RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016



ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2016-09-02 19:24:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 5185, Տպվել է` 594, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԽՈՆՋ ԳԻՏՆԱԿԱՆԸ` ԷՄՄԱ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, Պատմական գիտությունների դոկտոր

2014 թ. օգոստոսի 24-ին իր մահկանացուն կնքեց հայտնի պատմաբան, գիտությունների դոկտոր, Էմմա Կոստանդյանը: Աշխատանքային կենսագրությունն սկսելով ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում` նա ողջ կյանքում հավատարիմ մնաց իր կոլեկտիվին` այդ ընթացքում լաբորանտից դառնալով գլխավոր մասնագետ, գիտությունների դոկտոր ու Նոր պատմության բաժնի վարիչ: Երջանկահիշատակ Էմմա Աշոտի Կոստանդյանը (1934-2014) այն սակավաթիվ պատմաբաններից էր, ում գիտական ժառանգության գերակշռող մասը նվիրված է Հայ եկեղեցու ու դրա երախտավորների գործունեության պատմության ուսումնասիրությանը: 1958 թվականից Է. Կոստանդյանն սկսեց ակոսել հայոց պատմության անդաստանը եւ ուսումնասիրել պետականության բացակայության պայմաններում Հայ եկեղեցու ծավալած հայրենանվեր գործունեության պատմությունը: Իսկ հայ հոգեւոր գործիչների կյանքի եւ գործունեության ուսումնասիրության հետ կապված, հայոց պատմության ցանկացած դրվագ արդիական է, հատկապեսՙ Հայ առաքելական եկեղեցու առանցքային հիմնախնդիրների լուսաբանման, հոգեւորականությանՙ հայ-ազգային ազատագրական պայքարում եւ ազգային մշակույթի արժեքային համակարգում ունեցած դերակատարության գնահատման եւ արժեւորման տեսանկյունից:

Այդ ետնախորքի վրա ներկայացնելով եկեղեցական մեծագույն գործիչների (Գարեգին Սրվանձտյանը, Մկրտիչ Խրիմյան)` Է. Կոստանդյանը կարեւորել է նրանց գործունությունը, որոնց նվիված մենագրությունները մեծ ընդունելության են արժանացել մասնագետների եւ ընթերցողների շրջանում` ապահովելով հեղինակի համար մեծ ճանաչում: Հայ եկեղեցին եւս բարձր գնահատել Է. Կոստանդյանի գիտական ներդրումը եւ 2012 թ. նրան պարգեւատրել իր բարձրագույն «Մեսրոպ Մաշտոց եւ Սահակ Պարթեւ» շքանշանով:

Տողերիս հեղինակը բախտ է ունեցել շուրջ քառորդ դար աշխատել Է. Կոստանդյանի հետ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նոր դարերի պատմության բաժնում, հաճախակի զրուցել նրա հետ տարբեր թեմաների շուրջ, կիսել մտահոգությունները: Կարող եմ հավաստել, որ կյանքի վերջին տարիներին նրա ուշադրությունն ամբողջովին կենտրոնացած էր Հայ եկեղեցու մեծ երախտավոր Մաղաքիա արք. Օրմանյանի (1841-1918) վրա: Մեր յուրաքանչյուր զրույց սկսվում եւ ավարտվում էր այդ գործչի մասին դատողություններով, նրա գործունեության նորանոր կողմերի բացահայտումներով: Անհրաժեշտ եմ համարում նաեւ նշել, որ կյանքի վերջին տարում, երբ Է. Կոստանդյանի առողջական վիճակը օրեցօր վատանում էր, նա խոսում էր միայն Օրմանյանի մասին: Մի օր էլ, երբ արդեն շատ տկար էր, երազ պատմեց, որ Օրմանյանն այցելել է իրեն եւ զայրացած, բայց եւ գորովանքով ասել` մինչեւ իր մասին մենագրությունը չավարտի` իրավունք չունի հրաժեշտ տալու երկրային կյանքին: Չգիտեմ երազ էր դա, ցանկություն, թե՞ պատրանք, բայց վստահ եմ, որ նա իսկապես ապրում էր այդ գաղափարն իրականացնելու տենչով, բայց ափսոս ավելի վաղ հանգեց...

