ԱՄԵՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ Պ. Ք. Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ԱՄՆ) ճարտարագետները ստեղծել են նոր տիպի պատվաստանյութեր, որոնք մեկ շաբաթվա ընթացքում կարելի է հեշտությամբ մշակել ի դեպս ամեն տեսակ համաճարակների: Հետազոտողները կարողացել են ստանալ էբոլայի, խոզագրիպի եւ տոքսոպլազմայի հակամարմիններ, որոնց արդունավետությունը հասել է 100 տոկոսի: Այդ մասին պատմվում է Proceedings of the National Academy of Sciences հանդեսում: Պատվաստանյութը բաղկացած է որպես մատրիցային (տեղեկատվական) ռիբոնուկլեինաթթու (ՌՆԹ) հայտնի ծագումնաբանական նյութի մոլեկուլային թելերից: Դրանք կարող են պարունակել տեղեկություններ ամեն տեսակ վիրուսային, մանրէական կամ այլ սպիտակուցի մասին: ՌՆԹ-թելերը զետեղում են վեկտորիՙ այն մոլեկուլի մեջ, որը կենդանի բջիջների համար առաքման համակարգի դեր է կատարում: Դրանցում ՌՆԹ-ն փոխհաղորդման գործընթաց է անցնում, որի արդյունքում սինթեզվում են վարակամերժ համակարգն ակտիվացնող սպիտակուցներ: Գիտնականների խոսքերովՙ իրենց մոտեցումը կարելի է կիրառել ոչ միայն վարակիչ հիվանդությունների դեմ պայքարելիս, այլեւս պատվաստանյութերի ստեղծման համար, որոնք օրգանիզմին օգնում են ճանաչել եւ ոչնչացնել քաղցկեղային ուռուցքները: Ավանդական պատվաստանյութերի մեծամասնությունը ներառում է վիրուսների կամ ուրիշ ախտածին նյութերի ոչ ակտիվ ձեւերի: Նման պատրաստուկները մշակվում են երկար ժամանակի ընթացքում, իսկ դրանց մի մասը չափազանց մեծ վտանգ է պարունակում առողջության համար: Ուրիշ պատվաստանյութեր էլ կազմված են մանրէներ սինթեզող սպիտակուցներից, բայց միշտ չէ, որ դրանք առաջացնում են ուժեղ եւ կայուն իմունային հակազդեցություն: Այդ խնդիրը լուծելու համար մասնագետներն օգտագործում են օրգանիզմի պաշտպանական համակարգերի պատասխանն ուժեղացնող նյութերՙ ադյուվանտներ: ՌՆԹ- պատվաստանյութերը նպաստում են օտարածին սպիտակուցների բազմաթիվ պատճենների հայտնվելուն, որոնք իրենց հերթին հարուցում են վարակամերժության հուժկու ռեակցիա: ՌՆԹ օգտագործելու գաղափարն արդեն 30 տարեկան է, սակայն նուկլեինաթթուների ներդրման գլխավոր խոչընդոտը եղել է առաքման անվտանգ ու արդյունավետ եղանակի որոնումը: Ուստի գիտնականները որոշեցին իբրեւ վեկտոր օգտագործել ճյուղավորված մոլեկուլներիցՙ դենդրիմերներից կառուցված նանոմասնիկներ: Նոր պատվաստանյութերը կարող են հեշտությամբ կիրառվել ներմկանային ներածման եղանակով: Հենց որ նանոմասնիկները հայտնվում են օրգանիզմում, դրանք խթանում են հակամարմինների եւ T-բջիջների արտադրությունը: Գիտնականների խոսքերովՙ ՌՆԹ-պատվաստանյութերն ավելի անվտանգ են, քան ԴՆԹ-պատվաստանյութերը, քանի որ վերջիններս կարող են ինտեգրվել բջիջների գենոմին եւ հարուցել մուտացիաներ: |