ՋԻՎԱՆՈՒ ՕՐ. ԼՐԱՑԱՎ ԱՇՈՒՂԻ 170-ԱՄՅԱԿԸ, ՋԱՎԱԽՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՆՐԱ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Այս տարի եւս, ինչպես նախորդ տարիներին, մեծ շուքով նշվեց Ջիվանու օրը: Միջոցառումների մասնակիցներն այցելեցին Թբիլիսիՙ Ջիվանու շիրիմին, մասնակցեցին նրա տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը: Տեղի ունեցավ աշուղական մրցույթ, որին ներկա էին մտավորականներ, հոգեւորականներ, արվեստագետներ, երաժշտագետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ եւ այլք: Տոնակատարության առաջին օրըՙ օգոստոսի 26-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպս. Միրզախանյանի առաջարկությամբ հայ մտավորականությունը, հոգեւոր դասը, ինչպես նաեւ պետական պաշտոնյաներն այցելեցին Խոջիվանքի գերեզմանատունՙ Թբիլիսիի հայկական պանթեոն, որտեղ իր վերջնական հանգրվանն է գտել նաեւ Մեծն Ջիվանին: Աշուղի տապանաքարը ցողվեց հայրենի Կարծախից բերված հող ու ջրով, եւ դրանով կրկին վերականգնվեց կապը իր երգերում այդքան գովերգված հայրենիքի հետ: Ջիվանու տոնակատարությունների օրվա մեկնարկը տրվեց Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, որտեղ ս. պատարագ մատուցվեց, որին հաջորդեց Ջիվանու տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը իր ողջույնի խոսքում ընդգծեց տուն-թանգարանի առկայությունըՙ շեշտադրելով դրաՙ խորհրդային տարիներից հետո Ջավախքում բացված մերօրյա առաջին թանգարանը լինելու հանգամանքը: Նշենք, որ սովետական տարիներին Ջավախքում կառուցվել է Վահան Տերյանի տուն-թանգարանը: Ջիվանու տուն-թանգարանում ներկայացված են աշուղի կյանքի ու ստեղծագործություններին վերաբերող բազմաթիվ ուշագրավ նմուշներ` կյանքի տարբեր շրջաններին, հարազատներին, ընտանիքի անդամներին, ժառանգներին առնչվող լուսանկարներ, ներկայացված են երգերի լավագույն կատարողներն ու մշակողները, աշուղի մասին հրատարակված բոլոր գրքերն ու լավագույն հոդվածները, Ջիվանու գործիքներըՙ քյամանին եւ ջութակը, նրա մանկության շրջանի տարազը եւ այլն: Ջիվանու օրվա տոնակատարության շրջանակներում տեղի ունեցավ նաեւ աշուղական մրցույթՙ աշուղ Լեյլիի եւ աշուղ Ալիք Ջավախքի մասնակցությամբ: Ձեռնարկների շարքի «վերջին կանգառը» Ախալքալաքն էր, որտեղ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանի նախաձեռնությամբ դեռեւս 10 տարի առաջ տեղադրված Ջիվանու արձանի մոտ հարգանքի տուրք մատուցվեց: Կարծախ գյուղում Ջիվանու տուն-թանգարանի հիմնման ծրագիրը ՋԱՀ-ի 2016թ.-ի գլխավոր ծրագիրն էր: Տուն-թանգարանի հիմնմանը ամենամեծ աջակցությունը ցուցաբերել է ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհուրդը: Ծրագրի իրականացման առաջին իսկ փուլից հիմնադրամի կողքին են եղել նաեւ Ռուսաստանում, Վրաստանում, Հայաստանում բնակվող մի շարք հայրենակից-բարերարներ, որոնց թվում են նաեւ ծագումով ոչ ջավախցիներ: Գործընթացից անմասն չի մնացել նաեւ Ախալքալաքի տեղական իշխանությունը, ով իրականացրել է տուն-թանգարանի հարակից տարածքի արտաքին բարեկարգման եւ լուսավորության ապահովումը: Այս ամենի արդյունքում այսօր ունենք տուն-թանգարան, որը ոչ միայն Մեծն Ջիվանու մշակութային ժառանգության պահպանման ու ներկայացման հարթակ է, այլ նաեւ կարեւորագույն քայլՙ Կարծախում մշակութային կյանքի աշխուժացման եւ աշուղագիտական կենտրոնի հաստատման ուղղությամբ: |