RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2018-06-28 22:55:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 5570, Տպվել է` 658, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Թեեւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ոչ օրն է հայտնի եւ ոչ էլ տարին-առաջիկա աշնա՞նը, թե՞ հաջորդ տարվա ձմռանը կամ գարնանը-սակայն քաղաքական Հայաստանն արդեն մտել է ընտրությունների գործնական փուլ: Դա զգացվում է գրեթե ամեն ինչումՙ խորհրդարանում անցկացվող օրենսդրական-նախապատրաստական որոշ փոփոխություններ, ապագա հնարավոր մրցակիցների չեզոքացում, յուրայինների նշանակում ոչ միայն բանալի պաշտոնների, այլեւ տարածքային, քաղաքային եւ գյուղական ու համայնքային դիրքերում: Մանավանդ վերջինը, որ փորձված, կիրառված եւ բազում անգամ քննադատված այն բազան է, որը կիրառվել է նախորդ երեք նախագահների իշխանության օրոք եւ որը սովորաբար կոչվում է վարչական ռեսուրս: Մերօրյա Հայաստանում այդ ռեսուրսը ամենաազդեցիկն է մնում միշտ, նկատի ունենալով ազգաբնակչության ստվար մասի սոցիալական, տնտեսական ու հոգեբանական ենթարկվածությունը:

Նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի հաճախ բարձրաձայնած կարգախոսըՙ ազատ, արդար, թափանցիկ ու համաժողովրդային ընտրություններ կազմակերպելու իրենց հանձնառությունը, ի տես վարչական նոր եւ սեփական ռեսուրս ստեղծելու-ամրապնդելու մերօրյա գործընթացին, ստիպված ենք այժմվանից պահանջել, որ նոր իշխանությունը երաշխիքներ տա քաղաքացիներին, որ այդ ռեսուրսը, գոնե հնարավորության սահմաններում, չի օգտագործվելու հօգուտ իշխանությանը:

Այժմվանից այդ պահանջը ներկայացնելը անհրաժեշտ ենք համարում, քանզի ընտրություններին ընդառաջ վերջին նախաձեռնություններն էլ, ի հավելումն ռեսուրսապատումի, գալիս են հիմնավորելու մեր կասկածները, թե առաջիկա ընտրությունները կարող են լինել այնպես, կամ գրեթե այնպես, ինչպես նախկինում, պարզապես դերակատարների փոփոխմամբ:

Այդ նախաձեռնություններից մեկը հրապարակվեց 10 օր առաջ: ՀՀ վարչապետ Փաշինյանը ստեղծել է ընտրական օրենսդրությունը բարեփոխելու ի՛ր հանձնաժողովը, մեծամասամբ բաղկացած յուրայիններից (պետական պաշտոնյաներ ու գրանտակեր «փորձագետներ»), չներառելով անգամ իր գլխավորած կառավարությանը մաս կազմող քաղաքական մյուս ուժերի ներկայացուցիչներին: Ճիշտ է, վարչապետը հանձնաժողովին հանձնարարել է թեմատիկ քննարկումներում ընդգրկել նաեւ «շահագրգիռ մարմինների եւ կազմակերպությունների», սակայն բավական անորոշ եւ անհասցե, ինչը ենթադրել է տալիս, որ հանձնաժողովն այդ պարագան կարող է տնօրինել իր հայեցողությամբ եւ իր քիմքի համաձայն:

Այլ խոսքովՙ ի սկզբանե ապահովված չէ առնվազն գործող ու գործունյա քաղաքական լայն սպեկտրի ներգրավումը երկրի ապագայի համար կարեւորագույն նշանակություն ունեցող հարցիՙ ընտրական օրենսդրության բարեփոխումների մշակման, տեսակետների եւ առաջարկների հաշվառման գործընթացի ժողովրդավարականությունը:

Այս կապակցությամբ մեզ քիչ ավելի մխիթարական պատկեր է ձգտում փոխանցել հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոննիսյանը, որ տարբեր լրատվամիջոցներով փորձում է հասարակությանը իրազեկել (ի դեպՙ նա համակարգողն է «Իրազեկ քաղաքական միավորում» ՀԿ-ի), որ իրենք կամ ինքը արդեն իսկ ձեռնարկել են խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումներ եւ լսել նրանց տեսակետները օրենսդրության փոփոխության վերաբերյալ: Պրն Իոննիսյանը նույնը կրկնեց նաեւ նախորդ գիշեր, «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում, փորձելով այն տպավորությունը թողնել, որ քաղաքական ողջ սպեկտրը ներգրավված է այդ գործընթացում: Սակայն միայն զրուցավար Պետրոս Ղազարյանի պնդումների վրա թվարկեց արտախորհրդարանական չորս կազմակերպության անուն, որոնցից մեկ կամ երկուսի գործուն լինելու մասին միայն իրենից իմացանք...

Այսպիսով հիմնավորվում են մեր մտավախությունները, որ մեկ անգամ եւս խորհրդարանում նստած ուժերը, որոնք ի վերջո ընդունողն են լինելու «բարեփոխական» օրենսդրության, հաստատելու են գործադիր իշխանության ներկայացրած «ազատ, թափանցիկ եւ արդար» ընտրությունների փաթեթը:

***

Ի դեպ, Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունն արդեն մեկ շաբաթ առաջ խնդրո առարկա հանձնաժողովին (ինչպես նաեւ Ազգային ժողովի նմանատիպ մարմնին) է ներկայացրել իր պատրաստակամությունըՙ մասնակցելու քննարկումներին եւ օրենքի փոփոխության նոր առաջարկներ ներկայացնելու:

Կուսակցությունը դեռեւս պատասխան չի ստացել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