ԱՇՈՏ ՍՄԲԱՏՅԱՆ. «ԱՌԱՋ ԵՆՔ ՇԱՐԺՎՈՒՄ «ՓՈՔՐ ՔԱՅԼԵՐԻ ԱՐՎԵՍՏԸ» ՀԱՅՏՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ» Հարցազրույցը վարեց ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ Բեռլինում պաշտոնավարող ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին 100 օրվա փոխարեն մեկ տարի ժամանակ տվեցինք «Ազգի» հյուրասրահում ներկայացնելու համար: 2015-ի հուլիսի 8-ին ԳԴՀ նախագահին իր հավատարմագիրը հանձնող Սմբատյանը չենք կարծում, թե գիտեր, որ հենց իր պաշտոնավարման առաջին տարում Բունդեսթագը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, փաստ, որ առիթ է տալիս շատերին այսպես ձեւակերպելՙ «բախտավոր աստղի տակ է ծնվել»: 1990- ից Գերմանիա ոտք դրած Աշոտ Սմբատյանը մի կարեւոր հարցում այս երկրին չի ինտեգրվելՙ ֆուտբոլ չի սիրում: Բարեբախտաբար: Թե չէՙ հարցազրույցից հրաժարվելու «շատ մարդկային» պատճառաբանություն կունենար:
- Պարոն Սմբատյան, Դուք մասնագիտությամբ մաթեմատիկոս եք, Գերմանիայում, եթե չեմ սխալվում, դրան հավելել եք նաեւ տնտեսագետինը: Ի՞նչը դրդեց Ձեզ այդուհանդերձ ընտրել դիվանագիտությունը: - Դիվանագիտությունն իմ կյանքի կարեւորագույն հանգրվաններից է. դժվար է հստակ սահմանելՙ ինչու ընտրեցի հենց այդ մասնագիտությունը: Միգուցե մասնագիտությունն ընտրեց ինձ, քանզի աշխատանքային գործունեությանս փուլերը շատ սահուն կերպով հանգեցրին նրան, որ արժանանամ հայրենիքին այս ճանապարհով ծառայելու պատվին: Դիվանագիտությունն ինձ համար նախ եւ առաջ կենսակերպ է, աշխարհայացք, կեցվածք... - Մաթեմատիկական ո՞ր բանաձեւն է օգնում Ձեզ դիվանագիտական խնդիրն արագ եւ արդյունավետ լուծել: Թե ամեն ինչ ստացվում է, երբ գերմաներենին լավ ես տիրապետում: - Լեզվին տիրապետելը կարծում եմ անհրաժեշտ, սակայն ոչ բավարար նախադրյալ է դիվանագիտական խնդիրները լուծելու հարցում: Ավելինՙ այստեղ անխախտ բանաձեւեր չկան, ինչպես մաթեմատիկայում է: Կան խաղի կանոններ, կան իրավիճակային հանգամանքներ, որոնց պետք է համարժեք արձագանքել: Իսկ մաթեմատիկան ինձ, թերեւս, օգնում է տրամանաբանական լուծումների հարցում: Սակայն, ինչպես ասացի, դիվանագիտությունը դոգմատիկ չէ. եթե մաթեմատիկայում առաջադրանքի լուծումը հստակ արդյունք ունի, ապա դիվանագիտության մեջ այն ժամանակի, դերակատարների, իրավիճակի եւ մի շարք այլ պարամետրերի հարաբերակցությունից է կախված: - Բոննում, այդուհետ Բեռլինում Դուք երկար տարիներ ներգրավված եք եղել ՀՀ դեսպանության աշխատակազմում: Ո՞վ է հատկապես տպավորել Ձեզ, կա՞ մեկը, ում համարում եք Ձեր ուսուցիչը: - Ինչպես բոլորը, այնպես էլ ես ունեցել եմ ուսուցիչներ: Եթե առանձնացնելու լինեմ, ապա կհիշատակեմ նախ եւ առաջ լուսահոգի Կարինե Ղազինյանին, ով, իբրեւ հմուտ դիվանագետ եւ գործի անձնուրաց նվիրյալ, խորը եւ անջնջելի հետք է թողել իմ մասնագիտական կյանքի ճանապարհին: Հաճույքով կհիշատակեմ նաեւ Գերմանիայում ՀՀ նախկին դեսպան Աշոտ Ոսկանյանին, ով իր աշխատանքային