ՎԱՐԴԳԵՍ ԱՐԾՐՈՒՆԻ. «ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՎԵՐ ԿԱՆԳՆԵԼ ՆՅՈՒԹԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ, ԸՆՉԱՔԱՂՑՈՒԹՅՈՒՆԻՑ, ԵՐԿԻՐԸ ՋԼԱՏՈՂ ԲԱԶՈՒՄ ԱՅԼ ԱԽՏԵՐԻՑ» ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից Հասարակական եւ քաղաքական գործիչ, բարերար, «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար», բազմաթիվ շքանշանների դափնեկիր, արմատներով ղարսեցի Վարդգես Բագրատի Արծրունին հայտնի անուն է Ռուսաստանում ։ Այս տարվա ապրիլյան աննախադեպ իրադարձություններն ու հայրենիքից եւ արցախյան առաջնագծից ստացվող տեղեկությունները ծայրաստիճան տագնապալի էին, անհանգստացնող եւ մտահոգիչ։ Այդ չափազանց մեծ լարումը, երբեմն իրարամերժ լուրերն ու անհանգստությունը համակել էր նաեւ ռուսաստանաբնակ մեր հայրենակցին, նրան, ով ճակատագրի բերումով կյանքի մեծ մասն ապրելով օտար ափերումՙ հոգով ու սրտով հայրենիքի հետ է եւ սրտատրոփ հետեւում է Հայաստանում եւ Արցախում ընթացող զարգացումներին։ - Այս տարվա ապրիլյան իրադարձությունները արցախյան առաջնագծում, որը ոմանք անվանում են քառօրյա պատերազմ, ի հայտ բերեցին պետական ապարատի աշխատանքում առկա բազմաթիվ թերություններ ու բացթողումներ, որոնք ոչ այնքան տեսանելի էին խաղաղ ժամանակներում,- ասում է Արծրունին։ Նույնիսկ ներկայիս, դեռեւս նախագահական երկրում, երբ նախագահի ձեռքում կենտրոնացված է հսկայական ուժ եւ հնարավորություններ, այդ կառուցվածքը իրեն չարդարացրեց։ Իրադարձությունները ցույց տվեցին, որ ֆորս-մաժորային իրավիճակներում, երբ երկրում ամենաթողության տարրերը զգացնել են տալիս եւ կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի իմիտացիա է ու շղարշՙ երկիրը կարող է կանգնել ազգային աղետի եզրին։ Այդ իրավիճակում, մանավանդՙ արդյունաբերական փառավոր ավանդույթներ ունեցող Հայաստանի համար, անընդունելի է ներկայիս պարզ արդյունաբերական ձեռնարկությունների առկայությունը, գոյություն քարշ տալը։ Հատկապես այսօր, երբ Հայաստանի ապաշրջափակման հարցը դեռեւս յոթ սարերի հետեւում է։ Իսկ անգործունեությունը աններելի վտանգ է։ Այնպես որՙ արմատական բարեփոխումների անհրաժեշտություն է առաջացել, հարկավոր են կտրուկ քայլեր, տնտեսության եւ արդյունաբերության առողջացում, եւ ես չեմ հոգնում կրկնելուց, որ խորհրդային ժամանակներում Հայաստանն այն երեք հանրապետություններից մեկն էր, որ աշխատում էր առանց սուբսիդավորման։ Ցավոք, ներկայիս պատկերը ամենեւին մխիթարական չէ պատերազմական իրավիճակում հայտնված, պայթյունավտանգ գոտում գտնվող եւ թշնամի հարեւաններով շրջապատված երկրի համար։ Դեռ որքա՞ն պետք է այսպես շարունակվի… Իսկ դամոկլյան սրի պես կախված եւ ամեն պահի սպասվող վտանգը Վարդգես Արծրունին վաղուց է զգացել, եւ մեկ անգամ չէ, որ ամենատարբեր ամբիոններից բարձրաձայնել է այդ մասին։ Դեռեւս անցյալ տարի Վարդգես Արծրունին, ով չնայած իր բազմազբաղությանը, նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգման Մոսկվայի տարածաշրջանային հանձնաժողովի համանախագահն էր, կանխազգում էր, որ նենգ թշնամին իր ավագ եղբորՙ Թուրքիայի հետ ձեռք-ձեռքի տված, անընդհատ դավեր է նյութում, հարձակման պատեհ առիթներ փնտրում, եւ կոչ էր անում ազգովին համախմբվել, միաբանվել, մեկ բռունցք դառնալ, զարգացնել գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, արմատախիլ անել կաշառակերությունն ու մյուս բացասական երեւույթները եւ հզորանալՙ համոզված լինելով, որ Հայաստանում տեղի ունեցող ոչ ազգօգուտ յուրաքանչյուր դեպք եւ կուսակցական ամբիցիաների դրսեւորում, միմիայն թշնամու ջրաղացին են ջուր լցնում։ - Չգիտեմ, թե ինչպես արտահայտեմ իմ անհանգստությունը,- դեռեւս նախորդ տարեսկզբին ասում էր Վարդգես Արծրունին,- առաջիկայում մենք բոլորս մեծ պարտք եւ բազում անելիքներ ունենք, Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը յոթ սարի հետեւում չէ։ Եվ փոխանակ այս ամիսներին ազգովին առավել համախմբվենք, բռունցվենք եւ մեր արդար ձայնն առավել լսելի դարձնենք համայն աշխարհին, անհամաձայնության ու պառակտման կոչեր եմ լսում հայրենիքից։ Մանավանդ այսօր սաստիկ զայրացա, երբ Մոսկվայում, ռուսերեն լեզվով, այն էլՙ շատ մեծ տպաքանակով, ադրբեջանցիների հրատարակած մի քանի նոր լույս տեսած գրքեր տեսա։ Գրքերից մեկն էլ կոչվում էր «Ղարաբաղ»։ Կեղծիքով եւ հերյուրանքներով լի մի «ուսումնասիրություն», որը ռուսալեզու ընթերցողին, ի լուր աշխարհի, պատմական ճշմարտությունները ներկայացնում է ամբողջովին խեղաթյուրված եւ ծուռ հայելում։ Այո, ադրբեջանցիները ձեռքները ծալած չեն նստում, նրանք Մոսկվայում քաղաքական մեծ ակումբ ունեն, որը առավոտից երեկո զբաղված է նման կեղծիքները մասսայականացնելով եւ տիրաժավորելով։ Ահա, այս ամենի դեմն առնել է այսօր հարկավոր, այլ ոչ թե կուսակցական լաբիրինթոսներում մեկս մյուսին մոլորեցնելը, մատ թափ տալը, հոխորտալը, մասնատվելը, ինչը ես սխալ եւ մանավանդ այսօրՙ անպատեհ եմ համարում… Եվ որպեսզի օրինակ ծառայի մյուսներինՙ Վարդգես Արծրունին, որպես մեծ հայրենասեր եւ ճշմարիտ հայ, իր անձնական ներդրումների եւ բարեգործության շնորհիվ` անցյալ տարի հսկայածավալ աշխատանք է կյանքի կոչել` հովանավորելով մի շարք արժեքավոր գրքերի տպագրությունն ու շնորհանդեսները, որոնցից արժե հիշատակել հատկապես Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ազգագրության եւ մարդաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, պատմական գիտությունների դոկտոր Ալլա Տեր-Սարգսյանցի «Լեռնային Ղարաբաղի հայերը. պատմություն, մշակույթ, ավանդույթներ» ուշագրավ աշխատությունն ու Ֆրանսահայ ճանաչված պատմաբան Ռայմոն Գեւորգյանի «Հայոց Ցեղասպանություն. ամբողջական պատմություն» նույնքան արժեքավոր գիրքը` երկուսն էլ ռուսերեն հրատարակությամբ։ («Ազգ»ը դրանց անդրադարձել է)։ Կյանքի փորձով իմաստնացած Վարդգես Արծրունին, ով իր ապրած ավելի քան յոթ տասնյակ տարիների զգալի մասը Ռուսաստանում բարձր պաշտոններ է զբաղեցրել, իսկ 1987 թվականին, Կարեն Դեմիրճյանի պաշտոնավարության ժամանակ, հրավիրվել Հայաստան եւ մեր ժողովրդի համար դժվարին ու ճակատագրական տարիներին ստանձնել ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալի, ապա ՀԽՍՀ շինարարության պետական կոմիտեի նախագահի պաշտոնները` Հայաստանում մնալով մինչեւ 88-ի դեկտեմբերյան աղետի հետեւանքների վերացման աշխատանքները բնականոն հուն