RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2018-10-05 14:03:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 5072, Տպվել է` 542, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕՐՎԱ ԱՍՏՎԱԾԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եթե մոռացել եք, ապա հիշեցնեմ, որ ժուկով-ժամանակով, լինում է չի լինում մի կուսակցություն է լինում, անունը` Հանրապետական: Բացի նրանից, որ այս կուսակցությունը ունենում է գաղափարախոսություն, ինչը հայաստանյան իրականության մեջ հազվադեպ հանդիպող բան է քաղաքական ուժերի համար, այդ գաղափարախոսությունը հիմնված է լինում Գարեգին Նժդեհի ուսմունքի վրա, որին, ի դեպ, կուսակցությունում ոչ բոլորն են ծանոթ լինում, եթե իհարկե տասը հոգի ծանոթ լինում է: Հայտնի չէ` խելքի, թե ճարպկության շնորհիվ Հանրապետականը դառնում է իշխանություն եւ աստիճանաբար ամրապնդվում կառավարությունում, Ազգային ժողովում, դատարարաններում, մարզպետարաններում, քաղաքապետարաններում, գյուղապետարաններում, դպրոցներում, նույնիսկ մանպարատեզներում: Բոլոր տեսակի ընտրություններում, լինեն դրանք հանրապետության նախագահի, ինչ-որ քաղաքապետի, թե շենքի լիազորի, անգամ սեղանի թամադայի, ընտրվում են բացառապես հանրապետականները, եւ ստեղծվում է մի իրավիճակ, երբ երկրում մարդիկ բաժանվում են երկու մեծ խմբի` հանրապետականներ եւ ոչ հանրապետականներ: Ընդ որում, հանրապետականներն ամենեւին էլ թվաքանակով չեն զիջում ոչ հանրապետականներին. ամեն դեպքում բոլոր ընտրություններում հաղթում են, անկախ նրանիցՙ հանգուցյալները քվեարկո՞ւմ են, թե ոչ: Մի խոսքով, այս կուսակցությունը կարողանում է հասնել նրան, որ Մելիք-Ադամյան փողոցից բաշխվում են հանրապետության բոլոր պաշտոնները` նախարարից սկսած մինչեւ սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար, նայած թե կուսակցությունից հատկապես ում հետ ես լավ կամ մոտ:

Թե ինչ է տեղի ունենում հետո, բոլորս գիտենք, ինչու է տեղի ունենում` նույնպես...Արդյունքում Հանրապետականը դառնում է ընդդիմություն` պահպանելով սակայն խորհրդարանում ամենամեծ խմբակցությունը: Հենց այդ խմբակցության ղեկավարն էլ օրեր առաջ մի հրաշալի հայտարարություն է արել: Հարցին, թե ի՞նչ է մտածում Հանրապետականը երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, Վահրամ Բաղդասարյանը խորը շունչ է քաշել եւ պատասխանել` ՀՀԿ-ն նման բաների մասին չի մտածում, քանի որ ավելի լուրջ գործեր կան: Հետո, արդեն Փաշինյանի հետ բանակցություններում Բաղդասարյանը վերահատատեց ՀՀԿ-ի դիրքորոշումը: Այսի՞նքն, չէ, շատ հնարավոր է, որ իսկապես մարդիկ ավելի լուրջ գործեր ունեն, օրինակ դատախազությունում կամ դատարաններում, կամ չի բացառվում, որ գիրք են կարդում` վերջապես դրա համար ժամանակ գտնելով, կամ ասենք վերլուծում են իրենց սխալները, որոնք եթե չլինեինՙ Նիկոլ Փաշինյանը կշարունակեր ապրել երրորդ մասի իր տանը` սիրո եւ համերաշխության մասին էլ ոչ թե ՄԱԿ-ին կպատմեր, այլ հեքիաթ կգրեր...Մի խոսքով, հնարավոր է, որ Հանրապետականն իսկապես շատ զբաղված է, բայց կոնկրետ ինչո՞վ: Ի՞նչը կարող է ավելի կարեւոր լինել պետության թիվ մեկ քաղաքական հարցից` երկրի խորհրդարանում քաղաքական մեծամասնության համար: Մանավանդ որ Ազգային ժողովի փոխնախագահ Շարմազանովն ասում է` եթե խորհրդարանը ցրվեց, Հայաստանում սկսվում է պետական մակարդակով Նիկոլի պաշտամունքի շրջան: Բա ՀՀԿ-ն դա ուզում է թույլ տա՞լ, եթե ոչՙ ապա ինչո՞ւ է ավելի կարեւոր գործեր ձեռնարկել, երբ պետությունը փաստացի կարող է վերածվել կռապաշտության օջախի: Նույն Շարմազանովն ասում է` Նիկոլը ժողովրդով է սպառնում, բայց մենք էլ ժողովուրդ ունենք: Շատ լավ, բա ո՞ւր է այդ ժողովուրդը, նկատի չունեմ Փաշինյանին Աստծու հետ շփոթածներին, այլ հենց Հանրապետականի ժողովուրդը, որը ըստ ԱԺ-ի վերջին ընտրությունների` 700 հազարն անցնում էր, ո՞ւր է: Ինչո՞ւ երբ 250 հազար մարդ բղավում էր Նիկոլ-վարչապետ, գոնե 50 հազար մարդ չկար, որ բղավեր` ՀՀԿ-մնա...

Չգիտե՞ք, ես գիտեմ, որովհետեւ Հանրապետականի ժամանակ էլ կռապաշտություն կար, իսկ կուռք ունեցողների համար ամենեւին էլ կարեւոր չէ, թե ով է իրենց այդ օրվա Աստվածը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