RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Տեղադրվել է` 2009-01-12 11:05:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 7466, Տպվել է` 552, Ուղարկվել է էլ.փոստով` 195

ԽԱՉԱԳՈՂ 12

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

- Պադ-յոմ:

Ընդմիջումից հետո Սաքոյի ձայնն ավելի էր հաստացել:

- Հինգն է,- բողոքեց Վարդանը:

Սաքոն ձայն չհանելով, սրբիչը ուսին, դուրս եկավ:

Հրանտը վեր կացավ, Ռազմիկը, երրորդը ես էի, Շուլան, ինչպես միշտՙ վերջինը, բայց ամենից արագ էր հագնվում: Կիսատ- պռատ լվացվելուց հետո, անտրամադիր էինք, գնացինք դեպի գարաժի վերին գլուխը, որտեղ կալն էր մնացել ուրբաթ օրվանից: Այդտեղ վերջացնելու էինք երկրորդ պարը, որից բարձր ձեռքով հնարավոր չէր լցնել, ուստի Վարդանի բողոքը տեղին էր, տրակտորիստը իննից շուտ չէր գա: Բայց Սաքոն, ինչպես պարզվեց, շուտ արթնացնելու պատճառ ուներ:

Նա մոտեցավ պատի կենտրոնական մասին, որը մի քանի օր առաջ էինք լցրել,- ել պատի վրա,- ասաց ինձ:

Ես կառչեցի, որ բարձրանամ, բայց բետոնը փշրվեց մատներիս տակ:

- Ահա ձեր բետոնը,- ասաց Սաքոն,- ցեմենտ չկա մեջը... Խառնեք, էլի, լցրեք, ցեմենտը շատ արեք, շա՜տ... ձե՞րն է, խնայում եք...

- Ցեմենտ միշտ շատ ենք խառնել,- ասաց Հրանտը,- երեք ու մեկ էլ ենք խառնել... Ինչ է, հո մեկին մեկ չենք անի:

- Բա ինչի՞ է քանդվում:

- Եսիմ... մեռած ցեմենտ է եղել:

- Էսքան տե՞ղն է մեռած:

- Մեռած չէր,- ասաց Շուլան,- անձրեւի տակ ենք լցրել, լվացվել է...

- Չգիտե՛մ: Մեռած է եղել, լվացվել է... քանի շուն- գել չկա, քանդեք, նորից լցրեք...

Սաքոն համոզվելով, որ ցեմենտն անհրաժեշտ չափով է խառնվում, եւս մի քանի կարգադրություն արեց, մեկը ինձ էր վերաբերում, ու գնաց:

- Ո՞ւր է գնում,- փնթփնթաց Վարդանը,- հիմնարկի ժամ չէ, բան չէ... թող մնա հետներս աշխատի...

- Իրեն ասա,- բորբոքվեց Հրանտը:

- Գիտես չե՞մ ասի...

- Հետեւից մի խոսի, ինչ որ ասում ես, երեսին ասա:

- Մենակս ասե՞մ:

- Հա... ինձ ձեռ է տալիս, որ ինքը չի աշխատում:

- Բա ո՜նց... սովոր ենք իշության:

Արմանք- զարմանք, Հրանտը չճղեց իրեն, որի հույսը ունեինք, կաշվե գոգնոցի գրպանը մեխ լցրեց եւ ուրագը ձեռքին ճարպկորեն բարձրացավ պատի վրա:

Նախաճաշից հետո գնացի քարի: Քարհանք գնալը միշտ ուրախացնում էր ինձ, այսօրՙ առավել եւս: Երեկ չէի հասցրել հիմնովին վերլուծել պարտիան, որ ես ու Ինան էինք խաղացել, իսկ ուղեւորությունը Տոլիկի ավտոյով, հատկապես որ որոշել էի վարել սովորել, քարհանքի յուրատեսակ աշխատանքը Դիմովիչի ընկերակցությամբ, որի հետ կարելի էր ուզած պահին լուռ մնալ (կամ որի հետ խոսելը գուցե օգներ, իհարկե, ոչ Ինայի մասին), համապատասխան տրամադրություն էին խոստանում:

Դիմովիչը հանքում չէր, բայց մի երկու ավտոյի բեռ կար: Ճամփեցի Տոլիկին, հանվեցի ու թաքստոցից գործիքները հանելով սկսեցի քանդել: Քիչ անց բոլոր գեղձերս քրտնաթոր դարձան: Դավթի տեղն էր այս բացօթյա ֆիննական բաղնիքը, բայց նա չէ՜ր ուզում նիհարել, իսկ ես, թեեւ զգալի մաշվել էի, նախկինում մտահոգիչ ծալքերը իսպառ վերացել էին, էլի դեմ չէի որոշ ավելորդություններ թոթափելուն:

- Քանդո՞ւմ ես,- Դիմովիչը ազդարարեց գալուստը,- բարեւ...

