ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԵՄՔԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ Նույնիսկ անփորձ դիտորդների համար շատ պարզ էր, թե ինչ էին նախագահներ Էրդողանն ու Ալիեւը ծրագրում Կովկասումՙ հուլիս եւ օգոստոս ամիսներին անցկացնելով լայնածավալ ռազմական վարժություններ բուն Ադրբեջանում եւ Նախիջեւանում, այդ վայրեր տեղափոխելով ամենաարդիական ռազմական ծանր հրետանի: Գործողություններն անշուշտ շատ ավելի լավ էին փաստագրել տարածաշրջանում աշխատող ռազմական դիտորդներն ու ծրագրավորողները: Ալիեւի Հայաստանի հասցեին ուղղված հեգնական հարձակումներն ու Էրդողանի ՄԱԿ-ում հնչեցրած քննադատությունը առ այն, որ Հայաստանը անկայունության գործոն է Կովկասում, վստահաբար նախապատրաստվող պատերազմի նախանշաններն էին: Սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը սանձազերծվեց, Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանին մեղադրեցին հակամարտությունը սկսելու համար: Սակայն, տեխնոլոգիական պատերազմի մեր օրերում, գերտերություններն իրենց արբանյակային տեսագրությունների միջոցով մշտադիտարկումներ են կատարում երկրագնդի թեժ կետերի վերաբերյալ եւ անշուշտ դժվար չէ պարզել ճշմարտությունը: Ամբերին Զամանը «Ալ-Մոնիտորում» գրում է. «Համընդհանուր եզրակացությունն այն է, որ հավանաբար Ադրբեջանն է հրահրել հարձակումըՙ Թուրքիայի կողմից ռազմական օժանդակության խոստումներ լսելուց հետո»: Լոնդոնում տեղակայված «Chatham House» ուղեղների շտեմարանի կովկասյան հարցերի գծով տնօրեն Լոուրենս Բրոերսն էլ ավելացնում է, որ «Ադրբեջանի դիտավորյալ, բայց սահմանափակ նպատակներով գործողությունները մտադրված են տարածքներ վերագրավելուն եւ առավել նպաստավոր հրադադար կնքելունՙ որպես ռազմական հաղթանակ»: Իր հերթին, նախագահ Էրդողանն ինքն էլ խոստովանեց, որ «Ադրբեջանն աստիպված էր խնդիրն իր ձեռքով լուծել», քանի որ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Մ. Նահանգների կողմից կազմված ԵԱՀԿ միջնորդների Մինսկի խումբը 30 տարի է, ինչ չի կարողանում կարգավորել հակամարտությունը: Հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սրվում էր արդեն երկար ժամանակ, եւ դիտորդները փորձում են պատասխանել, թե ինչու հենց հիմա տեղի ունեցավ բախումը: Կան բազմաթիվ ենթադրություններ: Դրանցից մեկը, վստահաբար, նախագահ Ալիեւի բռնատիրական իշխանության քայքայումն է: 2003 թվին նա իր հորիցՙ Հեյդարից էր ժառանգությւոն ստացել նավթային այդ կայսրությունը եւ պատրաստվում էր այն փոխանցել իր հզոր կնոջը եւ երկրի փոխնախագահինՙ Մեհրիբանին, երբ նախկին Խորհրդային Միության գրեթե բոլոր երկրներում (Ղազախստանից Հայաստան, Ուկրաինայից Բելառուս) տեղի են ունենում հասարակական եւ քաղաքական հուզումներ, նման զարգացումը ազդելու էր Ադրբեջանի հասարակության վրա: Այնտեղ բնակվող լրագրողներ, լեզգիական եւ թալիշական խմբավորումների առաջնորդները փտում են բանտախցերում, մինչ լուռ տարաձայնությունները գնալով խորանում են երկուՙ Փաշաեւ եւ Ալիեւ կլանների միջեւ: Ի դեպ, Մեհրիբանը