ՈՒՇԱԳՐԱՎ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ Մերօրյա քաղաքական զարգացումներն ուղղակի պարտադրում են պատմության մանրակրկիտ իմացությունը, քանի որ ամեն ինչ եւ հատկապես պատմությունն այսօր առավել քան քաղաքականացված է: Մեր եկվոր հարեւանները, փորձելով ներկայանալ տեղացիներ եւ ոչ մի չափանիշ հաշվի չառնելով, աղավաղում են պատմությունը եւ հազար ու մի անհիմն «փաստարկներով» փորձում սեփականել ժողովրդիս անցյալն ու նույնիսկ «տեր դառնալ» նրա ապագային: Այս հարցերում, անկասկած, մեղքի իրենց բաժինն ունեն Խորհրդային կայսրությունը եւ ժամանակին նրանում հաստատված կուսակցական մենատիրությունը: Որովհետեւ այդ համակարգը ոչ միայն արգելում էր ուսումնասիրել շատ հարցեր, այլեւ պատմագիտությանը պարտադրում էր ողջ անցյալը «հարմարեցնել» դասակարգային պայքարի ելակետին եւ Ռուսաստանին ու նրա պատմությանը սազական զգեստներ «հագցնել»: Այնպես որ, մերօրյա արհեստածին շատ հարցերի պատասխաններ հարկավոր է փնտրել հենց խորհրդային համակարգի ձեւավորման ակունքներում, ինչին էլ ձեռնամուխ է եղել պատմագետ, արգասաբեր հետազոտող եւ նշված ժամանակաշրջանի ու խնդիրների խորագիտակ Արարատ Հակոբյանը : Նախանձելի աշխատասիրությամբ առանձնացող հեղինակի հերթական մենագրությունը նվիրված է մեզանում գրեթե չուսումնասիրված այնպիսի խնդիրների, ինչպիսիք են միակուսակցական վարչակարգի ձեւավորումը, դրա հաստատման զուգահեռները ռուսականի հետ, կուսակցական նոմենկլատուրայի առաջացումը, պետական իշխանության թեւերի սահմանազատման խնդիրները, խմբակայնությունը եւ ընդդիմությունը կոմկուսի ներսում եւ այլն: Միանգամայն իրավացիորեն հեղինակը գրում է, որ մեր ժամանակներում ԽՄԿԿ եւ խորհրդային պետության պատմության պատմագիտական նոր պահանջներով ու մեթոդաբանությամբ նորովի եւ անկողմնակալ դիրքերից լուսաբանման անհրաժեշտություն կա: Քանի որ ԽՍՀՄ-ի փլուզման հետեւանքով ու կոմունիստական ամբողջատիրության վերացումով Հայաստանը թեւակոխել է պատմական զարգացումների բոլորովին նոր շրջան եւ անհրաժեշտություն է առաջացել քաղաքական նոր համակարգեր փնտրելու, որի ճանապարհին անհրաժեշտ է խորազնին հետազոտել նախորդ համակարգերը, դրանց փորձն ուսումնասիրելու եւ ձախողումների պատճառները բացահայտելու համար: Որովհետեւ գաղտնիք չէ, որ Երրորդ հանրապետության տարիներին ՀՀ պետական իշխանության ղեկին հայտնված կուսակցությունները թեեւ հանդես են գալիս ժողովրդավարական արժեքների հաստատման կարգախոսներով, սակայն իրականում նրանց կողմից ձեւավորման պետական կառավարման համակարգն ու վարվող քաղաքականության բովանդակությունը շատ կողմերով նմանվում է հնին: Խնդրի բարդությունը հեղինակը բացատրում է նրանով, որ տասնամյակներ շարունակ ամբողջատիրական համակարգին սովոր ու վարժված հայ հանրույթը եւ նրա քաղաքական ղեկավարությունը իներցիայի ուժով շարունակում են նախկին մտածելակերպը եւ գործելակերպը, ինչը «երկիրը կարող է տանել այդ հնի ռեստավրացիայի»: Հենց այդ պատճառով ու մտահոգությամբ էլ անհրաժեշտ է վեր հանել խորհրդային վարչակարգի էությունը, հաշվի առնել անցյալի փորձն ու դասերը, որպեսզի դրանք այլեւս չկրկնվեն մեր օրերում: Հենց ապագայում երկիրն ու ժողովրդին մենիշխանության հաստատման վտանգներից