ՄԵՐ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՀԱՂԹԱՆԱԿՆ ՈՒ ԴՐԱ ՀՈԳԵՎՈՐ ԳՈՐԾՈՆԸ Սուրեն Թ. Սարգսյան, պրոֆեսոր Հիշում եմ. դպրացական տարիներին 1941-1945 թթ. Հայրենական պատերազմի մասին դասընթացի վերջին բաժնում առանձին թվարկվում էին խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի աղբյուրները: Տնտեսական, ռազմական, ԽՍՀՄ-ի կազմում ապրող ժողովուրդների համերաշխության ու միակամության, խելացի քաղաքացիական ու ռազմական ղեկավարներ ունենալու, դաշնակիցների օգնության եւ մի քանի այլ աղբյուրներ էին թվարկվում: Բայց քանի որ կոմունիստական գաղափարախոսությունը հիմնականում մերժում էր այն ամենն, ինչ հոգուն ու հոգեկանին էր վերաբերում, այդ, իմ կարծիքով, ամենակարեւոր աղբյուրի մասին ընդհանրապես չէր ասվում: Եվ դա այն դեպքում, որ բոլորի համար պարզ էր ու ակնհայտ, թե ինչպիսի կարեւոր, իսկ երբեմն էլ` վճռորոշ գործոն է եղել այն: Այսօր էլ ավագ սերունդը հիշում է, երբեմն վկայակոչում այն իրողությունը, որ բազմաթիվ են եղել դեպքերը, երբ մարդիկ գոչում էին հանուն հայրենիքի, հանուն Ստալինի եւ նետվում էին իրական մահվան ընդառաջ: Ինչու հանկարծ հիշեցի… Այն պարզ պատճառով, որ այսօր էլ պատերազմ է, այս անգամ էլ հաստատ հաղթելու ենք, հետեւաբար այդ հաղթանակի աղբյուրներն էլ պիտի հստակ իմանանք եւ ճիշտ գնահատենք, որ գալիք սերունդները ճանաչեն ու ճիշտ հետեւություններ կատարեն: Այսօր ուզում մեր հաղթանակի հատկապես այդ կարեւոր գործոնի-աղբյուրի մասին խոսել: Հոգեբանական գործոն: Գիտեմ, որ շատերին կզարմացնի, թե ինչպես է ստացվել, որ տնտեսական գործոնը թողած նշում եմ հոգեբանականը: Խնդիրն այն է, որ ժամանակն է իրականության աչքերին ուղիղ նայել: Համաձայն եմ, առանց զենքի ու զինամթերքի, սննդի ու հագուստի, տեխնիկայի եւ այլ հիմնարար ու օժանդակ գործոնների իսկապես հնարավոր չէ այսպիսի հզոր հաղթանակ ապահովել: Սակայն անհնար է նաեւ չհիանալ ու չարձանագրել, որ քիչ չեն դեպքերը, երբ նույնիսկ վերադասի հրամանի առկայության դեպքում զինվորն ու սպան ոչ միայն չեն լքում իրենց դիրքերը, այլեւ համարձակորեն նետվում են գրոհի: Սա հոգեբանական գործոնի հաղթանակ չէ, ապա ինչ է: Մայրաքաղաքներում, մարզկենտրոններում եւ մյուս բնակավայրերում բոլորը` առանց տարիքի, սեռի ու հնարավորության խտրականության, մեկ մարդու նման ամեն ինչ անում են, որպեսզի իրենց ներդրումն ունենան մոտալուտ հաղթանակում: Հայրը, մայրը, քույրն ու ընկերուհին հայ մարտիկին անթաքույց գրում են իրենց սիրո մասին, երբեմն էլ ատամները սեղմած ասում` ամեն ինչ կանենք Ձեր հիշատակը վառ պահելու համար, Դուք անմահ եք… Իսկ ո՞վ, ե՞րբ եւ ինչպե՞ս ձեւավորեց այդ հոգոկերտվածքը, որն այսօր հրաշքներ է գործում հարցերն ընդամենը մեկ պատասխան ունեն` բոլորս, ազգովին, մեծ ու փոքր միասին: Բայց … Երբ գերմանական բոլոր հողերի միավորումն ավարտվեց, այդ առիթով 1871 թ. հունվարին Գերմանիայի փաստացի կառավարիչ Օտտո ֆոն Բիսմարկը մեծ հյուրասիրություն կազմակերպեց: Ներկա էր հասարակության ողջ էլիտան: Բոլորն սպասում էին, որ առաջին բաժակը Բիսմարկը կբարձրացնի իրեն աջակցող զինվորականների համար, որոնք իրենց կյանքը վտանգելով զենքը ձեռքներին պայքարել էին այդ միավորման համար: Սակայն Բիսմարկն առաջին բաժակը բարձրացրեց հեռավոր գյուղական մանկավարժի համար եւ շեշտեց, որ գերմանական հողերի միավորման ակունքը նրանք են: Համոզված եմ, որ մեր բոլոր ու նաեւ այսօրյա հաղթանակների սկիզբն ու ակունքը նույնպես մեր մանկավարժներն են, որոնք թեեւ շատ քիչ են վաստակում, թեեւ նախկինի նման չեն մեծարվում այսօրվա նյութապաշտ դարձած հասարակության կողմից, սակայն լուռ ու մունջ իրենց հայրենանվեր գործն են անում, հայրենասիրության առատ սերմեր ցանում: Սխալված չեմ լինի, եթե ավելացնեմ, որ այդ պատվաբեր ընթացքը սիրահոժար շարունակում են նաեւ բուհերի դասախոսները: Բարի, մարդասեր, հանդուրժող ու հայրենիքին նվիրված սերունդ ձեւավորելուն իմ կարծիքով լավագույնս նպաստում է նաեւ Հայաստանյայց առաքելական եկեղեցին, նախ` իր օրինակով, ապա նաեւ քարոզչությամբ: Օրերս շատ խորհրդանշական մի լուսանկար տեսա. Դադիվանքի հոգեւոր հայրը մի ձեռքում սուրը, մյուսում` Աստվածաշունչը բոլորին կռվի էր կոչում: Վերջապես իսկապես սթափվել ենք եւ դա ոչ միայն հույս, այլեւ անսասան հավատ է ներշնչում մոտալուտ հաղթանակի նկատմամբ: Ասօր աշխարհը զարմացած է մի տարօրինակ իրողության առիթով. սովորաբար մարդիկ դժվար ու վտանգավոր վայրերից աշխատում են հեռու մնալ կամ հեռանալ, իսկ մենք` աշխարհասփյուռ հայերս, բոլոր երկրներից աներեր ձգտում ենք գալ հայրենիք, կռվել ու պատժել թշնամուն: Հենց սա է մեր հոգեկերտվածքը, որը միանգամայն արժանիորեն պիտի հաղթի: Համոզված եմ. մենք հաղթելու ենք, մենք արդեն հաղթել ենք: Համոզված եմ նաեւ, որ այստեսակ կորյունները ծնվել են միայն հաղթելու համար… 02.10.2020 |