ԳՐՈՂԻ ԾՈՑԸ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ հաջորդ երկու տարիների ընթացքում Ռուսաստանի տնտեսությունը չի կարող աճ ապահովել: Ավելի կոնկրետՙ ՌԴ ԿԲ-ից հայտարարել են, որ «ըստ ամենայնի ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեն հանի Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, նավթի համաշխարհային գները կշարունակեն անկում ապրել, հետեւաբարՙ մեր տնտեսությունը հաջորդ տարիներին չի կարող աճ ապահովել»: Այս համատեքստում առնվազն հետաքրքրական է, թե ի՞նչ են մտածում շարքային ռուսաստանցիները: Հասկանալի է, որ նրանք, նրանց մեծամասնությունը կողմ էՙ Ղրիմի Ռուսաստան «վերադարձին», եւ առհասարակՙ «ամբողջ աշխարհում ռուսալեզու բնակչության իրավունքների պաշտպանությանը», եւ այս առոմով «նախագահ Պուտինի ուժեղ եւ կոշտ քաղաքականությանը», բայց, պարոնայք, ձեզ մոտ ռուբլին աստիճանաբար «մահանում» է, ձեր տնտեսությունը առաջիկա երկու տարիներին չի աճելու, իսկ սա նշանակում է, դուք տարիների ընթացքում ապրելու միջոցներ չեք ունենալուՙ աշխարհի ամենամեծ երկրում: Կասկածից վեր է, որ ԱՄՆ նախագահ Օբամայից հետո Սպիտակ տուն երկու տարուց կգա հանրապետական նախագահ, եւ հայտնի փաստ է, որ հանրապետականները կոնկրետ ռուսների հանդեպ ավելի կոշտ քաղաքականություն կիրառելու կողմնակիցներ են: Հետեւաբար, գալիք տարիներին չի բացառվում, որ տնտեսական պատժամիջոցները ոչ միայն պահպանվեն եւ ավելանան, այլեւ վեր ածվեն, ավելիՙ քաղաքական, եթե ոչՙ ռազմական պատժամիջոցներիՙ Ռուսաստանի դեմ, իսկ սա արդեն նշանակում է, որ գալիք տարիներին Ռուսաստանի տնտեսությունը ոչ միայն չի աճելու, այլեւ անկում է արձանագրելու: Գիտե՞ն այս մասին ռուսաստանցիները: Գիտեն եւ ոչինչ չե՞ն անում, անում են, բայց չի՞ ստացվում... Փոխարենը Ռուսաստանը շարունակում էՙ աշխարհաքաղաքական այլընտրանքային բեւեռ դառնալու իր քաղաքականությունը: Փաստորեն կամ անտեսելով հիշյալ հետեւանքները, կամ էլ գտնելով, որ ուժեղ տնտեսությունը որոշիչ գործոն չէ աշխարհաքաղաքական բեւեռ դառնալու համար: Տպավորություն է ստեղծվում, որ ժամանակինՙ «ամեն ինչՙ հանուն պատերազմի» կարգախոսը վերաձեւակերպվել էՙ «ամեն ինչՙ հանուն բեւեռ դառնալու» կարգախոսի, եւ կամ, նախագահ Պուտինը, անգլիական թագուհու նման, «ամեն ինչում ճիշտ է եւ երբեք չի սխալվում»: Լավ, ենթադրենք, ռուսները ավելի շատ Պուտինին են սիրում, քան իրենց տնտեսությունը, բա մե՞նք: Մենք ո՞ւր ենք գնում, ի՞նչ տնտեսության հետ ենք դառնում ընդհանուր մաքսային եւ ոչ միայն մաքսային սահման: Մի տնտեսության, որը հաջորդ տարիներին չի աճելու, եթեՙ չնվազի՞: Իսկ մենք գոնե սա տեսնո՞ւմ ենք, տեսնում ենք ու ոչինչ չե՞նք անում, անում ենք, բայց չի՞ ստացվում... որովհետեւ մենք մարգինա՞լ ենք: Իսկ գուցե Ռուսաստանն ինքը աստիճանաբար դառնում է մարգինալՙ ամբողջ աշխարհի համար, հետեւաբար ռուսական կողմնորոշում ունեցողները մարգինալ են ամբողջ աշխարհի կտրվածքո՞վ... Գուցե: Ոչինչ չենք պնդում, բացի նրանից, որ Ռուսաստանի տնտեսությունը գալիք տարիներին աճի տեմպեր չի ապահովելու, եւ ամենակարեւորը, «առանց Ռուսաստանի հետ ամուր կապերի վատ է ցանկացած երկրի համար, հատկապեսՙ հետխորհրդային», բայց «Արեւմուտքի հետ ամուր կապերը լավ են ցանկացած երկրի համար, այդ թվումՙ հետխորհրդային»: Իսկ սրանք տարբեր բաներ ենՙ գաղափարական առումով, մի տեսակՙ էությամբ: |