ՎԱՂԸՙ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻՆ ԱՌԱՎԵԼ ԸՆԿԱԼԵԼԻ ԹՈՂ ԴԱՌՆԱ, ՈՐ ՄԵՐ ԶՈՀԵՐԸ ԻՐ ԼՌՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐՆ ԵՆ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ Սեպտեմբերի 27-ինՙ կիրակի առավոտյան, նախաճաշին թերթ կարդալու ավանդույթը պահպանող Գերմանիայում դեռ հասու չէին, տպագիր լրահոսի վերնագիր չէր հասցրել դառնալ Ղարաբաղի վրա հարձակումը, երեւի չիմանային էլ, եթե մարտական գործողությունները թեժ բնույթ չկրեին, եթե պատերազմ չդառնար: Առցանց, թվային մեր աշխարհը, գերմանալեզու, գերմանագիր լրահոսը սակայն վայրկենական արձագանքում էր Ղարաբաղի սահմանի երկայնքով տեղի ունեցող գործողություններին, իսկ ժամը 13-ից հետո լրահոսի գլխավոր լուրերը դարձան Ադրբեջանի եւ Թուրքիայի վայրագ գործողությունները, արձանագրելով զոհերի աճող թվեր: Առաջին անգամ գերմանալեզու լրահոսում սկսեցին տարածվել Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրություններն ու տեսանյութերը, եւ որոշ ԶԼՄ-ներ դրանց առավել հաճախ էին հղում անում, քան Ադրբեջանի ՊՆ թողարկածին: Առաջին անգամ է, որ գերմանագիր տարբեր լրատվամիջոցներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ԼՂ նախագահ արտահայտությունները հանդիպում են այսքան «առատ», առանց չակերտների, որ հաստատում է նոր իրողության առկայությունըՙ Գերմանիայի կառավարությունը թեեւ շարունակում է չճանաչել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, բայց չորրորդ իշխանությունն անընդհատ հաստատում ու ամրագրում է դրա գոյությունըՙ ամեն օր մեջբերելով նաեւ ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի տեսակետը: Հայաստանում օր օրի ավելանում է նրա կշռադատված խոսքին սպասողների թիվը, ենթադրել է տալիս, թե գերմանացի լրագրողների համար էլ նույնքան ընկալելի է նաՙ հատկապես վայելուչ շարժուձեւը, պաթոսից հեռու ելույթը: Անցած հինգ օրերին նկատել ենք, որ գերմանալեզու առատ հրապարակումներում նվազ են այն տողերը, որ համարձակ, ազատ մտքի արդյունք են, այսպես կոչված պոլիտկոռեկտությունն ու մակերեսային շարադրանքը, ավաղ, գերազանցում է: Մեր առաջիկա համարներում առիթ կունենանք անդրադառնալ առանձին հրապարակումներում տեղ գտած կարեւոր տեղեկություններին, դատողություններին: Ինչպես նաեւ մտորելու, թե հատկապես ինչն է պատճառը, որ առավել համարձակ արտահայտվեցին, Ադրբեջանի եւ Թուրքիայի հարձակումը դատապարտեցին Գերմանիայի Բունդեսթագի ծայրահեղ ուժերըՙ «Ձախերը» եւ աջ AfD-ն (Այլընտրանք Գերմանիայի համար): Ընտրությունները մոտ են, բայց Գերմանիայում հայկական լոբբի գոյություն չունի, հայ ընտրողների քվեն որեւէ բան չի որոշում: Բայց կա ավելի մեծՙ բարոյական ծանր բեռ, լուծ, որի մասին գերհագեցած ժամանակը չի «մոռանում», քանզի մեղքը լուծվում է այն ժամանակ, երբ քավում են: «Ղարաբաղյան հակամարտություն» հեռու, մշուշապատ արտահայտությունը վերսկսել է նորոգել վաղեմի մի պատմություն, գերմանաթուրքական ռազմաքաղաքական