- Բարեւ,- ուրախացա,- ջուր բերե՞լ ես:

- Ջո՞ւր... ջրի անհամ մերը...

- Պարզ է, երեկ շատ ես խմել:

- Երեկ երեկ էր...

Նա սեւ, մաշված պայուսակը գցեց գետնին, նրա վրաՙ լայնեզր գլխարկը, վերնաշապկով սրբեց երեսի քրտինքը, հանեց նաեւ կոշիկներըՙ մերկացնելով սպիտակ, վտիտ ոտքերը եւ փռվեց կանաչների մեջ:

- Հո- հո՜,- բղավեցի ես լինգը վեր հանելով,- աշխատել է պետք:

- Ա՛հ... արի ջուրդ խմի... իսկ հիմա հանգստացիր,- ասաց նա, երբ ծղիկի կեսը դատարկեցի:

- Առավոտյան չե՞ս խմել:

- Ո՜չ,- հառաչեց նա:

- Գնա՞մ խանութ:

- Հը՞,- Դիմովիչը թիկ նստեց,- խանո՞ւթ... փող չկա մոտս:

- Ես ունեմ,- Տոլիկը գա, հետը կգնամ:

Դիմովիչի բախտից Տոլիկը շուտ եկավ:

- Ես ճաշելու չեմ գա,- բարձելուց հետո ասացի նրան,- մերոնց կասես, որ ուտելիք չուղարկեն, խանութից կառնեմ:

- Խանութի՞ց,- հարցրեց Տոլիկը նկատելի հետաքրքրությամբ,- դե, գնանք...

Երկու օղի գնեցի, մի քանի շիշ գարեջուր, հաց ու պանիր:

- Ես էլ չէի գնա,- շշերը տեսնելով ասաց Տոլիկը:

- Իսկ քեզ կարելի՞ է խմել:

- Ինչո՞ւ չէ,- զարմացավ նա:

- Եթե բռնե՞ն...

- Դե իրենց մերն էլ այդտեղ... Միշկային ճանաչո՞ւմ ես,- ծիծաղեց նա,- Լոբանովին...Ոչ ոք ուշքը գլխին չի տեսել, էն աստվածը... Վախենում ենք մոտը լուցկի վառենք... Ավտոտեսուչները նախազգուշացրել էին, որ հենց չխմած բռնեցին, զրկելու են...

Զվարճալի էր իրոք, պատշաճորեն արտահայտեցի հետաքրքրությունս հայհոյանքով:

- Առավոտվա չորսին բռնում են, խմած է, կեսօրին խմած է, երեկոյան էլ պարզ է ու պարզ, ստուգելու կարիք չկա... բայց մի օր հաջողացնում են...

- Եվ զրկեցի՞ն:

- Հա... երեք ամսով:

- Զարմանալի է... Մեզ մոտ շատ խիստ են:

- Գիտեմ, լսել եմ... Դե այստեղ էլ... Ճիշտ է, մի թեթեւ խմածին բան չեն ասում... Աշխատող ձեռքը չի բավարարում, հասկանո՞ւմ ես, ավտոները պարապ կանգնած են, աշխատող չկա...

Մտանք քարհանք:

- Դե, ես մեկ էլ չիջնեմ,- ասաց Տոլիկը,- բաց, մի բաժակ խմեմ ու գնամ:

- Բաժակ ունե՞ս:

- Իհարկե:

Նա հանեց երկու հարյուր գրամանոց բաժակն ու դեմ արեց:

- Լի՞քը լցնեմ:

- Ափսոսո՞ւմ ես:

- Չեմ ափսոսում,- ծիծաղեցի,- շատ չլինի...

- Օղին երբեք շատ չի լինում... դե...

- Ահա, գարեջուր խմի վրայից...

