RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2016-06-24 > #025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 08-07-2016



ՔԱՂԱՔԱՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-07-07 23:04:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 4406, Տպվել է` 320, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՋԵՐՄԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԽԱՆԴԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

7 ամիս տեւած ռուս-թուրքական լարվածությունն ավարտին մոտեցավ այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը կատարեց Ռուսաստանի նախագահի պահանջըՙ ներողություն խնդրելով ռուսական ռազմական ինքնաթիռը կործանելու համար (*): Օդաչուին գնդակահարողի նկատմամբ սկսվել է դատական հետապնդում, իսկ զոհված օդաչուի ընտանիքը իսկապես բարձր պատվախնդրություն ցուցաբերեցՙ հրաժարվելով թուրքական փոխհատուցում կոչվածից:

Թուրքական ներողությունՙ ինչո՞ւ հենց հիմա

Էրդողանի ներողությունը, եթե դատենք նրա նախորդող բոլոր հայտարարություններից, որտեղ նա միայն հոխորտում էր եւ ներողություն խնդրելու մասին խոսք անգամ չէր ասում, անսպասելի էր: Սակայն, եթե դատենք Թուրքիայի աշխարհաքաղաքական մեկուսացվածությունից եւ տնտեսության վիճակից, ապա այդ քայլն ավելին քան արդարացված էր: Էրդողանի անհավասարակշիռ պահվածքի հետեւանքով Թուրքիան հայտնվել էր բավականին բարդ վիճակումՙ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ հարաբերությունները խիստ լարված էին, Ռուսաստանի հետ հայտնի միջադեպից հետոՙ թշնամական, երկրի ներսում ծանր կռիվներ են ընթանում քրդերի դեմ, Սիրիայում ստեղծված վիճակը, որի հիմնական մեղավորներից մեկը դարձյալ Թուրքիան էր, սկսել էր հարվածել նաեւ իրեն, իսկ ռուսական պատժամիջոցները ծանրորեն հարվածում էին երկրի տնտեսությանըՙ զբոսաշրջությանը, շինարարությանը, գյուղատնտեսությանը եւ այլն:

Թուրքիան միլիարդավոր դոլարներ էր կորցնում հատկապես Ռուսաստանի կողմից այդ երկրում ծովափնյա հանգստի մեկնելու նկատմամբ կիրառած վարչական արգելքներից: Թերեւս սա հիմնական պատճառն էր այն բանի, որ Թուրքիայի նախագահը հենց հիմա, հանգստի սեզոնի նախաշեմին ներողություն խնդրեց: Հակառակ դեպքում թուրքական ծովափնյա զբոսաշրջությունը պարզապես կփլուզվեր :

Ռուսական կողմը, հասնելով իր վաղօրոք դրած պահանջներին, քայլեր սկսեց բարելավելու հարաբերությունները Թուրքիայի հետ: Առաջինը նախագահ Պուտինը վերացրեց Թուրքիա հանգստանալու նպատակով զբոսաշրջային գործակալություների նկատմամբ սահմանված վարչական արգելքը: Արդյունքում կտրուկ ավելացավ թուրքական ծովափ մեկնելու ցանկություն ունեցողների թիվը, անկախ նրանից, որ Ռուսաստանի նախագահի, վարչապետի, արտգործնախարարության մակարդակով զգուշացվել էր Թուրքիայում անվտանգության հետ կապված խնդրի մասին, անկախ Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից եւ անկախ չարտերային չվերթների բացակայությունից:

Ինչ վերաբերում է մյուս պատժամիջոցներին, ապա Ռուսաստանը չի շտապում դրանք վերացնել կամ փոփոխել, ասելով, որ դրանք մի քանի օրվա հարցեր չեն: Ի դեպ, ռուսական պատժամիջոցների թե՛ կիրառումը, թե՛ վերացումը անմիջականորեն առնչվում է Հայաստանի տնտեսության հետ, ինչի մասինՙ քիչ հետո:

Ի՞նչ է շահելու Ռուսաստանը

Միանշանակ է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումն ավելի շատ պետք էր Թուրքիային, քան թե Ռուսաստանինՙ նկատի ունենալով վերջինիս ավելի մեծ ռազմական, քաղաքական, տնտեսական հնարավորություններն ու հզորությունները: Այդուհանդերձ, Ռուսաստանին նույնպես անհրաժեշտ է Թուրքիայի հետ լավ հարաբերությունները եւ փոխշահավետ առեւտրատնտեսական կապերը, հատկապես Արեւմուտքի հետ երկկողմանի պատժամիջոցների պատերազմի, նավթի ցածր գների պարագայում:

Հարցի քաղաքական կողմի առնչությամբ պետք է ասել, որ Արեւմուտքի հետ հարաբերություններում թե՛ Ռուսաստանը կարող է օգտագործել թուրքական գործոնը, թե՛ հակառակը: Սա իհարկե, չի կարող վերածվել դաշնակցային հարաբերությունների, որովհետեւ, այնուամենայնիվ, Ռուսաստանն ու Թուրքիան գտնվում են հակառակ ճամբարներում եւ արմատական հակասություններ ունեն թե՛ հարավկովկասյան, թե՛ մերձավորարեւելյան տարածաշրջաններում: Ռուսաստանը երբեք թույլ չի տա Թուրքիային իրականացնել իր երազանքները տարածելու նորօսմանական այս տարածքներում: Հատկապես սիրիական համակամարտության մեջ, թուրքական ներողությունը եւ Ռուսաստանի ներողամտությունը հնարավորություն է տալիս վերջինիս թելադրողի դիրքից խոսելՙ Թուրքիան արդեն գիտի, որ ռուսական կողմը չի վարանի կրկին տնտեսական պատժամիջոցների դիմելու:

Եթե մինչ այժմ Ռուսաստանի բազմաթիվ հայտարարությունները Սիրիայում ահաբեկիչներին Թուրքիայի կողմից ամենաբազմազան աջակցություն տրամադրելու, թուրքական տարածքն օգտագործելու առումով ոչինչ չէին փոխում, ապա հիմա Թուրքիան ստիպված կլինի կատարել ռուսական պահանջները: Կամ գուցե արդեն կատարում է: Ստամբուլի օդանավակայանում «Իսլամական պետության» կողմից իրականացված ահաբեկչությունը Թուրքիայի այս գործողությունների անմիջական հետեւանքներից մեկը կարելի է համարել:

Իսկ Հայաստանում մտածողությունը չի փոխվում

Ինչպե՞ս են արձագանքում Հայաստանում ռուս-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Եթե հակիրճ, ապա ինչպես միշտՙ պարզունակ: Երբ ռուս-թուրքական հարաբերությունները սրվեցին, իրենց «փորձագետ» համարողները ինչ դատարկություններ ասես, որ չասեցին, որոնցից գլխավորն այն է, որ Ռուսաստանն իր քաղաքական շահերով է առաջնորդվում եւ մեզ ավելորդ ոգեւորվել պետք չէ: Թեեւ այնքան էլ պարզ չէր, թե ովքե՞ր էին ոգեւորվել, բայց երեւի «փորձագետներին» պետք էր ստեղծել չեղած «ոգեւորությունը», դրա վրա կառուցելու համար քաղաքագիտական մտքի բացակայությունից դրդված քաղաքական շահի մասին մտքի «փայլատակումը»: Հետաքրքրական է, թե ո՞ր պետությունն է, հատկապես գերտերությունը, որ ղեկավարվում է ոչ թե իր, այլ ասենքՙ հարեւանի քաղաքական շահերով:

Որեւէ քիչ թե շատ իրատեսական վերլուծություն, թե ի՞նչ կարող ենք շահել ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումից, չեղավ կամ գրեթե չեղավ: Իրականում գործարար հատվածը ինչ-որ բան շահեց: Անզեն աչքով նկատելի է, որ Երեւանում ավելացել են ռուսաստանցի զբոսաշրջիկները եւ, թեեւ բնակչության մեծ մասին տեսանելի չի, բայց էապես ավելացել է թարմ գյուղատնտեսական մթերքների արտահանումը Ռուսաստանՙ արգելքի տակ հայտնված թուրքական լոլիկի եւ վարունգի փոխարեն: Ռուսական աղբյուրների հավաստմամբ, Հայաստանից լոլիկի արտահանումը այս ամիսներին ավելացավ ոչ ավել, ոչ պակաս 250 անգամ: Իհարկե, սա նպաստավոր հանգամանք է մեր տնտեսության համար եւ մենք օգտվեցինք ռուս-թուրքական տնտեսական պատերազմից:

Իսկ նրանք, ովքեր կարծում էին, թե Ռուսաստանը պետք է Արեւմտյան Հայաստանը գրավեր եւ նվիրեր մեզ, ընդ որում, նաեւ զգուշացնում, որ մենք այդ խայծը կուլ չտանք, թերեւս իրենց ուսումը պետք է մանկապարտեզից սկսեն: Մյուս կողմից էլ անհասկանալի է, որ երբ խոսում ենք մեծ երազիՙ Արեւմտայն Հայաստանի ազատագրման մասին, ընդհանրապես ինչպե՞ս ենք պատկերացնում այդ հարցի լուծումը, եթե ոչ գերտերությունների կամ նրանցից մեկնումեկի աջակցությամբ եւ մեր մասնակցությամբ: Այլապես ոչ ոք, հատկապես Թուրքիան, ոչ մեկին տարածք չի նվիրում: Մինչդեռ մենք ցանկանում ենք մեր պատմական հայրենիքը, բայց չենք ցանկանում դրա համար գին վճարել եւ վախենում ենք անգամ գոյություն չունեցող աջակցությունից: Ինչեւէ: Հիմա դառնանք ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման մեր արձագանքին:

