ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՊԵՏՔ ՉԷ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Մեզ համար հրատապ է` չդառնալ մեծ պետությունների սադրանքների զոհը: Բոլոր փոքր պետությունների պատերազմների հեղինակը սովորաբար հրդեհներից ուրիշի ձեռքերն այրելով շագանակ հանող մեծերն են: Երբ հետեւում ես մեկ օր առաջ Արցախի եւ Ադրբեջանի շփման գոտուն մերձ հայկական տարածքում հայկական ուղղաթիռը խփելուց հետո ծավալվող իրադարձություններին, մեկը մյուսին հերթագայող արտերկրյա պաշտոնյաների հայտարարություններին` չի լքում ենթագիտակցական այն անհանգիստ զգացողությունը, որ ինչ-որ մեկը հետեւողականորեն գործողությունների շղթա է ագուցում: Եւ մենք պետք է այդ շղթայի ագուցումը զգանք ու կանխենք` անկախ նրանից, թե ո՞վ է աշխարհաքաղաքական շահերին համապատասխան լայնածավալ ռազմական գործողությունների կամ Հարավային Կովկասում դրանց էսկալացիայի մասին երազողը` բնականաբար իր, եւ ոչ թե հայերիս խնդիրները լուծելով: Կրակի հետ չխաղալ` այրվելը միշտ աչքի առաջ ունենալով: Չգիտենք` դա լիովին գիտակցո՞ւմ են Բաքվում, թե ոչ, բայց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հայացքով` «Ադրբեջանը ահաբեկիչների եւ մոլագարների պետություն է»: Ալիեւը, երեւում է, իսկապես ադեկվատ չէ, քանի որ պատերազմը տարածաշրջանում կնշանակի Ադրբեջանի նավթային ենակառուցվածքների, այսինքն` Ադրբեջանը գործոն դարձնող միակ ռեսուրսի ոչնչացում: Եթե դա նա չի գիտակցում, ուրեմն նրան հասկացնելու այլ մեթոդներ պետք է կիրառել, եւ ադրբեջանցիները մեծ պրոբլեմ ունեն` Ալիեւ անունով: Իսկ որ մեր սոցցանցերը երկու օր է լցված են վրեժխնդրական կոչերով` խփել տասն ադրբեջանական ուղղաթիռ, գետնին հավասարեցնել Բաքուն եւ այլն, դա էլ էմոցիոնալ առումով լիովին հասկանալի է, բայց զույգ հայկական պետությունների ռազմական եւ քաղաքական ղեկավարությունը այս կարգի կոչերով չէ, որ առաջնորդվում է, նա պետք է կարողանա բոլոր տարբերակների հետեւանքները հաշվել, անգամ մեզ օգնելու պատրաստակամ կողմի աջակցության հետեւանքները; Ու ըստ այդմ գործի: Ցավում ենք մեր երեք օդաչուների համար, նրանց վրեժն, իհարկե, մերոնք կլուծեն, սակայն հարկ է չմոռանալ, որ միգուցե հրահրվող վիճակին հաջորդող քայլերի կանխատեսելի հերթականությունը հրահրողները հաշվարկել են մեծ ճշգրտությամբ, այդ քայլերից օգտվելու սցենարով, ու արժե կանխատեսելի սցենարից տարբեր գործել` հիասթափեցնելով հրահրողներն: Համենայնդեպս` նույն օրը, երբ մեր ուղղաթիռն էին խփում, Հայաստանում երկու դեսպան` ԱՄՆ-ի եւ ֆրանսիայի, խոսում էին ԼՂՀ հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին, նույն բանն անում էր Իրանի նախագահը Բաքվում, մեր Ազգային ժոողովում քվեարկվում էր ԼՂՀ-ն ճանաչելու մասին Զարուհի Փոստանջյանի առաջարկը, ԱԺ նախագահն էլ, ի դեպ, ասում էր` ՀՀԿ-ն իշխանություն կլինի այնքան, քանի դեռ չի լուծվել ԼՂՀ հարցը: Գումարած` Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթն է: Գլոբալ առումով` օգոստոսի սահմանային լարմանը հաջորդած այս միջադեպը նախորդում է Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի սահմանադրական եւ խորհրդարանական ընթերցմանը, այն ԵՏՄ-ի, որի թնջուկը