RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-09-02 19:24:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 6649, Տպվել է` 618, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈՒԼԻՍԻ 17-Ի «ՓՐԿԻՉՆԵՐԻՑ» ԱԿՆԿԱԼՎՈՂ «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԻՐԵՆՑ ԶԳԱՑՆԵԼ ԵՆ ՏԱԼԻՍ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տնտեսական ակտիվության տեմպի նվազում, շինարարության եւ ծառայությունների ոլորտի անկում

Հուլիսի 17-ին եւ դրան հաջորդած երկու շաբաթվա իրադարձություններըՙ քաղաքի մեջ ոստիկանության (ՊՊԾ) գունդ գրավելը, երեք հայրենակիցներին սպանելը, պատանդներ վերցնելը, մեքենաներ հրդեհելը եւ ամբողջ բնակչությանը ցնցումների եւ հոգեկան լարվածության մեջ պահելը դեռ այն ամբողջ բացասականը չէր, որի միջով անցանք մենք բոլորս: Սեփական պետության դեմ զենք բարձրացնելը բոլոր ժամանակներում դատապարտվել է, իսկ ամենամեծ գնահատականը տվել է եւ կտա պատմությունը: Թողնելով դա պատմությանը, հիմա կարելի է արդեն արձանագրել այն բացասական ազդեցությունները, որ այդ դեպքերը ունեցել են եւ դեռ կունենան մեր տնտեսության, հետեւաբար բնակչության կենսամակարդակի վրա:

Ժողովրդի անունից եւ իբր նրա համար ժամանակ առ ժամանակ հայտնվող «փրկիչների» արկածախնդրական քայլերը առաջինը հարվածում են հենց այդ ժողովրդին: Եվ դրանում մեղավոր են ոչ այնքան վերոնշյալ «փրկիչները», այլ նրանց գործողություններին հավանություն տվողները: Նրանց ցանկացած երեւութական «փոփոխությունները» իրականում դառնում են ակնհայտ բացասական փոփոխություններ: Հուլիս ամսվա վիճակագրական ցուցանիշները փաստում են այդ մասին:

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին արձանագրվել է 3 տոկոս տնտեսական ակտիվության աճ, բայց աճի տեմպը հուլիսին նվազել է: Տարեսկզբից ի վեր, տնտեսական ակտիվության աճի տեմպի ամենացածր ցուցանիշը եղել է 4,7 տոկոսը, ամենաբարձրըՙ 6 տոկոսը:

Ըստ ամիսների պատկերը հետեւյալն է եղելՙ 2016-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ տնտեսական ակտիվության աճը կազմել էր 5 տոկոս, հունվար-փետրվարին 2015-ի հունվար-փետրվարի համեմատՙ 4,7 տոկոս, հունվար-մարտին 2015-ի հունվար-մարտի համեմատՙ 5,5 տոկոս, հունվար-ապրիլին նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատՙ 6 տոկոս, հունվար-մայիսին նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատՙ 5,5 տոկոս, հունվար-հունիսին նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատՙ 4,8 տոկոս:

7 ամսվա տնտեսական ակտիվության աճի տեմպի նվազումը պայմանավորված է հուլիս ամսվանով: Հունիսի համեմատ հուլիսին արձանագրվել է 2,5 տոկոս աճ, իսկ ահա անցյալ տարվա հուլիսի նկատմամբ արձանագրվել է տնտեսական ակտիվության անկումՙ 4,3 տոկոսով: Նշենք, որ տարվա ընթացքում նման փաստ չէր արձանագրվելՙ այս տարվա բոլոր ամիսներին նախորդ տարվա նույն ամիսների նկատմամբ արձանագրվում էին աճի ցուցանիշներ:

Ինչպես եւ պատահում է նման դեպքերում, տնտեսության ճյուղերից առաջինը տուժում են ծառայությունները եւ շինարարությունըՙ վերջինիս դեպքում ներառյալ անշարժ գույքի շուկան: Տեսնենք, թե ի՞նչ է արձանագրվել հուլիսին այս ճյուղերում:

Հուլիսին հունիսի համեմատ ծառայությունների ոլորտում 4 տոկոս անկում է արձանագրվել: Համեմատության համար նշենք, որ հունիսին մայիսի համեմատ այս ոլորտում 9 տոկոս աճ էր արձանագրվել: Ընդհանրապես, տարեսկզբից սկսած ծառայությունների ոլորտը արդյունաբերությունից հետո ամենաբարձր աճն էր արձանագրումՙ 9-10 տոկոսի միջակայքում: Մինչդեռ հունվար-հուլիս ամիսներին ծառայությունների ոլորտում աճի տեմպը նվազել է մինչեւ 7,6 տոկոսի:

