RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016



Տեղադրվել է` 2016-09-02 19:24:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 6491, Տպվել է` 623, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵԱՀԿ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՈՉ-ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՇԵՇՏԵԼ Է ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Սեպտեմբերի 1-ին, երեկ, Պոտսդամում են հանդիպել ԵԱՀԿ 56 անդամ երկրների 40- ի արտգործնախարարներ: Ճգնաժամերից ճկվող աշխարհի համար ԵԱՀԿ - ի դերն այսօր առավել քան երբեւէ կարեւորվում է, օգոստոսի 31- ին հայտարարել էր Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը ՙ սեպտեմբերի 1- ին Պոտսդամում հրավիրվելիք ոչ պաշտոնական հանդիպմանն ընդառաջ, հիշեցնելով Արեւելյան Ուկրաինայում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ Եվրոպայում գոյություն ունեցող այլ հակամարտություններ, շեշտելով խաղաղության, անվտանգության խնդիրների լուծման հրատապությունը: Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Շթայնմայերը խոստացել էր Պոտսդամում անդրադառնալ կոնկրետ թեմաներիՙ հիմնարար ազատություններն ու ժողովրդավարական ստանդարտներն ամրապնդող քայլեր, նոր մարտահրավերինՙ միջազգային ահաբեկչության, փախստականների, ներգաղթի խնդիրներին դիմակայելու հարցեր:

ԵԱՀԿ նախարարների ակտիվ մասնակցությունը Շթայնմայերին արտոնել էր գնահատել, թե Պոտսդամի հանդիպումը հավաստում է Եվրոպայում խաղաղության հաստատման, ինչպես նաեւ Վանկուվերից Վլադիվոստոկ ընդհանուր անվտանգության համար ԵԱՀԿ- իՙ որպես բանակցային հարթակի նշանակության կարեւորությունը: Ըստ ԵԱՀԿ գործող նախագահի, ճիշտ ժամանակն է օրակարգում ներառել նաեւ սպառազինության վերահսկման խնդիրները, թափանցիկություն ապահովելով ռիսկերի կանխարգելման, վստահության կառուցման ասպարեզում:

Օգոստոսի 31-ին, ըստ տեղական հեռուստատեսության, մոտ 200 ցուցարար, նույնքան էլ ոստիկանների ներկայությամբ, մեկ ժամանոց խաղաղ հանրահավաք են գումարել «Դորինթ» հյուրանոցի առջեւ, բոյկոտելու սեպտեմբերմեկյան հանդիպումը:

Ցուցարարների պաստառներիցՙ «ԵԱՀԿ: Օ, ոչ: Կապիտալիզմով խաղաղություն չկա», ելույթներից հայտնի էր դառնում, որ հակակապիտալիստական արշավի կողմնակիցները դեմ են հակաժողովրդավար երկրներիցՙ Ռուսաստանի, Բելառուսի, Թուրքիայի, Եգիպտոսի ներկայացուցիչներիՙ Պոտսդամում նույն սեղանի շուրջ բանակցությունների մասնակցությանը, իսկ ԱՄՆ- ին բողոք են հայտնումՙ նկատի ունենալով այդ երկրինՙ որպես սպառազինության գլխավոր մատակարարի: Ցույցն անցել է խաղաղ, առանց միջադեպերի, իսկ սեպտեմբերի 1- ին Պոտսդամն աչքի է ընկել ոչ այնքան ցուցարարներով (դրանք չեն եղել), այլ Հոնեկերի ժամանակներից հիշողություն մնացած արտառոց մաքրությամբ, երբ քաղաքի ամեն անկյուն սրբվում էր փոշուցՙ պաշտոնական հյուրընկալությանն ընդառաջ: Պոտսդամում երեկ հսկողություն էին իրականացնում անվտանգության մեծաթիվ ուժեր, քանի որ բացի փակ սրահում նախատեսված հանդիպումից, նախատեսված էր քաղաքի տեսարժան վայրեր այցելություն, ինչպես նաեւ ընթրիքՙ Գլինիքե դղյակում:

Ինչպես հաղորդում են գերմանական լրատվամիջոցները, մոտ 40 երկրի արտգործնախարար է մասնակցել Պոտսդամում կայացածՙահաբեկչության, անվտանգության խնդիրների արծարծման նպատակով հրավիրված հանդիպմանը, բացակայել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ֆրանսիայի արտգործնախարարները, քաղաքական հանդիպմանը մասնակցել են այդ երկրների արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում ընդգծել է ուժի կիրառումը բացառելու անհրաժեշտությունը:

ԵԱՀԿ ոչ պաշտոնական այս հանդիպումը նորույթ է: Սովորաբար ԵԱՀԿ արտգործնախարարները հանդիպում են տարեկան մեկ անգամ, դեկտեմբերին, որ այս անգամ գումարվելու է Համբուրգում: Ինչպես հաղորդվում է, երեկվա հանդիպումը, որն ընթացել է առանց ամրագրված օրակարգի, նախապատրաստական բնույթ է ունեցել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