Արեւմուտքին, Թուրքիային, Եվրոպային, բոլորին անհարմարություն է պատճառելու, չգիտենք էլ դեռ Հայաստանին ինչ բերելով: Իսկ ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ մի մահակ, որ բոլոր կողմերը ամենատարբեր ձեւերով ցանկանում են օգտագործել մյուսների դեմ: Ի դեպ` ԶԼՄ-ները երեկ հիշել էին, որ Սարգսյան-Ալիեւ փարիզյան հանդիպումից հետո, երբ հաջորդ հանդիպում կանխատեսվել էր մեկ տարի անց միայն, Ալիեւն անսպասելիորեն նոր հայտարարություն էր արել, թե միգուցե առաջանա Սարգսյան-Ալիեւ նոր հանդիպման անհրաժեշտություն: Ու եզրակացրել էին, որ միգուցե առաջիկա օրերին նոր լարում է առաջացնելու Ադրբեջանը (կամ նրան հրահրողը), որպեսզի այդպիսի հանդիպման անհրաժեշտությունն առաջանա: Ինչպես տեսնում եք` սցենարներն այնքան կանխատեսելի հունով են ճամփա ընկնում, որ անգամ մեր ԶԼՄ-ներն են առաջ ընկած կանխատեսում կատարվելիքը, նշանակում է` մեր պաշտպանական համակարգում էլ տասն անգամ ավելի իրազեկ վերլուծություն եղած կլինի: Իսկ երեկ ողջ օրը միջազգային կառույցներից հնչած հայտարարությունները շարունակում էին հավասարության նշան դնել հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ այն դեպքում, երբ բոլորի համար էլ պարզ է Ադրբեջանի անամոթ նախաձեռնությունը` չզինված եւ ոչ ռազմական ուղղաթիռը ոչ իր տարածքում խոցելու առումով: Փսակի, Բորդյուժա, Ուորլիք, ԵԱՀԿ գործող նախագահ, Մինսկի խմբի համանախագահներ, ԵՄ, բազմաթիվ այլ կառույցներ ու պաշտոնյաներ երեկվա ընթացքում հայտարարություններ էին անում` դիմելով հավասարապես ԼՂՀ հակամարտության կողմերին եւ հավասարապես զսպվածության կոչ անելով: Ի դեպ` միջազգային կազմակերպությունների` մեկնժարյա հայտարարությունները երեւի նկատի ուներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, երբ միջադեպը դատապարտող իր հայտարարությունում կոչ էր անում Մինսկի խմբի համանախագահ երկրներին` դատապարտել եւ ավելի հստակ ու հասցեական ներգործություն ունենալ Ադրբեջանի վրա` խաղաղ կարգավորման գործընթացի ձախողման փորձերը կանխելու նպատակով: Նույն կերպ ԼՂՀ ԱԳՆ-ն էր հրադադարի իրական խախտողին բացահայտելու կոչ արել` հորդորելով խուսափել անհասցե կոչերից, որոնք Ադրբեջանի մոտ անպատժելիության եւ ամենաթողության զգացում են առաջացնում: Իսկ մեր զոհված օդաչուներին երեկ երեկոյան դեռ Ադրբեջանի ինտենսիվ կրակի պատճառով հնարավոր չէր դուրս բերել ուղղաթիռի անկման վայրից: Ի դեպ` եւ հայկական կողմից, եւ միջազգային կառույցներից հնչող հայտարարություններում մտահոգություն կար լարվածության ծավալման առումով: Երեկվանից ԼՂՀ-ում է Հայաստանի նախագահը, ով Ստեփանակերտի օդանավակայան է ժամանել ուղղաթիռով (զրոյացնելով երեկ Ալիեւի կողմից ԼՂՀ-ն ոչ թռիչքային գոտի հայտարարելու անհեթեթությունը): Նա դիտելու է շարունակվող զորավարժությունները եւ հավանաբար առավել ռեալ պատկերացում կկազմի լարվածության աստիճանի մասին: Բոլոր դեպքերում մեզ հիմա հարկավոր չէ այնպիսի վիճակ, որ Արցախում ոչ հայկական զորք հայտնվի, անկախ ամեն ինչից, եւ դա բազմիցս նշել են եւ Արցախի, եւ Հայաստանի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները: Բայց եւ` Ադրբեջանի սանձարձակությունը պատժելու համարժեք ձեւաչափը եւս պետք է գտնվի: |