մտնելը, այսօր, այս տարվա ապրիլյան քառօրյա պատերազմին հաջորդած այս ժամանակահատվածում, դարձյալ խիստ տագնապած եւ մտահոգ է։ Ըստ նրաՙ աշխարհասփյուռ եւ բազմաչարչար հայ ժողովուրդը վերջապես կայուն պետականություն եւ անկախություն է ստեղծել, եւ անհրաժեշտ է ամեն օր եւ ամեն ժամ ամրապնդել մեր ազգի նվիրյալների արյան գնով ձեռք բերածը, համախմբվել հայրենիքի եւ պետականության շուրջը, զարգացնել նվաճումներն ու հզորացնել հայրենիքը, այլ ոչ թե չմտածված ու անհեռանկար քայլերով թուլացնել այն եւ պառակտվել։ Երկար տարիներ ապրելով եւ աշխատելով Ռուսաստանում եւ անցնելով բազմաթիվ փորձությունների միջով` Վարդգես Արծրունու միտքը մշտապես Հայաստանում է եւ այսօր էլ ակտիվորեն հետեւում է հայրենիքում ընթացող ամենատարբեր զարգացումներին, մտահոգ է Հայաստանի սոցիալ-տնտեսական ներկայիս բարդ վիճակով, պատերազմի վտանգից, արտագաղթի փաստով, Հայաստանում վերջին տարիներին սնկի պես աճած եւ գլուխ բարձրացրած տարբեր կրոնական աղանդների քայքայիչ գոյությամբ։ Վերջին տարիներին ԶԼՄ-ներում իր հեղինակած մի շարք հրապարակումներում Վարդգես Արծրունին համոզմունք է հայտնել, որ գիտի Հայաստանը ծանր վիճակից դուրս բերելու եւ շենացնելու «գաղտնիքը», որը պարզվում է, ամենեւին էլ գաղտնիք չէ եւ կիրառելու դեպքում արդյունքները տեսանելի կլինեն։ - Ինձ համար Հայաստանի փլուզված արդյունաբերության եւ գյուղատնտեսության վերականգնումը առաջնահերթ խնդիր է։ Սակայն դրանք բուժելու համար հարկավոր է վերադառնալ սխալների ուղղմանը, առաջին պատճառին, որը 1990-ականներին տեղի ունեցած, այսպես ասած, սեփականաշնորհումն էր, արագ եւ անօգուտ, ինչպես դա տեղի ունեցավ նաեւ Ռուսաստանում, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հրահանգով։ Այն ժամանակ Հայաստանում ամենեւին հաշվի չառան երկրի սոցիալ-տնտեսական առանձնահատկությունները, արդյունաբերության ներուժը, անգամ բնակլիմայական պայմանները։ Իսկ ներկայումս ի՞նչ է ստացվել. Արարատյան դաշտավայրում հողերի զգալի մասը չի մշակվում, եւ որ առավել տագնապալի է` այնտեղ բնակվող մարդիկ, որ պետք է մշակեին եւ վայելեին այդ հողի պտուղները` արտագաղթում են, մի մասը` սեզոնային, իսկ մյուսները գնում են ընտանիքներով` օտար ափերում օրվա հացի գումար վաստակելու ակնկալիքով։ Նույնը կարելի է ասել նաեւ սեփականաշնորհված արդյունաբերության եւ մինչ օրս չգործող բազմաթիվ գործարանների մասին… Նա կոնկրետ ուղիներ էր մատնանշել եւ Հայաստանի ղեկավարությանը կոչ արել` բոլոր այն գործարաններն ու արտադրությունները, որոնք ժամանակին ձեռք են բերվել գրեթե ջրի գնով եւ ներկայումս չեն օգտագործվում, հետ պահանջել, սեփականատերերին վերադարձնել գումարներն ու ըստ սահմանված կարգիՙ մրցույթով վաճառել գրագետ, բանիմաց եւ սրտացավ գործարարների, նրանցՙ ովքեր կարող են եւ ի վիճակի են ժամանակակից շունչ հաղորդելու այդ արտադրատարածքներին, հայրենական արտադրությանը նոր թափ հաղորդելու։ Արծրունին համոզված է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում հնարավոր է վերականգնել արդյունաբերության եւ գյուղատնտեսության բնականոն գործունեությունը։ - Տեղական, եւ համոզված եմ նաեւ Ռուսաստանի հայ գործարարները