RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016



Տեղադրվել է` 2016-09-02 19:24:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 6489, Տպվել է` 594, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԴՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՎ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է, ԲԱՅՑ ԾՈՒԽ ԿԱ՞ՙ ԱՌԱՆՑ ԿՐԱԿԻ

2016-09-02 19:00

Այսօրՙ սեպտեմբերի 2- ի առավոտյան հաղորդել էինք, թե Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւից հրաժարվելՙ տուրք տալով Թուրքիայի պահանջինՙ թույլ կտա գերմանացիներին այցելել Ինջիրլիք, եթե ԳԴՀ կառավարությունը Բունդեսթագի որոշմանը չհետեւի կամ հրաժարվի դրանից։ Ճիշտ չէինք փոխանցել, թե կառավարության խոսնակ Զայբերտը լրատվամիջոցների համար պարզաբանումներ պիտի տար Բեռլինի փոխարեն Բրատիսլավայում, որտեղ ԵՄ արտգործնախարների հանդիպում է հրավիրված այսօր եւ որին մասնակցում է նաեւ արտգործնախարար Շթայնմայերը։

«Դրա վերաբերյալ որեւէ խոսք չի կարող լինել», Բեռլինում կեսօրին կայացած մամուլի ասուլիսին հավաստիացրեց Զայբերտըՙ սխալ համարելով առցանց «Շպիգելի» այսօր առավոտյան մատուցած տեղեկատվությունը։ Նա չվարանեց ասել, որ առավոտյան սրընթաց տարածվող սխալ տեղեկատվական արշավը կանգնեցնելու համար ասուլիսը սկսում է այդ հարցի պարզաբանումից։ «Բունդեսթագն իրավունք եւ հնարավորություն ունի յուրաքանչյուր հարցի անդրադառնալ այն ժամանակ, երբ ճիշտ եւ նպատակահարմար է գտնում, եւ կառավարությունը սատարում եւ պաշտպանում է ժողովրդի ներկայացուցչական մարմնի ինքնիշխան այդ իրավունքը»։ Ասուլիսին ներկա Պատրիցիա Վիիդերմայերը գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատեց, որ Զայբերտը «հրաժարվել է հրաժարվելուց» (Հայոց ցեղասպանության ճանաչման Բունդեսթագի բանաձեւից)։ Խոսնակը հաղորդել է, թե օրենսդիրն անկախ մարմին է, եւ Դաշնային կառավարության գործը չէ միջամտել անկախ մարմնի կայացրած որոշումներին։ Պակաս կարեւոր չէ կառավարության խոսնակի հաջորդ շեշտադրումըՙ քաղաքական հարցերի վերաբերյալ օրենսդիրի ընդունած բանաձեւը իրավական պարտադիր ուժ չունի, ասել է, թե կառավարության համար պարտադիր բնույթ չունի։ Վիիդերմայերը հաղորդեց նաեւ, թե արծարծվում է, որ Անկարան շուտով նոր դեսպան է գործուղելու Բեռլին, բայց դեռեւս հստակ չէ գերմանական պատվիրակությանՙ Ինջիրլիք այցի վերաբերյալ մուտքի արտոնությունը։

ZDF- ի թղթակիցը բարձրաձայնեց մեր լուռ հարցըՙ ծուխՙ առանց կրակի՞։

Մեկ ուրիշ լրատվամիջոցիՙ RTL հեռուստաալիքին ուրբաթ տված հարցազրույցում կանցլեր Մերկելն էլ վերահաստատել է իր խոսնակի վերոհիշյալ պնդումները։ Հավելենք նաեւ, որ «Շպիգելի» տարածած լուրն իսկապես իրարանցում էր գրանցել Բեռլինում։ Բունդեսթագի պատգամավորներից շատերը, խմբակցության ղեկավարներ առցանց տիրույթում, սոցիալական ցանցերում վերահաստատում էին հունիսի 2- ին Բունդեսթագիՙ համարյա միաձայն ճանաչած բանաձեւի վերաբերյալ իրենց հավատարմությունը։ Չենք ուզում այս աչալրջությունն անպայման կապել շաբաթավերջին գերմանական Մեկլենբուրգ- Առաջավոր Պոմերանիա երկրամասում կայանալիք ընտրությունների հետ, որտեղ, ըստ այսօրվա կանխատեսման, աջ պոպուլիստականՙ AFD կուսակցությունը ( Այլընտրանք Գերմանիայի համար) նույնքանՙ 22 տոկոս ընտրող ունի, որքան Քրիստոնյա դեմոկրատական- քրիստոնյա- սոցիալական միության ընտրազանգվածն է։

Հետաքրքիր է առցանց «Շպիգելի» վերաբերմունքը։ Լրատվամիջոցը, որ այսօր վաղ առավոտյան հաղորդել էր, թե ԳԴՀ կառավարությունն այս շաբաթ ժեստ է անելու Թուրքիայինՙ օրվա երկրորդ կեսին էլ չի դադարում կասկածել, թե իր մատուցած լրատվությունն այդուհանդերձ անհիմն չէ։ Այլապես, ինչպես ընդգծում է «Շպիգելը», ինչո՞ւ է Զայբերտը հենց այս ուրբաթ շեշտում, թե բանաձեւը իրավական պարտադիր ուժ չունի։ «Շպիգելը» փոխանցում է, թե Թուրքիայի կառավարությունը ներքին խոսակցությունների ժամանակ հասկացնել է տվել, որ այդպիսի ժեստը կբավարարի իրեն։ Դրանով Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի անդամներին հնարավորություն կտրվի այցելել Ինջիրլիք եւ տեսակցել գերմանացի զինվորներին։ Գերմանացի օրենսդիրների հենց այս այցն էր մերժել Անկարանՙ հունիսի 2- ին Հայոց ցեղասպանության բանաձեւը ճանաչելուն ի պատասխան։ Թուրքիայի արեւելքում տեղակայված Ինջիրլիք ավիառազմակայանից են միջազգային կոալիցիոն ուժերը հարված հասցնում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանը, ինչին մասնակցում է նաեւ գերմանական օդուժը։ «Շպիգելը» ծանուցում է, թե անցյալ շաբաթներին արտաքին գործերի պետնախարար Մարտին Էդերերը, ինչպես նաեւ արտգործնախարարության քաղաքական բաժնի ղեկավար Անդրեաս Միշաելիսը Թուրքիայի մայրաքաղաքում ելքեր էին որոնում Բեռլին- Անկարա լարվածությունը թուլացնելու հարցում։

Մեկ ուրիշ լրատվամիջոցՙ «Դի վելթը» նկատել է տալիս, թե Մերկելը Էրդողանին հանդիպելու է այս շաբաթավերջին, Մեծ քսանյակիՙ G-20- ի Չինաստանում կայանալիք հանդիպմանը։

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