«ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՈՐ ՕՐԻՆԱԳԻԾԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ» Հարցազրույցը վարեց ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆԸ, Պրահա, «ՕՐԵՐ» Ասում է Հիլդա Չոբոյանը Հուլիսի 1-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը «Հավասարության եւ քաղաքացիության» օրենքի մեջ փոփոխություններ կատարեց, որոնց համաձայն քրեականացվում էր ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը եւ, համապատասխանաբար, Հայոց ցեղասպանության ժխտումը: Սակայն ինչպես «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի հետ զրույցում նշում է Հակամարտությունների լուծման «Կովկաս» կենտրոնի նախագահ, Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախկին ատենապետ Հիլդա Չոբոյանը, ընդունված օրինագծի բովանդակության մեջ Հայոց ցեղասպանությունը չի ներառված:
- Նախ ինչո՞ւ այս պահին Ազգային ժողովն անդրադարձավ նման որոշումի եւ ո՞րն է դրա բովանդակությունը: - Մոտավորապես 10 ամսից Ֆրանսիայում սպասվում են նախագահական, ապա խորհրդարանական ընտրություններ, եւ այն խոստումները, որ Ֆրանսուա Օլանդը տվել էր իր նախընտրական շրջանում, պետք է կատարվեին: Այժմ, քանի որ իր խոստումները դեռ չեն հարգվել, կառավարության նախաձեռնությամբ նման օրինագծի փոփոխությունների առաջարկ ներկայացվեց խորհրդարանումՙ արդեն իսկ գոյություն ունեցող օրինագծում: Այդ փոփոխությունների մի քանի հատվածներով նաեւ մոտեցան Հայոց ցեղասպանության հարցին: Մի քանի նախարարներ հայտարարեցին, որ Հայոց ցեղասպանությունն էլ է մտնում այս փոփոխությունների մեջ, սակայն երբ ուսումնասիրում ենք, թե կոնկրետ ինչ է գրված, պարզվում է, որ Հայոց ցեղասպանության առարկան ներառված չէ այս խնդրում: Մեկ պարբերությունում հավելում կաՙ «Հավասարության եւ քաղաքացիության» օրենքում, մյուսըՙ «Մամուլի ազատության» օրենքին հղումն է: Խնդիրն այն է, որ մինչեւ հիմա Ֆրանսիայում հրեական ցեղասպանության ժխտումն է միայն, որ քրեականացվել է: Հայ համայնքը ուզեց, որ Հայոց ցեղասպանության մասին նման օրենք ընդունվի, եւ 2011-12 թթ.-ին Մարսելից ԱԺ պատգամավոր տիկին Բուայեն առաջարկեց, եւ այն ընդունվեց խորհրդարանի երկու պալատների կողմից, որից հետո Սահմանադրական խորհուրդը մերժեց այդ որոշումը: Ի դեպ, այդ որոշման մեջ նույնպես հայերի անունը չկար: Հայոց ցեղասպանության մասին ուղիղ հիշատակում չկար: Այս անգամ, այրդեն գոյություն ունեցող օրենքում են հավելում կատարել, ե՛ւ կառավարությունը, ե՛ւ համայնքի կազմակերպությունների համակարգող կենտրոնի պատասխանատուները ասում են, որ սա վերաբերում է Հայոց ցեղասպանությանը: Իսկ ես ասում եմ, որ սա չի վերաբերում Հայոց ցեղասպանությանը: Պարզապես, որորվհետեւ այդ օրենքում երկու պայման է դրված, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ներառվի: Առաջինը, որպեսզի այս օրենքը որեւէ ցեղասպանության վերաբերի, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանությանը, պետք է Ֆրանսիայի կամ միջազգային դատարանի կողմից համապատասխան վճիռ լինի, ինչը որ չի վերաբերում Հայոց ցեղասպանությանը: Երկրորդ պայմանն այն է, որ ցեղասպանության ժխտումը դիտվի որպես ատելություն սերմանող, բռնությունների մղող արարք: Առայժմ Ֆրանսիայում ցեղասպանության հերքման որեւէ դեպք որպես նման արարք չի որակվել: Եթե ֆրանսիական միջնակարգ դպրոցներում, ուր դասավանդվում է Հայոց ցեղասպանություն, որեւէ թուրք աշակերտ ասել է կամ ասի, որ Հայոց ցեղասպանություն չի եղել, դա իբրեւ բռնություն չի դիտարկվել որեւէ ատյանի կողմից եւ չի պատժվել: Նման դեպքերում