- Գարեջուր չի կարելի, ստամոքսս ցավում է:

Դիմովիչն իր ունեցածով սեղան բացած ինձ էր սպասում:

Ինչպես է փոխվում բույսի կանաչը ջրելուց հետո, այդպես Դիմովիչի երեսին փայլ եկավ... Այնքան ակնհայտ էր կենարար ներգործությունը, որ ես էլ խմեցի, այսպես ասածՙ մեղմացած գարշանքով:

- Այստե՞ղ ես լակում,- Տանեչկան լույս ընկավ այսօր միանգամայն ուրիշ բնավորություն ցույց տալով,- ե՞րբ ես վերջ տալու:

- Պապանձվիր,- համակ անտարբերությամբ ասաց Դիմովիչը:

- Ինքդ պապանձվիր, զզվելի հարբեցող:

- Խնդրում եմ չգոռալ,- ասացի կանգնելով:

- Իսկ դու ինչո՞ւ ես մեջ ընկնում, ինչացո՞ւ ես:

- Ես Դիմովիչի բարեկամն եմ,- նայեցի Դիմովիչին, որպեսզի լիազորություն ստանամ, նա հաստատեց գլխի շարժումով,- գոռալ չի կարելի: Ուզո՞ւմ եք, նստեք, կհյուրասիրենք...

- Այդպես, այդպես,- խրախուսեց Դիմովիչը,- մի երկու բառ էլ ձեր լեզվով ասա, որ վերջնականապես ձայնը կտրի:

Տանեչկային դիմեցի. «Տիկնոջից ներողություն եմ խնդրում տեսքիս համար, հիմա կհագնվեմ»:

- Կամ միացիր մեզ, կամ ռադ եղիր,- «թարգմանեց» Դիմովիչը:

- Հա՞,- սպառնաց Տանեչկան (այս անունը միշտ ուզում եմ չակերտների մեջ առնել):

- Ոչ, ոչ... սա է ճիշտը...

- Ինչո՞ւ ես հագնվում,- քրքջաց Դիմովիչը,- թող հիանա ջահել մարմնովդ...

- Թո՛ւհ, անզգամ ծերուկ,- շիկնեց (՛) Տանեչկան:

Ես համենայն դեպս հագնվեցի:

- Որտեղից էլ գտել են իրար,- ասաց Տանեչկան,- հարբեցողներ, «ճերմակ» եւ զրախոսություն, ուրիշ ի՞նչ է պետք ձեզ...

- Ես հարբեցո՞ղ եմ...

- Զգուշացիր,- ասաց Դիմովիչը,- Տանեչկան պայծառատես է, ես հավատում եմ նրան... Քո մեջ կա հարբեցողի սաղմը, խմելիս ոգեւորվում ես, իսկ դա նշան է, որ խմիչքը օրգանիզմիդ համար թույն չէ, գրգիռ է...

- Բոլորն են ոգեւորվում:

- Աղմուկը ոգեւորության տեղ մի ընդունիր: Իսկական, այսպես ասած, կոչումով հարբեցողները, որոնց խմիչքը տալիս է այն, ինչին երբեք հասու չէին լինի սթա՜փ գիտակցությամբ, քիչ են...

- Ես դրան չեմ հավատում, Դիմովիչ... տարբեր վիճակներին հավատում եմ, որովհետեւ խմածը եւ չխմածը պարզապես ուրիշ մարդիկ են... ես չեմ հավատում ուղեղի պայծառացմանը:

- Ուրեմն օղին քո մեջ այնտեղ չի գնում, ուր պետք է,- ամենայն լրջությամբ ասաց Դիմովիչը,- կամ դեռ շուտ է, կամ հատուկ տվյալներ չունես

- Հատուկ տվյալնե՞ր... Կա՞ն այդպիսիք:

- Իհարկե: Ամեն ինչ պայմանավորված է օրգանիզմի կառուցվածքով:

- Իսկ հարբեցողներին ի՞նչ տվյալներ են պետք:

- Հարբեցողներին պետք չէ՛ ինքնասիրություն,- ասաց Տանեչկան:

- Ահա,- Դիմովիչը հանդիսավորությամբ տնկեց մատը,- Տանեչկան իրավացի է: Այս խեղճ խմիչքը եփվում է անխիղճ անոթի մեջ, իսկ մենք...

- Ոչ, ես չեմ խմի:

- Վախեցա՞ր Տանեչկայից:

- Վախն իր հերթին:

- Ուրիշ ի՞նչ:

- Ես արդեն ենթադրում եմ, թե խմած օղին ինչքան քրտինք է քամելու ինձնից...

- Եթե դու հանուն պարտականության հրաժարվում ես խմիչքից, երբեք հարբեցող չես դառնա...

