RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018



Տեղադրվել է` 2018-10-05 14:03:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 4495, Տպվել է` 537, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ

Հ. ԱՖՅԱՆ

Ռոսիա 1 հեռուստաալիքը ֆիքսել է, որ Դուշանբեում վարչապետ Փաշինյանն ու նախագահ Ալիեւը միեւնույն վերելակից են դուրս գալիս: Եթե համարենք, որ երկուսն էլ վերելակում գտնվել են մոտ 10-15 վայրկյան, ապա կարող ենք ասել, որ Տաջիկստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Փաշինյան-Ալիեւ մոտ 10-15 վայրկյանանոց առանձնազրույց, ընդ որում` փակ դռների հետեւում: Ի՞նչ են խոսել, գաղտնիք չէ. Փաշինյանը , իր կարծիքով, Տաշքենդից, իսկ իրականում Դուշանբեից վերադառնալուն պես live մտավ ու ասաց, որ Ադրբեջանի նախագահի հետ 2 հարցում պայմանավորվել են, առաջինըՙ թուլացնել լարվածությունը շփման գծում, երկրորդըՙ հաստատել օպերատիվ կապ: Այսինքն` եթե Փաշինյանը ցանկանա խոսել Ալիեւի հետ, կարող է անմիջապես կապ հաստատել հետը, եւ հակառակը` եթե Ադրբեջանի նախագահը մեր վարչապետի հետ զրուցելու կարիք ունի, նույնը կարող է անել: Հիմա երկու երկրների մասնագետները փորձում են հասկանալ, թե ինչպես կապեն Փաշինյանին ու Ալիեւին:

Փաշինյանն արդեն Երեւանում ասաց, որ Ալիեւն իր վրա բավականին կրթված ու դրական մարդու տպավորություն թողեց: Կրկնում եմՙ Ալիեւը Փաշինյանի վրա բավականին կրթված ու դրական մարդու տպավորություն է թողել, այն նույն Փաշինյանի, որի կարծիքով` հանրապետության երեք նախագահներից երկուսը քաղաքական դիակ են: Բայց սա դեռ մի կողմ. Ալիեւից փոխադարձ հաճոյախոսությունն ուշանում է, եւ ուրեմն` կա՛մ մեր վարչապետը չի տպավորել Ադրբեջանի նախագահին, կա՛մ էլ նա բոլորովին այլ ու ավելի կարեւոր գործեր ունի: Ըստ երեւույթին` երկրորդն է, քանի որ Դուշանբեում Փաշինյանի հետ պայմանավորվելուց հետո Ադրբեջանի նախագահն իր արտգործնախարարին կարգադրում է, որպեսզի կոչ անի աշխարհինՙ ճնշել Հայաստանին:

Ավելին` Բաքվում ընդդիմությունըՙ «Ազատագրենք Ղարաբաղը» կարգախոսներով ցույց է անում, որի նախաձեռնողները շեշտում ենՙ Ղարաբաղի հարցում Ադրբեջանի իշխանությունն ու ընդդիմությունը միասնական են: Ի դեպ, ցույցն օրեր առաջ արտոնվել է հենց Ադրբեջանի իշխանության կողմից; Փաշինյան-Ալիեւ հանդիպման հաջորդ օրն էլ հենց Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը հաղորդել է իր ենթականերին գերագույն գլխավոր հրամանատարի որոշումըՙ ավելի կատարելագործված մարտական հերթափոխ իրականացնել եւ տեխնիկական միջոցները շփման գծի ողջ երկայնքով ավելի լայնորեն կիրառել:

Ի դեպ, երբ Ստեփանակերտը ողջունեց Դուշանբեում Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածությունները, հատուկ շեշտեց, որ Ալիեւին հավատալ չի կարելի: Հետո սա կրկնեց նաեւ Փաշինյանն անձամբ, բայց փաստ է, որ Արցախում նույնիսկ տասը տարեկան պատանին ավելի լավ է ճանաչում Ալիեւին, քան նրան պետք է ճանաչի երկրի ղեկավարությունը: Ի դեպ, ՀՀ վարչապետի խորհրդականները տեղեկացնո՞ւմ են նրան, որ Ադրբեջանի նախագահն իր հետ շատ փափուկ է խոսել, որովհետեւ ՀԱՊԿ-ում դիտորդ դառնալու խնդիրներ է լուծում, կամ` Ալիեւը չի կարող կրթված մարդ լինել, քանի որ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, մեղմ ասած, լավ չի սովորել... Առհասարակ, որեւէ բան վարչապետին տեղեկացնո՞ւմ են: Օրինակ` Գյումրիի տոնի մասին չէին տեղեկացրել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