ԻՆՉՈ՞Ւ Է ՆՎԱԶԵԼ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Հայաստանից արտահանումը 2014-ի 9 ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1,9 տոկոսով կամ մոտ 21 մլն դոլարով: Այս ցուցանիշներն է հրապարակել ազգային վիճակագրական ծառայությունը: Սա, թերեւս, բարձր ցուցանիշ չէ, բայց արտահանման վերաբերյալ ավելի օբյեկտիվ պատկեր տալու համար հարկ է ունենալ տարեկան ցուցանիշները` նկատի ունենալով, որ տարեվերջին տնտեսական ակտիվության, այդ թվում նաեւ արտահանման, ամենաբարձր ժամանակաշրջանն է: Արտահանման 9 ամիսների ցուցանիշների մեջ աչքի է ընկնում եւ շահարկվում հատկապես դեպի Ռուսաստան արտահանման ծավալների որոշ նվազումը` անցյալ տարվա 9 ամիսների 234 մլն դոլարի դիմաց այս տարվա 9 ամսիներին գրեթե 220 մլն դոլար: Դա ներկայացվում է որպես Հայաստանի` ԵՏՄ անդամակցելու անհեռանկարայնության վկայություն: Նման պարզունակ եզրակացությունները կա՛մ տեղեկացվածության եւ ոլորտից տարրական գիտելիքներ չունենալու, կա՛մ, որ առավել հավանական է, Արեւմուտքից փչող քարոզչության հերթական դրսեւորումներից է: Մինչդեռ, տնտեսական իրողություններին ամբողջությամբ ծանոթանալու դեպքում կարելի է տեսնել տեղի ունեցածի իրական պատկերը: Նախ` եթե արտահանման ծավալների որոշ` մոտ 14 մլն դոլարով կամ 6,2 տոկոսով նվազումը դեպի Ռուսաստանի Դաշնություն համարվում է որպես ԵՏՄ-ի անհեռանկարայնության վկայություն, ապա այդ տրամաբանությամբ նույն կերպ պետք է վերաբերվել նաեւ դեպի ԵՄ երկրների արտահանման ցուցանիշերին: Իսկ այստեղ մեր արտահանումն ավելի շատ է նվազել: Այս տարվա 9 ամիսներին Հայաստանից դեպի ԵՄ երկրներ արտահանումը կազմել է 371 մլն դոլար անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 338 մլն դոլարի դիմաց: Նվազումը մոտ 33 մլն դոլար կամ 8,8 տոկոս: Սա հի՞մք է ասելու համար, թե ԵՄ-ն որպես շուկա Հայաստանի համար հեռանկար չունի: Բնականաբար, ոչ: Ինչպես արդեն նշվեց, չի կարելի միայն մեկ տարվա եւ միայն տարվա 9 ամիսների ցուցանիշները ներկայացնելով նման եզրակացություն անել: Այլ բան է, որ պատրաստի արտադրանքի արտահանման առումով, ԵՄ շուկան, իսկապես, որ մեզ համար դեռ երկար ժամանակ անհասանելի կմնա: Չնայած այն բանին, որ հայկական արտադրության մի քանի հազար ապրանքների ԵՄ ներմուծման համար գործում է 100 կամ 50 տոկոս զեղչի արտոնություններ, բայց հայկական արտահանումը (հիմնականում մետաղական հանքանյութը) դեպի Եվրոպա վերջին տարիներին ոչ միայն չի ավելանում, այլ տարեց տարի նվազում է: Ինչ վերաբերում է վերամշակված, պատրաստի արտադրանքին, ապա այն թե որակական, թե ստանդարտների, թե գնային առումով առանց լուրջ ներդրումների անհնար է եվրոպական շուկա դուրս բերել գոնե մոտ ապագայում: Երկրորդը` դեպի Ռուսաստան արտահանման ծավալների ցուցանիշների նվազման եւ դրա պատճառների մասին խոսելիս, հարկ է դիտարկել ոչ միան 2013-ի, այլեւ գոնե նաեւ 2012-ի ցուցանիշները: Դա առավել լիարժեք պատկերացում կտար այստեղ առկա կացության վերաբերյալ: Բանն այն է, որ 2012-ին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումն աճել է մոտ 20 տոկոսով` 279 մլն դոլարից հասնելով 334 մլն դոլարի: Եթե նկատի ունենանք, որ դեպի Ռուսաստան հիմնականում արտահանում ենք վերամշակված գյուղատնտեսական մթերներ` սննդամթերք եւ թարմ գյուղմթերքներ, ապա մեկ տարի առաջ նման բարձր աճից հետո, հաջորդ տարում օբյեկտիվորեն դժվար է ակնկալել նման աճի շարունակություն : Նկատի