ՊԱՐՍԱՎԱՆՔ ՔՆԵՍԵԹԻ ՀԱՍՑԵԻՆ Հ.Ծ. «Jerusalem Post» պարբերականը տեղեկացնում է, որ «Ռաուլ Ուոլենբերգ միջազգային հաստատությունը» Քնեսեթի Հայոց ցեղասպանությունը չճանաչելու առթիվ «խորը հիասթափություն» է արտահայտել եւ նամակ է հղել խոսնակ Յուլի Էդելշտայնին, օրինակներ ուղարկելով նաեւ փոխարտգործնախարար Ցիպի Հոտովելիին եւ «Եշ Ատիդ» խմբավորման առաջնորդ, պատգամավոր Յաիր Լապիդին: «Դժբախտաբար նման կեցվածքը վերջին մի քանի տարիներին կրկնվում է: Մենք չենք կարող հասկանալ, ուր մնաց թե արդարացնենք նման կեցվածքը: Իսրայելը ազգային տունն է հրեա ժողովրդի, որն աննկարագրելի ծանր փորձության մատնվեց Հոլոքոսթի ժամանակ: Դրանից քսանհինգ տարիներ առաջ հայ ժողովուրդը անասելի ողբերգություն ապրեց, որն ըստ շատերի, համաշխարհային լռության լույսի ներքո խրախուսեց նացիստներին իրականացնելու իրենց վայրագությունները հրեաների հանդեպ Բ. աշխարհամարտի օրերին», գրված է նամակում, որի տակ ստորագրել են հաստատության նախագահ Էդուարդո Էորնեկյանն ու հիմնադիր Բարուխ Տենեմբաումը : Քնեսեթի դիրքորոշմանը ափսոսանք հայտնելուն զուգահեռ նամակում ըստ արժանվույն գնահատանքով է խոսվում Էդելշտայնի մասին, որն ինչպես նախագահ Ռիվլենը իրենից առաջՙ ամեն ջանք գործադրել էր, որպեսզի Իսրայելի կառավարությունը փոխի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում եւ Եղեռնի 100-րդ տարելիցի առթիվ խորհրդարանական պատվիրակություն էր ուղարկել Երեւան մասնակցելու պաշտոնական արարողություններին, եզրակացնում է Թամարա Զիեւն իր հոդվածը «Jerusalem Post» պարբերականում: |