ԱԼԻԵՎԻ ՄԵՆԱՆՎԱԳԸ. ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆՙ ՌԱԶՄԻ ՇԵՓՈՐՈՎ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Բեռլին Այդպես էլ չհասկացաՙ մամուլն ինձ չօգնեց հասկանալուՙ Ադրբեջանի նախագահը հունիսի 6-8 աշխատանքայի՞ն, թե՞ պաշտոնական այցով էր Բեռլին ժամանել։ Բայց նույն մամուլը ոչ միայն ինձ, այլեւ այս այցով հետաքրքրվող ուրիշների էլ պատմեց այն, ինչ Բեռլինում չհասցրի տեսնել։ Իլհամ Ալիեւը հունիսի 7- ին նախ հանդիպումներ ունեցավ ԳԴՀ տնտեսության եւ էներգետիկայի նախարար, փոխկանցլեր Զիգմար Գաբրիելի հետ, բացեց գերմանա- ադրբեջանական տնտեսական ֆորումը։ Ադրբեջանական մամուլն իհարկե ուրիշ խոշորացույցով է ներկայացնում հանդիպումների բովանդակությունըՙ էջեր ու էջեր, ինչպես երբեմն մենք էլ ենք անում, մինչդեռ գերմանական հայացքն, ինչպես կենցաղում, այստեղ էլ խնայողություն է սիրումՙ թղթի, մտքի, տողի, բառի։ Այցի մասին կարդացածիս ընդհանուր տպավորությունն եմ փոխանցումՙ Ալիեւըՙ բռնակալ է, խոստովանությունը, թե խաղաղության է ձգտում, պատերազմական հռետորաբանությամբ է օծում։ Պաշտոնյաներից բացի Ալիեւին Բեռլինում ջերմ ընդունելություն չէր սպասվում, նշում է հատկապես DWՙ նկատել տալով բեռլինահայերի, Reporter ohne Grenzen «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ոչ այնքան մեծաթիվ ցույցը։ Վիլլի Բրանդտ 1 հասցեում տեղակայված կանցլերի գրասենյակ մամլո ասուլիսի ներս մտնելու համար դեռ շուտ է, ժամանակ ունեմ շուրջս դիտելու, մանավանդ շատրվաններին մերձակա նստարաններին ինձ նման սպասում են լուսանկարիչներն ու օպերատորները, ուրեմնՙ ցույց է լինելու։ Շենքի առջեւ 3 դրոշ է փողփողումՙ Գերմանիայի, Ադրբեջանի, ԵՄ։ Ադրբեջանի դրոշը հյուրընկալ երկրի ԳԴՀ դրոշին նման է եռագույն բաժանմամբ, ԵՄ- ինՙ երկնային պատկերներով։ Բայց նմանությունն այսքանով էլ ավարտվում է։ Աստղազուրկ երկնքի տեսլականով Ադրբեջանը մի երկրի է միայն նմանվումՙ եղբայրական Թուրքիային։ Դիմահար մայթին ցույցը թափ է առնում, բայց դրա մասինՙ վերջում կպատմեմ։ Ինչպես արդեն իրազեկել էինք հունիսի 7-ին, մեր թերթի առցանց տիրույթում, նույն օրը ժամը 12.30-ից անց էր, որ կանցլերի գրասենյակին մոտեցավ Ադրբեջանի պատվիրակության ավտոշարասյունը, իսկ Անգելա Մերկելի հետ առանձնազրույցից հետո կայացավ Ալիեւի եւ ԳԴՀ կանցլերի համատեղ ասուլիսը, որին մասնակից լրագրողներս ստիպված էինք սպասել։ Հայտնի էրՙ զրույցը ծավալվելու էր Գերմանիա-Ադրբեջան միջպետական հարաբերությունների, ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ։ Միգուցե Ղարաբաղյան հարցն է նրանց առիթ տալիս մեզ երկար սպասեցնել, դիտմամբ կիսաձայն ասացիՙ խոսքս ավելի շատ ուղղելով կողքիս նստած «Թագեսշպիգելի»ՙ իմ հանդեպ բարեհամբույր թղթակցին։ Ճաշի ժամ է, ասաց նա, միգուցե ուտում են, ասաց