- Իսկ ինչո՞ւ դառնամ... Կամ մի՞թե դու հարբեցող ես, Դիմովիչ:

- Իհարկե: Ես առանց օղու գոյություն չունեմ, չեմ ապրում... Ավտոյի ձայն եկավ... Տոլիկն է...

Մինչ Տոլիկը կմտներ քարհանք, Դիմովիչը մի բաժակ էլ խմեց:

- Ինչ- որ բան մնացե՞լ է,- բղավեց Տոլիկը:

- Պահել ենք, արի:

- Ավտոն տար քարի մոտ, հետո,- ձայն տվեցի ու ձեռնոցները վերցնելով վեր կացա:

Տոլիկը չլսեց, իջավ ու եկավ ձեռքին մի շիշ «ճերմակ»:

- Ըհը,- զվարթացավ Դիմովիչը,- սա նախատեսված էր:

- Տար քարի մոտ,- կրկնեցի:

- Հիմա, հիմա,- հանգստացրեց ինձ Տոլիկը, բայց այդ «հիման» անկասկած նոր շիշը դատարկելուց հետո էր լինելու,- մոռացա, պոմիդոր եմ բերել,- նա շիշը դրեց ու հետ դարձավ, իսկ ես հետեւեցի նրան,- դու ուր ես գալիս...

- Բարձեմ...

- Խմենք առանց քե՞զ:

- Այո:

- Սուրբ երրորդությունն ես խախտում,- ծիծաղեց նա:

- Երրորդությունը սուրբ էր երեքանոցի ժամանակ,- ասաց Դիմովիչը:

- Երեքով եք մնում... Տանեչկան ավելի արժանավոր բաժակակից կլինի...

- Այդ վհո՞ւկը...

- Բերանդ փակիր, բորոտ,- Տոլիկի վրա գոռաց Տանեչկան:

Իրոք չի կարելի վստահել առաջին տպավորությանը:

Միաժամանակ վերջացրինք, եսՙ կույտը, նրանքՙ ըստ երեւույթին երկուսով, շիշը: Տոլիկը ազդանշանները լսելով եկավ, իհարկե ոչ անմիջապես, Դիմովիչը մի կերպ հասավ աստիճանաձեւ քանդված քարափի պռունկին ու բղավեց.

- Վերջ... ինչքան տարաք, բավական է... Էլ քար չկա...

Եվ վերջացրեց ամենասիրված հայհոյանքներից մեկով:

- Հեռու գնա, չգլորվես,- այստեղից պատասխանեց Տոլիկը:

- Ե՞ս... Ես վաղուց եմ գլորվել:

- Գիտենք այդ երգը... դե, գնացի՞նք, Արամ:

- Գնացինք... եթե կարողանաս վարել:

- Չվախենաս... երբ ես խմում եմ, վթարը բացառված է... Գիտե՞ս ինչու... Երկու ճանապարհ է տրամադրությանս տակ, որով ուզեմ, կգնամ:

- Հասկանալի է... բայց ինչո՞ւ չենք գնում:

Վերջապես Տոլիկը հիշեց ինչպես է միանում շարժիչը, եւ խմած ավտոն դժվարությամբ դուրս եկավ հանքի փոսից: Սարից իջնելիս Տոլիկը ասածի պես քշում էր ազատորեն, քարերի վրայով, ծուռումուռ, բայց խճուղին դժբախտաբար մեկն էր, որով նաեւ ուրիշ ավտոներ էին երթեւեկում: Ձեռքս բռնակի վրա էի պահում, որ պատահարի դեպքում հասցնեմ ցատկել: Այնուամենայնիվ, բարեհաջող հասանք:

Գարաժի մոտ մարդ չկար: Բահերը չէին երեւում, ուրեմն տուն էին գնացել, բայց արեւը, չհավատալով նայեցի վերեւ, դեռ մի քանի ժամվա ճամփա ուներ, եւ ինչքան էլ շարունակվելու էր ցերեկը դրանից հետո: Տոլիկին տեղը ցույց տալով վազեցի տուն:

- Գործը շա՞տ է,- գոռում էր Հրանտը,- ո՞ւր է առածս փողը...

- Լավ աշխատեք, լավ կառնեք,- ասաց Սաքոն:

Սենյակում նոր մարդիկ կային, որոնցից մեկը, զարմանալի փայլուն ճաղատով, մեր քաղաքի «պլպլան ժամի» պես, իմ մահճակալին էր նստել:

- Քո տե՞ղն է, ախպեր ջան,- պատրաստակամորեն վեր կացավ նա,- արի...

