ՄԱՐԶԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ Մեկնարկել է բնակարանաշինության ծրագրում ընդգրկված ընտանիքների իրազեկման գործընթացը ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմերն առաջիկայում շինարարական աշխատանքներ կիրականացնեն հանրապետության տարբեր մարզերում: Երկկողմ գործակցության պայմանագրով, կողմերն ընթացիկ տարում կշարունակեն բնակարանաշինության ծրագրով ստանձնած առաքելությունը: Մարզերում ուսումնասիրությունների փուլն արդեն ավարտվել է: Մեկնարկել է ծրագրում ընդգրկված ընտանիքների իրազեկման գործընթացը: «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմն այցելել է Արագածոտնի մարզի Զարինջա գյուղՙ ծրագրի շահառու դարձած ընտանիքներից մեկին: Աթոյանները երեք տարի առաջ փորձել են բնակարանի խնդիր լուծել: Ընտանիքի հայրըՙ Արամը, տուն գնելու համար վարկ է վերցրել: Ձեռք բերված կառույցը, սակայն, չի արդարացրել երիտասարդ ընտանիքի հույսերը. կիսաքանդ հատակով, կաթացող տանիքով, շարքից դուրս եկած դուռ-պատուհաններով շինության ներսում նրանց հաջողվել է դիմանալ ընդամենը երկու ամիս: Արամի համար իր գնած կիսակառույցը կարգի բերելու ցանկությունը դարձել է հեռավոր երազանք: «Ամբողջ ընտանիքով աշխատում ենք, սակայն տարիների ընթացքում միայն այս կիսավեր տունը կարողացանք ձեռք բերել: Հույս ունեինք, որ կկարողանանք մեր ուժերով վերանորոգել, ապրելու համար պիտանի դարձնել, սակայն տարիներն անցնում են, երեխաներըՙ մեծանում ու հոգսն էլՙ ավելանում: Իմ եւ եղբորս ընտանիքի հետ, 11 հոգով ապրում ենք ծնողներիս տանը: Առանց աջակցության, անհնար է առաջիկա տարիներին ավարտին հասցնել շինարարությունը»,-ասել էՙ Արամը: Բնակարանաշինության ծրագրում ընդգրկվելու մասին Աթոյանները տեղեկացել են վերջին ուսումնասիրության համար այցելած կազմակերպության ներկայացուցիչներից: «Ծրագիրը միտված է օգնելու տան կարիք ունեցող բազմանդամ ընտանիքներին, որոնք իրենց ուժերով չեն կարողանում իրականացնել շինարարությունը եւ միայն մի օգնության ձեռք է հարկավոր դժվար կացությունից դուրս գալու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցությունը հենց այդ օգնությունն էՙ ընտանիքներին Հայաստանում պահելու, սերունդների համար ավելի բարեկարգ հայրենիք ստեղծելու գործում»,-ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի նախագահ Աշոտ Եղիազարյանը: Ուսումնասիրության արդյունքում ընտրված ընտանիքը, մեկ տարվա ընթացքում կավարտի տան շինարարությունը եւ կտեղափոխվի ապրելու կոմունալ հարմարություններ ունեցող բնակարանում: |