դաշինքի վավերականությունը քննելով, «մեղսակցություն» կոչվի, թե «համապատասխանատվություն», միեւնույն է, Բունդեսթագի ընդունած բանաձեւը չի տվել մեզ անվտանգության երաշխիքներ, որի հավաստումն է Թուրքիայի եւ Ադրբեջանի այսօրվա սանձազերծած պատերազմը: 2016-ի հունիսի 2-ին Բունդեսթագիՙ Հայոց ցեղասպանության բանաձեւն առ ոչինչ է դառնում, եթե Գերմանիան, նրա հմուտ կանցլեր Անգելա Մերկելը հենց այս պահին չանսա իր ազնիվ մտավորականների, քաղաքացիներիՙ Թուրքիային սանձելու, նրա դեմ պատժամիջոցներ սահմանելու արթուն պահանջին: Այդպիսի մի ձայն զգոնության զանգ է հնչեցնում է, թե Հայաստանի եւ Արցախի պայքարը կանխում է Եվրոպայի անկումը: «Ազգ»ի հաջորդ համարներում դեռ անուն առ անուն կանդրադառնանք, թե քաղաքական որ գործիչն ինչ բառարան գործածեց, հայ, ադրբեջանցի օգտատերերը սոցիալական ցանցերում ինչպես էին արձագանքում առանձին հայտարարությունների, ինչպես են տեղեկատվական դաշտում պարտվում Ադրբեջանը, Թուրքիան: Իսկ ստորեւՙ մի մարդու մասին, որին արժե ճանաչել: Գերմանացի երգիծաբան, լրագրող, քաղաքական գործիչ Մարտին Զոննեբորնը (Martin Sonneborn), որ 2014-ից ի վեր Եվրոխորհրդարանի պատգամավոր է, Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձաձերծած պատերազմի 5 օրերի ընթացքում թվիթերյան այնքան հրթիռ է արձակել Արցախի ու Հայաստանի հակառակորդների ուղղությամբ, խանգարել եվրոպացիների, միջազգային հանրությանՙ երկու կողմին հավասարեցնող, ցեղասպանների ուժի կիրառումը վերբալ հանդարտությամբ սաստող, հայտարարությունների տեքստում հերթական անգամ այն արձանագրող պետությունների ու կազմակերպություններիՙ հստակ պատժամիջոցներից խուսանավող կեցվածքին, որ սկսում ես սրբագրել վերաբերմունքդ, թե աշխարհը քաղաքակիրթ է դարձել: Նորից ականատես ենք դառնում, որ մեր օրերի աշխարհի հզորների քաղաքականությունն ու քաղաքական հայտարարությունները, «մտահոգություն» բառ-ժապավենով «կապված» անգույն նախադասությունները երգիծանքը սնելու միջոց են: Ուստի Զոննեբորնը բացառիկ հարուստ էՙ միտքը կերակուր ունի անընդհատ, իսկ չգրել երեւի չի կարողանում, քանզի Արցախում նրա տեսածն ու լսածը, իրենց ապրելու իրավունքն իրացնող մարդիկ, որոնց հանդիպել է, ստիպում են զինվորագրվել: Այս հինգ օրերի ընթացքում նա անշուշտ միակ պատգամավորը չէ, որ հստակ դիրքորոշում է հայտնում, բայց առայժմ մեզ ծանոթ միակն է, որ իր հայտարարություններում խախտում է կեղծ բարեպաշտության այն կարգը, որ միջազգային իրավունքին հղում անելով կիրառում են ուրիշներ: Նրա տեքստը բարոյական է, քանի որ ելնում է պատմական ճշմարտությունից, քանի որ նշավակում է այնպիսի պատկեր համեմատություններ, որ լավագույնս են բացատրում, թե որն է Ղարաբաղյան հիմնահարցի էությունը, պատերազմի պատճառը, ինչն է դրված զոհասեղանին: Արժե նրա տեքստն ամբողջապես հասու դարձնել հայ ընթերցողին: Տեղի սղության պատճառովՙ առայժմ մի պատառիկ: «Անցյալը երբեք չի մահանում: Անցյալը նույնիսկ անցյալ էլ չի դառնում», Վիլյամ Ֆոլքների