ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ Պ. Ք. «Սիրիայի առանց այդ էլ խառնաշփոթ վիճակին գումարվեցին Թուրքիայի ռազմավարության փոփոխությունները, որոնք կարող են էլ ավելի ապակայունացնել իրադրությունը», պնդում է իսպանական El Mundo թերթն իր խմբագրական հոդվածում: Թերթի կարծիքով, Սիրիայի իրադարձություններին թուրքական զորքերի անցյալ շաբաթ սկսած միջամտությունը «բացատրվում է ոչ այնքան «Իսլամական պետության» դեմ պայքարելու հանկարծական ձգտմամբ, որքան թուրք-սիրիական սահմանի շրջանում քրդերի դիրքերի հետագա ամրապնդում թույլ չտալու փորձերով», ասվում է հոդվածում: Այդ շախմատային տախտակի վրա ուժերից յուրաքանչյուրը քայլեր է կատարումՙ ելնելով ռիսկերի եւ օգուտների դիվային հաշվարկից, իսկ Էրդողանի վարչակարգը շատ ավելի տագնապում է քրդերի, քան «Իսլամական պետության» պատճառով: Ստեղծված իրավիճակը էլ ավելի է բարդացնում ԱՄՆ-ի ծրագրերը: Քրդական աշխարհազորը անփոխարինելի հենարան է Իրաքում եւ Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում: Սակայն Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական կարեւոր գործընկերն է, ուստի Վաշինգտոնը համաձայնվեց Անկարայի պահանջին եւ սիրիացի քրդերի զորքերին պարտավորեցրեց Սիրիայում հետ քաշվել Եփրատից արեւելք: Թերթի կարծիքով, անչափ մեծ է Սիրիայի «լիբանանացման», այսինքն այնպիսի իրավիճակի ստեղծումը, երբ օտարերկրյա մի քանի տերություն փորձում է երկիրը բաժանել ազդեցության ոլորտների: Նախագահ Ասադի վարչակարգը դիմանում է Մոսկվայի ու Թեհրանի օգնության շնորհիվ: Վարչակարգի վերահսկողությունից դուրս հայտնված սիրիական տարածքում իրենց խաղն են խաղում ԱՄՆ-ը, Թուրքիան եւ արաբական երկրները: Հակամարտության դիվանագիտական կարգավորումը ավելի ու ավելի է դժվարանում: Թերթը հետեւյալ կոչն է անում. «Թո՛ղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մոռանան իրենց սպասելիքները: Սիրիայում միայն ընդհանուր ռազմավարությունը կօգնի ինչ-որ կերպ սկսել այդ մղձավանջային գլուխկոտրուկի լուծումը»: |