ՊԵԿԻՆՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐ Պ. Ք. Պեկինում ավարտված Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) համաժողովում մասնակից 21 երկրների ղեկավարները ընդունել են ազատ առեւտրի տարածաշրջանային գոտու ստեղծման ծրագիրՙ «ճանապարհային քարտեզ», հաղորդում է ՌԻԱ գործակալությունը: «Ծրագրի իրականացումը կոչված է աշխուժացնելու ազատ առեւտրի գոտու ստեղծման ջանքերըՙ գոյություն ունեցող տարածաշրջանային ինտեգրացիոն նախաձեռնությունների հիման վրա, որոնք էական ավանդ են ներդնում տարածաշրջանի կայուն աճի եւ ընդհանուր բարգավաճման ապահովման մեջ», ասվում է ընդունված հայտարարության մեջ: Փաստաթղթում նաեւ անհրաժեշտ է համարվում խորացնել ջանքերը «Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերություն եւ համապարփակ տարածաշրջանային տնտեսական գործընկերություն» նախաձեռնությանն առնչվող բանակցությունների ավարտման նպատակով: Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովը հիմնադրվել է 1989 թ. նոյեմբերին, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 12 երկրների արտաքին գործերի եւ տնտեսության նախարարների կոնֆերանսում: Ներկայումս մասնակից երկրների թիվը 21 է. Ավստրալիա, Բրունեյ, Վիետնամ, Հոնկոնգ, Ինդոնեզիա, Կանադա, Հվ. Կորեա, Չինաստան, Մալայզիա, Մեքսիկա, Նոր Զելանդիա, Պապու-Նոր Գվինեա, Պերու, Ռուսաստան, Սինգապուր, ԱՄՆ, Թայլանդ, Տայվան, Ֆիլիպիններ, Չիլի, Ճապոնիա: Համաժողովը չունի կանոնադրություն, ուստի իրավաբանորեն կազմակերպություն չէ եւ գործում է որպես միջազգային համաժողով, տնտեսական հարցերի քննարկման խորհրդակցական մարմին: |