- Ինչի՞ շուտ եկար, Արամիկ,- հարցրեց Սաքոն:

- Քար չկար, Դիմովիչը չէր աշխատում:

- Դատա՞րկ եկար:

- ՉԷ, մի ավտո էլ բերեցի, երեք հատ եղավ:

- Էլի լավ է... Ծանոթացի մեր նոր ընկերների հետ:

Ճաղատըՙ Փայլակը, աշտարակցի էր, երկուսը հայր ու որդի էին, Ոսկանն ու Կամոն, երեւանցի... Կամոն հազիվ տասնվեց- տասնյոթ տարեկան էր:

- Ես էս մարդկանց դեմ բան չունեմ,- շարունակեց Հրանտը,- իրենք մեղավոր չեն... բայց դու ինչի՞ էիր մարդ կանչում առանց մեզ ասելու:

- Ես եմ բրիգադիրը, պետք էր, կանչել եմ... Դուք ձեր գործն արեք:

- Որերորդ անգամ ես շեշտում... մենք վա՞տ ենք աշխատում:

- Լավ աշխատեցիք մայիսին, հիմք լցնելու ժամանակ... հետո սկսեցիք գլուխ պահել...

- Տես հլը,- վեր թռավ Վարդանը,- առավոտից իրիկուն քրտինքի մեջ կորած աշխատում ենք, իսկ դու քեֆիդ ման գաս, հետո էլ հորդուբորդ անե՞ս...

- Ե՞ս եմ քեֆիս ման գալիս:

- Արածիդ անունն ասա, իմանանք... Առավոտ մտար գրասենյակ, ասիր, ինչ է պետք, բրիգադիրությունդ պրծավ, արի բետոն խառնի, բայց դու ո՞ւր ես գնում...

- Գործի համար եմ գնացել... Ձեզ համար եմ գնացել, որ հաչում եք վրես...

- Կարգին խոսի, էյ,- սպառնաց Վարդանը:

- Վերջ տվեք,- ասաց Ոսկանը տարակուսանքով նայելով վիճողներին,- մե՞նք եղանք պատճառ, մենք հետ ենք գնում... Ես որ իմանայի, բրիգադը մեր մասին չգիտի, չէի էլ գա:

- Չեք գնա,- ասաց Սաքոն,- եկել եք, կաշխատեք, ով չի ուզում, թող ինքը գնա...

- Ո՞վ է իրենց հետ դարձնում, որ ահ ես տալիս,- ասաց Հրանտը,- մարդ չե՞նք, փող են ծախսել, ճամփա են եկել... Ինձ քո ինքնագլխությունն էր ջղայնացրել:

- Դե հա, հո ժողով չէինք անի,- փափկեց Սաքոն:

- Ժողով չէ, կեսբերան դժվա՞ր էր ասել:

- Մտքովս չանցավ, որ կնեղանաք:

- Դու լինես, չե՞ս նեղանա:

- Չէ, ինչի՞ համար, նոր մարդիկ օգուտից բացի վնաս չեն տա: Ախր գործ շատ կա, մենակ գարաժը չէր, իսկ ես չեմ ուզում հիմնարկի մեջ ուրիշ բրիգադ մտնի...

- Պարզ է, ուրիշ բրիգադ պետք չէ... Բայց ի՞նչ գործ կա:

- Տները, սղոցարանը, մի գարաժ էլ, պարիսպը, բետոնը... Քսան հոգին էլ քիչ է... Իսկ Չուլկինն ասում է, արա, թե չէ ուրիշ բրիգադ կբերեմ... Մարտունեցիների հետ խոսել էր, պայմանագիրը կապել էին, ընկել նրանց համար գործ եմ բռնել, որ չգան մեզ մոտ, իսկ դուք ասում եք, թե ինչ եմ անում... Մի շաբաթ գործկոմից դուրս չէի գալիս մինչեւ գարաժը հաստատել տվի, փողով, համոզելով, կռվով, խնդրանքով... Դուք գիտեք Չուլկինը գո՞րծ է անում, ամեն ինչ ես եմ հոգում... Ես մի օր հետներդ աշխատեմ, հաջորդ օրը պարապ կմնաք:

Վեճերի վերջին խոսքը սովորաբար Սաքոն էր ասում, այս անգամ էլ այդպես եղավ:

Նորեկներն իրենց հարցը լուծված համարելով տեղավորվեցին: Դռան մոտ երկու մահճակալ դրեցին, մեկը մեկի վրա, Ոսկանի ու տղայի համար, Փայլակն ուզում էր մտնել Հրանտի ու Շուլայի արանքը, Շուլան չթողեց:

- Ընկեր ջան,- ասաց,- մենք միշտ կռվի մեջ ենք, ավելի լավ է մեզնից հեռու մնաս:

- Հա,- հաստատեց Հրանտը նույնպես չուզենալով փորձած թանը չփորձած մածնի հետ փոխել,- Դավիթենց մոտ տար...