ոչ այնքան հանգիստ ու հավելեցՙ դե եկե՛ք, որ կարողանանք մեր նյութը գրել։ Դաշնամուր եւ շեփոր Եկան։ Կանցլերըՙ անփոփոխ հանդարտ, պաստելային կանաչակապտագույն պիջակով, մեր հարեւան երկրի նախագահըՙ սեւ կոստյումի մեջ խստությունն ու լրջությունն ընդգծելով, բերանում եղածը արագ կուլ տալով։ Օրաթերթ լիներ, սղագրածս ելույթները կփոխանցեի, շաբաթաթերթում գերմանական խնայողությամբ, երաժշտական երկրի ավանդույթները հարգելով, այսպես ձեւակերպեմՙ Մերկելի գերմաներենը դաշնամուր էր նվագումՙ հավասարապես սեւ եւ սպիտակ ստեղներիցՙ հատկապես ԼՂ հարցի պայմանավորվածությունների մեղեդին փոխանցելով։ Կանցլերն ակնհայտ զարմացավ, երբ Ալիեւի անգլերենը դաշնամուրն ընտրելու անկարողՙ մաշված շեփորն (բորոզանը) ընտրեցՙ ռազմական շքերթի համար գրված, ամեն առիթով մեկ- երկու նոտա ավելացրած երկը հնչեցնելու համար։ Խոսել էին իհարկե Ադրբեջանի տնտեսության խնդիրների, հանրային կյանքն արտացոլող թեմաներիցՙ մարդու իրավունքներ, մամուլի եւ կրոնական ազատություն, քննարկել էին տարածաշրջանային հարցերՙ ընդգրկելով Իրանի թեման։ Բայց առանցքային թեման եղել էր ԼՂ հիմնահարցը, որ ԵԱՀԿ նախագահող երկրի կանցլերի շեշտադրմամբ, պիտի բացառապես բանակցային լուծում գտնի։ Կանցլեր Մերկելն ակնհայտ դժգոհ, զարմացած տեսք ուներ, երբ Ալիեւը բարձրախոսին մոտենալուն պես սկսեց նույն բառամթերքը գործածելՙ հայկական ագրեսիա, 20 տոկոս բռնազավթված տարածքներ, իսկ ապրիլյան պատերազմն էլ հայկական ուժերի սադրանքն էՙ խաղաղ բանակցությունները տապալելու մտադրությամբ պայմանավորված։ Իրենք խնդրեցին հրադադար, քանի որ խաղաղության կողմնակից են, ասաց։ ԳԴՀ կանցլերը կարծիք հայտնեց, թե Ռուսաստանը կարող է կարեւոր դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։ Մենք օգտագործում ենք մեր կապերը, որ սատարենք Ռուսաստանի կառավարությանը, այնպես ինչպես Մինսկի խմբի համանախագահներ ամերիկյան, ֆրանսիական կառավարություններինՙ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, շեշտեց ԳԴՀ կանցլերը։ Ալիեւին այդքան մոտիկից չէի տեսել, նրա դիմախաղը շատ էր տարբերվում կանցլերի պահվածքից։ Հայաստանի բազում մեղքերը թվարկում էր անկենդան, անգիր սերտած դասի նման, նույն թելին շարում իրենց ժողովրդավար, բազմամշակութային երկրի գրավչություններըՙ բոլոր տեսակի ազատություններ ՙ մամուլի, կրոնի… Երեւի շատ է տպավորվել Զիգմար Գաբրիելի հետ հանդիպումիցՙ հանգիստ կանգնել դժվարանում է։ Ադրբեջանը դիտարկելով որպես էներգատար երկիր ԳԴՀ փոխկանցլերը ձեւակերպել է գերմանացիների երազըՙ Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու համար Կասպիցի պաշարները նոր խողովակաշարով կհասնի Եվրոպա։ Արդեն 2020- ին «Հարավային հոսք»-ը կնպաստի, որ Կասպիցի գազը ուղղակի Գերմանիա հասնի։ Ծրագրի հստակ իրականացումը սկսվել է