ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻՆ ԴԵՄ ԼԻՆԵԼՈՎ` ԿՈՂՄ ԵՆՔ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԼՂՀ-Ադրբեջան շփման գոտում ուսումնամարզական թռիչք իրականացնող ԼՂՀ ռազմաօդային ուժերի` ուսումնական վարժանքներ իրականացնող ուղղաթիռի կործանման միջադեպը մի տեսակ ստվերեց Ազգային ժողովում կատարվող մի շարք իրադարձություններ: Այս քառօրյայում քննարկվում էին երկրի գլխավոր փաստաթուղթը` եկող տարվա բյուջեի նախագիծը, կառավարության կառուցվածքը փոխելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը. անգամ ընդդիմության` ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ ԼՂՀ-ն ճանաչելու վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի առաջարկը (այս առաջարկին ընդամենը ութ պատգամավոր կողմ քվեարկեց, մնացյալը դեմ չլինելու համար չմասնակցեցին քվեարկությանը` վաղաժամ եւ բանակցություններին խանգարող համարելով առաջարկը): Նախ` որոշ տպավորություններ ոչ ըստ էության, բայց ոչ պակաս կարեւորության: Օրինակ` ԱԺ-ում հարկ է ընդունել մի այնպիսի կանոնակարգ, որն այս աղքատ երկրի նախարարներին եւ պատգամավորներին կարգելի մուտք գործել խորհրդարան` 300 դոլարից ավելի արժեցող կոստյումով (լրագրողների հանդեպ ուզում էին, չէ՞, դրես-կոդ սահմանել, ու անգամ ինչ -որ անկապ պահանջներ են գրել-կպցրել պատին), սթրեսի մեջ չգցելու համար ցածր աշխատավարձերով ապրող ԱԺ աշխատակազմին եւ ընտրյալ խավին հեռուստացույցով նայող աղքատ ժողովրդին: Թե չէ, իսկապես, տաս միլիոն դրամանոց կոստյումով թոշակառուների մի քանի դրամի մասին խոսելը սադոմազոխիզմ է, ինչը շատ լավ հասցրեց օգտագործել Նիկոլ Փաշինյանը ` անհարմար վիճակի մեջ դնելով թանկարժեք կոստյումով բյուջեն ներկայացնող ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին: Չգիտես ինչու` այդպիսի կոստյումով հնարավոր չէ տեսնել ոչ փոխնախարար Պավել Սաֆարյանին, ոչ նախարար եղած Վաչե Գաբրիելյանին ու այլոց, բայց մեր գործարար-հարուստ նախարարները հագուստի հարցում Հռոմի պապից ավելի կաթոլիկ են: Մյուս հետաքրքական պահն այն էր, որ ԲՀԿ-ի ներկայացուցիչները, քննադատելով բյուջեի նախագիծը, այնուամենայնիվ իրենց խոսքի սկզբում նշում էին, թե այս կառավարությունը ապրիլից է գործի անցել, չէր կարող անցյալից փոխանցված պրոբլեմներին միանգամից լուծում տալ, եւ չի կարելի ձախողումների պատասխանատու այս վարչապետին համարել: Թվերի առումով չենք խորանա` «Ազգը» դրանք արդեն ներկայացրել է: Նշենք միայն, որ 4,1 տոկոս ՀՆԱ-ի աճ է նախանշված, այն էլ կարծես ապահովելու ռիսկերի մասին խոսք գնում էր, ծրագրված է 1,5 տրիլիոն 184,5 մլրդ դրամի եկամտային մաս, 1 տրիլիոն 298,6 մլրդ դրամի ծախս , դեֆիցիտը կկազմիի 114.1 մլրդ դրամ: Պետական պարտքը ընդդիմադիրների կարծիքով օրհասական է, իշխանության համար` տանելի չափի, ներքին եւ արտաքին հանրագումարով 5 մլրդ դոլարից ավելի, ՀՆԱ-ի 20 տոկոսը դեռ, սարսափելին 38 տոկոսն է, համենայնդեպս` իշխանավորները դեռ այս պարտքի չափը վտանգավոր չեն համարում: Բյուջեն լավ քննադատեցին եւ դեմ քվեարկելու մասին հայտարարեցին ԲՀԿ-ն. ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը` ընդհանուր գծերով որպես քաղաքական փաստաթղթի նայելով նախագծին եւ փաստարկելով, որ այդ նախագծում չեն երեւում զարգացում եւ ապագա, նպատակներ եւ գործիքներ: ՀՀԿ-ն, հակառակը, քննարկման վերջում ի դեմս ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի զարմանում էր` դեմ ե՞ք, առաջարկներ արեք, ոչ մի առաջարկ չի հնչել:Նա ասում էր, որ բյուջեի ծախսերի քառասունյոթ տոկոսը սոցիալ- մշակութային են, պաշտպանության ծախսերն ավելացել, ի՞նչն է վատ այդ նախագծի` բարեկամության կոչեր հղելով ընդդիմությանը: Չորս օրով բյուջեի քննակման ընդմիջում հայտարարվեց` առաջարկները քսանչորս ժամում ներկայացնելու պահանջով: Մնում է, որ ՀՀԿ-ն կարողանա քվեարկություն կազմակերպել: Նշենք, որ փաստորեն վերջին սահմանային միջադեպը նաեւ երկրորդ պլան մղեց այն նոր վիճակը, երբ Հայաստանի նախագահը, ժեստ անելով ոչիշխանականներին (ինչն, ի դեպ, կանխատեսելի էր` համանման նախադեպերը նկատի առնելով), Հովիկ Աբրահամյանին առաջարկել էր մի անգամ եւս քննարկել ոչիշխանության տասներկու կետերը, ինչը դուռ է բացում քննարկումները ձգելու մինչեւ Նոր տարի, այդ ընթացքում հանրահավաքներ էլ հազիվ թե լինեն: Հետո էլ ցուրտ ձմեռը չի նպաստի հանրահավաքներին, ԵՏՄ-ն էլ կմտնի ուժի մեջ, ու միգուցե ինչ-որ իրավիճակ փոխվի ե՛ւ կառավարության, ե՛ւ ոչ իշխանության համար: Համենայնդեպս` երեկ խորհրդարանը Ռուբիկ Հակոբյանի ներկայացմամբ քննարկում էր Ընտրական օրենսգրքում 100 տոկոս համամասնական ընտրակարգի ամրագրման առաջարկը: |