Մոռանալով որ պետությունները ղեկավարվում են իրենց քաղաքական շահերով, ինչի մասին զգուշացնում էին ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման ժամանակ, հիմա էլ սկսել ենք խանդով վերաբերվել դրանց բարելավմանը: «Այ, ռուսները գնում են Անթալիա հանգստանալու», «Թուրքերը նորից կլցվեն Մոսկվայում» եւ այլն եւ այլն:

Նախ մոռանում ենք, որ արգելքի վերացումը դեռ չի նշանակում պետական մակարդակով որեւէ գործընթացի աջակցություն: Երկրորդ էլ, հետաքրքրական է, իսկ ինչո՞ւ ենք այդքան մտահոգվում ռուսների համար: Չէ՞ որ «Ռուսաստանը մեր հովանավորը չէ» եւ նրա «խայծն էլ կուլ չպիտի տանք»: Հիմա դա թողած, սկսում ենք ռուսների ներողամտությունից կամ արժանապատվությունից խոսել: Ցավոք սրտի մեզ համար, թե՛ որպես պետություն, թե՛ որպես ժողովուրդ, մենք Թուրքիայի եւ թուրքերի նկատմամբ չունեցանք եւ չունենք այն արժանապատիվ մոտեցումը, որ ցուցաբերեցին Ռուսաստանը որպես պետություն ու այդ երկրի ժողովուրդը:

Ճիշտ է, մենք չենք կարող ստիպել Թուրքիային ներողություն խնդրել մեր միլիոնավոր զոհերի եւ զավթած հայրենիքի համար, բայց առանց այդ ներողության էլ շարունակում ենք թուրքական ապրանքներ գնել եւ թուրքական ծովափներում հանգստանալ: Ո՞վ է մեզ դա ստիպումՙ Ռուսաստա՞նը, Թուրքիա՞ն: Ոչ ոք: Ավելին, երբ կոչեր են արվում պետական մակարդակով հրաժարվել թուրքական ապրանքներից, անմիջապես հայտնվում են ծախու եւ ազգային արժանապատվությունից զուրկ տնտեսագետներ, որոնք սկսում են մեզ ահաբեկել սոցիալական եւ այլ հետեւանքներով: Անցյալ տարի, երբ 40 տոկոսով թուրքական ներմուծումը նվազեց, ոչ մի սոցիալական խնդիր չառաջացավ եւ հիմա էլ չի առաջանա, եթե պետության ղեկավարությունը վճռական լինի այս հարցում, իսկ ժողովուրդն էլՙ պատրաստակամ: Սակայն պետությունն, ի դեմս Հայ դատը հետապնդող կուսակցության ներկայացուցիչ էկոնոմիկայի նախարարի, շտապեց հայտարարել, որ խոսքը թուրքական ապրանքների ներմուծումը արգելելու մասին չէ, այլ...

Արդյունքում, եթե թուրքական ներմուծումը Հայաստան 2015-ին, ցեղասպանության 100 ամյա տարելիցի տարում, նվազել էր մոտ 40 տոկոսով, ապա 2016-ի առաջին ամիսներին պատկերն այլ է: Տարվա առաջին հինգ ամիսների ցուցանիշներով թուրքական արտադրության 49 մլն դոլարի ապրանք է ներմուծվել Հայաստան, որը արդեն 0,3 տոկոսով գերազանցում է 2015-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Մեկնաբանություններն ավելորդ են...

Ինչ մնում է ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման քաղաքական ազդեցությանը Հայաստանի վրա, ապա այն էապես չի փոխվի: Ակնառու օրինակՙ մինչ այս պետությունների միջեւ կոնֆլիկտը, հակառակ երկկողմ առեւտրի բազմամիլիարդանոց ցուցանիշներին եւ թուրքական կողմի դժգոհություններին, Ռուսաստանի նախագահը այցելեց Երեւան ցեղասպանության 100 ամյակի միջոցառումներին մասնակցելու համար: Ռուսաստանն այստեղ ունի լուրջ շահեր, եւ ինչպես ասվեց վերեւում, չի պատրաստվում իր դիրքերը զիջել որեւէ մեկին, առավել եւս Թուրքիային: Իսկ մենք էլ խանդի տեսարաններ սարքելու եւ բամբասելու փոխարեն, ճիշտ կլինի փնտրենք եւ գտնենք մեր քաղաքական եւ տնտեսական շահը իրավիճակի այս կամ այն փոփոխության պարագայում:

*) Որոշ թուրքագետներ պնդում են, որ, հակառակ Կրեմլի պաշտոնական հաղորդագրությանը, Էրդողանը ամենեւին էլ ներողություն չի խնդրել նախագահ Պուտինից: Նա պարզապես, ինչպես պնդում են, օգտագործել է թուրքերեն «քուսուրա բաքմայըն» արտահայտությունը, որ թարգմանիՙ «թերությանը մի՛ նայեք»...

Ծ.Խ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 08-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