ԲԼԵՐԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԻՐԱՔԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՐ Պ. Ք. Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը եւ իր կառավարությունը երկիրը Իրաքի պատերազմի մեջ ներքաշեցին չհաստատված հետախուզական տվյալների հիման վրա: Այդ մասին հաղորդում է բրիտանական իշխանությունների կազմած հատուկ հանձնաժողովը: Փորձագետների կարծիքովՙ Մեծ Բրիտանիայի ղեկավարությունը նախքան պատերազմի մեջ ներքշավելը չէր սպառել բոլոր խաղաղ մեթոդները: Բրիտանացիներն Իրաք ներխուժեցին առանց պատշաճ իրավական հիմնավորման եւ առանց համարժեք պլանավորման: «Հիմա պարզ է, որ Իրաքի հանդեպ վարված քաղաքականությունը հիմնված է եղել հետախուզական սխալ գնահատումների վրա: Դրանք պետք է հերքվեին, բայց դա տեղի չունեցավ», ասել է հանձնաժողովի ղեկավար Ջոն Չիլկոտը , որի խոսքը մեջբերում է Ռոյթեր գործակալությունը: Զեկույցը հանգամանորեն վերլուծում է բրիտանացիների Իրաք ներխուժելու պատճառներն ու հետեւանքները եւ ներառում է նույնիսկ Բլերի եւ ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշի զրույցների վերծանումը: Հուլիսի 4-ին Լեյբորիստական կուսակցության եւ Շոտլանդիայի ազգայնական կուսակցության պատգամավորները հայտարարել էին, որ մտադիր են Չիլկոտի հանձնաժողովի զեկույցի հիման վրա գործ հարուցել Բլերի իմփիչմենթի վերաբերյալ: Մեծ Բիրտանիայում վերջին անգամ իմփիչմենթ հայտարարվել էր 1806 թվականին: Այն ժամանակ Մելվիլի դերկոմս Հենրի Դանդասըՙ Ծովակալության առաջին լորդը, մեղադրվել էր հանրային միջոցների ոչ նպատակային ծախսման մեջ: Թեեւ գործն ավարտվեց արդարացմամբ, բուն մեղադրանքի բարոյական ուժն այնպիսին էր, որ Դանդասը ստիպված հեռացավ մեծ քաղաքականությունից: Թոնի Բլերի վարչապետության օրոք (1997-2007) Մեծ Բրիտանիան 2003 թ. Իրաք էր ներխուժել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կազմում: Պատերազմում սպանվել էր 179 բրիտանացի, թագավորությունը ֆինանսական լուրջ կորուստներ էր կրել: Այդուհանդերձ Միջազգային քրեական դատարանը հայտարարել էր, թե մտադիր չէ Բլերին պատասխանատվության ենթարկել, քանի որ դա դուրս է իր իրավասությունից: Ըստ որում, գործեր են հարուցված բրիտանացի մի շարք զինծառայողների նկատմամբ, որոնք կասկածվում են կտտանքների կիրառման եւ պատերազմի օրենքների այլ խախտումների մեջ: |