ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵՑԻՆ, ԻՍԿ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ՈՒ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵ՞ՐԸ Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Կառավարությունը շարունակում Է կրճատել ծառայողական ավտոմեքենաները: Երեկվա նիստում հերթական որոշումներն ընդունվեցին, ըստ որոնց, կառավարության աշխատակազմը 15-ով կրճատելու է իր ծառայողական ավտոմեքենաների քանակը, առողջապահության նախարարությունըՙ 26-ով, իսկ Ազգային ժողովըՙ 24-ով: Դրանք բոլորը օտարվելու են, այսինքնՙ վաճառվելու են: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց նախարարներին ու գերատեսչությունների ղեկավարներին 10 օրվա ընթացքում ավարտել ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործընթացը: Հիշեցնենք, որ մինչ այդ կառավարությունը հայտարարել էր կրճատվող 797 ծառայողական մեքենաների մասին, որից 103-ը` ուղղակի պետական բյուջեից ֆինանսավորվող: Դրանք 2017-ի պետական բյուջեով այլեւս չեն ֆինանսավորվելու: Ընդհանուր առմամբ, 2017-ի պետական բյուջեով, այս պահին հայտնի տեղեկատվությամբ, կրճատվելու են մոտ 850 մեքենաներ: Մոտավոր հաշվարկով, յուրաքանչյուր պետական ավտոմեքենայի համար ծախսվող տարեկան միջինացված գումարը մոտ 1,5 մլն դրամ է: Քանի դեռ կառավարությունից չեն հրապարակել կոնկրետ թիվ, թե որքա՞ն կխնայվի ավտոմեքենաների կրճատման արդյունքում, հիմք ընդունելով վերոնշյալ միջին ցուցանիշը կատարենք մոտավոր հաշվարկը: Ըստ այդ հաշվարկի, միայն ծառայողական ավտոմեքենաների կրճատման շնորհիվ եկող տարի հնարավորություն կստեղծվի խնայել մոտ 1,3 մլրդ դրամ: Եթե նկատի ունենանք, որ մեր պետական բյուջեի եկամուտները անցյալ տարի կազմել են մոտ 1 տրլն 147 մլրդ դրամ, ապա 1,3 մլրդ դրամը այնքան էլ մեծ գումար չի: Սակայն այդ գումարը բավարար է կոնկրետ սոցիալական կամ այլ նպատակային ծախսերի ուղղելու եւ արդյունք ստանալու համար: Միաժամանակ, ծառայողական մեքենաների կրճատմանը զուգահեռ հարկ է վերանայել նրանց հատկացվող օրական 12 լիտր բենիզին չափը: Ինչպես բազմիցս ենք գրել, այդ թվում մոտ 10 տարի առաջ այս որոշումն ընդունելու ժամանակ, մեկ օրում 12 լիտր բենզինի հատկացումը անթույլատրելի է եւ անհասկանալի: Հարկ է պետական մեքենաները փոխադրել ավելի խնայողական վառելիքիՙ գազի: Մյուս կողմից, երեկ, վարչապետի հրամանով աշխատանքից ազատվեցին գյուղատնտեսության երեք փոխնախարարներ: Հնարավոր է համարվում նաեւ այլ նախարարություններից փոխնախարարերի կրճատում: Մեզանում ոչ մի կանոնակարգում չկա, թե որքա՞ն փոխնախարարներ պետք է լինեն: Յուրաքանչյուր գերատեսչություն ինքն է որոշում, թե որքան փոխնախարար է իրեն անհրաժեշտ: Համարյա նման, թերեւս ավելի վատթար վիճակ էր ստեղծված նախարարների խորհրդականների առումով, երբ սկսեց գործել քաղծառայության համակարգը: Առաջացավ մի վիճակ, երբ յուրաքանչյուր նախարար մինչեւ 8-9 խոհրդական էր աշխատանքի ընդունում: Հետագայում այդ թիվը սահմանափակվեց երեքով: Ներկայումս սահմանափակում չկա նաեւ երկրի նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի խոհրդականների թվի առումով: Նման սահմանափակում, ավելի ճիշտՙ կանոնակարգում պետք է կիրառել թե՛ խորհրդականների, թե՛ փոխնախարարների համար: Հաշվի առնելով այս կամ այն գերատեսչության առանձնահատկությունները, կարող են լինել իրարից տարբերվող քանակի փոխնախարարներ այս կամ այն նախարարությունում, բայց դրանց թիվը կամայականորեն չպետք է ավելանա ժամանակի ընթացքում: Ընդհանրապես, պետական համակարգում օպտիմալացման եւ արդյունավետության բարձրացման միջոցառումներից որոշ ժամանակ անց սկսվում է հակառակ գործընթացըՙ որքան հաստիքներ կրճատվել են, այդքան էլ սկսում են ավելանալ: Արդյունքում, Հայաստանում ունենում ենք մեր երկրի բնակչության համեմատ խիստ մեծաթիվ պետական բյուրոկրատիա: Թույլ չտալու համար, որպեսզի մի քանի տարի հետո կրկին խոսենք ծախսերի կրճատման անհրաժեշտության մասին, հարկ է սահմանել հստակ մեխանիզմներ պետական կառույցների ծախսերի, մասնավորապես հաստիքների ավելացման յուրաքանչյուր դեպքի համարՙ ընդհուպ կառավարության նիստի որոշմամբ դա անելըՙ համապատասխան հիմնավորումների փաստարկված լինելու պարագայում եւ այդ մասին թափանցիկ տեղեկատվությամբ: |