Երկու մասից բաղկացած «Դրվագներ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի կյանքից եւ գործունեությունից» աշխատությունը ընդգրկում է հանդեսներում տպագրված հեղինակի գիտական հոդվածներն ու անտիպ նյութերը (Կոստանդյան Է., Դրվագներ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի կյանքից եւ գործունեությունից, Ե., 2015: Կենդանության ժամանակ Է. Կոստանդյանը հասցրեց միայն մի քանի հոդված հրապարակել Օրմանյանի մասին: Այդ հոդվածների, թողած ձեռագիր շարադրանքի ու այլ օժանդակ նյութերի հիման վրա պատմության ինստիտուտի Նոր պատմության բաժնի գործուն օժանդակությամբ եւ մեծ աշխատասիրությամբ ամբողջական մենագրության տեսքով հրատարակությունը նախապատրաստեց նույն բաժնի աշխատակցուհի Մարինա Հարությունյանը):

Փորձառու ուսումնասիրող Է. Կոստանդյանը սույն աշխատությունում արխիվային վավերագրերի, տպագիր սկզբնաղբյուրների, մամուլում սփռված նյութերի, հուշագրությունների եւ գիտական ուսումնասիրությունների հենքի վրա ներկայացրել է ազգային անխոնջ գործիչ, աստվածաբան, հայագետ, պատմաբան, բանասեր, հրապարակախոս, Մ. Օրմանյանի հասարակական-քաղաքական, հոգեւոր եւ գիտական գործունեության մի շարք հիմնահարցեր:

Աշխատության առաջին մասում հեղինակն ընդհանուր գծերով ներկայացրել է Մ. Օրմանյանի կենսագրությունը, շեշտել նրա ապրած ժամանակաշրջանում հազվադեպ հանդիպող կարեւոր մի հանգամանք` Մ. Օրմանյանի ստացած փայլուն կրթությունն ու նրա իմաստասիրության, աստվածաբանության, եկեղեցական իրավագիտության մագիստրոսի կոչումները: Ավելի հանգամանորեն շարադրել նրա հակակաթոլիկական թեզերը, ներկայացրել մղած պայքարը հայությանը կաթոլիկության մեջ ձուլելու պապականության նկրտումների դեմ, պատճառաբանել դրանց իմացության կարեւորությունը հայ ժողովրդի համար: Ըստ հեղինակի համոզմունքների` հակակաթոլիկական պայքարից հետո, Օրմանյանի հաջորդ ազգանվեր գործունեությունը հանգել է Օսմանյան կայսրության մի շարք հայաբնակ վայրեում ազգասիրական թեմաներով կարդացած բանախոսությունների ընթերցմանը: Ի դեպ, նա առանձնացնում է 1879 թ. Ուսկյուտարում, Սամաթիայում եւ Օրթագյուղում` ՙ «Հայուն անցեալն ու ներկայն ու ապագայն», «Հայութեան հոգին», «Հայ երիտասարդութիւն», «Հայ ազգութիւն», «Կարօտ ենք» եւ այլ թեմաներով նրա կարդացած դասախոսությունները:

Է. Կոստանդյանն առանձնահատուկ քնքշությամբ վերլուծել է Մ. Օրմանյանի հայրենասիրական շնչով տոգորված բանաստեղծությունները: Քննարկել ու լուսաբանել նրա պատմագիտական հայացքները, արժանի գնահատականներ տվել Մեսրոպ Մաշտոցին եւ գրերի գյուտի դարակազմիկ իրողությանը:

Սկզբունքային եւ անաչառ դիրքերից Է. Կոստանդյանն առանձին ենթահարցերի տեսքով ներկայացրել է Կարինում հոգեւոր առաջնորդ եղած ժամանակ Մ. Օրմանյանի` Թորթումի, Կիսկիմի, Սպերի եւ արեւմտահայկական այլ գավառներում ծավալած ազգանվեր գործունեությունը: Առանձին ենթաբաժնով ներկայացրել Մ. Օրմանյանի ակտիվ մասնակցությունը «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպության գործունեությանը, իսկ դրա բացահայտումից հետո գործադրած եռանդուն ջանքերն այդ կազմակերպության ձերբակալված անդամներին ազատ արձակելու, ինչպես նաեւ հայապահպանության ու հայությանը կրթելու եւ ազատաբաղձ ձգտումներ ներարկելու գործում:

Հեղինակը մանրամասնորեն ներկայացրել է Մ. Օրմանյանի Էջմիածնում ծավալած գործունեությունը: 1886 թ. հունիսի 8-ին Գարեգին Սրվանձտյանցի հետ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նա Մակար Ա. Թեղուտցի կաթողիկոսի կողմից օծվելով եպիսկոպոս` նշանակվել է Գեւորգյան ճեմարանում աստվածաբանության դասախոս: Է. Կոստանդյանը նշում է, որ Մ. Օրմանյանը ճեմարանում դասավանդել է մեկ ուսումնական տարի, սակայն իր մեծ գիտական ավանդն է ներդրել ճեմարանի սաների ուսումնադաստիարակչական գործում, գործուն մասնակցություն ունեցել նոր ուսումնական ձեռնարկների ստեղծման աշխատանքներին: Սակայն Մ. Օրմանյանի ակտիվ եւ խելացի պահվածքից անհանգստացած ցարական իշխանությունները նրան արտաքսել են Էջմիածնից:

Աշխատության հաջորդ բաժնում ներկայացված է Մ. Օրմանյանի ծավալած գործունեությունը Արմաշի դպրեվանքում: Այստեղ որպես փոխվանահայր պաշտոնավարած վեց տարիների ընթացքում իրականացել են նրա վաղեմի երազանքները. այն, ինչ նա փորձել էր ստեղծել Էջմիածնում, հաջողվել է իրականացնել Արմաշում: Է. Կոստանդյանը հատկապես առանձնացրել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում եւ Արմաշի դպրեվանքում ծավալած նրա ազգանպաստ գործունեությունն ու կարեւոր դերակատարությունը ուսումնական գործառույթների իրականացման խնդրում: Ընդգծել է նրա աննկուն կեցվածքը, սկզբունքային մոտեցումներն ու սրտացավ վերաբերմունքը երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության կարեւորագույն խնդիրների վերաբերյալ:

Առանձնակի սրտացավությամբ եւ նյութի խորիմացությամբ է հեղինակը ներկայացրել Մ. Օրմանյանի կյանքի զարդապսակը կազմող պատրիարքության ժամանակաշրջանը: Չմոռանանք շեշտել, որ պատրիարքական ընտրությանը նախորդել էին մեր ժողովրդի համար դժնդակ օրերը, աբդուլհամիդյան ճնշումների դեմ բարձրացել էր ազգային-ազատագրական շարժումների ալիքը, 1894 թ. Սասունի ինքնապաշտպանական մարտերին, 1896 թ. Վանի ինքնապաշտպանությանը հետեւել էին արեւմտահայության զանգվածային կոտորածները:

Է. Կոստանդյանը գրում է, որ Աբդուլ Համիդ II-ը տեղյակ էր 1880-ական թվականներին Մ. Օրմանյանի ազգասիրական գործունեությանը, որին դեմ էր արտահայտվել ասելով. «Թող իւր ազգը սիրէ, բայց իրեն դէմ սուր չքաշէ»: Բարձր գնահատելով պատրիարք Օրմանյանի հայանպաստ ջանքերը Է. Կոստանդյանն արձանագրում է, որ նրա գործունեության արդյունքում շուրջ 1200 բանտարկյալներ եւ մահվան դատապարտվածներ ընդհանուր ներում են ստացել: Իսկ հետո նա արել է ամեն հնարավորը, որպեսզի չկրկնվեն 1894-1896 թթ. կոտորածները: Հեղինակը շեշտում է, որ Աբդուլ Համիդի հակահայկական գործողությունները կանխելու համար Մ. Օրմանյանի դիվանագիտական ջանքերը վկայում են նրա հեռատեսության մասին: Ներկայացնելով նրան` իբրեւ հոգեբան-փիլիսոփայի, հեղինակն ընդգծում է, թե ինչպիսի հմտությամբ է նա բնութագրել Համիդի վարչական ընդունակությունների դրական եւ բացասական կողմերը: Վերջինս գահ էր բարձրացել Աբդուլ-Ազիզի եւ Մուրադի սպանությունների արդյունքում, եւ ըստ այդմ դարձել խիստ կասկածամիտ, ի դեմս ամենքի տեսել իր դեմ դավադրություն լարողների:

Շարունակելով ներկայացնել Աբդուլ Համիդի էությունը` Է. Կոստանդյանը նշում է, թե ինչպես էր նա սարսափում հայերից, իսկ Մ. Օրմանյանի` նրան հանդարտեցնելու փորձերը չէին փոխում իրավիճակը: Սուլթանը կասկածներ էր տածում նաեւ պատրիարքի նկատմամբ եւ աշխատում սիրաշահել նրան: Միաժամանակ Աբդուլ Համիդը շարունակում է իր հակահայկական գործողությունները: Հեղինակը նշում է, որ հաշվի չառնելով սուլթանի` պատրիարքի համակրանքը շահելուն միտված քայլերը,

Մ. Օրմանյանը երբեք չի դադարել գանգատի եւ բողոքի ձայնը բարձրացնել կեղեքիչների վարած հակահայկական քաղաքականության դեմ: Դրա վառ ապացույցներն են պատրիարքի մի քանի հրաժարականները, որոնք աշխատությունում մանրակրկտորեն ուսումնասիրված են:

Բարձրակարգ գիտականությամբ ու սպառիչ ներկայացված են Մ. Օրմանյանի պայքարը ցարական կառավարության` 1903 թ. հունիսի 12-ի Հայոց եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու օրենքի դեմ, ինչպես նաեւ Կիլիկիո կաթողիկոսության, Աղթամարի կաթողիկոսական տեղապահի եւ Երուսաղեմի պատրիարքության հետ նրա ունեցած բարդ ու դժվարին հարաբերությունները: Հեղինակը բարձր է գնահատել 1896-1908 թթ. Օրմանյան պատրիարքի ձեռնարկած մի շարք բարեգործական ծրագրերը` հատկապես 1894-1896 թթ. հայկական կոտորածներից մազապուրծ հայ գաղթականների օժանդակման խնդրում:

Մ. Օրմանյանի պատրիարքության տարիներն ավարտվել են 1908 թ. երիտթուրքական հեղափոխությամբ: Հեղինակը գրում է, որ 1908 թ. հուլիսի 16-ին Կ. Պոլսում կազմակերպված բազմամարդ ցույցի մասնակիցները ներխուժել են պատրիարքարան եւ Մ. Օրմանյանին հայտարարել պաշտոնանկ ու դատի ենթակա ամբաստանյալ: Պատրիարքի դատապաշտպանի դերը ստանձնել է Զոհրապը, ով փաստարկված ժխտել է նրա` Աբդուլ Համիդին ստրկամիտ ծառայելու հանգամանքը: Գ. Զոհրապը բարձր մակարդակով է պաշտպանել նրա իրավունքները, ինչի արդյունքում 1913 թ. Օրմանյանն արդարացվել է:

Աշխատությունն ավարտվում է Մ. Օրմանյանի վերջին օրերի մասին շարադրանքով: Երուսաղեմում էր նա, երբ սկսվել է Առաջին աշխարհամարտը, որի ընթացքում է տեղի ունեցել հայ ժողովրդի ամենամեծ ողբերգությունը` Մեծ Եղեռնը: Պատրիարքության հոգեւորականների հետ Դամասկոս աքսորված Մ. Օրմանյանն այնտեղ ավարտին է հասցրել իր «Խոհք եւ խօսք» արժեքավոր աշխատությունը: Նոյեմբերի 19-ին, 78 տարեկան հասակում նա կնքել է մահկանացուն: Ավարտելով նշենք, որ սույն աշխատությունը թեեւ անավարտ, սակայն տարողունակ եւ բովանդակալից գիտական խոսք է նվիրված Մ. Օրմանյանի հիշատակին եւ մեկ անգամ եւս վկայում Է. Կոստանդյան գիտնականի իրական կոչումի մասին:

24.08.216 թ. Երեւան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