RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018



ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2018-10-05 14:03:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 4013, Տպվել է` 536, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԳԵՐԱԿԱ՞. Ո՞Վ Է ՀԵՂԻՆԱԿԸ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Նորանկախ Հայաստանի անցած տասնամյակներին օր չի եղել, որ երկրի տնտեսության պատասխանատուներից որեւէ մեկը չնշի ՀՀ-ից արտահանումը գերակա համարելու անհրաժեշտության մասին: Կարծես ականջահաճո հերթական ու հերթապահ խոսքեր են ասվել, ինչպիսին է, ասենք, հալվա-հալվա ասելով բերանը չի քաղցրանա արտահայտությունը: Այ, եթե քիչ թե շատ հասանելի օրինակներով ներկայացվեր, թե ինչու մեր երկիրը պետք է հոգա այս ու այն պետության այլեւայլ կարիքներն ու անհրաժեշտությունները, որոնց շնորհիվ թե մեր հարգն ու պատիվը կբարձրանա, թե մեր հայրենակիցներն իրենց լավ կզգան, հետն էլ ՀՀ ֆինանսական միջոցները կավելանան եւ նման բաներ, ինչ-որ առումով նպատակն արդարացված կլինի: Բայց ասենք երբ երկրի ընդերքի հարստությունն է վաճառվում, բանի նման չէ: Նույնը Սեւանա լճի ջուրն ենք շռայլում, լոլիկ ու վարունգ աճեցնում, դրանք արտահանելով պարծենում, կներեքՙ դարձյալ բանի նման չէ: Ասվածները, թող ներվի սիրողական մակարդակով տնտեսվարման ու տնտեսագիտության իմացության համար, տնտեսական կայացման հուսալի միջոցներ չեն, այլՙ մարդկանց անվերջ հույսով ներշնչելու ձեւեր, որը նույնն է, ինչ սեփական անզորությունն ու անկարողությունը թաքցնելու յուրօրինակ փորձեր: Պարտադրված նման գնահատականի ենք հանգում կայացող եւ արդեն կայացած փոքր ու մեծ երկրների ֆինանսական վիճակագրությանը ծանոթանալու արդյունքում, առավել խոր եւ մասնագիտական վերլուծությունները թողնելով առանձին ոլորտներն ուսումնասիրած գիտնականներին, որոնք մեզանում քիչ չեն: Խնդիրը փորձենք դիտարկել փաստերի օգնությամբ:

Սկսենք գերհզոր տնտեսություն ունեցող ԱՄՆ-ից: Ըստ այս երկրում 1868 թ.-ից լույս տեսնող «Համաշխարհային փաստեր. 2018» տեղեկատուի, 1980 թվականից սկսած, երբ երկրի տնտեսությունն աննախադեպ թափ ցուցադրեց, ԱՄՆ-ի առեւտրային հաշվեկշիռը բացասական էր: Նշված տարում այն 19,4 մլրդ դոլար մինուս է կազմել, 10 տարի անց ցուցանիշը 80 մլրդ դոլարի է հասել: 2000 թվականին բացասական հաշվեկշիռը կազմել է 373 մլրդ դոլար, եւս 10 տարի, այն արդեն 495 մլրդ դոլար էր: 2016 թվականին առեւտրային հաշվեկշիռն արդեն բացասական էր ամբողջ 505 մլրդ դոլարով: Ասել, թե այս պայմաններում ԱՄՆ-ի տնտեսությունն ինչ-որ խնդիրներ է ունեցել, չենք կարող: 1999-ին երկրի համախառն ներքին արդյունքը եղել է 9,2 տրիլիոն դոլար, հիմա դրա կրկնապատիկից ավելինՙ 19 տրիլիոն դոլար, բյուջեն համապատասխանաբար 1,6 եւ 3,9 տրիլիոն դոլարներ: Վստահ եմ ընթերցողները տեղյակ են, որ երկրի ներկայիս նախագահ Դ. Թրամփը ցանկանում է փոխել բացասական առեւտրային հաշվեկշիռը: Անշուշտ, այն արդարացվում է տնտեսությունը բարեփոխելու խոստումներով, որը մինչ այս տարօրինակորեն իրականացվել է չարաբաստիկ համարվող հարաբերությունների պայմաններում: Թե ինչ կստացվի էքսցենտրիկ նախագահի ձեռնարկումների արդյունքում, ցույց կտա առաջիկան: Այսուհանդերձ ԱՄՆ-ի կառավարիչներին հաջողություն մաղթենք, քանզի այդտեղ են ապրում միլիոնից ավելի մեր հայրենակիցները, որոնցից շատերի ՀՀ ուղարկած ֆինանսական միջոցներով են նաեւ ապրում ու գոյատեւում տասնյակ հազարավոր հայաստանաբնակներ: Չմոռանանք նաեւ կառավարության մակարդակով ստացվող գրանտները, վարկերը, օգնություններն ու նվիրատվությունները, այլ ծառայություններ մատուցելը: Հետագա ասելիքս էլ պարտադրված եմ հիմնավորել թվերով, որոնց համար ընթերցողի բարյացակամությունն եմ ակնկալում:

Անշուշտ կգտնվեն մարդիկ, ովքեր կազմավորելով ԱՄՆ-մոնստր գնահատականը, մասամբ թե հիմնավորապես թերահավատորեն կդիտարկեն բերված օրինակը: Բայց ի՞նչ կարող ես հակադրել վիճակագրությանը, երբ ԱՄՆ-ի առեւտրային հաշվեկշիռը բացասական է թե՛ հյուսիսային ու հարավային հարեւաններ գերզարգացած Կանադայի ու համեստ Մեքսիկայի, թե՛ Եվրոպայի առաջատար Գերմանիայի պարագաներում: Առաջինի հետ մինուսը 2016-ին 17 մլրդ դոլար էր, երկրորդի հետՙ 66 մլրդ դոլար, իսկ Գերմանիայի հետՙ մոտ 67 մլրդ դոլար: Վերջինից ԱՄՆ ներմուծումը կազմել է 116 մլրդ դոլար, ԱՄՆ-ից արտահանումըՙ 49 մլրդ դոլար, եւ հարցըՙ թե ինչպես է հնարավոր խախտել այս հարաբերակցությունը, դժվար է գուշակել: Գաղտնիք չէ, որ գերմանական ապրանքները, լինեն թե մեքսիկական գյուղմթերքները, ամերիկացիների մոտ պահանջարկ ունեն, այնպես որ ով-ում մրցակցությանը փորձություն է սպասում:

Վերցնենք փոքր որակվող երկրիՙ Իսրայելի տնտեսության ցուցանիշները: Նախորդ դարավերջին երկրի բնակչությունը 6 մլն էր, ՀՆԱ-նՙ 105 մլրդ դոլար, որից արտահանվել է 23 մլրդ դոլարը, երբ ներմուծումը կազմել է 30 մլրդ դոլար: Հիմա բնակչությունը մոտ 8 մլն է, ՀՆԱ-ն 300 մլրդ դոլար, արտահանումըՙ 51 մլրդ դոլար, ներմուծումըՙ 58 մլրդ դոլար: Նման արդյունքներն Իսրայելում իրենք իրենց չէ որ ձեռք են բերվում, այլ երկրի առօրյա պահանջները հետեւողականորեն լուծելու շնորհիվ: Ասենք, առաջնահերթ սննդակարգը, որտեղ կրոնական շարժառիթով խոզի միս չսպառող հրեից 1 բնակչի հաշվով տարեկան մինչեւ 80 կգ հավի միս է արտադրվում, գումարած մանր ու խոշոր եղջերավորը, երբ ՀՀ հավի մսի արտադրության ցուցանիշն անգամ 4 կգ չէ, անասնագլխաքանակն էլ նվազող: Իսրայելին բնորոշ պատկեր է երկիր մոլորակի կայացող եւ արդեն կայացած յուրաքանչյուր պետությունում: Կառավարությունները նախ լուծում են սեփական քաղաքացիների ու երկրի պարենային ապահովությունն ու անվտանգությունը, հանրություն-իշխանություն հարաբերություններում բարերար միջավայր են հաստատում, որն էլ նպաստում է գործարար առողջ հարաբերությունների ձեւավորմանը:

Այս առումով զարգացող մի երկրի օրինակ դիտարկենք, մեզ հարազատ հայաշատ Լիբանանի: Դարասկզբին այն հազիվ 4 մլն բնակիչ ուներ, 16 մլրդ դոլար ՀՆԱ, արտահանումն ընդամենը 1 մլրդ, ներմուծումը 6-7 մլրդ: Վերջին տարիների ցուցանիշները մոտավոր հետեւյալն են. բնակչությունը 6,3 մլն, ՀՆԱ-ն 85 մլրդ, արտահանումը 3 մլրդ, ներմուծումը 18 մլրդ դոլար: Հիմնական առեւտրային գործընկերներն այնպիսի հսկաներ են, ինչպիսիք ԱՄՆ-ն ու Չինաստանն են, Գերմանիան ու Ֆրանսիան: Անկեղծ գտնվեմ եւ նշեմ, որ բավարար տեղեկացված չեմ լիբանանյան արդյունաբերությունից, որպիսին վերակենդանացնելու պահանջ Հայաստանում հաճախ է հնչեցվում: Բարեկամ երկրի տնտեսական ոլորտում առանձնանում է բանկային համակարգը, զբոսաշրջությունը, տեքստիլը, գինեգործությունը, որոնք մեզանում էլ կան, միայն թե փոքր ծավալներով: Ըստ արդեն հիշատակված տեղեկատուի, Լիբանանը զբոսաշրջությունից ստանում է 7 մլրդ, ՀՀ-նՙ 1 մլրդ դոլար:

ՀՀ-ից արտահանումը նախորդ 10-ամյակի ավարտին մոտենում էր 1 մլրդ դոլարի, երկրորդ 10-ամյակի ավարտին թերեւս մոտենա 2 մլրդ դոլարի: Հարցնենք, շա՞տ բան է փոխվել ՀՀ-ում: Արդյո՞ք առավել բարեկարգ են մեր մայրուղիներն ու միջհամայնքային ճանապարհները, հաճելի արտաքին ու ներքին տեսք ունեն մանկական ու կրթական համալիրները, առողջապահական հաստատությունները, բարվոք են հանգստի ու ժամանցի վայրերը: Պետական այրերը միայն այն են անում, որ խոսում են փոքր ու միջին գործարարության խթանումից, գյուղական զբոսաշրջության խրախուսումից, մեր բնակավայրերը երիտասարդության համար գրավիչ դարձնելուց եւ հաջողությամբ հակառակն իրականացնելով հայաստանցուն օտարում են իր միջավայրից: Համայնք չկա, որի ղեկավարը շքեղ ռեստորան կամ առեւտրի կենտրոն չունենա, քաղաքի նրանց նմանակները սրճարանների ու լողավազանների, երթուղային գծերի ու գեղեցկության սրահների, շինարարական ու սննդի վերամշակման հզորությունների տերեր են: Այսօրինակ ոլորտներում մրցակցային միջավայր չկա, գները բարձր են, ստվերը զգալի, արդյունքումՙ տնտեսական կյանքը շնչահեղձ, արդեն որերորդ տարին 10 մլրդ դոլար ՀՆԱ-ի սահմանում: Թե ինչ կարելի է արտահանել այս աննշան ու ամոթալի ցուցանիշից, դժվար է պատկերացնել:

Պարտադրված թե անհրաժեշտությունից ելնելով մարդիկ առ եւ տուր գործունեություն ծավալել են, որը հայտնի է պարզ ապրանքափոխանակություն անվանումով: Դե, մի տեղ շուրջտարյա տաք եղանակն է բարենպաստ, մի այլ պարագայում անծայրածիր են հողատարածքները, երրորդի դեպքում նպաստավոր է մարդկանց փորձը, այնպես որ մեր օրերում առեւտուրը առեւտրային քաղաքականություն է որակվում, երբեմն առեւտրային պատերազմ հայտարարվում, ինչպես հիմա Եվրոպայի, ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ տեղի ունեցողն է: Մենք էլ ենք այս գործընթացի մեջ, միայն թե յուրօրինակ ու տարօրինակ: Համաշխարհային տնտեսական հսկաներին հատուկ գերժամանակակից ջերմոցներ ենք կառուցում, ներմուծվող գազով տաքացնում եւ միայն մատչելի աշխատուժի հաշվին լոլիկ ու վարունգ աճեցնելով այն արտահանում ու գերշահույթներ ստանում, տեղում էլ ամառվա կեսին անհավանական գներով ջերմոցի արտադրանք վաճառում: Այս ընթացքում սեփական հողատարածքները չեն մշակվում, անգամ սոխ ու սխտոր ենք ներմուծում, չխոսելով առաջնահերթ հացահատիկի, մսի ու կաթի հումքի, բուսական ու կենդանական յուղերի, հատիկաընդեղենների մասին: Փոխարենն ամեն առիթով է խոսվում հայաստանյան մեղրի հանդեպ համաշխարհային հետաքրքրությունից, որն այդպես էլ իրողություն չի դառնում: Տեսեք ինչ գնով է Եվրոպայում վաճառվում բնական մեղրի կիլոգրամը. 4,78 եվրոն մեր 2600 դրամն է, ասել է թե այն մթերվել է առավելագույնը 1500 դրամով, քանզի վաճառվող գնի մոտ կեսը հարկերն ու բարձր աշխատավարձն են:

Պատկերը նույնն է արդյունաբերությունում: Ներկրվող հումքից տասնյակ միլիոններով տրիկոտաժեղեն է թողարկվում, արտահանվում, փոխարենը Չինաստանից ու Թուրքիայից ամենատարբեր տեսակի ու որակի հագուստ է ներկրվում: Մեզանում իսպառ բացակայում է կաշվեհումքի վերամշակումը, երբ համապատասխան հզորությունն առկա է: Նույնն է էլեկտրալամպերի պահածոյացված գործարանի պարագայում: Որոշ առումներով զավեշտալի է, որոշ դեպքերում ծիծաղելի, երբեմն պարզապես տարօրինակ: Անշուշտ, լրագրային էջի սահմանում, ինչ-որ առումով սիրողական մակարդակով, հնարավոր չէ միանշանակ պատասխանել տրված հարցին, որն առավել համոզիչ կոչված են անել մասնագետները, միայն ոչ հայտարարությունների, այլ փաստերի նշումով:

Իրոք. մտորելու շատ բան կա մերօրյա Հայաստանում, որը լրագրությանը զուգահեռ առավել պետական այրերի անելիքն է, նրանց օգնական-խորհրդականների գործը: Մինչ նրանք կլծվեն իրենց այդ պարտականությանը, մեր ասելիքն ավարտենք վերջին տարիներին առեւտրային դրական ու բացասական հաշվեկշիռ ունեցող, պատահականության սկզբունքով ընտրված 7-ական երկրների թվարկումով: Բացասական հաշվեկշիռ ունեն Ֆրանսիան, Դանիան, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Վրաստանը, Իտալիան, դրականՙ Անգոլան, Ադրբեջանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Վենեսուելան, Թուրքմենստանն ու Ղազախստանը:

Այնպես որՙ հիմա ձե՛ր մտորելու ժամանակն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