RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018



ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2018-06-28 22:55:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 3619, Տպվել է` 174, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱՄԵԾ ՎՏԱՆԳԸ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Արտաքին թշնամի՞ն է: Ո՛չ: Դարերով ու հազարմյակներով մենք մեր թշնամիներին ի վերջո հաղթել ենք ու մինչեւ ժամանակների վախճանը, չեմ տարակուսում, կհաղթե՛նք: Այդ դեպքում ներքի՞ն թշնամին է: Ասենքՙ կոռուպցիան, որի դեմ այժմ անզիջում պայքար են հայտարարել նոր իշխանությունները, որպեսզի երկրում ստեղծեն ներդումներ անելու, սոցիալական արդարությունը քիչ թե շատ վերականգնելու, երկիրը համայն հայության համար հրապուրիչ դարձնելու, արտագաղթը իրապես հաղթահարելու, ժողովրդի ստեղծարար ռեզերվները զորաշարժի ենթարկելու եւ երազանքի երկիր կառուցելու համար: Դարձյա՛լ ոչ: Այդ ամենը վաղ թե ուշ կարվի, երկիրը կդառնա շատ եւ շատ ավելի լավը, ավելի գայթակղիչ, քան հիմա է: Սակայն մեր երազած դրախտը, ավա՜ղ, դեռ շատ հեռու կլինի: Որովհետեւ մեզ սպառնացող ամենամեծ վտանգը եղել է ու դեռ երկա՜ր-երկար կմնա մեր... ազգային հոգեբանության, մեր հոգեկերտվածքի, ինքներս մեզ չհավանելու, մեր լավը չգնահատելու, հազարամյակների խորքից եկող մեր իսկ արժեքները թերագնահատելու, չարժեւորելու մեր վատ սովորության մեջ:

Արդեն երեսուն տարվա պետություն ենքՙ առնվազն 2 թավշյա հեղափոխություն ենք արել, այն դեպքում, երբ հազարամյակը մեկ հեղափոխություն անե՛լն իսկ շատ մեծ շռայլություն է: Պետության ու ժողովրդի բնականոն զարգացման տեսակետից որեւէ հեղափոխություն հակաբնական երեւույթ է: Որովհետեւ հեղափոխությունները կտրուկ ընդհատում են յուրաքանչյուր հասարակության զարգացման ընթացքը, ծովի փոթորկի նման ալեկոծում են ջրերի խորքից մինչեւ մակերեւույթ, եւ այդ ընթացքում, թարմ շնչի հետ, ջրի երես են հանում նաեւ հատակի դարերով կուտակված տիղմն ու աղբը, տարածում նո՛ր գարշահոտություն...

Ամեն հեղափոխություն իր հետ բերում է նախորդ սերունդների արածն ու ապրածը վերագնահատելու, նորովի իմաստավորելու շատ հաճախ հախուռն եւ անարդարացի պարտադրանք: Մի՞թե այդպես չեղավ ՀՀՇ-ական թավշյա հեղափոխության տարիներին, երբ սկսվեց ու գնալով ծավալվեց մի անբարո ու անարդարացի արշավ խորհրդային 70 տարիներին Հայաստանի ձեռք բերած անխտիր բոլոր նվաճումների դեմ: Անշո՛ւշտ, բոլշեւիկների վայրագությունները դատապարտել պե՛տք էր: Սակայն մի՞թե արդարացի էր խորհրդային 70 տարիներին ժողովրդական տնտեսության անխտիր բոլոր բնագավառներում կատարված մեծագործությունները բացառապես բոլշեւիկյան վայրագությունների պրիզմայի միջով դիտարկելը, ստալինյան ժամանակների հրեշավոր ոճրագորրծությունների պատասխանատվությունը ՀՀՇ-ական հեղափոխության ժամանակների կոմունիստների ուսերին բարդելը, գիտության, կրթության, առողջապահության եւ այլ ոլորտներում արձանագրված նվաճումները առ ոչինչ համարելը: ՀՀՇ-ականները այդ իմաստոով մեր կյանք ներխուժեցին բառացիորեն քաղցած գայլերի ոհմակների նման, սեփականաշնորհման անվան տակ փչացրեցին մի քանի սերունդների տաժանագին տքնանքով ստեղծված նյութական հարստությունները, վաճառեցին ու յուրացրին ավելի քան 1500 խոշոր արդյունաբերական ձեռնարկություն, 600-ից ավելի երբեմնի կոլխոզ-սովխոզներում կենտրոնացված հսկայական քանակի գյուղտեխնիկան, միլիոնավոր անասնագլխաքանակները...Ընդսմին, չէին դադարում բարբաջել, թե կոմունիսատները 70 տարի շարունակ ավերել են մեր երկիրը, ամայացրել են տնտեսությունը: Այնպիսի ատելություն ու թույն էին ժայթքում կոմունիստների հասցեին, որ ժամանակ առ ժամանակ իրական էր դառնում միանգամայն անմեղ մարդկանց արյունարբու հաշվեհարդարի ենթարկելու վտանգը:

Ուրախ եմ, որ այդ հոգեգարության հաղթահարման գործում, որպես լրագրող ու հրապարակախոս, հատկապես «Ազգ»ի էջերում, իմ դրական դերակատարությունն եմ ունեցել, իմ ամենօրյա հոդվածներում մարդկանց սթափության եմ կոչել: Կոմունիստները ի՞նչ են ավերել Հայաստանում, ի՞նչ կար, որ ինչ ավերեին-այն օրերին գրում էի ես,-Երեւանում 10 հատ մետրո կարՙ 9-ը քանդեցին, մե՞կը թողեցին, թե՞ 10 հատ Օպերային թատրոն ու մարզահամերգային համալիր կար, դարձյալ 9-ը քանդեցին, մեկը թողեցին... Ուշքի՛ եկեք, ամո՛թ է...

Անցավ շատ կարճ ժամանակ, եւ մեր Ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի այն ժամանակվա տնօրեն, իմ լուսահոգի բարեկամ Վլադիմիր Խոջաբեկյանը հասարակական լսարանին հաշվարկներ ներկայացրեց, թե ՀՀՇ-ականները Հայաստանից տարել ու դրսում ջրի գնով վաճառել են 7 միլիարդ դոլարի ազգային արժեքներ... Այդ թվումՙ 1,3 միլիոն տոննա մետաղ, որը մետաղի սեփական արտադրություն չունեցող եւ պատերազմող երկրի համար աննկարագրելի ազգադավություն էր: Այնինչ մեր ձեռնարկություններից թալանվող հաստոցային պարկը մետաղի ջարդոնի անվան տակ արտահանվում եւ մեկ տոննան շուրջ 140 դոլարով վաճառվում էր հարեւան Պարսկաստանի շուկաներում, իսկ գումարները, անշուշտ, ոչ թե պետական բյուջե էին մտնում, այլՙ հանգրվանում էին առանձին անհատների գրպաններում կամ արտասահմանյան բանկերի նրանց հաշվեհամարներում:

Նույնը, ավել կամ պակաս թափով ու ծավալներով, շարունակվեց արդեն ՀՀՇ-ական իշխանությունների տապալումից հետո, վերջին 20 տարիների Հանրապետական կուսակցության կառավարման ողջ ընթացքում: Վախենամ, թե այժմ էլ վրա է հասել Հանրապետական կուսակցությանը աուտոդաֆեի ենթարկելու շրջանը: Չեմ կասկածում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա մերձավորագույն շրջապատի գործիչների ձգտումների ազնվությանը: Սակայն չեմ կարող չտեսնելու տալ նաեւ նախորդ իշխանությունների ներկայացուցիչներին հասցեագրված եռացող ատելությունը, նրանց, այդ թվում Ազգային Ժողովի հանրապետական խմբակցության անդամ պատգամավորներին բառացիորեն հոշոտելուՙ շատ-շատերի ներքին պատրաստակամությունը:

Որեւէ դատ դեռ չի եղել, որեւէ մեկի մեղքը կամ անմեղությունը դատարանով դեռ չի հաստատվել կամ հերքվել, իսկ մանավանդ սոցցանցերը լի են այնպիսի առասպելական մեղադրանքներով, մատից ծծած այնպիսի հեքիաթներով, որ քիչ է մնումՙ արյունդ երակներիդ մեջ սառչի: Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալը օրերս հեռուստատեսությամբ հայտարարում էր, թե ոչ մեկի տնից իբրեւ թե 200 կիլոգրամից ավելի ոսկու ձուլակտորներ չեն հանվել, դրանից իբրեւ թե 50 կիլոգրամից ավելին տխրահռչակ գեներալ Մանվել Գրիգորյանին չի պատկանել... Մի՞թե այս կամ այն կասկածանքով մեղադրվողների արածը քիչ էՙ նոր առասպելներ են հորինում: Հանուն ինչի՞: Միաժամանակ, ծայր է առել եւ գնալով ծավալվում է ներկա իշխանավորներին թմբկահարելու, խնկարկելու, քծնելու մի անբարո ու բառացիորեն սրտխառնուք առաջացնող արշավ: Հուսով եմ, Նիկոլ Փաշինյանն այնքան պետական ու մարդկային իմաստություն կունենա, որ իրեն երկինք հանելու էժանագին դրսեւորումները, իր ամեն քայլը համարյա թե Սասունցի Դավթին արժանի արարք ներկայացնելու ստորաքարշ պնդումները գոնե ներքուստ կմերժի: Քծնողը չի՛ կարող իսկական բարեկամ լինել: Իշխանության իրական բարեկամը նա է, ով տիրակալի ականջին առավոտից երեկո շշնջում էՙ հիշիր, որ դո՛ւ էլ ես մահկանացու...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