ԶԱՐՄԱՑԱԱԾ, ՎԱԽԵՑԱԱԾ ԵՎ ԵՐՋԱՆԿԱՑԱԱԾ Հ. ԱՖՅԱՆ Պարզվեց, որ Հայաստանում շատ մարդիկ ապօրինի են հարստացել: Իհարկե շատերս գիտեինք ու պարբերաբար հիշեցնում էինք նրանց մասին, բայց պարզվեց, որ համապատասխան մարմինները բավարար «դուխով» չէին, որպեսզի նրանց պատասխանատվության ենթարկեն: Դե այսինքն «սիրո եւ ներխուժման» հեղափոխության շրջանակներում շնորհքով մտնեն նրանց տներն ու այդ տներում գտնեն զինվորի ու մեր բաժինը: Հիմա Հայաստանում «դուխը» միայն առաջնագծում չէ, այն նաեւ շատերիս գլխարկների ու շապիկների վրա է գրված, ինչի արդյունքում Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին են փողոցից բերման ենթարկում, ինչ է, թե մարդը ապօրինի զենք է կրել: Ճիշտ է, Ալեքսանդր Սարգսյանին նույն օրն իսկ բաց թողեցին, հավանաբար պարզելով, որ զենքն ապօրինի չի եղել մոտը, բայց ամեն դեպքում, Սերժ Սարգսյանի օրոք նրա եղբայրը երբեք բերման չէր ենթարկվի, այն էլ կարմիր շապիկով ու օրը ցերեկով, Սայաթ-Նովա փողոցում, ինչեւէ: Դուք չգիտեմ, բայց ես այդպես էլ չհասկացա, թե ի՞նչ է նշանակում Հայաստանում ապօրինի հարստացած: Չէ, տարբերակներ ունեմ, օրինակ այն, որ Հայաստանում ապօրինի հարստացած է համարվում այն անձը, որը տարիներ շարունակ բացի աշխատավարձից ունեցել է նաեւ այլ կողմնակիՙ օրենքով արգելված եկամուտի աղբյուրներ, պաշտոնական կամ կիսապաշտոնական դիրքը չարաշահելով կողոպտել է պետությունը, առանձին մարդկանց, իրականացրել է ֆինանսական, հարկային տարբեր նենգ գործարքներ եւ օրերից մի օր, ինչպես ասենք Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, հանկարծ հայտնաբերել է, որ ձեռքի պայուսակում 120 հազար դոլար ունի, 436 հազար դրամ, ու մի քանի միլիարդ դրամ էլ բանկումՙ կնոջ անունով: Եթե հենց նման մարդիկ են կոչվում ապօրինի հարստացած, ապա թույլ տվեք հարցնել, թե վերջին տարիներին Հայաստանում արդյոք հնարավոր եղե՞լ է ոչ ապօրինի հարստանալը: Դե այսինքն, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին հնարավո՞ր էր, որ մարդն ապրի Հայաստանում, ու բացառապես իր աշխատավարձով կամ բիզնեսի եկամուտներով (օրինակ) հարստանալ: Իմ կարծիքով նման մարդ Հայաստանում չկա, հետեւաբար ի՞նչ է նշանակում ապօրինի հարստացածների դեմ պայքար, եթե կարելի է պայքարել պարզապես հարստացածների դեմ: Ճիշտ է, Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնագահ Էդուարդ Շարմազանովն ասում է, թե հարստանալը վատ բան չէ, վատը ապօրինի հարստանալն է, բայց սա այն դեպքն է, երբ հարգարժան Շարմազանովը չի մեջբերում համաշխարհային գրականության կամ քաղաքականության դասականներին, ինքն իր բառերն է ասում, ենթադրում եմ, որ սա այն պատճառով, որ դասականները հրաշալի հասկանում էին եւ են, որ մեծ հարստությունն առանց փոքրիկ ու մեծ ապօրինությունների հնարավոր չէ ու ոչ միայն Հայաստանում: Հիմա, կա՛մ համապատասխան մարմինները Հայաստանում հարստացածներին բոլորին անխտիր, բայց հերթով-շնորհքով հրավիրում են զրույցի, կա՛մ էլ դադարեցնում են պայքարը բացառապես այն հարստացածների դեմ, որոնց դեպքում կարեւորը ոչ այնքան այն է, թե ոքան փող ունեն ու որտեղից, այլ այն, թե ո՞ր կուսակցությունից են, կամ ո՞ր կուսակցության պարբերական վերարտադրությունն են շարունակ ֆինանսավորել: Հակառակ պարագայում այս պայքարն ընկալելի է ոչ թե որպես Հայաստանում մահամերձ վիճակում գտնվող արդարության վերականգնում, այլ քաղաքական վենդետա, կամ էլ արտահերթ ընտրություններից առաջ մրցակցին փողից զրկելու ցանկություն: Բայց քանի որ բոլոր հարուստներին թեկուզ հերթով զրուցելու կանչելը կդիտարկվի որպես կուլակաթափության փորձ, ինչն անթույլատրելի է, մեզ մնում է միայն ուշադիր հետեւել այն ամենին, ինչը տեղի է ունենում եւ բավարարվել արդարությանՙ Ալեքսանդր Սարգսյանի ասած 50-50 վերականգնմամբ եւ ուրախանալ, որ համապատասխան տեղերից մեր կամ մեր հարազատների հարուստ տները չեն գնում: |