այս դատողությունը բնաբան դարձնելով Մարտին Զոննեբորնը, իր եւ Եվրոպաքաղաքական հարցերի իր խորհրդականի հայացքով պատկերում է իրավիճակը ԼՂ-ում: Հայաստանն ու Արցախը բազմապատկում են Եվրոպայի եւ Ասիայի, քրիստոնեության եւ իսլամի, ժողովրդավարության եւ բռնատիրության միջեւ համառոտ տարածության նշագիրը: Վաղնջական ժամանակներից հայ բնակչություն ունեցող, 1921 թվականի տվյալներով 94 տոկոս հայ բնակչություն ունեցող Արցախը, նույն տարվա հուլիսի 4-ին Կովկասյան բյուրոյի որոշմամբ ներառվեց նոր հիմնադրված Հայկական ՍՍՀ կազմում: Այդպես էլ կմնար, եթե Վրաստանից մորուքավոր մի ամենագետՙ Ազգային հարցերի ժողկոմ Ստալինը, վաղաժամ ընդհատելով արձակուրդը, 1921-ի հուլիսին այդ որոշումը չբեկաներ: Ինտերնացիոնալի նվերի թղթի մեջ փաթեթավորեց ու տարածքը հանձնեց Բաքվի մի խելագարի: 1915-16-ին օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունից վերապրողների տարածքը հանձնվեց թուրքերի սերտ եղբայրներինՙ Ադրբեջանին: Փայլուն գաղափար, մոտավորապես այնպիսին, ինչպիսին կարող էր լինել, եթե Իսրայել պետությունը որպես կախյալ մի գավառ Իրանի գերակայությանը հանձնվեր: Ամեն պարագայի Հայաստանն ու Արցախը 100 տարի առաջ մոտ 24 ժամ միասնական էին, մինչ Ստալինը կբաժաներ նրանց: Գերմանիայի միավորումն էլ մոտավորապես այսպես եմ պատկերացնում», գրել էր Զոննեբորնըՙ դառը հեգնանքով անշուշտ : Վաղըՙ հոկտեմբերի 3-ին, երբ Գերմանիան հանդիսավորապես նշի իր ազգային տոնը, վերամիավորման առթիվ հնչող ելույթների խորապատկերին միգուցե գերմանացի լրագրողներն ավելի լավ հասկանան, թե Զոննեբորնն ինչ նկատի ունի, երբ փաստագրում է ԼՂԻՄ-ի մայր Հայաստանին միանալու տարիների ջանքի մասին, երբ գրում է, թե պետությունների հարգարժան համակեցությունը առանց դժվարության կարող էր Հարավային Կովկասում վերջ դնել նորացված էսկալացիային, եթե վերջին 30 տարում լեռնային, ժողովրդավարական, համակրելի այս հանրապետության փաստականությունը ճանաչեր: «Լավ ժուռնալիզմը համարձակություն է պահանջում», գրում է Զոննեբորնը: Հատկապես այս հինգ օրերին, երբ համացանցից կառչածՙ կարդացի գերմանագիր լրահոսի մեծ ու վախեցնող վերնագրեր, ընթերցեցի հարյուրավոր հոդվածներ ու գրառումներ, վերստին համոզվեցի, թե անհրաժեշտ է իրազեկել այն, ինչ «չեզոք, դիվանագիտական ձեւակերպումներով լրագրության» մասին ձեւակերպում է Զոննեբորնը: «Անփույթ, մակերեսային հրապարակումն ու զեկույցը վտանգավոր հետեւանքներ կարող են ունենալ»: Ո՞վ է իրական ագրեսորը, ինչո՞ւ պատասխանատվության չի ենթարկվել, խաղաղություն հաստատելու համար իրականում ի՞նչ պետք է անել: Եթե նման հարցեր չտրվեն, մեկնաբանություն չլինի, տեղեկատվական վակումը քարոզչության, fake կեղծ լուրերի բազմացման ակունք կդառա», նշում է Մարտին Զոննեբորնըՙ մանրամասն անդրադառնալով բոլոր հարցերին: Նրա ձայնը, գիրն ինձ համար Գերմանիայի որակի նշանն է, բարոյական արժեքները նժարող Գերմանիայի համար ժամանակը սուղ է, մեր զոհերը նաեւ նրա լռության զոհերն են: |