ՈՏՆԱՄԱՆՆԵՐ... ԼԵՅԴԻ ԳԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ Հ.Ծ. Լոս Անջելեսում հրատարակվող «Business Insider» պարբերականը, «Միրոր-Սփեքթեյթրի» հաղորդմամբ, կարճամետրաժ տեսահոլովակ է պատրաստել հանրահռչակ դերասան-դերասանուհիներին սպասարկող, կոշիկի կամ ավելի ճիշտ ոտնամանների եզակի նմուշներ պատրաստող հայազգի Գարի Գազանճյանի մասին: «Andre N1» մակնիշի, խելացնոր շքեղությամբ բրենդային այդ ոտնամանները մեծ պահանջարկ ունեն Լեյդի Գագայի, Քիսի, Օփրա Ուինֆրեյի, Բրիթնի Սպիերզի, եւ ինչու չէ նաեւ Ջոնի Դեփի նման գերաստղերի կողմից: Դրանք ըստ հաճախորդների ճաշակի եւ քմահաճույքի, անհատական պատվերներով են պատրաստվում եւ «իսկը նրանց վրայով են լինում»: «Սովորական խանութներում վաճառվող կոշիկները շատերին կարող են սազել, բայց մեր բրենդային ոտնամանները անհատական բնույթ ունեն եւ նմանը կարելի չէ գտնել: Դրանք սովորաբար ամենաթանկ կաշվից եւ փայլուն գունավոր մետաղամասերից են պատրաստվում եւ կարող են արժենալ 6-8 հազար դոլար», նշում են դիզայներները, որոնք 3D սքաներ են օգտագործում ոտքերի ճիշտ կաղապարը պատրաստելու համար: Նյութը հիշեցնում է Պարոնյանի Սեդրակ աղային, որի «կօշիկները քիչ մը լայնկեկ շինէիք նէ, չէ՞ր ըլլար» բողոքին, կոշկակարը պատասխանում է. «Չ՛ըլլար, Սեդրակ աղաս, չ՛ըլլար, ամէն խանութ նամուս ունի: Մենք մեր խանութին պատիւը չենք կրնար կոտրել անանկ մեծ, լայն ու տձեւ կօշիկներ կարելով: Ամէն մարդ իր գործը գիտէ»: Չգիտեմ լոսանջելեսաբնակ Գազանճյանը ծանոթ է «Քաղաքավարության վնասների» այս հերոսի պատմությանը, թե ոչ, բայց վստահ եմ, որ նա «իր գործը լաւ գիտէ»: |