եւ մարդկային բարձր որակներով ինձ միշտ ոգեշնչել է: Ցավում եմ, որ կարճ աշխատեցի Վահան Հովհաննիսյանի հետ: - Ինչպե՞ս կբնութագրեք հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների արդի փուլըՙ խուսափելով «դինամիկ» բառից: - Հայ-գերմանական հարաբերություններն այսօր զարգանում են փոխըմբռնման, գործընկերության եւ բարեկամության ոգով: Երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով Գերմանիայի հետ փոխգործակցությունն ընդլայնելու Հայաստանի ձգտումը պայմանավորված է միջազգային ասպարեզում այդ երկրի քաղաքական եւ տնտեսական ակտիվ դերակատարմամբ, Եվրոմիության մեջ ունեցած նրա ծանրակշիռ դիրքով, ինչպես նաեւ Հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ Գերմանիայի կողմից ցուցաբերվող հետաքրքրությամբ: Պարբերաբար իրականացվող բարձրաստիճան փոխայցերը շարունակում են նպաստել կողմերի միջեւ քաղաքական կանոնավոր երկխոսության ձեւավորմանը: ՀՀ Նախագահի մակարդակով վերջին պաշտոնական այցն իրականացվել է այս տարվա ապրիլին: Հաճախակի են մեր երկրների արտգործնախարարների փոխադարձ այցելությունները: Ակտիվորեն զարգանում են նաեւ երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունները: 2015 թվականի մայիսին Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Ալբերտ Վայլերի գլխավորությամբ Բունդեսթագում հիմնված Գերմանահայկական ֆորումը լրացուցիչ լիցք է հաղորդում երկկողմ հարաբերություններին: Պարբերական են խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերը: Գերմանիան Հայաստանում բարեփոխումներին աջակցող ամենաակտիվ դոնոր երկրներից է, ԱՄՆ-ից հետո` երկրորդը: Զարգացման համագործակցության քաղաքականության շրջանակներում Գերմանիայի կառավարությունը Հայաստանին 1992 թվականից ի վեր հատկացնում է տեխնիկական եւ ֆինասնական օժանդակություն, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության` GIZ-ի եւ Վերակառուցման վարկային բանկի` KfW-ի միջոցով: Գերմանիան Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերներից է, իսկ ԵՄ երկրների շարքում գրավում է առաջին տեղը: Ներկայում Հայաստանում գրանցված են գերմանական կապիտալի մասնակցությամբ շուրջ 85 ձեռնարկություններ: Առկա է ակտիվ համագործակցություն պաշտպանության բնագավառում: Այն ընթանում է ռազմական բժշկության, ռազմական կրթության, փորձի փոխանակման, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: 2010-ից Աֆղանստանում անվտանգության ապահովման ուղղությամբ խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ ԶՈւ ստորաբաժանումը ծառայությունն իրականացնում է գերմանական զորախմբի կազմում: Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ստորագրվել են տարբեր ոլորտներում 60-ից ավելի միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական համաձայնագրեր, այդ թվում` ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության, առեւտրատնտեսական, օդային