առանձնակի պատվախնդրությամբ կմասնակցեն այդ մրցույթներին եւ դրանից միմիայն կշահի երկիրը։ Ես պատրաստ եմ այդ գործընթացը կազմակերպելու նպատակով Ռուսաստանում ստեղծել ռուս-հայկական գործարար խորհուրդ, որը կլինի կամուրջ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ։ Ահա սա կարող է դառնալ բարձր տնտեսական աճի հիմքը, եւ հայրենիքի հզորացումը։ Վարդգես Արծրունին չափազանց կարեւոր եւ հրատապ է համարում նաեւ Մաքսային միությանն անդամագրվելու Հայաստանի դիրքորոշումը ։ - Այդ քայլը Հայաստանի նախագահի հերթական հեռատես քայլերից եմ համարում։ Հավատացնում եմ, որ մաքսային միությանն անդամագրվելը Հայաստանի տնտեսության զարգացման համար ցանկալի ապագա է ուրվագծում, ռուսական շուկան բավականին մեծ է, որտեղ հայերը կարող են իրացնել իրենց արտադրատեսակները, ինչպես նաեւ զարգացնել երկրի արդյունաբերությունը։ Հայ գործարարներից շատերն արդեն իսկ իրենց արտադրանքը իրացնում են Ռուսաստանում եւ նրանց հոգեհարազատ է մաքսային միությանն անդամակցելը։ Երբեք չպետք է մոռանանք, որ ոչ մի երկիր Հայաստանին այնքան ձեռք չի մեկնել, որքան Ռուսաստանը, եւ ես համոզված եմ, որ այսուհետեւ էլ այդպես է լինելու։ Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերությունների հեռանկարին, ապա ներկայումս կարծես թե ուրվագծվում է այդ հարաբերությունների կարգավորումը։ Նշանակում է, որ այդ գործընթացի ցանկալի հետեւանքներից կլինի նաեւ 1992 թվականից փակված Աբխազիայի երկաթուղու վերագործարկումը, որը Հայաստանի համար ուղիղ կապ կստեղծի Ռուսաստանի հետ եւ առավել կխորանան մեր երկրների հարաբերությունները։ - Ես համոզված եմ եւ հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբՙ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները լիարժեք չեն լինի եւ ցանկալի արդյունքներ չեն արձանագրվի, քանի դեռ երկու երկրները չունեն շփման ընդհանուր ճանապարհ, ինչը կարող է հանդիսանալ երկաթուղին։ Հայաստանի տնտեսության համար ստրատեգիական նշանակության կարեւորագույն քայլ կարող է լինել 1992 թվականից փակված Աբխազիայի երկաթուղու վերագործարկումը, որը Հայաստանի համար ուղիղ կապ կստեղծի Ռուսաստանի հետ եւ առավել կխորանան մեր երկրների հարաբերությունները։ Երկաթուղային կապը Վրաստանից դեպի Աբխազիա դադարեցվել է վրաց-աբխազական հակամարտությունից հետո։ Ռազմական գործողությունների հետեւանքով կամուրջների ու թունելների պայթեցման պատճառովՙ Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղու 190 կիլոմետրանոց հատվածը լրջորեն վնասվել է։ Պատերազմից հետո երկաթուղին վերականգնելու փորձեր արվել են, սակայն ապարդյուն։ Աբխազական երկաթուղու վերականգնումը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, քանզի դա հնարավորություն կտա կրկին երկաթուղային կապ հաստատել Ռուսաստանի հետ։ Երկաթուղին համեմատաբար ավելի էժան տրանսպորտային միջոց է, եւ Հայաստանից դեպի Ռուսաստան ու այնտեղից այլ երկրներ բեռների արտահանման եւ ներկրման գործընթացը կհեշտանա եւ զգալիորեն էժան կլինի։ Երկաթուղու վերագործարկումը խիստ անհանգստացնում է Ադրբեջանին։ Բաքուն վախենում է, իսկ այս տարվա դեպքերից հետո առավել եւս, որ երկաթուղու վերագործարկմամբ կթուլանա Հայաստանի տրանսպորտային շրջափակումը եւ ի չիք կդառնա Երեւանի վրա ճնշում գործադրելու հզոր մի լծակ։ Երկաթուղու վերագործարկումը նաեւ անիմաստ է դարձնում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի հետագա շրջափակումը։ Բաքվում նաեւ վախենում են, որ երկաթուղու վերականգնումից հետո Ռուսաստանը հնարավորություն է ստանալու հեշտությամբ ծանր սպառազինություն եւ հրթիռներ տեղափոխել Գյումրիի 102-րդ ռազմակայան։ Այս ամենը հաշվի առնելովՙ Ադրբեջանը ճնշում է գործադրում Թբիլիսիի վրա, որպեսզի վերջինս ձեռնպահ մնա աբխազական երկաթուղու վերագործարկումից։ Աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը կրկին հայտնվել է օրակարգում։ Մոսկվան վերջին շրջանում սկսել է հատուկ ուշադրություն դարձնել Ռուսաստանը Հարավային Կովկասին կապող կոմունիկացիաների վերականգնմանը։ ՌԴ եւ Աբխազիայի միջեւ ռազմավարական եւ գործընկերային համագործակցության հաստատման մասին համաձայնագրի ստորագրումից եւ Աբխազիայի նախագահի հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել աբխազական երկաթուղին վերագործարկելու առաջարկով։ «Հնարավոր ենք համարում մեր գործընկերների հետ մտածել եւ ընդհանուր համաձայնության դեպքում կյանքի կոչել այնպիսի մի նախագիծ, ինչպիսին, մի կողմից տարանցիկ երկաթուղային կապն է Սուխումիի, Թբիլիսիի եւ այնտեղիցՙ Հայաստանի ուղղությամբ, իսկ մյուս կողմիցՙ Ռուսաստանի ուղղությամբ»,- ասել է Պուտինը։ Հետեւաբար, կարելի է ակնկալել, որ առաջիկայում այդ հարցի շուրջ բազմակողմ բանակցություններ սկսվեն։ Ի վերջո` ինչո՞ւ է արդիական «Աբխազական երկաթգծի» վերաբացումը։ Հայաստանի անվտանգության ապահովման տարածաշրջանային ռազմավարության նպատակներից է հանդիսանում տարածաշրջանային ծրագրերին Հայաստանի մասնակցության ապահովումը։ Հատկապես կարեւոր է Հայաստանը ներառող տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերագործարկումը, նորերի կառուցումն ու անխափան գործունեությունը, քանի որ չորս հարեւաններից երկուսի կողմից գտնվելով շրջափակման մեջ, չունենալով ընդհանուր սահման հիմնական ռազմաքաղաքական եւ առեւտրային գործընկեր Ռուսաստանի հետ, Հայաստանը խիստ կախվածության մեջ է գտնվում Իրանի եւ հատկապես Վրաստանի տրանզիտային հնարավորություններից։ Այս առումով, իհարկե, ավելորդ է նշել Հայաստանի համար Վրաստանի եւ Աբխազիայի միջոցով Ռուսաստանի հետ երկաթուղային կապի վերականգնման կարեւորությունը։ Պետք է նկատել, որ վերջին շրջանում քաղաքական եւ փորձագիտական ամենատարբեր ձեւաչափերով ակտիվ քննարկումների առարկա է «Աբխազական երկաթգծի» վերաբացման հնարավորության խնդիրը։ Տեսանելի է, որ ներկա փուլում հարցի կարեւորությունը գիտակցում են գրեթե բոլոր կողմերը։ Ռուսական կողմը հստակ արտահայտվում է, որ եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի ընդգրկման արդյունավետությունը կախված է նաեւ մի շարք նախագծերի, այդ թվումՙ Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան գնացող երկաթգծի ու ավտոմայրուղու շահագործումից։ Վրաստանի նոր կառավարության կողմից եւս դեռ նախորդ տարիներից սկսած հիմնականում հնչեցվում եւ աջակցություն է ստանում Աբխազիայի հետ երկաթուղային կապի վերականգնման հարցը։ Դեռ 2013 թ. հունվարին Վրաստանի վարչապետը Հայաստան կատարած այցի ժամանակ բարձրացրել էր աբխազական երկաթուղու բացման հարցը, միաժամանակ նշելով, որ Վրաստանի կողմից կա բացարձակ պատրաստակամություն լուծել այս հարցը որքան հնարավոր է շուտ։ Ընդ որում, շատ կարեւոր է, որ տարածաշրջանի համար խիստ արդիական այս խնդրի կարգավորման հարցում նկատելի է, որ շեշտը դրվում է հարցի հատկապես տնտեսական բաղադրիչի վրա եւ հատուկ ընդգծվում այն հանգամանքը, որ տրանսպորտային ինտեգրացիայի թեման պետք է քննարկվի առանց որեւէ նախապայմանի։ Աբխազական կողմից եւս արդեն հնչել են ի նպաստ հարցի քննարկման տեսակետներ։ Եվ անչափ կարեւոր է, որպեսզի Հայաստանը եւս լրջորեն մոտենա այդ շատ կարեւոր հարցին եւ ամեն ինչ անի խնդրի դրական կարգավորման ելքին նպաստելու համար։ Համոզված եմ, որ Աբխազական երկաթուղու վերաբացումը նոր հեռանկարներ կբացի Հայաստանի համար։ - Այսօր էլ ես նույն կարծիքին եմ,- ասում է Արծրունին։- Կրկին առաջարկում եմՙ եկեք բոլորս համախմբվենք այսպիսի հայրենաշեն գաղափարների շուրջը, շենացնենք ու հզորացնենք մեր անկրկնելի հայրենիքը, այլ ոչ թե հայրենակործան հայտարարություններով ջլատենք մեր շարքերը, մթագնենք երկրի ապագան։ Հեռու գտնվելով Հայաստանիցՙ ես մշտապես ուղիներ եմ մտմտում գոնե իմ առաջարկություններով թեթեւացնելու հայրենիքի հոգսերը, բարենորոգելու Հայաստանը։ Ինձ հետաքրքրում է հայության հետ կապված ամեն ինչ, այսօր էլ հատուկ վերաբերմունք ունեմ ազգապահպանության խնդիրների հանդեպ։ Եվ որպես մտահոգ հայ եւ կյանքի մեծ ճանապարհ անցած մարդՙ խնդրում եւ պահանջում եմՙ սթափվել, կոչ եմ անումՙ ի գործ, քանզի հապաղելը, ազգային անհամաձայնությունը, վաղը կործանարար կլինի երկրի ապագայի համար, ինչը երբեք մեզ չեն ների սերունդները… 90-ականների սկզբներին Հայաստանում տիրող համատարած խավարի եւ ցրտի դժվարին տարիներին, երբ զանգվածային արտագաղթ սկսվեց հատկապես դեպի Ռուսաստան, Վարդգես Արծրունին այն եզակի մարդկանցից է եղել, որ անշահախնդիր օգնության ձեռք է մեկնել իր շատ ու շատ հայրենակիցների, հաճախ բոլորովին անծանոթ մարդկանց, որոնցից մի քանիսն անգամ չէին կարողանում հոգալ իրենց ընտանիքների տարրական պահանջմունքները (Արծրունին էր նրանց կերակրում), հետագայում լավ գործի տեր են դարձել, հզորացել եւ այսօր միլիոնատերի համարում ունեն Ռուսաստանում… Եվ այսօր, երբ հետեւում են մնացել թշնամու հրահրած ապրիլյան պատերազմի օրերը, երբ պետք է կատարվածից անհրաժեշտ դասեր քաղել եւ խելամիտ հետեւություններ անել, Վարդգես Արծրունին ցավ է ապրում, որ Հայաստանի իշխանությունները այնքան էլ պատրաստ չէին աշխարհաքաղաքական նմանօրինակ մարտահրավերներին։ - Այսօր մեզ առավելապես խաղաղություն եւ կայունություն է անհրաժեշտ,-ասում է Վարդգես Արծրունին։ - Մեզ հարկավոր է ուժեղ, ժամանակի մարտահրավերներին դիմակայող ամուր պետություն եւ հզոր հայրենիք։ Անհրաժեշտ է վեր կանգնել նյութապաշտությունից, ընչաքաղցությունից, երկիրը ջլատող բազում այլ ախտերից եւ լծվել մեկ ընդհանուր գործի` Հայրենիքի հզորացմանը` ինչը, համոզված եմ` մեր ժողովրդի հարատվության միակ երաշխիքն է ու գրավականը… |