- Դավիթենց մոտ նեղվածք է,- քրթմնջաց Դավիթը:

- Ոնց որ վրեդ պիտի պառկեմ, ախպեր ջան,- անհասկանալի կոպտությամբ խոսեց Փայլակը,- մի տեղ չեք տալո՞ւ, գլուխս դնեմ...

Այս նոր ընկերոջ ծալը կարծես պակաս էր:

Ընթրիքից հետո մեծ սեկա սկսվեց: Միայն Հրանտը երբեք չէր խաղում, Փայլակն էլ այդ խաղի թշնամի դուրս եկավ:

- Ամոթ չէ՞,- վրդովված խոսեց նա, երբ սովորականի պես բոլորեցինք Շուլայի մահճակալը,- դուք իրարից փող կրե՞ք...

- Ինչ ես, է, ասում,- կոպեկները բռի մեջ խաղացնելով ասաց Շուլան,- զբաղմունք է, էլի...

- Առանց փող զբաղվեք...

- Ես էլ գիտեմ էս մարդը խելք ունի,- Շուլան վերջնականապես գնահատեց Փայլակին:

- Թող խաղան, ի՞նչ կա դրա մեջ,- ասաց Հրանտը,- ավելի լավ չէ՞ խաղան, քան թե բոզության գնան...

Հենց այդ պահին մի հոգի, մեր սրբակյաց սուսիկ- փուսիկ բրիգադիրը ինչ- որ տեղ գնալու պատրաստություն էր տեսնում:

- Ո՞ւմ բոստանն ես քար գցում,- մեզ աչքով արեց Վարդանը:

Սաքոն ցույց չտվեց, թե ակնարկը նաեւ իրեն կամ հենց իրեն էր վերաբերում, սափրվում էր ամբողջ ուշադրությունը հայելուց նայող կոպիտ երեսին (այնպիսի խզզոց էր գալիս, կարծես դանակ էին քսում հեսանին):

- Մեկը քո,- ասաց Վարդանին Հրանտը:

- Ես էլ եմ խաղում... բոզ լինեի, բոզության կգնայի...

Ըստ ամենայնի Սաքոյին էր հասցեագրված:

- Ո՞ւմ մոտ արաղ կա,- հարցրեց Սաքոն վերջացնելով:

Ոչ մեկի մոտ... համենայն դեպս, ձայն հանող չեղավ:

- Կոնյակ տա՞մ,- առաջարկեց Ոսկանը:

Ես էլ ունեի մի շիշ: Առաջին օրերին Սաքոն հավաքեց կոնյակները, զարմանալի է, ասաց, տվեք կոնյակները, ու տվեցինք: Երկու հատ էի բերել, մեկը պահեցի, օգոստոսի քսանհինգի համար, հետո մտածում էի հյուրասիրել Ինային:

- Կոնյակն ափսոս է,- ասաց Սաքոն,- լավ, տուր... Հաշվապահի տուն եմ գնալու,- շեշտեց,- էլ ում մոտ կա:

Փայլակը, քիչ առաջ արթուն, մզզաց քնի մեջ:

- Հասկացանք,- ասաց Հրանտը,- Փայլակը քնած է:

Սաքոյի գնալուց հետո Վարդանը թողեց խաղը:

- Չեք թողնում մարդ հանգստանա իր գլխին,- ասաց նա շորերն արագորեն փոխելով,- շան տղա լինեմ, թե գնալու միտք ունեի... Դու ես ինձ բոզության ուղարկում,- Հրանտին ասաց մատը թափ տալով:

- Ե՞ս...

- Հա, հանգիստ նստել սեկա էի խաղում, դու մտափոխ արիր...

