ԲՈՍՏՈՆՈՒՄ ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԱԶԳԻ ՄԱԳՆԱՏԸՙ ՀԱՆՑԱԳՈՐԾ Հ. Ծ. «Բոստոն Գլոբ» պարբերականի հաղորդմամբ, Բոստոնում (ԱՄՆ) տաքսու մագնատ, հայազգի Էդուարդ Ջ. Թութունջյանը համաձայնել է որպես տուգանք վճարել ավելի քան 2 միլիոն դոլար այն բանից հետո, երբ հարկային ծառայությունները բացահայտել են, որ նա խուսափում է հարկեր վճարելուց, անօրինական ներգաղթյալների է աշխատանքի ընդունում եւ նրանց չի վճարում հավելյալ աշխատաժամերի դիմաց: Թութունջյանը 66 տարեկան է, եւ Մ. Նահանգներ է տեղափոխվել Հորդանանից պատանեկան տարիքում: Նրա անվան EJT սկզբնատառերով գործող տաքսիների ցանցը քառասուն տարիների ընթացքում նա հետզհետե ընդարձակել է եւ դարձել Բոստոնում տաքսի ծառայությունների բիզնեսի թագավորը, շուրջ 250 միլիոն դոլար արժող ունեցվածքով: Վերջին հաշվարկներով նա բանեցրել է 372 տաքսի, որն, ըստ պարբերականի, նշանակում է, որ քաղաքում գործող 5 տաքսիներից մեկը նրան է պատկանել: Նա վարորդներին կանխիկ է վճարել հավելյալ աշխատաժամերի համարՙ հաշվելով դրանք որպես սովորական ժամեր, գանձել յուրաքանչյուրից օրական 100 դոլար, հաշվապահական համապատասխան գրառումներ չի կատարել եւ պետությունից թաքցրել է իր ընկերության ծավալները: Ենթադրվում է, որ Բոստոնի շրջանային դատարանը կարող է, բացի տուգանքից, նրան դատապարտել նաեւ երկու տարվա բանտարկության: |