Հիշեցնենք, որ այս ոլորտում ներգրավված են հյուրանոցներից, հանգստյան տներից, տուրգործակալություններից սկսած մինչեւ տաքսի ծառայություններ, վարսավիրանոցներ, հուշանվերների վաճառք եւ մի շարք այլ ծառայություններ: Դրանք Հայաստանի համար նպաստավոր զբոսաշրջության սեզոնին փաստորեն ծավալների անկում են ունեցել: Հուլիսի 17-ի դեպքերի պատճառով արտերկրում ապրող բազմաթիվ հայեր ցանկություն չունեցան այս տարի այցելել Հայաստան, չխոսելով արդեն օտարազգի զբոսաշրջիկների մասին:

Տարօրինակն այն է, որ երկիրը ցնցումների մեջ գցողներին հավանություն տվողների մեջ են առեւտրի, զբոսաշրջության, ոսկերչության եւ նմանատիպ այլ ոլորտներում բիզնես ունեցող մարդիկ, որոնք առաջինը պետք է հասկանան, որ նման իրադարձությունները հարվածելու են իրենց գրպանին եւ առաջինը պետք է հանդես գան կայունության օգտին եւ այն խախտողների դեմ: Սակայն, ինչպե՞ս կարող է դա լինել, եթե շատ հաճախ ազգային ինքնագիտակցության եւ արժանապատվություն, ինքնապահպանման բնազդներն են բացակայում:

Մյուս ոլորտիՙ շինարարության ծավալները Հայաստանում պահպանվում են մեծագույն ջանքերի գնով: Թեեւ նախորդ տարվա համեմատ շինարարության ծավալները ավելի փոքր են, բայց փետրվար-մարտ ամիսներից սկսած, յուրաքանչյուր նախորդ ամսվա նկատմամբ այստեղ լուրջՙ երկնիշ աճ էր արձանագրվում: Սակայն, շինարարության ամենաեռուն սեզոնին, հուլիս ամսին, հունիսի նկատմամբ արձանագրվել է 3,5 տոկոսի անկում: Բացի հուլիսի 17-ից սկսած երկշաբաթյա ցնցումներից, ուրիշ ոչ մի պատճառ չկար նման անկման համար: 2008-2009-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից նույնպես առաջինը եւ ամենածանր հարվածը կրեց հենց այս ոլորտը:

Անշարժ գույքի շուկան նույնպես արձագանքել է հուլիսյան իրադարձություններինՙ գործարքների ընդհանուր թիվը 2016-ի հուլիսին (14032) 5,3 տոկոսով պակաս է եղել նախորդ ամսվա` հունիսի եւ 13,8 տոկոսով պակաս` 2015-ի հուլիսի գործարքների համեմատ:

Միաժամանակ, հարկ է ավելացնել նաեւ հուլիս ամսին հունիսի նկատմամբ արդյունաբերության մեջ արձանագրված մոտ 6 տոկոս անկումը, որը նույնպես իր ազդեցությունն է ունեցել տնտեսական ակտիվության ընդհանւոր ցուցանիշի վրաՙ անմիջականորեն պայմանավորված չլինելով ՊՊԾ գնդի գրավումով: Այստեղ արձանագրված անկման պատճառները հասկանալի կլինեն, երբ հրապարակվեն ցուցանիշներն ըստ արդյունաբերության ենթաճյուղերի:

Բոլոր պարագաներում, հուլիսյան իրադարձությունները եւս մեկ անգամ փաստեցին անհերքելինՙ դրանք ոչ մի կերպ ավելի լավ կյանք չեն պարգեւելու մեզ, այլ լինելու է հակառակը, ինչպես արդեն եղել է բազմաթիվ երկրներումՙ Ուկրաինիայից եւ Մոլդովայից մինչեւ Իրաք, Լիբիա եւ Սիրիա: Այս երկրներում նույնպես «փոփոխությունների» պահանջից էր ամեն ինչ սկսվում, իսկ վերջանում էր... :

Ավելի լավ կյանքի «փոփոխությունները» կատարվում են միայն ժամանակի ընթացքում, իսկ ավելի շատ արդարության «փոփոխությունները»ՙ օրենքի գերակայության հաստատման համար պայքարում, ոչ թե այն ոտնահարելու եւ երկրում անկայությունում ստեղծելու միջոցով:

Ի դեպ, օգոստոս ամսին նույնպես, հուլիսի սոցիալ-տնտեսական ցուցանիշները շարունակություն կունենան: Համենայնդեպսՙ առնվազն պետք չէ բարելավում ակնկալել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