն էլ առաջընթաց չգրանցեց։ Կողմերը կարծր դիրքորոշում ունեն, հակամարտությունը երկու երկրներում էլ վերբեռնվել էՙ զգայական բարձրակետի հասնելով։ Բանակցություններում կարեւոր է Ռուսաստանի դերը, արտաքուստ այդ երկրի պահվածքը երկարժեք, հակասական է (ամբիվալենտ)։ Մի կողմից ուզում է դիվանագիտական բանակցություններում մաս կազմել, մյուս կողմիցՙ Հայաստանում ռազմաբազա ունեցող Մոսկվան Հարավային Կովկասում հանդես է գալիս որպես Հայաստանի հովանավոր, իսկ Ադրբեջանին Կրեմլը զենք է մատակարարում, եզրափակում է շվեյցարական լրատուն։ Ավստրիական «Դեր Շտանդարտը» ժամը 17.18-ին է անդրադարձել հայկական ուղղաթիռի գնդակոծման դեպքինՙ ներկայացնելով ադրբեջանական մեկնաբանությունըՙ հղում անելով APA գործակալությանը։ «ԼՂ «նախագահ» Դավիթ Բաբայանի ասելովՙ «ուղղաթիռի մեջ զինամթերք չի եղել, «նախագահի խոսնակի» բացատրությունն է վրիպակով փոխանցում շվեյցարական «Թագես անցայգերը»ՙ հղում անելով Ինտերֆաքսին։ Ժամը 21.46-ին ներկայացնելով միջադեպը այս լրատուն էլ հենվում է ադրբեջանական ձեւակերպման վրա, բայց ի տարբերություն իր գործընկերների հավելում նաեւ, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարը շքանշանով է պարգեւատրել ուղղաթիռը կործանած զինվորին։ Օրաթերթը ներկայացրել է նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի զգուշացումը, որ ծանոթ է հայկական ԶԼՄ-ին։ «Գերմանաթուրքական ժուռնալ» առցանց լրատուն 16.17-ին տեղադրելով լուրըՙ ադրբեջանական վերոբերյալ տարբերակը զգույշ գրաքննել էՙ իր ընթերցողներին ուղղորդելովՙ «սադրանքների» առիթ է դարձել հայկական բանակի սահմանային շրջանում եռօրյա ուսումնավարժանքը։ Ուղղաթիռն առանց թույլտվության ադրբեջանական օդային տարածք է մտել, ձեւակերպել է թուրքական լրատվամիջոցը։ ԼՂՀ ՊՆ հաղորդման համաձայնՙ ուսումնավարժանք անցկացնող ուղղաթիռը խփվել է ետեւից, ասել է, թեՙ տիպիկ ադրբեջանական ձեռագրով։ Մեկ շաբաթ առաջ գրել էինք հունգարական «Պեստեր Լլոյդ» թերթի հաղորդումն այն մասին, թե «կացնասպանի սկանդալից» հետո Հունգարիան Բաքվից ակնկալիքներ ունի։ Երեքշաբթիՙ ուղղաթիռի կործանումից մեկ օր առաջ դա հաստատվեց։ Նույն թերթը փոխանցում է, թե նոյեմբերի 11-ին Բուդապեշտում վարչապետ Օրբանը հյուրընկալել է Ադրբեջանի նախագահին։ «Հանուն փողի եւ գազի. Օրբանը նորից է գովերգում բռնակալ ռեժիմը», վերնագրում է թերթըՙ ծանուցելով վարչապետի «Ադրբեջանից օրինակ վերցնելու» հորդորը, նաեւՙ հպարտ խոստումը, թե մոտ ապագայում ողջ միջին Եվրոպային գազ կմատակարարի։ Հունգարական թերթն իհարկե չէր գրել, թե Օրբանը Ադրբեջանին կօգնի շրջանառության մեջ դնել ղարաբաղյան, հայկական թեմայով իր քարոզչությունը։ Սա Ադրբեջանն արդեն անում էՙ ռազմական գործողությանը զուգահեռ, առանց վայրկյան կորցնելու միջազգային լրատվամիջոցներին տրամադրում իրեն շահեկան լրատվությունը։ Իսկ մե՞նք…Գուրգեն Մարգարյանի սեւ շրջանակով լուսանկարի կողքին եւս երեք նկար ենք շրջանակումՙ հապաղելով, վրիպելով, թե լավագույն պաշտպանությունը լրատվական կեղծիքների պատերազմում արագ, լուրջ, փաստարկված լրատվությունն է։ Նրանց կացնի դեմՙ մեր Թուր Կեծակին, ադրբեջանաթուրքական քաղաքական մուղամինՙ Ձենով Օհանիձայնի կացինը։ Հիշեցնել է պետք։ |