RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2009-01-12 11:05:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 7796, Տպվել է` 567, Ուղարկվել է էլ.փոստով` 208

ԽԱՉԱԳՈՂ 7

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Ալթայի կարճատեւ ամառը ուժգնությամբ գրեթե չի զիջում երեւանյանին, եւ ի վնաս մեզ (Սաքոն, անշուշտ, հակառակ կարծիքի էր եւ մի երկու անգամ ակնարկեց, թե առավոտյան հովին աշխատելը շատ հաճելի է), օրերը չափազանց երկարել էին, չորսից արդեն լույս էր: Վեցից շուտ չէինք սկսում աշխատանքը, բայց սովորաբար մթանն էին վերջացնում: Դավիթը մոտ քսան կիլո ընկավ, Գրիգորի վիճակն էր անհույս, ճերմակեց մի ամսում: Նույնիսկ հները տրտնջում էին, որ այսպես ոչ մի տեղ չեն աշխատել: Նախաճաշի փոխարեն մի բաժակ թեյով խաբում էինք մեզ, Սաքոյի խոստացած կարագն ու մեղրը հազվադեպ էին երեւում, բայց նա դարձյալ սկսում էր րոպեները հաշվել, երբ բողոքում էինք: Ի վերջո զիջեց, առաջվա պես իննին ճաշարան էինք գնում, իսկ մի անգամ Լիզան հարցրեց, թե ինչու ընթրելու չենք գալիս... Կարծես շատ կլիներ, օրը երեք անգամ ճաշարա՞ն...

- Ինչի չգնանք որ,- ասաց Հրանտը,- քսան րոպե կկորցնենք ընդամենը, բայց կուշտ մարդը տեղը չի՞ հանի...

Սոված օրերից հետո լիության մեջ ընկանք:

Հունիսի վերջին ուրիշ նորություն եղավ: Մի ռուս տղա, բժշկական ինստիտուտի ուսանող, խնդրել էր Սաքոյին, որ երկու ամիս աշխատի մեզ հետ: Համաձայնել էր օրականով, տասը ռուբլի: Նրա գալու նախորդ օրը միայն Սաքոն տեղյակ պահեց մեզ:

Վերջերս նաեւ մարտունեցիներն էին մեր ճաշարանում սնվում: Սաշան գանգատվում էր, որ մարդիկ քիչ են, գնալու է «բիչ» բերելու: Այդպես էին անվանում կայարաններից հավաքագրած անտուն, անանձնագիր հարբեցողներին: Ես կարծում էի, թե «բիճ» է ասում, բայց նա բացատրեց, որ «բիչ» նշանակում էбывший интеллигентный человек: Նա նաեւ «բոմժի» բացատրությունը տվեց.без определенного места жительства:

Երբեմն անսովոր հակումներ էի զգում, եւ դրանցից մեկը թափառ կյանքի հմայքն էր, բայց ահա իրականում տեսա նրանց, ու մի կաթիլ ցանկություն չմնաց: Խղճում էի նրանց, անկարելի էր չխղճալ, զուրկ, ոջլոտ մարդիկ էին, եւ ինքնագոհ հրճվանքի հետ, որ ես առողջ եմ, երիտասարդ ու կապրեմ լիարժեք կյանքով, զգուշացնող մի վախ սողոսկեց սիրտսՙ միայն թե այդպիսին չդառնաս հանկարծ:

Երեք հոգի էին, վարձատրություն խոստացել էին երկուհարյուրական ռուբլի, այդքան չէին տա, Սաշան ասաց, վերջում մի պատճառ գտնելով պիտի վռնդեին:

Սերգեյի վիճակն ուրիշ էր այդ ճորտերի հետ համեմատած, այնուամենայնիվ շահագործում էր անվիճելիորենՙ տասը ռուբլի տալ նրան, երբ մենք մի քանի անգամ շատ էինք ստանալու:

Նիհար տղա էր, մկանուտ, դիմացկուն, սովոր աշխատանքի... բայց ոչ մեր աշխատանքին, օրվա վերջում թուլացավ: Շուտով տասը կլիներ, իսկ մենք դեռ պատրաստի բետոն ունեինք, որն ըստ օրենքի անհրաժեշտ էր վերացնել: Վերջապես մաքրեցինք գետինն ու հավաքեցինք գործիքները:

-Հետո՞,-ասաց Սերգեյը,-ինչո՞ւ ենք տուն գնում:

-Վերջացրել ենք,-ծիծաղեցի:

-Աշխատենք... չէ՞ որ ափսոս են ժամերը, գիշերն էլ աշխատենք...

-Սերգեյ, ագիտացիա չանես,-կատակեց Սաքոն:

-Դե լավ, մի՞թե հնարավոր է այսքան աշխատել:

Սերգեյին տվեցին ինձ: Քարհանք գնացինք երկու ավտոյով: Ազատ ժամանակ չէր մնում, ավտոները փոխարինում էին իրար, բայց երկուսով հանգիստ էր, եւ տարեկից ընկեր էի գտել: Շատախոս էր Սերգեյը, խոսում էր անընդմեջ, խցիկում, բարձելիս կամ երբ հանգստանում էինք մի քանի րոպե: Պատմում էրՙ ինչպես է առաջին անգամ աղջկա հետ ապրել, որտեղ է ծառայել, Մաթեւոսյան կար իրենց հետ, չե՞մ ճանաչում նրան, երբ է ընդունվել ինստիտուտ, ինչ է անելու այս փողը... Զարմանալի բան, տհաճ չէր նրա շատախոսությունը, երբեմն չէի լսում, բայց ոչ այն պատճառով, որ զզվեցնում էր, այլ հնարավոր չէր այդպիսի տարափ ընդունել: Կարծես տարիքով մարդ լինեի, որը հաճույքով ունկնդրում է զրուցասեր երեխային, մինչդեռ նա ինձնից մեծ էր եւ, պատմածներից դատելով, ավելի շատ էր տեսել, քան ես:

Քարհանքի աշխատանքին Սերգեյը հարմարվեց, բայց երեկոյան, երբ միանում էինք բրիգադին, երկարօրյա ծանրաբեռնվածությունը զգալ էր տալիս: Երեք օրում քարը կուտակվեց գարաժի պատերի տակ, բետոնի անցանք, որին Սերգեյն ակնհայտորեն չէր վարժվում: Չյուրացրեց նա բահի դինամիկան եւ իր օրականները ստանալով երկրաբանների մոտ գնաց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