Թուրքիայի դեսպանությունն ու հյուպատոսարանները անմիջապես խորհուրդներ են տալիս տվյալ աշակերտին եւ ընտանիքին, որպեսզի դատական որեւէ ատյանում նրա պաշտպանության ընթացքում ասածը ատելության նշան չդիտվի: Հետեւաբար, այս երկու պայմանները լրացրած չլինելովՙ Հայոց ցեղասպանությունը չի կարող այս օրենքի շրջանակի մեջ ներառվել: - Իսկ ի՞նչն է ստիպում, որ ե՛ւ Հայաստանի արտգործնախարարությունը, ե՛ւ Ֆրանսիայի հայ համայնքի համակարգող մարմնի ղեկավարությունը պնդեն, որ Ֆրանսիայի ԱԺ-ի որոշումը վերաբերում է նաեւ Հայոց ցեղասպանությանը: Նույնիսկ Էդուարդ Նալբանդյանը ողջունել է օրինագծի հաստատումը ասելովՙ Միանգամայն ողջունելի է Ֆրանսիայի կառավարության նախաձեռնած օրինագիծը, որը միաձայն հաստատվեց Ազգային ժողովի կողմիցՙ համապատասխան որի, փոփոխություններ են մտցվում Ֆրանսիայի Հավասարության եւ քաղաքացիության օրենքի մեջՙ քրեականացնելով ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը եւ, համապատասխանաբար, նաեւՙ Հայոց ցեղասպանության ժխտումը: - Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, կարող եմ ենթադրել, որ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում ընդդիմանալ այն պաշտոնական հայտարարություններին, որոնք Ֆրանսիայի իշխանությունների կողմից արված են: Չգիտեմ ինչ են մտածում հայ համայնքի ղեկավարության ասածների մասին: Տարիներ շարունակ հայ համանքի ղեկավարները հուսադրել են համայնքին, որ Ֆրանսիայի նախագահը խոստում է տվել, եւ այդ որոշումը կլինի: Այս խնդիրը տարիներ շարունակ մնում է օրակարգում: Ե՛ւ համայնքը, ե՛ւ Օլանդի շրջապատը հասկացան, որ այս օրենքը տարբեր պատճառներով հնարավոր չէ անցկացնել Ֆրանսիայում: Պատճառներից մեկն այն է, որ Ֆրանսիան Թուրքիայի հետ հարաբերությունները դժվարացնելու ոչ մի պատճառ չունի, եւ այժմ տնտեսական առումով ավելի մեծ հարաբերություններ կան: Նախորդ նախագահ Սարկոզիի ժամանակ բավականին վատթարացել էին ֆրանս-թուրքական հարաբերությունները, քանի որ Սարկոզին հայտարարել էր, որ Թուրքիան տեղ չունի Եվրոպական միության մեջ: Ֆրանսուա Օլանդը բոլորովին փոխեց Ֆրանսիայի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ, եւ այս պատճառով է նաեւ , որ նման օրենք չի կարող ընդունվել Ֆրանսիայում: Երկրորդ պատճառն այն է, որ Ֆրանսիայում միայն թրքական ազդակը չէ, կա նաեւ ներքին ազդակ: Մամուլի ազատության մասին օրենքում ցեղասպանությունների մասին սահմանափակումների մասը չսիրված օրենք է Ֆրանսիայի մեջ: Մենք փորձում ենք հավասարություն ստեղծել Հայոց ցեղասպանության եւ Հրեական ցեղասպանության միջեւ, ինչը մեր արդար իրավունքն է: Սակայն Հրեական ցեղասպանության համար Ֆրանսիայում հատուկ թույլատվություն է տրվել, որը չկամությամբ է տրվել, եւ մամուլի բոլոր աշխատակիցներն ու մտավորական ազդեցիկ շրջանակները դեմ են այդ օրենքին: Ամեն անգամ, որ այս օրենքը ընդլայնելու մասին խոսք է եղել, ժխտումի կիրառման խնդրի շուրջ, հանրային կարծիքը դեմ է եղել դրան: Հետեւաբար, թե՛ դրսից եւ թե՛ ներսից ճնշումներ կան Ֆրանսիայի իշխանությունների վրա, որ այս օրենքը չընդարձակվի, չտարածվի այլ հայերի վրա: Իսկ ինչ վերաբերում է այս նոր ընդունված փոփոխություններինՙ Հայոց ցեղասպանության հարցում ոչինչ չի փոխում: Այն մեր խնդրի հետ կապ չունեցող օրենք է: - Բայց այդ դեպքում ինչո՞ւ է Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող մարմնի համաատենապետ Մուրադ Փափազյանը «Արմենպրեսին» տված հարցազրույցում ասում. «Հայկական կազմակերպությունների մասնագետները աշխատեցին ֆրանսիացի մասնագետների հետ մեզ համար ընդունելի եւ Սահամանադրությանը