շաբաթներ առաջՙ գերմանական Զիիմենս եւ Զալցգիթթեր ընկերությունների միջոցով։ Երեւի սա Ալիեւին այնպես է թեւավորել, որ երբեմն- երբեմն ժպտում է։ Ղարաբաղյան հարցի մասին Բաքվի եւ Բեռլինի տեսակետները երկու բեւեռ են Լրագրողների հարցերն էլ ուրեմնՙ երկրների հանգույն։ Գերմանացիներըՙ լայն գունապնակով, ադրբեջանցիներըՙ համարյա մեկ հարցովՙ ե՞րբ եք Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու։ Անընդունելի է ստատուս քվոն, ՄԱԿ-ի ԱԽ 4 զեկույցները դեռ չի կատարում հայկական կողմը, բռնազավթված պահելով Ադրբեջանի տարածքը։ Մենք պաշտպանում ենք մեր երկիրը, նրա խաղաղ բնակիչներին։ Իսկ Հայաստանը սխալ պատկեր է ստեղծումՙ ով է զոհ, ով ագրեսոր, խանգարող չկա. ու պատմում է Ալիեւ կրտսերը։ Հետաքրքրական էր Ռուսաստանիՙ թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին զենք տրամադրելու մասին հարցին Ադրբեջանի նախագահի պատասխանըՙ Ռուսաստանը մեր հարեւանն է, համագործակցում ենք տարբեր բնագավառներում, մեր ստրատեգիկ գործընկերն է, ըմբռնումով ենք մոտենում, որ Հայաստանին էլ զենք է մատակարարում։ Ադրբեջանի նախագահը հավելեց, թե Ռուսաստանը միակ երկիրը չէ, որից զենք են գնումՙ նույնն անում են Բելառուսից, Թուրքիայից, Իսրայելից, Իրանից գնելով։ Կանցլեր Մերկելը մի ընդգծում արեցՙ Բունդեսթագի բանաձեւին անդրադառնալով, Ղարաբաղի հարցը առաջ շարժելու պատրաստակամությունը շեշտելով ասացՙ Թուրքիայի եւ Հայաստանի հարբերությունների լարվածությունը կթուլանա Ղարաբաղյան հակամարտության լուծման պարագայում։ Երբ ադրբեջանցի լրագրողը հարցրեց, թե Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ ինչու չեն կիրառվում, կանցլերն, առանց դեմքի որեւէ մկան շարժելու,առանց որեւէ կողմի մեղադրելու ասացՙ մենք խաղաղ քաղաքական լուծման կողմնակից ենքՙ հաստատակամ ընդգծելով, թե ԵԱՀԿ իրենց նախագահության տարում հարցիՙ մեծ փաթեթով քայլ առ քայլ լուծման կողմնակից են։ «Գերմանիայի պաշտոնատարները պիտի ճնշում բանեցնեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վրա Բեռլին այցի ժամանակ, որպեսզի ազատ արձակի ապօրեն բանտարկվածՙ կառավարությանը քննադատող քաղաքական ակտիվիստներին», կարծիք էր հայտնել Human Rights Watch կազմակերպությունը հունիսի 6-ին, երբ Ալիեւն արդեն Բեռլին էր ժամանել։ Հիշեցնենք, որ պաշտոնական Բեռլինը ծանոթ է Ադրբեջանի վերաբերյալ բազմիցս հնչած այս քննադատությանը, իսկ մեկ տարի առաջՙ 2015-ի հունիսի 12-ին Բունդեսթագն ի թիվս այլ հարցերի 110-րդ նիստում խոշորացույցի տակ էր առել մարդու իրավունքների ոտնահարման խնդիրըՙ պահանջելով Ադրբեջանից օրենքի գերակայություն, ժողովրդավարություն։ Ուրեմն լուռ չէր անցնելու։ Ժամը 12-ն էլ չկար, երբ կանցլերի նստավայրի հանդիպակաց մայթին երեւացին ադրբեջանական ու թուրքական դրոշակներ։ Սկզբում դրոշակակիրները