զերծ պահելու այս մտահոգությունն է ուղղորդել Ա. Հակոբյանին ուսումնասիրելու 1920-ական թթ. Խորհրդային Հայաստանում կոմունիստական մենատիրության ձեւավորման, միակուսակցական քաղաքական համակարգի հաստատման գործընթացները, ապագայում դրանք չկրկնելու ակնկալիքով: Քանի որ սիրողական մակարդակով անգամ այսօրյա հեռվից դրանք դիտարկելիս ակնհայտ երեւում է, որ անչափ շատ են նմանությունները ՀՀ Երկրորդ եւ Երրորդ հանրապետություններում իշխանությունների ձեւավորման եւ շարունակականության գործընթացներում: Այսօր էլ 1920-1930-ական թթ. նման աստիճանաբար ձեւավորվում է կուսակցական մենատիրություն, կուսակցական-բյուրոկրատական մենիշխանական համակարգ, եւ եթե գործընթացները շարունակվեն նույն հունով, ապա հեռու չէ նաեւ կուսակցական «էլիտայի» վերջնական ձեւավորումը: Մանրամասնորեն քննարկելով խորհրդային-կոմունիստական վարչակարգի ձեւավորման պատմաքաղաքական հիմքերը եւ գաղափարական նախադրյալները, Ա. Հակոբյանը համոզիչ կերպով ցույց է տալիս, որ բոլշեւիկյան վարչակարգի ձեւավորումն ու հաստատումն ունեցել է իր պատմական ակունքներն ու նախադրյալները եւ անմիջական կապ տեսնում նախընթաց դարերի ռուսական միապետության եւ 20-րդ դարում հաստատված բոլշեւիկյան միակուսակցական վարչակարգի միջեւ: Որպես հաստատում այդ տեսակետի, հեղինակը վկայակոչում է ռուսական պատմագիտության մեջ քաղաքացիություն ստացած այն տեսակետը, թե ինքնակալական համակարգը պաշտոնապես ներկայացվել է որպես Ռուսաստանի կառավարման բնորոշ միակ ձեւ ու քաղաքական արժեք: Իսկ դարերի ընթացքում ռուս հասարակության սոցիալական տարբեր խմբեր ու խավեր հարմարվել ու ընտելացել էին այդ համակարգինՙ իբրեւ բնական վիճակ: Հոկտեմբերյան հեղաշրջման արդյունքում իշխանության եկած բոլշեւիկներն էլ հեշտությամբ ընդօրինակեցին իրենց նախորդների վարչաձեւըՙ միայն այլ լոզունգ-կարգախոսներ կիրառելով: Ինչպես ցարական ժամանակներում, այս դեպքում էլ առաջնային եղան համայնքի կոլեկտիվ շահերը, իսկ անհատի անձնական շահերը մղվեցին երկրորդ պլան եւ ստորադասվեցին կոլեկտիվին: Ինչպես նախկինում, երբ ռուսական հազարամյա պետության գերնպատակը եղել է պետականության ամրապնդումը, այս դեպքում էլ, իրավացիորեն նշում է հեղինակը, նույնը մնաց, իսկ մարդ-անհատըՙ պետական մեքենայի պտուտակը: Ընդ որում, այդ գործընթացում կարեւոր նախադրյալ էր բնակչության կրթական եւ քաղաքական ցածր մակարդակը: Պատմագետ-վերլուծաբանը ցավով արձանագրում է, որ այդ նույն մոդելի վարչակարգը, որ խորհրդային իշխանության ձեւով ստեղծվեց Ռուսաստանում, հեշտությամբ պարտադրվեց հայ ժողովրդին, որը կապված էր ոչ այնքան ժողովրդի գաղափարական համոզմունքի, որքանՙ 1920 թ. աշնանը նրա գլխին կախված ֆիզիկական բնաջնջման նոր վտանգի հետ: Էական դերակատարություն ունեցավ նաեւ այն իրողությունը, որ հայր-ցարի նկատմամբ ժողովրդական կույր հավատն ու պաշտամունքը մեխանիկորեն փոխանցվեց նաեւ «բոլշեւիզմի, այսինքնՙ սոցիալական ցարիզմի» էլիտային: Անդրադառնալով բոլշեւիկների համար կենսական նշանակություն ունեցող պրոլետարիատի դիկտատուրայի հարցինՙ Ա. Հակոբյանը կիսում է ռուս նշանավոր տեսաբան Ն. Բերդյաեւի այն տեսակետը, թե Լենինի համար մարքսիզմի տեսությունից ամենագլխավորը պրոլետարիատի