համապատասխան տեքստ մշակելու համար: Նախագիծը հավասար է հակառասիստական եւ հակասեմիտական օրենքների տեքստերին»: Նրա խոսքերով, օրինագծի տեքստում, որպես ցեղասպանության օրինակ նշվում են Հայոց եւ Ռուանդայի ցեղասպանությունները: - Այս օրենքի քվեարկված տեքստի մեջ Հայերի ցեղասպանության եւ Ռուանդայի ցեղասպանության մասին որեւէ բառ չկա: Բացատրողական տեքստի մեջ է տրվել, բայց ոչ օրենքի: Ընդ որում, մի քանի օր անց, երկու բառակապակցությունն էլ հանվել է այդ բացատրողական տեքստից: - Բացատրողական տեքստը օրենքի ուժ չունի՞: - Ոչ: Դա օրենքին կից է եւ օրենքի ուժ չունի: Այն օրենքն ավելի հասկանալի դարձնելու համար է տրվում: Մուրադ Փափազյանը տարիներ ի վեր Ֆրանսուա Օլանդի հետ կապեց Հայոց ցեղասպանության ժխտումի քրեականացման այս խնդիրը, այսօր ինքը որոշ չափով հայ համայնքի առաջ պատասխանատու է: Նախ իրեն պետք է հարցնել այս մասին, բայց կենթադրեմ, որ իրեն այս դժվար կացությունից փրկող մի միջոց է այս օրինագիծը: Քանի որ այս տարվա հունվարին Ֆրանսուա Օլանդը ներկա գտնվեց Հայկական կազմակերպությունների համակարգման (CCAF) խորհրդի պաշտոնական տարեկան ընթրիքին եւ խոստացավ, որ որպեսզի օրենքի եւ Սահմանադրական խորհրդի կողմից չմերժվի, ինքը Ֆրանսիայի ամենամեծ մասնագետներից մեկին կհանձնարարի զբաղվել այս խնդրով: Եվ ահա՛ լուծումը սա է: Բայց թե ինչպես պետք է այս օրենքի սահմանափակումներից դուրս գա Հայոց ցեղասպանության պարագան, այդ մասին մարդ չի խոսումՙ ոչ հայկական կազմակերպությունները, եւ ոչ էլ պետական շրջանակները: Մի միջոց կա միայն, որ օրենքը կիրարկվի, եթե Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ցանկացած ժխտում դիտվի իբրեւ ատելություն սերմանող եւ բռնության մղող արարք: - Այլապես օրենքը չի՞ կիրարկվի: - Ոչ, պարզապես, երկու պայմաններից մեկը պետք է լրացնի: Սա դատավորների որոշումն է, եթե դատավորը որոշի, որ նման ժխտումը ատելություն սերմանող արարք է, ապա կպատժի: Այս պարագայում ցեղասպանության մասին օրենքի կարիք չկա: Բայց տակավին նման դեպք չի գրանցվել: Թուրքերն իրենց հերթին ասում են, որ դա ազատ խոսքի իրավունքի խախտում է, ինչի դեմ մենք դեռ չենք հաջողել առարկել: Ես կսպասեմ այն երանելի օրվան, երբ մի դատավոր նման որոշում կայացնի: - Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ սենատում քննարկման ժամանակ որեւէ ավելացում արվի: Թե՞ սենատն այլեւս որեւէ փոփոխություն մտցնելու իրավունք չունի: - Սենատն էլ պատճառներ չունի այդ հավելումը կատարելու, քանի որ սենատն ավելի աջակողմյան է: Միշտ ավելի դժվար է եղել նրանց հետ նման հարցերում լուծում գտնել: Ըստ օրենքիՙ Սենատը իրավունք ունի, բայց այդ դեպքում օրինագիծը պետք է կրկին վերադառնա Ազգային ժողով եւ ԱԺ-ն պետք է վավերացնի այն: Չեմ կարծում, որ այս մնացյալ 10 ամսվա ընթացքում նման քայլերի դիմեն, դա անհավանական է: Մյուս կողմից, Ազգային ժողովը չի ցանկանա իր փոփոխությունների մեջ ավելացում կատարել, քանի որ իրենք արդեն իսկ գիտեին, թե ինչ են ուզում եւ գիտակցաբար նման փոփոխությունները բացառած են: Օրինակ, եթե «ֆրանսիական դատարան» բառը փոխարինեն «ազգային դատարան» բառեզրով, ապա կարելի է նկատի ունենալ Թուրքիայի 1919 թվականի հուլիս 19-ի դատական որոշումը եւ դրա հիման վրա որոշում կայացնել: Օսմանյան կայսրության ընդունած եւ այդ ոճիրները դատապարտած որոշումները այստեղ կարելի է օգտագործել: Այսինքն, պետք է այնպես անել, որպեսզի նկատի առնվեն միջազգային եւ ազգային դատարանների որոշումները: Իհարկե, կարելի է նաեւ այլ ձեւով խմբագրել պատժելիության պայմանները: Նկար 2. 2015թ., Փարիզ, ֆրանսահայերի ցույցից |