մեկ- երկու հոգի էին, գնալով աճեց նրանց թիվը։ Ով գալիս, մի դրոշակ ձեռքն էր առնում եւ այնպիսի տպավորություն էր, թե մեծաթիվ զանգված է հավաքվել։ Նրանցից քիչ հեռու ոստիկանության պահակախմբի կողքին նիհարիկ մի խմբով պաստառներ էին պարզել Reporter ohne Grenzen «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության անդամները։ «Չկա ազատություն առանց մամուլի ազատության» պաստառի հետ մեկտեղ յուրաքանչյուրն առանձնացրել էր անազատության մեջ գտնվող ադրբեջանցի մի լրագրողի անուն։ Ադրբեջանցիների պաստառների երկուսի բովանդակությունը նշեմՙ «Stop հայկական միջուկային ռումբի ագրեսիային», «Պարոն նախագահ, աշխարհի ադրբեջանցիները սատարում են Ձեզ»։ Անցորդները տրամադրությունս բարձրացրինՙ «Stop Armenian nuclear bomb aggression»-ի երկրորդ բառը համառորեն կարդում էինՙ American։ Ցուցարարները «Ղարաբաղ» գոռալը դադարեցրին, սկսեցին «Ազերբայջան» վանկարկել, երբ նախագահական ավտոշարասյունը սրընթաց անցավ նրանց կողքով։ Նախագահ Ալիեւը երեւի գոհ էր, որ տնտեսության նախարարության շենքի առջեւ առավոտյան իրեն դիմավորած հայ ցուցարարներին էլ չտեսավ այստեղ։ Ադրբեջանի մասին ողջ ճշմարտությունըՙ սփյուռքի շեփորով Ադրբեջանը շուտով կոորդինացիոն կենտրոններ կբացի եվրոպական մի շարք երկրներում, ըստ ադրբեջանական մամուլի` հունիսի 3-ին լրատվամիջոցների ներկայացուցիչներին է փոխանցել Նազիմ Իբրահիմովըՙ Ադրբեջանի Սփյուռքի հետ աշխատանքների պետական կոմիտեի նախագահը։ Մենք ուզում ենք 5 կենտրոն ստեղծել եվրոպական երկրներումՙ Բրյուսելում, Փարիզում, Բեռլինում եւ հյուսիսային երկրներից մեկում, ասել է ադրբեջանցի պաշտոնյան։ Հունիսի 3-ին Բաքվում կայացած ադրբեջանցիների համաշխահային 4-րդ կոնգրեսի ժամանակ Ալիեւը հայտարարել է, որ պետությունը սատարելու է արտերկրի կազմակերպություններին, իսկ նրանք առավել մեծ եռանդով են աշխարհին պատմելու Ադրբեջանի մասին ողջ ճշմարտությունը։ Բեռլինում ցուցարների պաստառը վկայում է այդ եռանդի մասին։ Իսկ ինչպիսի թեւեր կառնեն այդ «ճշմարտությունները» պետական այս նորՙ առատաձեռն բախշիշների զրնգոցով, դեռ կտեսնենք, բայց նկատենքՙ բոլորի համար հո գայթակղիչ կամ արժանահավատ չեն լինի այդ մտացածին պատմությունները, տվյալ դեպքումՙ վերոնշյալ եվրոպական այդ կենտրոններում երկու աչք, երկու ականջ ունեն, իսկ բերանը վաղուց է բարձրաձայնում այդ երկրում ծավալվող ապօրեն երեւույթներիՙ մարդու ոտնահարվող իրավունքների մասին։ Մնում է միայն, որ նույն այդՙ եվրոպական երկրներում ներկա հայկական Սփյուռքը Ղարաբաղյան հարցը փորձի դիտարկել տալ նաեւՙ կամ հե՛նց այդ համատեքստումՙ Ադրբեջանի հետ համատեղ գոյակցության պարագայում վտանգվում է հայերի կյանքի իրավունքը։ Ադրբեջանցի ցուցարարներից մեկը սկսեց հայկական ծանոթ մի մեղեդու լալահառաչ այնպիս մեկնաբանություն