դիկտատուրայի գաղափարն էր: Քանի որ այդտեսակ պետությունը ենթադրում էր իշխանության կենտրոնացում կուսակցության ղեկավար ընտրախավի (էլիտայի) ձեռքում (պետապարատը ձուլված էր կուսապարատի մեջ եւ պետությունը ներկայանում էր որպես կուսակցություն-պետություն): Իսկ բոլշեւիկներն առաջնորդվում էին հեղափոխական բարոյականությամբ, որն ինքնին ենթադրում էր նախ եւ առաջ ուժի գործադրումով ընչազուրկների անունից բռնության մեքենայի միջոցով ունեզրկել սեփականատերերին եւ հաստատել միակուսակցական քաղաքական իշխանություն` առանձին խավերի զրկելով երկրի կառավարմանը մասնակցելու իրավունքից: Այսինքն` հեղինակի կարծիքով, ինչպես իր հազարամյա պատմության ողջ ընթացքում, 1917 թ. եւս, դեմոկրատիայի եւ դիկտատուրայի երկընտրանքի հարցում ռուս ժողովուրդը նախապատվությունը տվեց դիկտատուրային` ցարին փոխարինելով գենսեկով (կուսակցության գլխավոր քարտուղարով): Ի դեպ, այսօր էլ են նկատվում իրավիճակներ, երբ ստալինյան վարչակարգի նմանությամբ երկրում հարցեր են լուծվում կիսաքրեական մեթոդներով եւ կիսառազմականացված կանոններով: Իշխանության հաստատման գրեթե նույն գործընթացները ծավալվեցին նաեւ Հայաստանում, միայն թե հետազոտողի դիտարկմամբՙ քանի որ Հայաստանում բանվոր դասակարգ չկար, իսկ գյուղացիական հսկա մեծամասնության հանդեպ չի եղել բավարար քաղաքական վստահություն, Հայկոմկուսին մնում էր հենվել Կարմիր բանակի վրա եւ երկիրը կառավարել ռազմական բնույթի նորմերով: Այս դեպքում էլ կուսակցության ղեկավար միջուկը` չգրված օրենքով համարվել է վերադաս ամեն ինչից: Անաչառ հետազոտողի դիտարկմամբ, Հայաստանի պայմաններում իշխանության կուսակցականացման առաջին փորձը եղավ Առաջին հանրապետության օրոք, երբ 1920 թ. մայիսին ՀՅԴ Բյուրոն կազմեց կառավարություն, հարկադիր արձակուրդ ուղարկվեց խորհրդարանը, իսկ կառավարությունն ստանձնեց նաեւ օրենսդիր մարմնի գործառույթներ: Զուգահեռելով խորհրդային իշխանության հաստատման գործընթացները Ռուսաստանում եւ Հայաստանում` հեղինակը նշում է, որ Հայաստանում այն պարտադրված էր եւ արհեստական: Իսկ ինչ վերաբերում է Հայհեղկոմին իբրեւ բարձրագույն իշխանություն, ապա նա իրավական ու օրինական ուժ չուներ այն մասով, որ ամենեւին ժողովրդական ապստամբության արդյունք չէր եւ ժողովրդական ներկայացուցչական մարմին լինելու որեւէ հիմք չուներ: Այդ ամենով հանդերձ, նշում է հեղինակը, իրական ու փաստական իշխանությունը անբաժան կերպով պատկանում էր կոմկուսին, հատկապես նրա ընտրանուն (էլիտային) եւ գնալով այդ գործընթացն այնքան էր խորացել, որ հանգեցրել էր կուսակցական մենատիրության, իսկ ավելի ուշ` ամբողջատիրության (տոտալիտարիզմի): Որովհետեւ իշխանության միակ կրողը` Հայհեղկոմը, որեւէ կուսակցության քաղաքական հենարանի ու աջակցության կարիքը չուներ, քանի որ նա այդ իշխանությունն ստացել էր Ռուսաստանի ու նրա Կարմիր բանակի օգնությամբ` «մոռանալով», որ յուրաքանչյուր ազգի, պետության անվտանգության միակ հուսալի երաշխավորը միայն ինքը` տվյալ ազգը կարող է լինել: Շատ կարեւոր մի դիտարկում էլ է կատարել հեղինակը. Ռուսաստանում բոլշեւիկյան կառավարության քաղաքականությունն ավելի հանդուրժողական եւ կոմպրոմիսային է եղել, քան Հայկոմկուսինն ու Հայհեղկոմինը: Մի բան, որ հետեւանք էր Կարմիր բանակի մշտական օգնությանն ու զորակցությանը, եւ նպաստել, որ հայ ղեկավարները անվերապահորեն ընդունեին եւ կատարեին Կենտրոնից իջեցված բոլոր հրահանգները: Հեղինակի ներկայացմամբ, ընտրություններն էլ ամբողջությամբ ձեւական բնույթ են կրել Հայաստանում եւ դա էլ իր հերթին է նպաստել կուսակցական նոմենկլատուրայի (պարտոկրատիայի) ստեղծման համար: Նոմենկլատուրային այն համակարգը, պարզաբանում է հեղինակը, որը ձեւավորվեց Խորհրդային Հայաստանում 1920-ական թթ., ընդամենը համառուսաստանյան կուսակցական նոմենկլատուրայի մանրապատկերն էր` հարմարեցված ՀԽՍՀ տեղական պայմաններին: Ամբողջ երկրում հաստատվեցին ցուցակներ (պաշտոնացանկ), որոնցով պաշտոնների էին նշանակվում ըստ հիերախիկ կառուցվածք ունեցող աստիճանակարգի: Ինչպես նաեւ իրենց զբաղեցրած պաշտոնի համապատասխան էին օգտվում հատուկ արտոնություններից եւ առանձնաշնորհումներից: Անդրադառնալով պետական իշխանության թեւերի սահմանազատման եւ մի շարք այլ կարեւոր խնդիրների` հեղինակը փաստառատ հենքի վրա համոզիչ կերպով ցույց է տալիս, որ այդ կարեւոր գործառույթները եւս իրականացվում էին կուսակցության հրահանգներով: Իսկ վերջաբանում հեղինակը եզրակացնում է, որ ինքնակալական համակարգից բոլշեւիկյանի անցումը կատարվեց սոսկ լոզունգային մակարդակում, իսկ իրականում բովանդակային առումով տարբերություններն այնքան էլ շատ չէին: Այնուհետեւ ավելացնում, որ այդ ամենը թեեւ այնքան էլ հարիր չէին հայկական հոգեկերտվածքին (մենթալիտետին), սակայն պարտադրվեցին դրսից եւ իրականացվեցին զանազան բռնությունների միջոցով: Ընդգծենք, որ նշված հարցերին անդրադառնալն ու մերօրյա գործընթացների հետ զուգահեռներ տանելը բարդ ու տարողունակ խնդիր է, որը հեղինակը կատարել է գիտական ճշմարտացի փաստարկումներով եւ հասուն ու նյութի խորը իմացության հենքի վրա: Անկասկած, Ա. Հակոբյանի այս ուսումնասիրության առավելություններից է այն, որ իր առջեւ դրված խնդիրները վեր հանելու եւ լուծում տալու համար հեղինակը որպես պատմագիտական-աղբյուրագիտական հիմք օգտագործել է մեծաքանակ արխիվային ու վավերագիր նյութեր, փաստաթղթերի ժողովածուներ, կուսակցական ու պետական համակարգում աշխատող գործիչների հուշագրություններ, հաշվետվություններ, զեկուցումներ ու ամփոփագրեր, հին ու հատկապես ժամանակակից տեսական-մեթոդական նոր դիրքերից շարադրված պատմագիտական, քաղաքագիտական, փիլիսոփայական գրականություն, ժամանակաշրջանի պարբերական մամուլ եւ այլն: Ամփոփելով նշենք, որ ընթերցողի դատին է հանձնվել հասուն, տարողունակ, բազմաշերտ ու նոր ասելիքով հարուստ ուսումնասիրություն: Այն առանձնանում է արխիվային փաստառատ հենքով, օտար աղբյուրների խելացի ու տեղին օգտագործմամբ, հիմնականում ընդունելի եւ հեռուն գնացող եզրահանգումներով, որոնցից ամենէականը թերեւս այն է, որ մեր նորանկախ հանրապետության գոյության քառորդդարյա ընթացքում եւս մշտապես առկա են նախորդ իշխանական համակարգի մնացուկները եւ դրանց վերարտադրության սպառնալիքները: Հեղինակի` պգդ, պրոֆեսոր Ա. Հակոբյանի գլխավոր գիտական ձեռքբերումը դրանց արմատների բացահայտումն է, էության վտանգավոր լինելու մատնանշումը եւ դրանց հնարավոր վերարտադրության արգելափակումը: Երեւան, 27.06.2016 թ. |