«VIVASTART» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ 8-ՐԴ ԽՈՒՄԲԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐՈՎ «VivaStart» կրթական ծրագիրն իրականացվում է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից` սկսած 2015 թվականից: Այն նպատակ ունի տարբեր բուհերի ուսանողներին հնարավորություն տալ մասնագիտանալու վաճառքի եւ բաժանորդների սպասարկման հատվածում: «VivaStart»-ի 8-րդ խմբի 34 շրջանավարտներն այսօր ստացան իրենց հավաստագրերըՙ ծրագրի շրջանակում նախատեսված, փետրվար-ապրիլ ամիսներին պրակտիկան հաջողությամբ ավարտելու համար: Այդ ժամանակահատվածում ուսանողները հնարավորություն ստացան ձեռք բերել տեսական խորը գիտելիքներ վաճառքի եւ բաժանորդների սպասարկման ոլորտում եւ այդ գիտելիքները վերածել պրակտիկ հմտությունների Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում գործող ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններումՙ բաժանորդների հետ աշխատանքի միջոցով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպված ավարտական արարողության ժամանակ, մինչեւ հավաստագրերի հանձնումը, «VivaStart»-ի շրջանավարտները մասնակցեցին մրցույթի, որն էլ առիթ հանդիսացավ նրանց համար եւս մեկ անգամ ի ցույց դնելու ծրագրի շնորհիվ ստացած մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները: Ուսանողները բաժանվեցին 4 թիմի, որոնցից յուրաքանչյուրը, կիրառելով SWOT-վերլուծության անցկացման մեթոդիկան, վերլուծեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող ծառայությունները: Թիմերի կողմից իրականացված վերլուծության 4 հիմնական ուղղություններն էինՙ 1. ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձայնային եւ ինտերնետային ծառայությունները 2. «My VivaCell-MTS» բջջային հավելվածը 3. Բաժանորդների սպասարկումը 4. Բջջային հեռախոսների եւ սարքավորումների վաճառքը Յուրաքանչյուր թիմ 7 րոպեի ընթացքում ներկայացրեց կատարած վերլուծությունների արդյունքները: Վերլուծության արդյունքները լավագույնս ներկայացրած մասնակիցըՙ Լիլիթ Ղազարյանը, ինչպես նաեւ թիմերի 4 ամենաակտիվ մասնակիցներըՙ Արտաշես Ագարյանը, Սիրանուշ Կարապետյանը, Ռիմմա Գրիգորյանը եւ Հասմիկ Հարությունյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պարգեւատրվեցին շարժական լիցքավորիչներով: Բոլոր շրջանավարտներըՙ հնարավորություն ստացան մեկ ամիս անվճար օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից վերջերս թողարկված «X» սակագնային պլանից: Մրցույթը հնարավորություն տվեց շրջանավարտներին եւս մեկ անգամ ամրապնդելու իրենց գիտելիքներն ու հմտությունները, որին հաջորդեց հավաստագրերի հանձնումը ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կողմից: «Արդեն 3-րդ տարին շարունակ մենք իրականացնում ենք «VivaStart» կրթական ծրագիրը, որի հիմքում ընկած մասնագիտական գիտելիքների եւ գործնական հմտությունների փոխանցումն ուսանողներին հսկայական մասնագիտական ներուժ ու փորձ է տալիսՙ նրանց հետագա մասնագիտական զարգացման համար: Այսօր եւս մեկ անգամ ականատես եղանք այն փաստին, որ «VivaStart»-ի շնորհիվ ուսանողները ձեռք են բերում ոչ միայն ոլորտին առնչվող գիտելիքներ, այլեւ ձեւավորում են քննադատական մտածողություն եւ վերլուծական միտք: Ուստի զարմանալի չէ, որ ծրագրի շրջանավարտները մեծ պահանջարկ են վայելում թե՛ հեռահաղորդակցության ոլորտում, եւ թե՛ առհասարակՙ աշխատաշուկայում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 2015 թվականից մեկնարկած ծրագրի շահառու է դարձել 218 ուսանող: «VivaStart»-ի շրջանավարտներից մոտ 100-ը, մասնագիտական գիտելիքներն ու հմտություններն արդեն կիրառում են տարբեր աշխատավայրերում, այդ թվումՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մրցակիցների մոտ: Նրանցից 20-ը, լավագույն արդյունք ցուցաբերելով, աշխատանքի են անցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման տարբեր կենտրոններում: |