հնչեցնել, որ անհնար էր գուշակել, թե որ երգն է այդպես անդամահատում, հետո ուրիշ մեկը սկսեց ճառ արտասանել, ավելի շուտ գոռալ, որի ժամանակ «Բունդեսթագ», «էրմենի» բառերի իմ որսը կռահել էր տալիս, որ Թուրքիայի դրոշակակիրները հիշեցնում էին հունիսի 2-ի բանաձեւի մասին։ Հայկական անձնագիրս ու ազգանունս խանգարեց Երբ հավատարմագրված լրագրողական մեր խմբի պայուսակներն էին ստուգում, ադրբեջանցի գործընկերներս, որ բավական հոծ խմբով էին, գերազանցապես սեւ եւ կապույտ կոստյումավոր տղամարդիկ, մեկը մյուսին էին նայումՙ հետախույզ հայացքով փորձում պարզելՙ ո՞ր խմբին եմ պատկանում։ Կանցլերի գրասենյակի մամուլի բաժնի աշխատակցուհի Լիփփերթը խիստ հարգալից ձեռքը մեկնեց բարեւելու։ «Երեկ խոսել ենք, բայց Ձեր ազգանունն այնքան դժվար է, չեմ ուզում սխալվել», ասաց։ Կամացուկՙ «Հովսեփյան» ասացի, ու որ էլ հարց չտաՙ հավելեցի, որ դա «Յոզեֆի» թարգմանված ձեւն է։ Չէի ուզում ականջ դարձած ադրբեջանցիները լսեն։ Բայց տիկին Լիփփերթը նորից ինձ դիմեցՙ « սա հայկական անուն է, չէ՞», ասաց ժպտադեմՙ մտածելով, թե կգնահատեմ իր ուշադրությունը։ Թեթեւ ժպտացի, մի շշուկ ականջիս հասավՙ «էրմենի»։ Վերջնականապես թոթափվեց ադրբեջանցի լրագրողների կասկածը։ Միմյանց հետ ադրբեջաներեն ու ռուսերեն էին խոսում, տղամարդկանց հանրություն էր, չհաշված կարմիր մազերով, կարմիր փայլուն մետաքս հագած, բարձրակրունկների վրա սահուն քայլող մի տիկնոջ, որի լրագրող լինելը արտաքինից դատելով մի քիչ կասկածելի էր։ Զուգարանում ինձ մոտեցավ մի ասիացի ֆոտոլրագրող, լսել էր, որ հայ եմ, շտապել էր ստուգել Բունդեսթագի բանաձեւի մասին իմ ու մեր երկրի կարծիքը։ Հայաստանի ղեկավարությունը շնորհակալություն հայտնեց, ասացի նրան։ «Տեսնո՞ւմ եք Էրդողանն ինչպես է սպառնում», ասաց ու իմ հանգիստ հայացքից շատ կզրամանար, եթե չասեիՙ «իսկ Դուք տեսնո՞ւմ եք, որ նույն ձեւով Ալիեւն է սպառնում»։ Էլ բառ չասաց։ Թե Ադրբեջանի նախագահը, թե իրենց հարցերը բարձրաձայնող 2 ադրբեջանցի լրագրողները անգլերեն սահուն խոսում էին։ Ես էլ որոշել էիՙ անգլերեն եմ հարցս տալու։ Ասուլիսի սկզբից ձեռքս պարզել էի, որ նկատեն։ Երրորդ լրագրողից հետո կանգնեցի, երբ հետեւից ու առջեւից երկու հոգի արդեն սկսեցին խոսել։ Ասուլիսավարն ասացՙ լավ, վերջին հարցը զիջենք ադրբեջանցիներին։ «Անարդար է» ասացի գերմաներեն ու ստիպված նստեցի։ Զարմանալին այն էր, որ Ադրբեջանի նախագահը ժպիտով նայում էր դեմքիս այնպես, ինչպես մանկական խաղի ժամանակ մեկն իր համառությամբ ուզում է անընդհատ ապացուցելՙ ե՛ս հաղթեցի։ Երբ վերջացավ, դիմացս նստած ադրբեջանցին կտրուկ շրջվեց ու գերմաներեն ասացՙ «անարդար չէ, շատ էլ արդար է, այնպես, ինչպես ինձ չթողեցին, երբ ձեր նախագահ Սարգսյանի այցին ուզեցի հարց տալ»։ Իմ եւ ադրբեջանցի գործընկերոջս զրույցըՙ հաջորդ համարին։ |