Փաշաեւների կլանից է սերում: Այս բոլորը զգալիորեն թուլացրել էին Ալիեւի իշխանությունը եւ նրան հանգեցրել այն եզրակացության, որ թեկուզ փոքր հաղթանակը Հայաստանի դեմ կռվումՙ նոր շունչ կտա իր վարչակազմին եւ ազգայնամոլական նոր ավյուն կհաղորդի իր քաղաքացիներին: Ժամանակի առումով երկրորդ վարկածը կարելի է վերագրել Էրդողանին, որն իր հեղինակությունը կորցրել է Ադրբեջանում: Եվ ոչ միայն այնտեղ: Ռուսաստանի հետ նրա հարաբերությունները փակուղի են մտել Սիրիայի եւ Լիբիայի հարցերի պատճառով: Նրան անհրաժեշտ է Պուտինի հետ հարաբերությունները կարգավորելու մի նոր պայման, հատկապես Մ. Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի նրան ուղղված կշտամբանքներից հետո: Նախագահ Էրդողանը ամռանը Հունաստանի եւ Կիպրոսի տարածքային ջրերում իր ռազմանավերն էր տեղակայելՙ մարտահրավեր նետելով բոլոր այն երկրներին, որոնք դատապարտել էին իր քայլերը: Նա նույնիսկ հակադրվել էր ՆԱՏՕ-ի իր գործընկերներիցՙ Ֆրանսիային, որի նախագահ Էմանուել Մակրոնը շատ խիստ քննադատել էր իր գործողությունները: Նախագահ Դոնալդ Թրամփը չէր կարող տարածաշրջանի իր սիրելի բարեկամին օգնել, որովհետեւ զբաղված է նախընտրական արշավի գործընթացով: Պոմպեոն, մտահոգվելով, որ ՆԱՏՕ-ն կարող է մասնատվի, սեպտեմբերի սկզբներին Կիպրոս այցելեց, բայց արեւելյան Միջերկրականի երկրների ղեկավարների հետ նրա շփումները առանձնապես արդյունավետ չէին: Բայց նա հրապարակային իր ելույթում նշեց, որ Մ. Նահանգները «խիստ մտահոգված» է արեւելյան Միջերկրականում Թուրքիայի գործողությունների առնչությամբ, թողնելով, որ Էրդողանը ինքն իր գլխի ճարը տեսնի եւ փորձի կողմերի հետ բանակցելու ձեւը գտնել: Արդյունքում, Միջերկրականում պարտված Էրդողանը վերադարձավ Կովկաս, այնտեղ շարունակելու համար իր խառնակիչ արարքները, Պոմպեոն, որ զայրացել էր Էրդողանի վրա ՆԱՏՕ-ն պառակտելու փորձի առնչությամբ, բոլորովին տարբեր վերաբերմունք կորդեգրեր, եթե նա խնդիրներ առաջացներ Ռուսաստանի քթի տակ, հատկապես ներկա ժամանակներում, երբ Կրեմլը Բելառուսի ճակատագրով է մտահոգված: Կգնա՞ Բելառուսը Ուկրաինայի ճանապարհով եւ կդառնա՞ արեւմտամետ, թե՞ ոչ: Թուրքիան Ադրբեջանում է հակակշռելու համար ռուսական ռազմաբազան Հայաստանում եւ հարեւան Իրանի ներկայությունը: Երկու երկրներն էլ (Ռուսաստանն ու Իրանը) Ամերիկայի թշնամիներն են: Ինչ վնաս էլ հասցնի Անկարան այդ տարածքում, ողջունելի կլինի Արեւմուտքի համար: Այնպես որ, Հայաստանին սպառնալով Անկարան ուղերձ է հղում Մոսկվային: Էրդողանի խոսնակ Իբրահիմ Կալինը Հայաստանին է մեղադրել պատերազմի համար: AKP կուսակցության խոսնակ Օմեր Չելիքն էլ ավելացրել է, որ «Հայաստանը կրակի հետ է խաղումՙ վտանգելով տարածաշրջանային խաղաղությունը»: Շատ երկրներ ընդհանուր հայտարարություններով են հանդես եկել կողմերին զսպվածության կոչ անելով: Հայտարարությունների նմանություններին զուգահեռ պետք է նշել, որ յուրաքանչյուր երկիր իր քաղաքականությունն է վարում եւ իր շահերն է պաշտպանում: Նախագահ Մակրոնն, օրինակ, արտահայտել է«խորը մտահոգություն»: Նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը խորհուրդ է տվել խուսափել «իրադրության հետագա անցանկալի թեժացումից»: Մ. Նահանգները կոչ է արել «անմիջապես դադարեցնել մահացու թշնամանքը»: Պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրտագուսը հատկապես զգուշացրել է, որ ոչ մի «երրորդ կողմ չմասնակցի» պատերազմին: Ակնարկը կարող է Թուրքիային վերաբերել, բայց շատ հավանական է, որ այն ուղղված է Ռուսաստանին: Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի ներկա չեզոք դիրքորոշումը ի վերջո իր ավարտն է ունենալու եւ կարող է հօգուտ Հայաստանի չլինել, որովհետեւ նա մտադիր է տարածաշրջանում պահպանել իր մարտավարական ձեռքբերումները: Թուրքիան կառչած մնում է Հայաստանի դեմ ունեցած իր հարյուրամյա չարակամությանը: Բայց դա չէ խնդրի էությունը, քանի որ Անկարան ծրագրել է Մոսկվային հղել իր ուղերձըՙ թուլացնելով Հայաստանին, որտեղ Ռուսաստանը տեղակայել է իր ռազմաբազան: Այնպես որ, այդ ուղերձը հակադարձելու համար անհրաժեշտ է ամեն գնով օգնել Հայաստանին, որ այս պատերազմում էականորեն ջախջախի Ադրբեջանին, եւ դրանով վերջնականապես դուրս բերի Էրդողանին Ադրբեջանից: Կասկած չկա, որ Հայաստանն ու Ադրբեջանը հակակրանքներ ունենալով միմյանց հանդեպ, ընդամենը շախմատային զինվորներ են գերտերությունների ձեռքերում: Ինչ վերաբերում է Հայաստանին, պետք է նշել, որ 30-ամյա առճակատումը Ադրբեջանի հետ ապացուցել է, որ կիսավաստակած հաղթանակը նորանոր պատերազմների «բաղադրատոմս» է: Միայն վերջնական հաղթանակը ստիպելու է Ադրբեջանին հասկանալ, որ կարիք չունի Ղարաբաղը օգտագործել որպես դրդապատճառ պատերազմ մղելու Հայաստանի դեմ: Ի տարբերություն Իսրայելից, Ուկրաինայից, Բելառուսից եւ այլ երկրներից Ադրբեջանի ձեռք բերած արդիական զինատեսակների հսկայական քանակի, Հայաստանն ունի տեխնոլոգիական հմտությունների կատարելագործված առավելությունըՙ կարողանալ արձանագրելու համար վճռական հաղթանակ, բայց իրավիճակը կարող է փոխվել, եթե Թուրքիան որոշի գլխավոր դերակատարություն ստանձնել պատերազմում: Սեպտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ թուրքական F-16 ռազմաօդային կործանիչը Հայաստանի տարածքում վայր է գցել հայկական SU-25 կործանիչին: Սա ցույց է տալիս, որ Թուրքիան ակտիվ մասնակցություն է ունենում պատերազմում, ինչը ստիպում է ՀԱՊԿ-ին անցնել պարտականությունների կատարմանը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նշեց, որ մեր զորքերը կռվում են Թուրքիայի դեմ: Էրդողանն ու իր կողմնակիցները փաստորեն հաստատել են, որ իրենք հարյուր տոկոսով պաշտպանում են Ադրբեջանին: Նկատի ունենալով այս վրդովեցուցիչ մասնակցությունը, հայկական կողմը, դժբախտաբար, բաց է թողել մի հրաշալի առիթ օգտագործելու համար Ցեղասպանության խաղաքարտը: Մենք մի քանի անգամ առիթ ունեցել ենք անդրադառնալու այս հարցին: Հիտլերի հայտնի արտահայտությունը, թե ո՞վ է հիշում հիմա Հայոց ցեղասպանությունը ճիշտ կհնչեր, եթե Նյուրենբերգյան դատավարությունը տեղի չունենար, եւ հրեաները համամարդկային