ԳԴՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎՈ՞ՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸՙ ԱՆՍԱԼՈՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՀԱՆՋԻՆ 2016-09-02 12:00 Այսօրՙ սեպտեմբերի 2- ի առավոտյան գերմանական հեռուստատեսության երկու ալիքներըՙ ARD եւ ZDF հաղորդեցին, թե այսօր Բրատիսլավայում, ԵՄ արտգործնախարարների հավաքին ԳԴՀ կառավարության խոսնակ Զայբերտին է հանձնարարված արտահայտել Գերմանիայի կառավարության տեսակետը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այն է հրաժարվել հունիսի 2- ին Բունդեսթագի որդեգրած ճանաչման ուղուց, ընդառաջ գնալով Թուրքիայիՙ օրեր առաջ ընդգծված կոշտ պայմանինՙ կարտոնի գերմանացիների մուտքը Ինջիրլիք, եթե ԳԴՀ կառավարությունը հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչումից։ Գերմանական միակ աղբյուրը, որ հրապարակել է այս տեղեկատվությունը առցանց «Շպիգել»-ն է։ Ավելի ուշ այս միակ աղբյուրին հղում անելով լուրն աշխույժ, ավելի շուտ զարմացականՙ հարցական վերնագրով տարածեցին գերմանական մյուս լրատվամիջոցները։ «Մերկելն ընդառաջում է Թուրքիային» կարդում ենք տեղեկատվության մեջ։ Ըստ «Շպիգելի» լրատվության, ԳԴՀ արտգործնախարարությունը եւ կանցլերի գրասենյակը համաձայնել են, որ կառավարության խոսնակ Շտեֆֆեն Զայբերտն է պատասխանելու լրագրողների հարցերին եւ կառավարության անունից հրաժարվելու է ընդունել հունիսի 2- ին Բունդեսթագի Հայոց ցեղասպանության բանաձեւը։ Այն, որ Զայբերտն այս առիթով հայտարարություն է անելու եւ հաստատելու կառավարության մշտակա կեցվածքըՙ այն էՙ Հայոց ցեղասպանության հարաբերականացում, «ցեղասպանություն» բառեզրը փոխարինելով «կոտորած»-ով, կամ որ Հայոց ցեղասպանության Բունդեսթագի հունիսի 2- ի ճանաչումը պատմությանն է վերաբերում եւ որեւէ ձեւով չի անդրադառնում ներկայի վրա, քաղաքական փաստաթուղթ է եւ իրավական հետեւանքներ չի ենթադրում, կարծես անհանդուրժող վերաբերմունք է ձեւավորում գերմանական լրատվադաշտում, հետեւաբար նաեւՙ հասարակության ընդվզումն էլ սպասելի է։ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման օրըՙ հունիսի 2- ի նիստին, բաց քվեարկությանը ըստ էության ոչ կանցլեր Մերկելը, ոչ արտգործնախարար Շթայնմայերը, ոչ էլ փոխկանցլեր Գաբրիելը չեն մասնակցել։ Նախատեսված է, որ Զայբերտը վերոհիշյալ հարցի վերաբերյալ հրապարակավ կարծիք է հայտնելու մոտավորապես ժամը 13- ին։ Այսօր երեկոյան կանդրադառնանք ԳԴՀ կառավարության խոսնակի հայտարարությանը։ Անահիտ Հովսեփյան, Գերմանիա |