RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016



ԴՊՐՈՑ

Տեղադրվել է` 2016-09-02 19:24:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 6892, Տպվել է` 609, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ ՎԱՂՈՒՑ ԵՐԳՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍԵԼ ԵՆ ՊԱՐԵԼ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ուսումնական նոր տարին սկսված է: Ըստ ամենայնիՙ այն կանցնի ավելի ուրախ, քան մյուսները, քանի որ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հաստատել է հիմնական դպրոցի 7-րդ դասարանում ազգային երգ ու պար առարկայի դասաժամը: Այսպիսով այս առարկայի դասավանդման համար կհատկացվի շաբաթական 1,5 դասաժամ, տարեկան 51 դասաժամ, որը դպրոցը կարող է տրամադրել դպրոցական բաղադրիչից կամ ֆիզկուլտուրայի դասաժամերի հաշվին:

Այս նորարարությունն արդեն իսկ առաջացրել է որոշ դժգոհություններ, մասնավորաբար սոցցանցերում որոշ ծնողներ եւ, ինչն ավելի ուշագրավ է, ապագա ծնողներ նշում են, որ իրենք իրենց երեխաներին հայկական դպրոց չեն տանի, քանի որՙ «Դպրոցը պետք է կրթի երեխաներին, ոչ թե...»:

Այ հենց այդ «ոչ թե»-ի մասին էլ կխոսենք: Բայց դրա համար պետք է, ինչպես տարրական դասարաններում են երբեմն ասում, փակել աչքերը եւ տեղափոխվել... Ֆինլանդիա: «Կամ մենք պատրաստում ենք կյանքի համար, կամ քննությունների համար: Մենք ընտրում ենք առաջինը», սա ֆիննական կրթության հիմնական սկզբունքն է: Հյուսիսեվրոպական այս երկրում չկան էլիտար կամ սովորական դպրոցներ. բոլոր դպրոցներն իրար հավասար են, բացառապես պետական, ունեն նույն կահավորանքը եւ համաչափ ֆինանսավորվում են, կապ չունի դպրոցը մայրաքաղաք Հելսինկիի կենտրոնում է, թե՞ ծայրամասային քաղաք Սեյնյայոկիի ծայրամասում: Ֆիննական դպրոցում որեւէ առարկա ավելի կարեւոր չէ, քան մյուսը: Օրինակ մաթեմատիկան ավելի կարեւոր չէ, քան, ենթադրենք, գրականությունը եւ հակառակը: Այս երկրի դպրոցում որեւէ առարկայի խորացված ուսուցում տեղի չի ունենում:

Աշակարտների ծնողների մասնագիտությունը, նրանց սոցիալական վիճակը վերջին բանն է, որը հետաքրքրում է դպրոցին: Երեխաների դպրոցական քարտերում բացակայում են այն հարցերը, որտեղ պետք է նշվեն, թե ի՞նչ են աշխատում հայրիկն ու մայրիկը եւ, ենթադրենք, որքան աշխատավարձ են նրանք ստանում:

Ֆիննական դպրոցում չկան «խելացի» եւ «թույլ» աշակերտներ: Այնտեղ ամեն մի երեխա առանձնահատուկ է, բոլորը սովորում են միասինՙ այդ թվում հաշմանդամություն ունեցող երեխաները: Իհարկե, տեսողական կամ լսողական խնդիրներ ունեցող երեխաների համար դպրոցում կարող են բացվել առանձին դասաժամեր, բայց սա միայն ցանկության պարագայում, ոչ պարտադիր: Այնուամենայնիվ, ֆիններն ամեն ինչ անում են նման խնդիրներ ունեցող երեխաներին ընդհանուր կրթական ծրագրի մեջ ներառելու համար:

Դպրոցում աշակերտները համարվում են անհատականություններ, այնտեղ առաջին իսկ դասարանից երեխային բացատրում են իր իրավունքները, այդ թվում իր ծնողների հետ հարաբերություններում, դրանց ոտնահարման պարագայում բողոքարկման կարգը: Ֆինն ուսուցիչները պարտավոր են հարգել աշակերտի իրավունքները, դրա համար նրանք անգամ պայմանագիր են կնքումՙ մեկ տարով, որի ավարտից հետո երկկողմ ցանկության պարագայում (ուսուցիչ-դպրոց) կարող են երկարաձգելՙ եւս մեկ տարով: Չմոռանանք, որ ֆիննական դպրոցում ուսուցչի աշխատավարձը կազմում է մինչեւ 5000 եվրոՙ ամիսը:

Դրամահավաքները դպրոցում արգելված են: Կրթությունից բացի ֆիննական դպրոցում անվճար են երեխաների դասագրքերը, էքսկուրսիաները, նոթբուքները, տրանսպորտը, գրենական պիտույքը եւ այլն:

Դասարանում յուրաքանչյուր երեխա ստանում է անհատական առաջադրանք, բայց նախ դպրոցը կազմում է անհատական կրթական պլանՙ ամեն մի աշակերտի համար: Եթե երեխան կատարում է առաջադրանքը, ստանում է «գերազանց» գնահատական, ապա հաջորդ անգամ ստանում է ավելի բարձ առաջադրանք, եթե չի կատարում, խնդիր չկա, հաջորդ անգամ ավելի թույլ առաջադրանք կտան նրան: Հարկ է նկատել, որ ֆինն ուսուցիչները կամավոր, դասերից հետո կամ դրանց ընթացքում, իրենց վրա են վերցնում երեխայի հետ անհատական պարապմունքներ անկցացնելու պարտականությունը, այնտեղ կրկնուսույցներին դիմելու կարիք չկա: Չնայած, այս առումով, հարկ է կրկին շեշտել թերեւս, որ ֆինն ուսուցիչները ամսական ստանում են մինչեւ 5000 եվրո աշխատավարձ:

Ֆիննական դպրոցում քննություն չկա: Այնտեղ միջանկյալ ստուգարքները, քննությունները թողնված են ուսուցչի հայեցողությանը: Կա միայն մեկ պարտադիր տեստ, երբ աշակերտներն ավարտում են միջին դպրոցը, բայց դրան երեխաներն առանձնահատուկ չեն պատրասվում, քանի որ ուսուցիչները դպրոցին պարբերաբար հաշվետվություն են տալիս երեխաների առաջադիմության վերաբերյալ: Ի դեպ, ոչ ոք ուսուցչի աշխատանքը չի ստուգում, նրան չի սովորեցնումՙ սովորեցնել: Կան ընդհանուր խորհուրդներ, եւ ամեն մի ուսուցիչ ինքն է ընտրում, թե կոնկրետ ո՞ր ուսումնական մեթոդով է ինքն աշխատելու:

Դպրոցում առանձին դասաժամերով սովորեցնում են, թե ինչպես է պետք պայմանագիր կնքել, բանկային հաշիվ բացել, քարտ պահել, աշակերտները գիտեն ինչպես հաշվել եկամուտները, եւ կամ հաշվել ապրանքի գինը, երբ այն զեղչված է:

Ուսուցիչը միանգամայն վստահում է աշակերտին: Օրինակ, եթե գրականության ժամին ուսոցողական ֆիլմ է միացված, եւ աշակերտներից մեկին դա չի հետաքրքրում, ապա վերջինս հանգիստ կարող է գիրք կարդալ: Դպրոցում գտնում են, որ աշակերտը ինքը կարող է որոշել, թե ինչն է իր համար ավելի օգտակար:

Ճիշտ է, դպրոցն ամեն բան անում է, որպեսզի աշակերտը հետաքրքրվի կրթությամբ, սակայն եթե նա չի ուզում սովորել, ապա ոչ մի ուսուցիչ նրան «երկուս» չի նշանակում, փոխարենը տվյալ աշակերտին սովորեցնում է կյանքի համար պիտանի այլ մասնագիտություններ, օրինակՙ մեքենա վարել եւ այլն: Ֆինլանդիայում ասում են, որ «ամեն մեկը չէ, որ պարտավոր է օդաչու դառնալ, մեզ հարկավոր են նաեւ ավտոբուսի վարորդներ»:

Դպրոցում կան աշխատողներ, որոնց առաքելությունն է պարզել, թե արդյոք կարիք կա՞, որ տվյալ աշակերտը շարունակի կրթությունըՙ բուհում: Եթե կարիք կա եւ երեխան պատրաստ է եւ ամենակարեւորը` ցանկանում է, ապա հրաշալի է, եթե ոչ` ապա կրկին հրաշալի է. բանն այն է, որ բարձրագույն կրթությունը Ֆինլանդիայում կյանքի եւ մահվան հարց չէ. քանզի Ֆինլանդիայում աշխատանքի ընդունելիս բարձրագույն կրթությունը չեն հարցնում, իսկ ընդունվելուց հետո էլ չես հասկանում, որ իրականում բարձրագույն կրթությունը ուսանողական լավագույն տարիներն են սոսկ:

Այս ամենով հանդերձ ֆիննական դպրոցում կա նաեւ վերահսկողություն: Եթե աշակերտը դասաժամը բաց է թողել, ապա այն անպայման պետք է լրացվի: Եթե ոչ, ավելին, եթե դասարանում երեխան խանգարում է դասը, ապա դպրոց է հրավիրվում նրա ծնողը, եթե վերջինս չի գալիս, կամ գալիս է, բայց ավելի լավ էր չգար, ապա երեխան մնում է նույն դասարանում, ինչն ամենեւին էլ խնդիր չէ, ավելին, ամոթալի չէ. ֆիններն ասում են, որ «հասուն կյանքին պատրաստվելը լուրջ բան է»:

Իսկ առանձին բանաձեւեր, չափածո տողեր անգիր անելը ֆիննական դպրոցում անլուրջ բան է համարվում: Այստեղ նման հանձնարարություն չկա, փոխարենը երեխաներին սովորեցնում են օգտվել տարբեր աղբյուրներիցՙ այդ թվում կամ նախ եւ առաջՙ էլեկտրոնային, ինքնուրույն մտածել, նոր գիտելիքներ ձեռք բերել, տրամաբանել, անգամ ինքնուրույն հարթել այլ երեխաների հետ ունեցած խնդիրները: Բացի, անշուշտ, ծայրահեղ դեպքերից, որոնք ֆիննական դպրոցում չգիտես ինչու չեն էլ լինում, մեծահասակները երեխաների միջեւ ծագած խնդիրներին չեն խառնվում, թողնելով, որ նրանք «սովորեն հարթել կոնֆլիկտները»:

Ուսումնական տարին Ֆինլանդիայում սկսվում է օգոստոսից եւ տեւում է մինչեւ մայիսը: Այնտեղ 9-ամյա ուսուցում է: Ի դեպ, գրականությունն, օրինակ, ավելանում է միայն 7-րդ դասարանից (հավանաբար ֆինները հինավուրց գրականություն չունեն), իսկ, օրինակ, 4-րդ դասարանից երեխաները պարտադիր անցնում են անգլերեն, 5-րդից եւս մեկ օտար լեզուՙ ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսկ 7-րդից նաեւ շվեդերեն (հարեւանի լեզուն): Ուշագրավ է, որ ավարտականՙ 9-րդ դասարանում աշակերտները իրենց համար աշխատանք են գտնում եւ անցնում աշխատանքի:

Հարկ է նկատել նաեւ, որ ֆիննական դպրոցները ցանկապատված չեն, ինչը ըստ տեղի հոգեբանների բանտարկված լինելու տպավորություն է թողնում: Դպրոցի էլեկտրոնային դուռը բացվում եւ փակվում է ըստ գրաֆիկի: Երեխաները դասարանում նստում են ոչ թե նստարաններին, շարքով-կարգով, այլ ով որտեղ ցանկանում է, ուզում է հատակի՞նՙ խնդրեմ, մեկ ուրիշն ուզում է դասարանում տեղադրված բազմոցներից մեկի՞նՙ խնդիր չկա: Դպրոցական համազգեստ գոյություն չունի: Միայն պարտադիր է ունենալ դպրոցի տարածքում հագնելու կոշիկ, որը հանում ենՙ տուն գնալիս, հագնելով «դրսի» կոշիկները: Տնային հանձնարարություն էլ հազվադեպ են տալիս: Տրամաբանությունն այն է, որ երեխան տանը պետք է հանգստանա, եւ ծնողները ոչ թե պետք է օգնեն երեխաներինՙ դաս սովորել (ավելի ճիշտՙ նրանց փոխարեն եւս մեկ անգամ սովորել), այլ երեխաներին պետք է թատրոն տանեն, կինո, այգի կամ թանգարան:

Եւ ամենակարեւորը, ըստ միջազգային մի շարք հեղինակավոր հետազոտությունների, ֆինն դպրոցականներն արդեն 3-րդ տարին գրանցում են ընդհանուր գիտելիքների ամենաբարձր արդյունքները ողջ աշխարհում: Կոնկրետ ընթերցանության առումով ֆինն երեխաներն աշխարհում առաջինն են, 2-րդն են բնագիտության ոլորտում, 5-րդ են մաթեմատիկայի համաշխարհային դպրոցական ցուցանիշներով, եւ այս ամենով հանդերձ, ֆինն աշակերտները գիշերները չեն ցնցվում նյարդային գերլարվածությունից, ինչն առաջանում է ահեղ քննություններին սարսափահար պատրաստվելուց, չեն ատում դպրոցը, ըստ հարցումներիՙ չեն երազում արագ մեծանալու եւ դպրոցն ավարտելու մասին: Նրանք բոլորովին ագրեսիվ չեն, հանգիստ են, դատող եւ տրամաբանող, կարողանում են առանց թարգմանության ֆիլմեր նայել, անգամ վերլուծել դրանք, բակում հեծանիվ են քշում, չմուշկներով են սահում, երգում են, նվագում մի շարք գործիքներ... Հա, մոռացանք ասել, որ ֆիննական դպրոցներում աշակերտներին սովորեցնում են երգել եւ նվագել, ոչ թե մեկ գործիք, այլ առնվազնՙ տասը: Դպրոցն ավարտելուց հետո ֆինն շրջանավարտները առնվազն տասը երաժշտական գործիք նվագում են, իսկ մյուս գործիքները գոնե մեկ անգամ փորձել են նվագել:

Այնպես որ, եթե դուք հանելու եք ձեր երեխային հայկական դպրոցից, քանի որ այնտեղ ազգային երգ ու պար են սովորեցնում, ապա Ֆինլանդիա չտանեք, այնտեղ ընդհանրապես ոչինչ չեն սովորեցնում, բացի ապրելուց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