ԱՅՍ ՇԱԲԱԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԵՍ ՆԿԱՐԻՉ ԷԻ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Այս շաբաթ խորհրդարանում ներկայացա ոչ թե որպես լրագրող, ինչպես որ տասնյակ տարիներ ներկայացել եմ, այլ գեղանկարչական աշխատանքներով` այս վերջին ամիսներին իմ նկարած բնանկարներով: Ներսումս մեծ տարբերություն չեմ դնում գրչի ու վրձնի միջեւ` երկուսն էլ կյանքի փոխանցիչ են, մեկը բառերով է այն նկարագրում, մյուսը` գույներով: Չնայած` ուրիշները զարմացան լրագրողիս փոխակերպումից: Ինձ համար խոչընդոտ չէ նաեւ այն, որ ես պրոֆեսիոնալ նկարիչ չեմ` ոչ մի բան անել չեմ կարող այն անդիմադրելի մղումի հետ, որն ամեն առավոտ ինձ նստեցնում է կտավի առաջ: Բացի այդ` աչքիս առաջ են օրինակները` ոչ մասնագիտական կրթությանբ հրաշալի նկարիչներ ունեցանք եւ ունենք: Միգուցե պայմանականություններից դուրս լրագրողիս անվախությունն էր նաեւ պատճառը, որ առանց բարդույթավորվելու նկարներս ներկայացրի այն տարածքում, ուր տարիներով աշխատում եմ: Դժգոհ չեմ` պատգամավորներից եւ լրագրողներից շատերը դիտեցին եւ անկեղծորեն ասացին իրենց կարծիքները` մեծ մասամբ նրանք խոսում էին զգացմունքային եւ անկեղծ վրձնի հետ իրենց հադիպման մասին: Համենայնդեպս` հետաքրքրական է, որ լրագրությունից դեպի նկարչություն սահուն անցում անելու պատճառահետեւանքային կապերի վերաբերյալ նախկին լրագրողներ Նաիրա Զոհրաբյանի , Մարգարիտ Եսայանի եւ ներկայումս լրագրությամբ զբաղվողիս մտորումներն ու զգացողությունները նույնն էին` քաղաքականության մասին գրելը մի տեսակ չորացնում-դատարկում է հոգին, ու այնտեղ բալանս ապահովելու տարբեր ճանապարհների փնտրտուք միշտ կա. մեկը գիրք է գրում, մեկը երաժշտությամբ է զբաղվում զուգահեռ, մեկն էլ նկարում է: Զգացված եմ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի , ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի վերաբերմունքից, ովքեր իրենց բազմազբաղ ժամանակից տրամադրեցին ե՛ւ ցուցահանդեսը դիտելու, ե՛ւ բացմանը ներկա գտնվելու համար: Նաեւ` ԱԺ հանրության հետ կապերի պատասխանատու Արսեն Բաբայանի , մշակութային խնդիրերով զբաղվող Մերի Փայտյանի այն օպերատիվությունից, որով նրանք մի քանի օրում կազմակերպեցին նկարներս ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում ցուցադրելու գործընթացը, Հրայր Զորյանի հնչեցրած գնահատականներից` նախ լրագրողիս, ապա` վրձնողիս հասցեին: Ինձ համար հայտնություն էր նաեւ Նաիրա Զոհրաբյանի եւ Մարգարիտ Եսայանի` լրագրողական հանրույթի ներկայացուցչի գեղանկարչական փոխակերպումին սատար կանգնելու անթաքույց աջակցությունը: Ազգային ժողովի վերաբերմունքը համարում եմ նաեւ վերաբերմունք այն լրատվամիջոցի հանդեպ, ուր աշխատում եմ: |