հաղորդակցության, առողջապահության, գիտության, կրթության եւ մշակույթի բնագավառներում համագործակցության, ռեադմիսիայի, գյուղատնտեսության, բնապահապնության, ռազմական ոլորտներում եւ այլն: Միայն ընթացիկ տարում ստորագրվել է երկու միջկառավարական համաձայնագիր, այդ թվումՙ Գերմանիայի ԱԳ նախարարի վերջին այցի ընթացքում կրկնակի հարկումը բացառելու մասին: - Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման մեջ ո՞ւմ, ո՞ր կառույցի ներդրումն առանձնահատուկ կընդգծեիք: - Շատ պարզ պատասխան կտամՙ ճանաչման հարցում ունեցած ամենամեծ ներդրումը հենց Բունդեսթագի կողմից է: Այս բանաձեւով Գերմանիայի օրենսդիր մարմինն արձանագրեց, վերահաստատեց պատմական իրողությունը, դատապարտեց հանցագործությունը: Այսպիսով, հունիսի երկուսին ընդունված հայտնի բանաձեւը, մաթեմատիկական լեզվով ասած աքսիոմ էր. որեւէ նոր հեծանիվ չի հայտնաբերվել: Շաբաթներ առաջ տեղի ունեցածը ես նախ եւ առաջ Գերմանիայի կամքի կամ, ինչպես Դուք նշեցիք, ներդրման վկայությունն եմ համարում: Իհարկե, ահռելի են այս ուղղությամբ տարված հայկական կառույցների, միավորումների եւ առհասարակ հայկական դիվանագիտության ջանքերը: - ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերիՙ հունիսի 30- ին Ծիծեռնակաբերդ այցը լուսաբանող գերմանացի գործընկերներս նկատել էին տվել, թե բազմաթիվ պաշտոնյաների տնկած եղեւնիների մեջ դեռեւս բացակա է Գերմանիան ներկայացնող որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի տնկած ծառը: Բնապահպանական մշակույթ ունեցող երկրի գործիչներին ի՞նչն է այդպես ծանրութեթեւ անել տալիս: Ի՞նչ պիտի անենք, որ Բունդեսթագի բանաձեւը կառավարության տեսակետ դառնա, լուռ փաստաթուղթ չմնա: - Հունիսին ընդունված բանաձեւը Բունդեսթագի պաշտոնական դիրքորոշումն է. ընդունվել է ներկայացված բոլոր քաղաքական ուժերի համաձայնությամբ, այն համապարփակ փաստաթուղթ էՙ հստակ ձեւակերպումներով: «Լուռ» չէի ցանկանա այն որակել. փաստաթղթի ուղերձներն ավելի քան խոսուն են: Խորհուրդ կտամ հետաքրքվածներին մանրակրկիտ կարդալ, ուսումնասիրել փաստաթուղթը, ծանոթանալ ուղերձներին, տողատակերին: Ամեն դեպքում չարժե փաստաթղթի գնահատականը սահմանափակել զուտ այնտեղ «ցեղասպանություն» եզրույթի առկայությամբ կամ բացակայությամբ. ի դեպ, Բունդեսթագի բանաձեւում եզրույթը հենց վերտառությունում է: Ես խորհուրդ կտամ ծանոթանալ այնտեղ Դաշնային կառավարությանն ուղղված հորդորին, հայ-թուրքական հաշտեցման տեսլականին, Կայսերական Գերմանիայի դերի եւ պատասխանատվության վերհանմանը, հիշողության եւ դատապարտման քաղաքականությանը: Կարեւոր հանգամանք է փաստաթղթում կրթական հաստատություններում հանցագործության հավուր պատշաճի մատուցման մասին կետը: Այսպիսով, բանաձեւը դեռ վերլուծությունների, ամբողջական ընկալման կարիք ունի, ինչը, կարծում եմ, արդեն տեղի է ունենում: Ի դեպ, եղեւնու մասին Ձեր գործընկերների դիտարկումն այդչափ չի համապատասխանում