ՏԱՐԱԾՔ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՂԲԱՎԱՅՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ Ա. Մ. Երեւանի համայնքի վարչական սահմաններումՙ Նուբարաշենի աղբավայրին հարակից 24,42 հա հողամասը, կառավարության այսօրվա նիստի օրակարգում դրված որոշման նախագծի համաձայն, կհատկացվի եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր կառուցելու եւ առկա աղբավայրի որոշ տարածքներ մեկուսացնելու համար: Նուբարաշենի աղբավայրից բացի, նախատեսվում է նաեւ փակել Երեւան քաղաքում տարերայնորեն առաջացած Աջափնյակի աղբավայրը: Նոր աղբավայրի կառուցումը պայմանավորված է նրանով, որ ներկայումս գործող աղբավայրում առկա չէ հիմքի մեկուսացում եւ չի կատարվում առաջացող մեթան գազի հավաքում: Աղբավայրը չունի ժամանակակից պահանջները բավարարող հոսքաջրերի հավաքման տեխնիկական համակարգ, որի պատճառով հոսքաջրերը հոսում են առկա աղբավայրից դուրսՙ առանց որեւէ պաշտպանիչ արգելքների, չունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ հավաքվող աղբն ընդունելու համար, ինչի հետեւանքով աղբ տեղափոխող ընկերությունները փնտրում են այլ տարբերակներ աղբավայրի տարածք չմտնելու համար, հեռացվող թափոնները ուղղակիորեն բեռնաթափվում ու խառնվում են թափոնների հավաքագրման առաջնային գծում: Աղբավայրը ցանկապատված եւ առանձնացված չէ: Երեւանում նախատեսվող նոր աղբավայրի չափանիշներին համապատասխան աղբավայրեր կառուցված են Աթենքում (Հունաստան), Դուբակոյում (Սերբիա), Լառնակայում (Կիպրոս), Կոնյայում (Թուրքիա), Տառգու Մուրեսում (Ռումինիա), Վառնայում (Բուլղարիա): |