RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2016-09-02 19:24:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 4437, Տպվել է` 502, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԻՏԼԵՐԻ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՐԴՅՈՔ ԿԱ՞ ՊԱՏՄԱԿԱՆ ԿԱՊ

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Պատմությունը կրկնվո՞ւմ է արդյոք: Այս հարցին պատասխանելու համար REGNUM գործակալության վերլուծաբան Նադիր Քարիմովը զուգահեռներ է անցկացնում 1933 թ. Հիտլերի կողմից Ռայխսթագի հրկիզման եւ հուլիսյան հեղաշրջման փորձից առաջ ու հետո Թուրքիայում տիրած ու տիրող իրադրությունների միջեւ:

1933 թ. փետրվարի լույս 27-ի գիշերը հրկիզվեց Գերմանիայի խորհրդարանըՙ Ռայխսթագը: Հիտլերը ներկայացնում էր փոքրամասնության կառավարություն: Մեկ շաբաթ հետո անցկացվելու էին համընդհանուր ընտրություններ, եւ Հիտլերը հնարավոր բոլոր միջոցներն օգտագործեց միանձնյա կառավարում հաստատելու համար: Խորհրդարանի հրկիզումը միանձնյա կառավարումից բացի Հիտլերին ընձեռեց նաեւ անսահմանափակ իշխանություն: Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Էրդողանը նույնպես ստացավ անսահմանափակ իշխանություն եւ այն էլ ինչպիսի իշխանություն. հանրապետության ամբողջ պատմության մեջ առաջին անգամ քաղաքական գործիչները փոխարինեցին Սահմանադրական դատարանի անդամ դատավորներին եւ բանակի գեներալներին:

Ռայխսթագի հրդեհը բռնկեց շենքի տարբեր մասերում միաժամանակ: Հանցագործության վայրում կալանավորվեց հոլանդացի որմնադիր Մարինուս վանդ եր Լյուբբեն: Նրան հայտարարեցին կոմունիստ, եւ հրկիզումը վերագրվեց կոմունիստներին: Իրականում Լյուբբեն դրանից առաջ չէր տեսել այդ շենքը եւ չէր կարող գտնվել միաժամանակ տարբեր տեղերում: Ավելին, նա չէր ապրում Գերմանիայում (կամ Բեռլինում), կապեր չուներ Գերմանիայում... Թուրքիայում պետական մարմինները, որոնց չէին կարողացել տեղեկացնել նախապատրաստվող հեղաշրջման մասին, դրա հենց սկզբնական փուլում կամուրջների վրա եւ այլուր հեշտությամբ կալանավորված զինվորականներին չգիտես ինչու մեղադրեցին Գյուլենի կողմնակիցներ լինելու մեջ: Սակայն, զինվորների ու սպաներիՙ մամուլ թափանցած ցուցմունքների համաձայն, նրանց բոլորին այնտեղ էին ուղարկել «խռովության ճնշման» գործողության շրջանակներում:

1933 թ. փետրվարի լույս 27-ի գիշերը Ռայխսթագի մի մասը հրկիզելիս Լյուբբեն չէր էլ պատկերացնում, որ այդ նույն պահին շենքում կային նաեւ ուրիշ մարդիկ, որոնք հավաստի արդյունքի ապահովման նպատակով հրկիզում էին շենքի մյուս մասերը... Անկարայում հեղաշրջման նախօրյակի երեկոյան օդանավակայանում եւ կամրջի վրա հայտնվեցին «չափազանց հայրենասեր մարդիկ», որոնք բղավում էին բանակի դեմ ուղղված խոսքեր: Առաջին անգամ ամբողջ Թուրքիայում մզկիթների իմամները գիշերով սկսեցին ոչ թե աղոթքի, այլ փողոցներ դուրս գալու կոչ անել: Նախագահի Արդարության եւ զարգացման կուսակցության (ԱԶԿ) ակտիվիստները, Անկարայի քաղաքապետը եւ հազարավոր այլ մարդիկ միանման հաղորդումներով ժողովրդին հորդորում էին դուրս գալ փողոցներ:

Գերմանիայում հենց հիշյալ միջադեպի գիշերը ձերբակալվեցին Կոմկուսի առաջնորդը եւ մի խումբ բուլղար կոմունիստներ... Թուրքիայում հեղաշրջման գիշերը սկսեցին ձերբակալել առաջատար պետական ծառայողներին, այդ թվում բանակի գեներալների, Սահմանադրական դատարանի անդամների, Գերագույն դատարանի եւ Բարձրագույն վարչական դատարանի դատավորների: Զարմանալի «զուգադիպությամբ» նրանք բոլորը ընդդիմադիր էին ԱԶԿ-ին:

Փետրվարի լույս 27-ի գիշերը ֆաշիստ ղեկավարները կազմուպատրաստ էին: Ադոլֆ Հիտլերը, Յոզեֆ Գյոբբելսը, Հերման Գյորինգը եւ Վիլհելմ Ֆրիկը աճապարեցին հրկիզման վայր եւ այն դարձրին հանրահավաքի վայր: Այդ երեկո Հիտլերը բացահայտեց մեղավորին. միջազգային կոմունիզմը հարձակում էր գործել Գերմանիայի միասնության ու խաղաղության վրա... Թուրքիայում հեղաշրջման գիշերը նախագահը, վարչապետը, ԱԶԿ առաջատար անձինք փողոցներում սկսեցին մարդկանց պատմել «դրսեւորված հերոսության պատմություններ» եւ փորձեցին նրանց ներշնչել, թե գոյություն ունի ՖԵԹՕ կոչվող ահաբեկչական խմբավորում (նկատի ունեին Ֆեթուլլահ Գյուլենին):

Հրկիզման դեպքից հետո Հիտլերը ժողովրդին դիմեց հետեւյալ խոսքերով. «Սա աստվածային նշան է: Այսուհետեւ ներում չի լինի: Մենք կկտրենք բոլոր նրանց գլուխները, ովքեր կհանդիպեն մեր ճանապարհին: Գերմանացի ժողովուրդն այլեւս չի կարող կարեկցանք դրսեւորել: Ամեն մի կոմունիստ կսպանվի, որտեղ էլ մեզ հանդիպի: Կոմունիստ պատգամավորները պետք է կախվեն արդեն այս գիշեր: Այս երկրում կոչնչացվի կոմունիզմի հետ կապված ամեն ինչ: Ներում չի լինի նաեւ հրկիզմանը մեղսակից սոցիալ-դեմոկրատների համար»... Հեղաշրջման օրը էրդողանը ժողովրդին դիմեց համանման ձեւով. «Պատահածը Ալլահի մեծ ողորմածությունն է: Դա գործողություն է, որը առիթ կծառայի Թուրքիայի զինված ուժերի մաքրման համար, որոնք պետք է լինեն առավելագույն չափով անբիծ»:

Գերմանիայում հրկիզման արդեն հաջորդ օրը նախագահի անունից հրապարակվեց դեկրետ «Ժողովրդի եւ պետության պաշտպանության մասին», որը չեղարկեց գործող Վայմարյան սահմանադրությունը: Այդպիսով, իրականում չեղյալ հայտարարվեցին ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքներին առնչվող բոլոր կանոնները: Ոստիկանությանը ընձեռվում էր առանց պատճառաբանության ձերբակալելու, իսկ դատարանինՙ մեղադրյալի իրավական օգնությունը մերժելու իրավունք: Ռայխսթագի հրկիզումը ֆաշիզմին անցնելու կարեւոր քայլ դարձավ: Ծագեց համակենտրոնացման ճամբարների անհրաժեշտություն, քանի որ կարճ ժամանակամիջոցում ձերբակալվեցին Կոմկուսի եւ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության 100 հազար անդամներ... Թուրքիայում հեղաշրջման փորձից անմիջապես հետո հայտարարվեց արտակարգ դրություն: Կասկածելի անձանց տներում եւ աշխատավայրերում խուզարկություններ կատարելու համար այժմ բավարար են «խելամիտ կասկածները»: «Սահմանադրական կարգի եւ դրա գործողության դեմ ուղղված հանցանքների» առնչությամբ ստեղծվում է գաղտնալսման եւ գաղտնի քննիչի նշանակման հնարավորություն: Ձերբակալված ավելի քան 30 հազար անձանց մեջ կան պետական ծառայողներ, նախարարությունների աշխատողներ, «Հիզմեթ» շարժման, ընդդիմության ներկայացուցիչներ: Քննության տակ է հայտնվել ընդհանուր առմամբ 76 հազար մարդ: Կարեւոր քայլ արվեց Էրդողանի ծրագրած նախագահական կառավարմանն անցնելու համար:

Հիտլերյան կուսակցությունը վհուկորս սկսեց ընդդեմ կոմունիստների եւ սոցիալ-դեմոկրատների, նրանց մեղադրելով ապստամբություն հրահրելու մեջ: Բեռլինի բոլոր կոմունիստները ձերբակալվեցին, Կոմկուսի բոլոր պատգամավորները կալանավորվեցին: Կոմկուսի նախընտրական պատրաստության հնարավորությունը չեղարկվեց: Ընտրությունների նախօրեին մերձկուսակցական բոլոր հրատարակությունները փակվեցին: Ձերբակալվեցին գերմանացի նշանավոր մտավորականներ, լրագրողներ եւ գրողներ... «Ժողովրդավարության դեմ ուղղված վտանգի» պատրվակով Էրդողանը սկսեց ճնշում գործադրել պետության բոլոր համակարգերի վրա, հատուկ վերահսկողության տակ հայտնվեցին ԶԼՄ-ները եւ դատավարությունը: Սահմանադրական ուղղումներ կատարվեցին մեկ գիշերվա ընթացքում ընդունված ժամանակավոր օրենքների հիման վրա: Բոլոր համակարգերը հավաքվեցին մեկ կենտրոնում: Ոչ կառավարական կազմակերպությունների, ընկերակցությունների եւ ԶԼՄ-ների մեծ մասը փակվեց: Որոշվեց ձերբակալել Գերագույն դատարանի եւ Բարձրագույն վարչական դատարանի անդամներին: Դատավորների ու դատախազների բարձրագույն խորհուրդը պաշտոնանկ արեց 2745 դատավորի: Սահմանադրական դատարանի անդամները ձերբակալվեցին: Պաշտոնանկ արվեցին շուրջ 2 հազար ռեկտոր, պրոռեկտոր եւ դեկան, ոմանք ձերբակալվեցին: Պետությունն ուժային եղանակով իր ձեռքը վերցրեց հսկայական հոլդինգներ:

Ֆրանսիայի Անատոլիական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ժան-Ֆրանսուա Պերուզը եւ լրագրող Նիկոլա Շվիրոնը (1999-ից երկուսն էլ ապրում են Թուրքիայում) «Ֆրանսուա Բուրեն» հրատարակչությունում վերջերս լույս են ընծայել «Էրդողան. Թուրքիայի նոր հա՞յր» աշխատությունը, որի 440 էջերում հանգամանորեն ներկայացվում են Էրդողանի կենսագրությունը եւ նրա քաղաքական գործունեությունը: Ֆրանսիական Afrique-Asie ամսագրի այս տարվա սեպտեմբերյան համարում Սարգիս Արշակը ծավալուն գրախոսությամբ անդրադառնում է այդ աշխատությանը: Մասնավորապես նշվում է, որ Ստամբուլի արվարձաններից մեկում ծնված Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկզբում հայտնի է դարձել որպես տեղի ֆուտբոլային թիմի խոստումնալի խաղացող, իսկ գործարար մարդու զբաղմունքը կայուն մեծություն է նրա կյանքում: Էրդողանը Թուրքիայում իշխում է 2003 թվականից, ինչը աննախադեպ երկարակեցություն է 1960-1996 թթ. պետական չորս հեղաշրջում տեսած երկրում: Աթաթուրքից հետո ոչ ոք Էրդողանի պես խոր հեղաշրջում չի կատարել երկրում: Էրդողանի հայրը ծագումով Ռիզեի շրջանից էր եւ Սեւ ծովի առեւտրային նավատորմի նավապետ: Էրդողանը հետեւորդն է վարչապետ Մենդերեսի, որն առաջինը վիճարկեց քեմալական դոգմաները: Արդարության եւ զարգացման կուսակցության (ԱԶԿ) ղեկավարների մեծամասնության նման, երիտասարդ Էրդողանը քաղաքական իսլամի ասպարեզում առաջին քայլերը կատարեց Թուրք ուսանողների ազգային միությունում: 1980-ականների վերջերից Էրդողանը կամաց-կամաց հայտնի դարձավ իր ամբոխավարական հռետորաբանությամբ: 1994-1999 թթ. նա Ստամբուլի քաղաքապետն էր, 2003-2014 թթ.ՙ երկրի վարչապետը: Վարչապետության երկրորդ ժամկետի ընթացքում նա սկսեց վրեժ լուծել անցյալում իր հանդեպ անբարյացակամություն դրսեւորած պետական կառույցներիցՙ սկսած բանակից, դատական համակարգից մինչեւ հանրապետության նախագահը: Ընդդիմության ազդեցության սահմանափակման ընթացքում նա հմտորեն օգտագործեց մարդու իրավունքների եւ ժողովրդավարացման խաղաքարտըՙ հանուն ԵՄ անդամակցության նախագծի: «Երկիրը բռան մեջ պահելովՙ Էրդողանը հնազանդեցրեց բանակը, արդարադատությունը եւ լրատվամիջոցները», գրում են աշխատության հեղինակները: Այս տարվա հեղաշրջման փորձը էլ ավելի ամրապնդեց նրա միանձնյա իշխանությունը:

Կրկին վերհիշենք Ռայխսթագի հրկիզումը: Թեեւ Մարինուս վան դեր Լյուբբեն ընդունեց իր մեղքը, մինչեւ օրս ստույգ հայտնի չէ, թե կոնկրետ ով էր հրկիզել Ռայխսթագը: Գերմանիայի եւ աշխարհի հասարակայնության մեջ այսօր եւս առկա է այն կարծիքը, թե Մարինուսին հրկիզումը պարտադրել եւ հետո նրան դատել են միեւնույն մարդիկ... Մինչեւ օրս անհասկանալի է, թե Թուրքիայում ով կատարեց անհաջող հեղաշրջում: Համաշխարհային հանրությունը կասկածներ ունի, որ հեղաշրջմանը մասնակցելու մեղադրանք ներկայացնողները եւ հեղաշրջումը ծրագրած անձինք միեւնույն մարդիկ են:

Գերմանական ֆաշիզմի սկզբնավորման համար անհրաժեշտ եղավ հրկիզել Ռայխսթագը: «Ֆյուրերի» դեմ ծավալված պայքարը հաջողությամբ պսակվեց տասնյակ միլիոնավոր զոհերի, անթիվ-անհամար ավերածությունների գնով: Հիտլերի ջանքերով կրակի մատնված աշխարհը ինչպե՞ս կարձագանքի Էրդողանի միահեծան «նախագահությանը» (իմաՙ սուլթանությանը): Իրոք, սա անչափ հետաքրքական հարց է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