RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018



Տեղադրվել է` 2018-10-05 14:03:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 4505, Տպվել է` 525, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԵՆՍԱԳԱԶԻ ԷՆԵՐԳԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Աշխարհի շատ երկրներում կենսազանգվածից էներգիայի ստացումը ամեն տարի ավելանում է: Կենսազանգվածից էներգիայի ստացման հզորությունները ողջ աշխարհում կազմում է վերականգնվող էներգետիկայի հզորությունների ավելի քան հինգ տոկոսը: Այդ էներգիան օգտագործվում է ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Չինաստանում, Շվեդիայում եւ այլուր: Աշխարհում տարեկան 500 միլիոն տոննա կենսազանգված է մշակվում:

Կենսազանգվածից էներգիայի ստացման կայանների մեկ կՎտ դրվածքային հզորության կառուցման ծախսերը կարող են հասնել մինչեւ երեք հազար դոլար եւ ավելի:

Կենսազանգվածի էներգիայի աղբյուր կարող են հանդիսանալ բուսական նյութերըՙ փայտանյութը, խոտը, տերեւները, հատուկ նպատակով աճեցրած մշակաբույսերը (եգիպտացորեն, շաքարեղեգ, շաքարի ճակնդեղը եւ այլն), կենդանական արգասիքները` գոմաղբը, թռչնաղբը, մարդու գործունեության արդյունքում առաջացած թափոնները` գյուղմթերքների եւ սննդի վերամշակման թափոնները, արդյունաբերական նշանակության օրգանական թափոնները, թղթե թափոնները, կենցաղային աղբավայրերը եւ այլն: Արդյունքում ստացվում է ջերմություն, էլեկտրաէներգիա, տաք ջուր, կենսագազ` մեթան եւ ջրածին, ինչպես նաեւ հեղուկ կենսավառելիքՙ էթանոլ (սպիրտ), մեթանոլ եւ կենսադիզել: Մի շարք երկրներում նրանք օգտագործվում են ներքին այրման շարժիչների համար որպես վառելիք:

Կենսագազի ստացման պոտենցիալը Հայաստանում կազմում է տարեկան մոտ 135 միլիոն խորանարդ մետր: Այս բնագավառում դեռ առաջին ծրագրերն են իրականացվում: Երեւան քաղաքի «Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրում կենսագազի օգտահանում եւ էլեկտրականության արտադրություն» ծրագրի շրջանակներում դեռեւս տարիներ առաջ ճապոնական «Շիմիզու» կորպորացիայի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ կնքվել էր պայմանագիր: Արդյունքում հնարավոր կլիներ տարեկան ունենալ առնվազն 56 հազար տոննա ածխաթթու գազին համարժեք արտանետումների կրճատում:Սակայն այն չիրականացավ:

Շահագործվում է Լուսակերտի կենսագազի գործարանը թռչնաղբի մշակումից ստացած մեթանի արտադրությամբ:

Երկարաժամկետ հեռանկարի համար կենսաէթանոլի արտադրության ներուժը գնահատվել է մոտ 30 հազար տոննա տարեկան: Այն կազմում է հանրապետությունում սպառվող բենզինի միջին տարեկան ծավալի մոտ 10 տոկոսը: Կենսաէթանոլը առավելագույնս արդյունավետ արտադրելու համար որպես հումք կարող է ծառայել գետնախնձորը եւ եգիպտացորենը:

Անհրաժեշտ է կատարել միջազգային փորձի վերլուծություն: Հայաստանում ստեղծելով կենսաէթանոլի արտադրությունՙ կունենանք այլընտրանքային շարժիչային վառելիք, ինչպես նաեւ լրացուցիչ աշխատատեղեր:

Կենսագազի օգտագործումը կարեւոր գործոն է էներգիայի նոր աղբյուրների օգտագործման ոլորտում հաջողության հասնելու համար: Կխնայենք վառելիքաէներգետիկ ռեսուրսներ:Կշահենք նաեւ բնապահպանական տեսակետից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 05-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