RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 03-05-2019



Տեղադրվել է` 2019-05-02 23:35:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 2529, Տպվել է` 236, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴՈՒՔ ՎԱՏՆԵԼ ԵՔ ԳՈՒՄԱՐԸ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

«Ազգ» թերթի նախորդ համարում` «Ասացե՛ք, փոքրիկ դսեղցու կյանքը փոխվելո՞ւ է» վերտառությամբ հոդվածով անդրադարձել էի «Քաղաքացու օրվան»: Անցյալ շաբաթ նշեցինք այդ «քաղաքացու օր» կոչվածը: Կներեք, որ փչացնում եմ ոմանց տոնը, բայց ես իմ հիշյալ հոդվածում ոչ մի բառով չէի վրիպել:

Ես չեմ ցանկանում կյանքի 4-5-րդ տասնամյակը բոլորած «ֆեյք» կանանց ու սեփական նկարներով հանդես եկող, ըստ էության` կրկին «ֆեյք», ուռահայրենասեր տղամարդկանց դավադիր մեկնաբանությունների զոհը դառնալ, բայց, եթե ավելի ստույգ լինենք, դա ոչ թե քաղաքացու, այլ` քաղաքաբնակի տոնն էր:

Յուրաքանչյուր ոք, ում ուղեղը չի մթագնել Մաշտոցի պողոտայում խորովածի քուլա-քուլա բարձրացող ծխից, հստակ գիտակցում է, որ դա ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ընտրված օր է, այլ` նախկին իշխանություններին «իրենց տեղը ցույց տալու» եւս մեկ փորձ:

Այս միտքն արտահայտելու համար պետք չէ քարկոծել ինձ, հետհաշվարկ արեք` ինչ է արվել քաղաքացու համար` 124 միլիոն դրամի դիմաց, հաշվեք ու համեմատեք, եթե դատողության շրջանում ցավեր ու նյարդային կծկումներ չունեք:

Այն, որ միջոցառումները մայրաքաղաքում ու մարզերում կազմակերպել են այնպիսի ընկերություններ, որտեղ գոնե մեկ աշխատող չկա, թքած, մեկ է` ինչ որ մեկը պետք է կազմակերպեր, բնականաբար` գումարի դիմաց: Բայց, գրողը տանի, դուք համոզվա՞ծ եք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը պետք է նշվի խորովածով ու կիսառաբիզ դասական երաժշտությամբ, եթե այո, ուրեմն կազմակերպողները, նվազագույնը, լուրջ չեն:

Տոնն, իհարկե, տոն է, բայց, ինչպես ասում ենՙ մենք մեզ հաշիվ տալի՞ս ենք, թե՞ ոչ: Ապրիլի 27-ին` տոնի օրը, ՀՀ ԶՈՒ հազարավոր զինվորներ, ինչպես տարվա մյուս օրերին, հալեցված ձյան ջուր են խմել, դրանով սպասք լվացել ու ճաշ եփել: Ավելին` նրանցից շատերի ընտանիքներն առայսօր առվի ջուր են խմում ու խոնավ տներում ապրում: Ավելին` առվի ջրից օգտվող նվազագույնը մի քանի տասնյակ գյուղեր կարող եմ մատնանշել, որտեղ «Քաղաքացու օրվա» տոնակատարությունների համար տրամադրված 124 միլիոն դրամից գոնե 124 դրամ չի ծախսվել: Ընկերնե՛ր, դուք հաստա՞տ անկողմնակալ եք դատում, թե՞ կարծում եք, որ մայրաքաղաքից այն կողմ միայն «սեւ» քաղաքացիներ են ապրում:

124 միլոն դրամով մարզերում հնարավոր կլիներ մի քանի տասնյակ տուն գնել ու տրամադրել Հայաստանի տարբեր բնակավայրերում գոյատեւող անօթեւան ընտանիքներին: Ավելին` վստահ եմ, որ ոչ մի քաղաքացի չէր առարկի, եթե «իր տոնի» համար հատկացված ամբողջ գումարն ուղղվեր մեր բանակի մարտունակությանը, բայց դե «կարեւորը մենք ու ու Ավստրիան»:

Եվ խնդրում եմ, իմ ու իմ մտահոգությունը կիսող քաղաքացիներին մի պատասխանեք` «բա Սերժի ժամանակ լա՞վ էր» դասական, ծեծված հարցով: Նայեք ձեր այսօրվա շքեղ մեքենաներին, առանձնատներին, սառնարաններին ու անվտանգության աշխատակիցներին եւ գլխի կընկնեք, որ «Սերժի ժամանակ» լավ չի եղել: Հուսով եմ` միաժամանակ գլխի կընկնեք, որ «ձեր ժամանակի վատ լինելու» շանսերն էլ առանձնապես քիչ չեն:

Դուք վատնել եք 124 միլիոն դրամը: Վատնել եք մեր պետական բյուջեից, որի զգալի մասը հատկացնում են այն գյուղացիները, որոնց վրա գոնե 124 դրամ չծախսվեց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 03-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