այդ ցավը չօգտագործեին քաղաքական նկատառումներով: Շնորհիվ նրանց համակարգված ջանքերիՙ համաշխարհային հանրությունը քաջատեղյակ է այդ հարցի մանրամասներին: Էրդողանը շատ ավելի լավ գիտի դրա ազդեցությունը, քան Հայաստանի ղեկավարությունը: Նա հասկանում է, որ Թուրքիան խոցելի է դառնում, երբ այդ հարցը քաղաքականացվում է: Այդ պատճառով էլ նա նախաձեռնել է ստեղծել Ցեղասպանությունը ժխտող մի հանձնախումբ: Զարմանալ կարելի է, թե ինչու նման պաշտպանական քայլի դեմ Հայաստանի ղեկավարությունը չի նախաձեռնում զգուշացնել համաշխարհային հասարակությանը, որ Ցեղասպանության մինչ օրս չզղջացող կազմակերպիչը սպառնում է ներկայիս ավարտին հասցնելու 1915-ին սկսած իր հանցագործությունը: Երբ Թուրքիան համարում է, որ Հայաստանը խոչընդոտ է իրականացնելու համար իր պանթյուրքական նկրտումները, նշանակում է, որ նա ցանկանում է տեղահանել հայերին իրենց ներկայի բնակության վայրերից, որպեսզի ճանապարհը հարթի իր մեծ երազի իրականացման համար: Այս օրերին հայերը կռվում են ոչ միայն թուրք եւ ադրբեջանցի զինվորների, այլեւ Սիրիայից «ներմուծված» ջիհադիստների դեմ: Անկարան այդ վարձկաններին նախ օգտագործեց ամրապնդելու համար ISIS-ի նախկին առաջնորդ Աբու Բաքր էլ-Բաղդադիի դիրքերը, ապա նրա սպանությունից հետո Իրաքում քրդերի դեմ, իսկ Սիրիայում եւ Լիբիայումՙ ռուսների դեմ կռվելու համար: Ըստ լուրերի 4000 վարձկաններ են Թուրքիայի միջոցով ուղարկվել Ադրբեջան կռվելու համար հայերի դեմ: Ադրբեջանի ղեկավարությունը անշուշտ հերքում է այս լուրերը, բայց ե՛ւ «Ռոյթերզը», ե՛ւ «Գարդիանը» հարցազրույցներ են տպագրել այդ վարձկանների հետ: Թուրքիայի պատերազմական գործողություններում սովորական երեւույթ է դարձել վարձկան զինվորներին որպես թնդանոթի միս ուղարկել ամենատարբեր մարտադաշտեր, խոտսանալով նրանց հանգիստ կյանք երկնային արքայությունում եւ նյութական ապահովությունՙ իրենց ընտանիքներին: Գործընթացը այնքան հաջողություն էր արձանագրել, որ նույնիսկ Մ. Նահանգները օգտվեց դրանից Սիրիայում քրդերին վարձելով, որ կռվեն ISIS-ի դեմ եւ հետո դավաճանելով եւ լքելով նրանց: Հայերս ապրում ենք մի շատ վտանգավոր տարածաշրջանում, որտեղ քաղաքական կայսրությունները բախվում են իրար կամ կործանվում: Մենք դիմակայել ենք ամեն տեսակի անբարենպաստ պայմաններ եւ շարունակելու ենք դիմակայել: Հայաստանն ու Արցախը մոբիլիզացիայի են ենթարկված, իսկ աշխարհասփյուռ հայությունը բարձրաձայն հնչեցնում է տագնապը: Թշնամիները ուշի ուշով հետեւում են եւ փորձում գնահատել սփյուռքի օժանդակության չափն ու կշիռը, հասկանալու համար, թե այդ օժանդակությունը որքանով քաղաքական վարկանիշ կարող է ապահովել, որպեսզի ըստ այդմ մշակեն իրենց մարտավարական ծրագրերը: Պատերազմում հաղթելու համար խիզախության եւ տեխնոլոգիական հմտությունների առավելություններ ունենալուն զուգահեռ կարեւոր նշանակություն ունի նաեւ լայնածավալ զորակցությունը, որ հայերս պետք է արտահայտենք եւ գործունեությամբ ապացուցենք: Անգլ. թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator) |