ունենալով, որ այս տարի հատկապես արտահանման ուղղվածություն ունեցող գյուղմթերքների ցրտահարության պատճառով կորուստ ունեցանք, իսկ եղածն էլ առավելապես ուղղվեց ներքին շուկային, ապա բնական է արտահանման ծավալների նվազումը: Մեկ այլ ցուցանիշ, որը նույնպես պետք է նկատի ունենալ արտահանման մասին վերլուծություններ անելիս: Սննդամթերքի արտահանման հիմնական երկիր Ռուսաստան մեր արտահանումը այս նույն ժամանակահատվածում նվազել է, բայց պատրաստի սննդի արտահանման ծավալները ընդհանուր առմամբ ավելացել են` անցյալ տարվա 212 մլն դոլարի դիմաց հասնելով 236 մլն դոլարի (աճը մոտ 12 տոկոսով): Դա նշանակում է, որ դեպի այլ երկրներ պատրաստի սննդի արտահանման ծավալները ավելացել են, ինչը նույնպես դեպի Ռուսաստան այս ապրանքախմբի արտահանման նվազման պատճառներից մեկը կարող է լինել : Օրինակ` մեծ աճ է ունեցել դեպի Չինաստան արտահանումը` մոտ 67 մլն դոլարով կամ ավելի քան կրկնակի, նկատելիորեն աճել են նաեւ դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրան, Բելառուս, Իրաք արտահանումը: Այս երկրներ մեր արտահանման մեջ դարձյալ նշանակալի բաժին ունի սննդամթերքը: Պետք չէ մոռանալ արտահանման հետ կապված մեր մշտական խնդիրը, որը թույլ չի տալիս օգտվել այնպիսի հնարավորություններից, ինչպիսին ստեղծվել է Ռուսաստանում` հայկական արտահանողների մոտ պահանջվող մեծ քանակների բացակայությունը : Սա արտահանմանը խոչընդոտող ամենալուրջ խնդիրներից մեկն է` անկախ նրանից, թե դեպի ո՞ր երկիր են արտահանվում հայկական ապրանքները, տվյալ պարագայումՙ սննդամթերքը: Մյուս կողմից, արգելքների պատերազմը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջեւ բերել է ռուսական ռուբլու արժեզրկմանը: Դա նշանակում է այդ երկրում գնողունակության անկում եւ դեպի այդ երկիր արտահանման թանկացում : Այս գործոնները նույնպես բացասաբար են ազդում դեպի Ռուսաստան մեր արտահանման վրա: Այնպես որ, անկախ նրանից, որ դեպի Ռուսաստան արտահանման ավելացման հնարավորություններ են ստեղծվել, կան նաեւ խանգարող օբյեկտիվ գործոններ, որոնք թույլ չեն տալիս առայժմ օգտվել նման հնարավորությունից: Այդուհանդերձ, մեր արդյունաբերության զարգացման ներկա մակարդակը, ռուսական շուկայում մեր ապրանքների քիչ թե շատ հայտնի լինելը, միասնական շուկայում գործելու մոտակա իրողությունը եւ որպես դրա արդյունք ապրանքների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժը, կասկածի տեղ չեն թողնում այն բանում, որ Հայաստանի համար Ռուսաստանը արտահանման ամենաիրատեսական եւ նպաստավոր շուկան է ներկայումս, չխոսելով արդեն հեռանկարային լինելու մասին: Մասնավոր փոխանցումները 0,4 տոկոսով աճել են Ինչպես տեղեկացանք ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 2014 թ. հունվար-սեպտեմբերին բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ոչ առեւտրային դրամական փոխանցումների ներհոսքը Հայաստան կազմել է 1,323 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 0,4 տոկոսով: Տեղեկացնենք, որ ազգային վիճակագրական ծառայության տեղեկությունների համաձայն, հունվար-օգոստոսին դրամական փոխանցումները դեպի Հայաստան թեեւ աճել էին, բայց ավելի մեծ աճ էին արձանագրել Հայաստանից դեպի արտերկիր փոխանցումները: Արդյունքում, զուտ ներհոսքը դեպի Հայաստան 8 ամիսների արդյունքում որոշ չափով` 10 մլն դոլարով կամ մոտ 1 տոկոսով նվազել էր: 9 ամիսների ամբողջական արդյունքները դեռեւս հրապարակված չեն: Ա. Մ. |