RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17 > #024, 2016-06-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 10-06-2016



Տեղադրվել է` 2016-06-09 23:58:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 4597, Տպվել է` 282, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԿԻ՞Ր, ԹԵ՞ ՓՈՂ

Հ. ԱՖՅԱՆ

Պատկերացրեք կառավարությունը ստեղծում է մի օրինագիծ, որով նախատեսվում է, որ այն ՀՀ քաղաքացիները, որոնք չեն աշխատում, ամսական ստանալու են 2250 եվրո, ընդ որումՙ ցմահ, այսինքն քանի դեռ որեւէ տեղ չեն աշխատում, որպես գործազրկության նպաստ: Ընդ որում, անչափահասները, որոնք հասկանալի է, որեւէ տեղ չեն աշխատում, ստանալու են ամսական 500 եվրո նպաստ մինչեւ չափահասության տարիքը: Իսկ եթե նրանք չափահաս դառնալով էլ չեն աշխատում, ապա շարունակելու են նպաստ ստանալ, բայց արդեն 2250 եվրո: Ի՞նչ կասեք, հեքիաթ չէ բա ի՞նչ է: Բայց, այդուհանդերձ, պատկերացրեք, որ հաշվի առնելով մեր երկրում գործազրկության, աղքատության մակարդակը, արտագաղթի տեմպերը, եւ այն, որ հայկական գյուղում երեխաներն արդեն ո՞րն է Ռուսաստանի մայրաքաղաքը հարցին պատասխանում ենՙ խոպանը, Հովիկ Աբրահամյանի կաբինետը որոշում է նման օրինագիծ ներկայացնել ԱԺ, որն էլ, քննարկելուց հետո, որոշում է հարցը դնել հանրաքվեի: Հարցն էլ հետեւյալն է. համաձա՞յն եք, ՀՀ հարգելի քաղաքացիներ, որ այսուհետ բոլոր այն ՀՀ քաղաքացիները, ովքեր որեւէ տեղ զբաղվածություն չեն ունենա, ամսական եւ ցմահ ստանան 2250 եվրո, քանի դեռ որեւէ տեղ աշխատանք չեն գտել: Եւ երկրորդ հարցը. համաձա՞յն եք արդյոք դուք, ՀՀ արժանապատիվ ծնողներ, որ ձեր երեխաները անչափահասության տարիքում ստանան ամսական 500 եվրո, քանի դեռ չափահաս չեն դարձել:

Ի՞նչ եք կարծում, կընդունվե՞ն այս հարցերը, ժողովուրդը այո՞ կասի: Իմ կարծիքով սա կլինի մեր միակ եզակի ընտրությունը (հանրաքվեն), որին ժողովուրդի ձայնը չի կեղծվի, քանի որ կառավարությունը ներկայացրած կլինի մի բան, ինչին ժողովրդի մեծամասնությունը, ընդ որումՙ ճնշող, կասիՙ Այո: Օդից փող, այն էլ այսքան փող: Իրականում, սակայն, մեզ կբացատրեն, որ այդ փողը օդից չէ, այլՙ աշխատողների վճարած հարկերից, որոնք, ի դեպ, մի քիչ կբարձրանան, բայց բոլոր նրանք ովքեր աշխատում են, կամ աշխատեցնում, պարտադիր հարկ կվճարեն: Սրանից հետո մենք մի քիչ կմտածենք. իսկ ո՞րն է ավելի լավ, աշխատել եւ ստանալ մի քանի հարյուր եվրո աշխատավա՞րձ (ոմանքՙ մի հարյուր եվրո աշխատավարձ), թե՞ չաշխատել եւ ստանալ երկու հազարից ավել եվրո նպաստ, գումարած երեխաների նպաստը: Անշուշտ կընտրենք երկրորդ տարբերակը եւ տանը նստած պարապությունից երեխա կունենանք, քանի որ որքան շատ անչափահաս կա տանը, այնքան բարձր են տան եկամուտները:

Կստացվի այնպես, որ ե՛ւ խոպանը անիմաստ կդառնա, ե՛ւ ընտանիքը կդառնա բազմանդամ, ծնելիությունը մի այլ կարգի կխթանվի, եւ մարդիկ կժպտան, քանի որ մարդիկ բարեկեցիկ կապրեն, մի խոսքովՙ ցատկ դեպի բարեկեցություն:

Ոչինչ, որ չաշխատող եւ ծույլ սերունդ կտանք, մարդկանց կտրամադրենքՙ չաշխատելուն, օդից փող ստանալու բնավորությանը կտանք օրենքի տեսք, պետությունը թող մեզ պահի-ն պաշտոնապես կհաստատենք, քիչ էին հաստափոր ոմանքՙ շատ ուտելուց եւ չաշխատելուց, հիմա ազգովի հաստափոր կդառնանքՙ շատ ուտելուց եւ չաշխատելուց: Կարեւորը փողը կա, իսկ ամենակարեւորն այն է, որ այդ փողը մենք չենք աշխատում, չենք չարչարվում, ինչ-որ բան չենք ստեղծում...

Իսկ հիմա եկեք, ավելի ճիշտ փորձենք մեկ այլ բան պատկերացնել. Շվեյցարիայում հունիսի 5-ին տեղի է ունեցել համաժողովրդական հանրաքվե: Այդ երկրի քաղաքացիները պատասխանել են հարցին, թե ուզո՞ւմ են արդյոք ամսական ստանալ 2500 շվեյցարական ֆրանկ, որը մոտավորապեսՙ 2250 եվրո է, առանց որեւէ պայմանի, առանց աշխատելու անհրաժեշտության, ցմահ: Ընդ որում, այդ պարագայում անչափահասներն էլ կստանային ամսական 625 ֆրանկ: Շվեյցարացիների 18,2 տոկոսը պատասխպանել էՙ Այո, 81,8 տոկոսըՙ Ոչ: Պատկերացնո՞ւմ եք: Ես, օրինակ, չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս կարելի է հրաժարվել առանց աշխատելու փող ստանալուց, փոխարենն ընտրելով աշխատանքն ու աշխատավարձը: Կարծում եմ, որ շատերս չենք պատկերացնում:

Ու իմ կարծիքով այդ պատճառով էլ մեր երկիրը Հայաստանն է, նրանցըՙ Շվեյցարիան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 10-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