RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2016-06-24 > #025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 08-07-2016



ԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2016-07-07 23:04:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 3927, Տպվել է` 308, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Միջազգային հարաբերությունների հարցում Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանին պատին են դեմ տվել: Նրանք շրջափակել են Հայաստանը եւ փորձում են խեղդել, մեկուսացնելով նրան տարածաշրջանային բոլոր տեսակի զարգացմանՙ ներառյալ խողովակաշարերի կառուցման ծրագրերից: Վրաստանը, որն անվանապես իբր դաշնակից է եւ քրիստոնյա երկիր, լիովին համագծակցում է այդ երկու թշնամի երկրների հետ: Երկաթգծային համակարգեր, նավթի եւ գազի խողովակաշարեր կառուցելու ծրագրեր են մշակվում շրջանցելով Հայաստանին:

Արեւմուտքն իր ուրույն տեսակետներն ունի այս խնդիրների վերաբերյալ: Ամերիկան, օրինակ, երկար տարիներ, ինչպես Բուշի, այնպես էլ Օբամայի վարչակազմերի օրոք, ժամանակավորապես դադարեցրել է Ազատության աջակցության հրամանագրի 907 հոդվածի կիրառումը, որը նախատեսում է պատժել Ադրբեջանինՙ Հայաստանի հանդեպ որդեգրած թշնամական քաղաքականության համար, ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանը փոխել է իր վերաբերմունքը եւ դարձել ավելի լավը, այլ սոսկ այն պատճառով, որ հարցը դիտարկվում է Ռուսաստանին պատժելու կամ նրա գործողությունները սահմանափակելու կոնտեքստում: Փաստորեն Հայաստանի մեկուսացումը անուղղակիորեն մաս է դառնում այդ համապարփակ վնասին, որը ցանկանում են հասցնել Ռուսաստանին: Ինչո՞ւ: Որովհետեւ Հայաստանը ռազմավարական դաշնակիցն է Ռուսաստանի եւ բարեկամ երկիրըՙ Իրանի: Ի հակադրություն, Իրանն ու Ռուսաստանը Հայաստանին չեն դիտում որպես իրենց դեմ ուղղված Արեւմուտքի քաղաքականության զոհ երկրի: Չնայած բարեկամական հարաբերությունները պահպանում են, սակայն հնարավոր չեն համարում փոխհատուցել Հայաստանին այն վնասի համար, որ վերջինս կրում է որպես հետեւանք Արեւմուտքի հետ ունեցած իրենց տարակարծությունների: Կարճ ասած, Հայաստանը մեկուսացվում է իր միջազգային հարաբերությունների շրջանակներում, որն իր անմիջական ազդեցությունն է թողնում երկրի տնտեսության եւ անշուշտ սովորական քաղաքացիների բարեկեցության վրա:

Երեւանն, իհարկե, չի կարող առանձին գլուխ հանել այս աշխարհամարտավարական խառնաշփոթ խաղից: Չնայած Հայաստանը կարողացել է դիմակայել բոլոր դժվարությունները եւ Անկարայի ու Բաքվի պարտադրած շրջափակումն էլ, ի վերջո, իր ամբողջական նպատակին չի հասել, այդուհանդերձ այն իր որոշակի ազդեցությունը թողել է, կասեցնելով տնտեսական զարգացումը եւ նպաստելով բնակչության արտագաղթին:

Ի դեմս այս մարտավարական մեկուսացման, Հայաստանը վերջին շրջանում զբաղված է միջազգային հարաբերություններում իր տեղն էլ ավելի հաստատելու եւ ազգային իր գլխավոր շահերը առաջ տանելու գործընթացներով:

Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առթիվ կազմակերպված հաջող միջոցառումներին զուգահեռ համաշխարհային լրատվամիջոցները իրենց ուշադրությունը բեւեռեցին նաեւ Հայաստան այցելած Քարդաշյան քույրերի, եւ այս տարի «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակիցՙ Ջորջ Քլունիի եւ ամենակարեւորըՙ վերջերս կայացած Հռոմի Ֆրանցիսկոս պապի եռօրյա այցելությունների վրա:

Հարյուրամյակի հիշատակություններն, ինչպես նաեւ Պապի այցելության միջոցառումները գերազանց մակարդակով էին կազմակերպված, եւ առաջացրին հուզական եւ խորհրդանշական առումով առավելագույն ազդեցություն: Ավելին, Պապի այցը չմնաց լոկ հասարակական հարաբերությունների շրջանակներում, այլ դարձավ պատմական եւ քաղաքական լուրջ շրջադարձ, որովհետեւ Քահանայապետը մի անգամ եւս խիզախորեն արծարծեց Հայոց ցեղասպանության հարցը եւ վերահաստատեց այն ճշմարտությունը, որ Հայաստանն առաջին երկիրն է, որ քրիստոնեությունը հռչակել է պետական կրոն:

Հայոց դժբախտությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակելը անցյալ տարի Վատիկանում անկասկած իր ազդեցությունն ունեցավ գերմանացիների քաղաքական մտածողության վրա, որն այդ հարցը քննարկում էր ավելի քան մեկ տարի:

«Ցեղասպանություն» բառը Ֆրանցիսկոս պապի բերանից լսելուց հետո, քաղաքագետներն, որոնք զգուշանում էին օգտագործելու այդ եզրույթը իրենց իշխանության պաշտոնական շրջանակներում, հանկարծ գիտակցեցին, որ իրենք էլ կարող են իրերն անվանել իրենց անուններով:

Հակառակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի սպառնալիքներին, ո՛չ գերմանական կառավարությունը, ո՛չ էլ Հռոմի պապը չընկրկեցին: Վերջինս անսասան կանգնեց իր բարձրության վրա, կրկնեց «ցեղասպանություն» եզրույթը եւ նույնիսկ ամրագրեց այն հովվապետական այցելության ավարտին երկու եկեղեցիների առաջնորդների ստորագրած փաստաթղթում:

Ֆրանցիսկոս պապի այցելությունը ամերիկյան եւ միջազգային մամուլում շատ ավելի լայն արձագանք կարող էր ունենալ, եթե լրատվամիջոցները պատշաճ ուաշդրություն դարձնեին իրադրությանը:

Երբ Հռոմի պապը աշխարհի որեւէ հեռավոր թե մոտիկ անկյուն է այցելում, գլխավոր լրատվամիջոցների լուսանկարչական ապարատներն այնտեղ են որսալու նրա ամեն մի քայլը: Բայց նրա հայաստանյան այցելությունն այնքան պատշաճորեն չլուսաբանվեց ամերիկյան մամուլում հատկապես առաջին հերթին այն քաղաքական պատգամի պատճառով, որ այցելությունը կարող էր հղել աշխարհինՙ այսինքնՙ ցեղասպանության ճանաչման հարցի վերստին արծարծումը: Ջորջ Օրուելը մահացած է, բայց նրա «Մեծ Եղբայրը» ողջ ու առողջ է, ոչ թե այժմ արդեն փլուզված Խորհրդային Միությունում, այլ Արեւմուտքում, եւ մասնավորապես Մ. Նահանգներումՙ գլխավոր լրատվամիջոցների խմբագրություններում: Ամենաշատը, որ նրանք կատարեցինՙ կենտրոնանալն էր Քահանայապետի արտահայտությունների հակասություններին:

Պապը մի անգամ եւս համաշխարհային «Ֆորումի» օրակարգում ընդգրկեց Հայոց ցեղասպանության հարցը: Նա խաղաղության նախաձեռնությամբ հանդես եկավ, խոստանալով իր տունդարձի ճանապարհին, որ Ադրբեջանում պատմելու է այն ամենի մասին, ինչին ականատես եղավ Հայաստանում: Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ Խոր Վիրապում դեպի Արարատ լեռը աղավնիներ բաց թողնելը ավելին էր, քան պատմական ժեստ: Աշխարհը նրան է պարտական, ասում են, երկու վաղեմի թշնամիներիՙ Մ. Նահանգների եւ Կուբայի միջեւ հարաբերությունների մերձեցման համար, ինչը քանդեց սառը պատերազմի վերջին պատնեշը: Համացանցային գլխավոր կայքերը գրեթե ամբողջովին անտեսեցին Պապի այցելության ամենակարեւոր դրվագները, եւ փոխարենը իրենց ամբողջ ուշադրությունը կենտրոնացրին պաշտոնական Թուրքիայի արձագանքների վրա:

«Ասոշիետեդ պրես», «Ռոյթերզ» եւ այլ լրատվամիջոցներ լուսաբանեցին Թուրքիայի հակազդեցությունները, որոնք ամփոփվեցին փոխվարչապետ Նուրեդդին Չանիքլիի խոսքերում: Նա Պապի ելույթները բնութագրեց «չարաբաստիկ»: «Դրանց նպատակն է «Թուրքիային պատին սեղմել»:... Դրանում հնարավոր է տեսնել խաչակրաց արշավանքի մտայնության բոլոր հետքերը», ասաց նա:

Պաշտոնական Վատիկանը առանց բառերը խնայելու պատասխանեց թուրքական մեղադրանքներին: Ըստ «Վատիկան ռադիոյի» հաղորդումների, Ֆրանցիսկոս պապի ուղերձների կենտրոնական միտքը «երկխոսության ոգի» ստեղծելն էր: «Պապը խաչակրաց արշավանքի կոչ չի անում: Նա չի պատրաստվում պատերազմներ հրահրել կամ պատնեշներ բարձրացնել: Ընդհակառակը, նա կամուրջներ է ցանկանում կառուցել: Նա թուրք ժողովրդի դեմ ոչ մի խոսք չի արտասանել», նշեց Վատիկանի անունից հայր Ֆեդերիկո Լոմբարդին:

Էրդողանի սպառնալիքները վախեցրել էին աշխարհի շատ առաջնորդներին, ներառյալ Մ. Նահանգների քաղաքական վերնախավի ներկայացուցիչներին: Նրանք խուսափում էին (եւ շարունակում են խուսափել) ցեղասպանություն եզրույթը օգտագործել: Ֆրանցիսկոս պապի խիզախությունը փշրեց այդ կաղապարացված «սառույցը», ապացուցեց, որ հնարավոր է արտասանել այն: Աշխարհի շատ առաջնորդներ հիմա տեսնում են, որ այդ եզրույթը իրոք կիրառելի է: Նույնիսկ վերջերս իր պաշտոնից հրաժարված Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Կամերոնը, ով մինչ այժմ կողմ էր Թուրքիայի Եվրոմիության անդամակցությանը, վերջապես գիտակցեց, որ Էրդողանի իշխանության ներքո Թուրքիան գնում է դեպի «դեսպոտիզմ»ՙ ամբողջական բռնապետություն: Ի դեպ, «Բրէկսիտը» (Brexit) բազմաթիվ այլ գործոնների առկայության պայմաններում, առաջացավ նաեւ թուրքերի դեպի Եվրոպա (առանց վիզայի) հոսքի պատճառով եւ նաեւ Թուրքիայի Եվրոմիությանը անդամակցելու հեռանկարի պատճառով, ինչը սարսափեցրեց բրիտանացի քվեարկողներին:

Պապն արդեն Վատիկան է վերադարձել: Նրա արձակած սպիտակ աղավնին դեռեւս սավառնում էՙ հույս ներշնչելով, որ վերադառնալու է ձիթենիի ճյուղը կտուցին:

Մնում է, որ հայերիս ճարտարամտությունը ամենավեհից մինչեւ ամենասովորական առիթները (Հռոմի պապ-Քարդաշյան քույրեր) ճիշտ օգտագործիՙ Հայաստանը աշխարհաքաղաքական ուշադրության կենտրոնում պահպանելու համար:

Թարգմ.ՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, The Armenian Mirror-Spectator շաբաթաթերթից, Բոստոն

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 08-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