«CITIZENGO-Ի» ԽՆԴՐԱԳԻՐԸ ԵՎՐՈԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ Հ. Ծ. «Կարո՞ղ ենք Եվրոմիության անդամ ընտրել մի երկրի, որը ժխտում է Ցեղասպանություն կատարած լինելը» հարցի միանշանակ պատասխանը «ոչ» է, գրում է Սկոտ Շիթլը (Scott Schittle) «CitizenGo»-ի ամբողջ անձնակազմի անունից հրապարակած խնդրագրում, որն ուղղված է Եվրոխորհրդի նախագահին եւ պահանջում է, որ ա) Թուրքիան վերանայի իր պատմությունըՙ ճշմարտության եւ առողջ դատողության շրջանակներում, որպեսզի կարողանա առերեսվել հայերի դեմ իրականացրած Ցեղասպանության հետ, բ) Թուրքիան փոխհատուցի, որքան հնարավոր է, այն անսահման վնասը, որ հասցրել է հայերին այդ ցավալի տարիներին: եւ գ) Եվրոմիությունը կասեցնի Թուրքիային Եվրոմիությանը անդամակցելու վերաբերյալ բոլոր տեսակի բանակցությունները, մինչեւ Թուրքիան կատարի առաջին երկու պայմանները: Ի պատասխան Բունտեսթագի որոշման, Թուրքիայի նախագահ Էրդողանը վիրավորեց Եվրոպայի ժողովուրդներին ասելով, որ «Եվրոմիությունը մերժում է Թուրքիային, որովհետեւ երկրի բնակչության մեծամասնությունը մահմեդական է», մոռանալով, որ Օսմանյան Թուրքիան 1,3 միլիոն հայերի կոտորեց հենց մահմեդական չլինելու պատճառով: Ավելին, 1915-16 թվերին նույն պատրվակով նաեւ կոտորեց 250 հազար ասորիների եւ 350 հազար հույն ուղղափառների: Կոչ ենք անում ստորագրել այս խնդրագիրը եւ հարգել հիշատակը անմեղ զոհերիՙ կանգնելով պատմական արդարության կողքին: Եվրոմիությունը կազմող երկրները չեն կարող իրենց շարքերում ընդունել մի երկրի, որը ժխտում է Ցեղասպանություն գործած լինելը: Թուրքիան ժառանգորդն է Օսմանյան կայսրության, ուստի եւ պարտավոր է առերեսվել պատմական անցյալի մութ էջերի հետ եւ փոխհատուցել պատճառած վնասների համար: Բայց նախ նա պարտավոր է ճանաչել Հայերի ցեղասպանությունը, ասված է «CitizenGo»-ի խնդրագրում: Խնդրագիրը ստորագրելու համար անհրաժեշտ է այցելել «http://www.citirengo.org/en/pr/35649-should-genocide-denier-country-join-european-union» կայքը: Ավելացնենք, որ « CitizenGo»-ն ակտիվ քաղաքացիների համայնք է, որ պայքարում է անհատի եւ ընտանիքի հիմնական իրավունքների պահպանման օգտին: |