իրականությանը. հիշողության պուրակում իր տեղն ունեն նաեւ գերմանացի պաշտոնյաների տնկած եղեւնիները: - Բաքվի աչքից չվրիպեց, որ Շթայնմայերը Երեւանում հանդիպեց ԼՂՀ նախագահին: Իբրեւ ԵԱՀԿ նախագահող երկրում պաշտոնավարող Հայաստանի դեսպան, Դուք նկատու՞մ եք, կա՞ ակցենտների փոփոխություն, կարելի՞ է հուսալ, որ մոտ ապագայում ԼՂ բանակցային կողմ կդառնա: - Այս հարցի շուրջ ես ժամկետների մասին գերադասում եմ չխոսել: Հետեւաբար, ասեմՙ այո՛, Ղարաբաղն ավելի ճանաչելի դարձնելու գործընթաց մեկնարկել է Գերմանիայում: Այստեղ խոսքը այլ ճանաչման մասին է. այն փոքր ճանաչողական քայլերի, որոնք այսօր տեղի են ունենում: Խոսքը նախ եւ առաջ շփումների ցանկության, Ղարաբաղի հանդեպ հետաքրքրության արթնացման մասին է: Այն, որ Արցախը Գերմանիայի շատ շրջանակների համար, այսպես ասած, այլեւս տաբու կամ փակ թեմա չէ, այն որ կան շփումներ, շփման ցանկություն, այն որ գերմանացի լրագրողը հանկարծ Ղարաբաղ է ուզում գնալ, այն, որ Բեռլինյան զբոսաշրջության ցուցահանդեսում մի համեստ տաղավարում Ղարաբաղ է ներկայացվում, արդեն իսկ այլ իրավիճակի մասին է խոսում: Այդուհանդերձ, ավելորդ հույսեր չեմ ուզում արթնացնել, ամպագոռգոռ հայտարարություններ անելՙ առավել եւս, սակայն մենք առաջ ենք շարժվում «փոքր քայլերի արվեստը» հայտնի սկզբունքով, ինչն իրեն միշտ արդարացրել է: - Ձեր պաշտոնավարումն ինչպե՞ս է ազդել դեսպանություն- հայ համայնք հարաբերությունների վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք ուսանողական տարիներից Գերմանիայում բնակվելու փորձ ունեք, այսպես ասենք, «իրենցից մեկն եք եղել», իսկ հիմաՙ մեկ տարի է արդեն ներկայացնում եք Հայաստանըՙ որպես դեսպան: - Իհարկե ես չէ, որ պետք է գնահատեմ իմ պաշտոնավարման ընթացքի արդյունքները: Ձեր հարցի կապակցությամբ, այդուհանդերձ, ասեմ, որ ի սկզբանե նպատակ եմ ունեցել ապահովելու դեսպանության եւ Գերմանիայի հայկական համայնքների, միավորումների եւ կազմակերպությունների ներդաշնակ համագործակցությունը: Պարբերաբար հանդիպում ենք, խոսում, քննարկում համայնքային ներկայացուցիչների հետ, լսում նրանց, հարցնում: Իհարկե, միշտ չէ, որ բոլորս համակարծիք ենք, սակայն կարեւորը երկխոսությունն է, քննարկումների, բանավեճի հնարավորությունը: Ես ամեն դեպքում փորձել եմ ստեղծել այդ հնարավորությունը. կարծում եմ` այն ստացվել է: - Գերմանալեզու լրատվամիջոցներըՙ ներառյալ հեռուստատեսությունը, առանձնահատուկ ուշադիր են Ձեր հանդեպ: Հաճախ են հղում անում Ձեր մեկնաբանություններին, սա միայն Ձերՙ լեզվական առումով մատչելի լինելով չեք բացատրի, նկատել են տալիս շատերը: Դուք ինչպե՞ս կբացատրեիք: - Նախ շնորհակալ եմ Ձեր դիտարկման համար: Ես միայն կարող եմ ասել, որ սիրով եմ աշխատում եւ աշխատում եմ ոչ թե այն բանի համար, որ դա արձանագրվի, այլՙ որ արդյունք լինի, որ միասին եւս մեկ, դեպի առաջ քայլ անենք: Եվ այդ ճանապարհին չորրորդ իշխանության աջակցությունը միայն ողջունելի է: |