- Տո ուր կուզես գնա, ինչ կուզես արա, առավոտ արի հետս աշխատի, ուրիշ բան չի հետաքրքրում ինձ... Արաղ ունես, ինչի՞ չտվիր Սաքոյին:

- Ես պակա՞ս տղա եմ, թե ինքը հաշվապահի հետ է խմելու, ես կադրերի բաժնի վարիչի հետ կխմեմ:

- Պաշտոնյա կնիկ ունես:

- Բա ինչ էիր կարծում... Աշխատանքային գրքույկդ կտաս, տանեմ լրացնեմ:

- Շնորհակալ եմ, բոզի լրացրած գրքույկ չեմ ուզում:

- Մի օր տանելու եմ քեզ հետս, տեսնեմ ոնց են քրքրելու... Թե՞ կատուն կերել է, վարպետ ջան:

- Գնա,- ասաց Հրանտը,- ինչքան մնացիր, էնքան կցնդես:

Վարդանը ծիծաղելով մոտեցավ դռանն ու ասաց,- Ռազ, արի ասեմ,- եւ հանկարծ,- Արամ, դու էլ...

Թղթերս տվեցի Շուլային («երեսունմեկ» ունեի) ու դուրս եկա զարմացած:

- Քեզ կանչում են,- ասաց Վարդանը:

- Ո՞վ:

- Աղջիկս... Դե շուտ արա:

- Սիրո՞ւն է:

- Հո՜ւյ,- սուլեց նա,- ընկել է ձեռդ, սիրո՞ւնն ես հարցնում, աղջիկ, էլի, երեսը դուր չեկավ, բարձով ծածկի...

- Չէ, չեմ գալիս:

Վարդանն այնպես զարմացած նայեց ինձ, որ ենթադրեցի, թե ինչ մտածեց:

- Չվախենաս, թե մարդ ունի... կամ հիվանդ լինի, ստուգված է:

Լավ պատրվակ հուշեց:

- Հա, վախենում եմ:

- Ստուգված է, ասացի... Դու գիտես... Բայց որ վախեցար, կյանքում մատդ բերանումդ կմնաս...

Ռազմիկը չէր վախեցել:

- Սրան քաշեց տարավ,- ասաց Հրանտը,- քեզ ի՞նչ էր ասում, Արամ:

- Հրավիրատոմս էր բերել:

- Չխաբվես հանկարծ, Արամ ջան: Շնորհք ունես, մի լավ աղջկա հետ ընկերություն արա, բայց դրանց ճանկը չընկնես:

- Գիտե՞ս ովքեր են,- հարցրեց Շուլան:

- Կույս Մարիայի երամակն է: Սա Նաստյայի մոտ է գնում... Մեր ու աղջիկ իրար ձեռից տղամարդ են փախցնում:

- Աղջիկն ո՞վ է:

- Մամզելին չգիտե՞ս, այ տղա,- ջղայնացավ Հրանտը:

Այ թե ով էր աչքի տակ առել ինձ, բենզակայանի Դինայի ընկերուհին, ոչ պակաս համբավով, բայց ոչ նրա գեղեցկությամբ... Եթե ես ճիշտ էի գուշակել նրա տարիքը, ապա մայրըՙ Նաստյան կամ Նաստինկան (սա ավելի դուր կգար նրան անկասկած), մեր Ճոռոյի Ռոսինանտը... ներողություն, Դուլսինեան, առնվազն կեսդարյա ուղի էր անցել...

- Ինչ լավ իրազեկ ես,- քմծիծաղեց Շուլան:

Հրանտը ծուռ նայեց նրան, ապա բղավեց. - վերջացրեք, պառկելու եմ:

- Շուտ է,- ընդդիմացավ Գիքորը, տարվել էր,- մի քիչ էլ խաղանք:

- Ի՞նչն է շուտ,- գոռգոռաց Հրանտը,- խաղալ եք ուզում, գնացեք ձեր տեղերի վրա...

Գիքորը տեղափոխվեց Շուլայի մահճակալին, բայց չորսով շուտ վերջ տվինք: Շուլան կոպեկները լցրեց լուսամուտի գոգը եւ շվշվացնելով դուրս եկավ: Հրանտը, արդեն հանված ու տեղը մտնելու պատրաստ, տեսնելով, որ Շուլան քնելուց առաջ անզգուշորեն հեռանում է սենյակից, իր մահճակալի տակից հանեց մեծ կացինը եւ մի աղյուս, ըստ երեւույթին հատուկ նպատակով բերած, խոթեց Շուլայի ներքնակի տակ: Ոգեւորված Դավիթը մի բահ, իհարկե, առանց կոթի, միացրեց նրա դրածներին, մի շիշ էլ ինձնից... Գիքորը նման կատակների չէր մասնակցում, գնաց այնտեղ, ուր Շուլան էր գնացել, իսկ Ոսկանն ու Կամոն, ինչպես նաեւ Փայլակը, որի սուտ քունը ճիշտ էր դարձել, բնականաբար կզգուշանային խառնվելուց:

Հրանտն ու Ոսկանը խոսքի բռնվեցին, մենք, իբր թե այդ զրույցից հետաքրքրական ոչինչ չկա մեզ համար, լսում էինք սպասելով Շուլային... Եկավ:

- Ո՞նց ես, ապո ջան,- հարցրեց մատները շխկացնելով Կամոյի քթի տակ:

- Լավ եմ,- ծիծաղեց պատանյակը (նրա գալը բավական մեծացրել էր ինձ):

Շուլան մտավ տեղը, բայց, մեր սխալն էր, այնքան շատ էինք խցկել, որ զգալու էր անմիջապես... Անընդմեջ հայհոյանքների ներքո դուրս քաշեց կացինը, աղյուսը, բահը եւ... երկու շիշ:

- Ես ձեր խիղճը... Տեղս երկաթի խանութ եք սարքել... Ինչ ես բերանդ բացել, Մոծակ, դո՞ւ ես դրել:

- Երեւի Գիքորն է դրել,- չքմեղացա ես:

Բայց նա ջրի բաժակը խլելով վրա հասավ:

- Կաց, Շուլա,- բղավեցի մահճակալին ցատկելով,- ես միայն շիշն եմ դրել, մի շիշը... մնացածի հետ գործ չունեմ:

- Բա ո՞վ է դրել...

- Վարդանը,- մի վայրկյան իսկ չհապաղեցի:

- Վարդա՞նը,- չհավատաց նա, ինչպես «Գիքորին» չէր հավատացել,- առանց քո ասելու էլ գիտեմ,- հետ- հետ գնալով մոտեցավ Հրանտին, որը կասկածանքով նրան էր նայում,- կացինը ինձ համար էիր բերում, հա՞...

- Ո՞ւմ հետ ես,- անմեղ մարդու զարմանքով հարցրեց Հրանտը եւ շարունակեց արդեն առանց դերասանության, որովհետեւ Շուլան աչքը ճտած, չարագործի ժպիտով դանդաղորեն շրջում էր բաժակը,- վայ, չլցնես, Շուլա ջան... Չլցնես, ասում եմ, հիմար անասուն...

Ջրվելուց մոլեգնած Հրանտը բարձով դմփացրեց Շուլայի գլխին, խոյահարեց նրան ու տապալելով ծնկածեծ տվեց...

- Հո՜ւ,- գոռաց Դավիթը փղի պես դոփելով, դիվոտած Փայլակը թռավ կպավ պատին, սրտապատառ ներս ընկավ Գիքորը եւ իսկույն հետ դարձավ, որովհետեւ Հրանտը հանկարծ նետվեց նրա կողմը... Հրանտին ջրի դույլն էր պետք, եւ մինչ Շուլան մահճակալին փռված մարում էր ծիծաղից, Հրանտը վերադարձավ ոչ մի կասկած չթողնելով, որ խմելու սառը ջրով լի դույլը կործելու է Շուլայի վրա... Շուլային Դավիթը փրկեց. ծնկի իջավ Հրանտի դիմաց ու ծծերը խաղացնող Իսմիլ խաթունի պես աղաչեց ձեռքերը պարզած.

- Էս մի զարկը ինձ բաշխի...

Այդքան տեղը գլխեց, գժվել էինք հրճվանքից:

- Մեղա գալի՞ս ես,- բղավեց Հրանտը:

- Հա, մեղա եմ, մեղա,- էլ նազուտուզ չարեց Շուլան:

Խաղաղվելով պառկեցինք, բայց քնելու մասին դեռ չէինք մտածում, ուրիշ օրերին պառկած էլ չէինք լինում այդ ժամին:

- Շուլա,- ձայն տվեց Հրանտը:

- Է:

- Է ու ջան: Մի բան պատմի:

Շուլան հաճախ էր քնեցնում մեզ: Երկար պատմություններ էր անում, մոտավորապես այս կառուցվածքի. ծանոթի է հանդիպում, բայց չի հիշումՙ որտեղից են ծանոթ: «Աստված ջան, որտե՞ղ եմ տեսել էս մարդուն»: Այդ մարդը հիշեցնում է, որ այսինչ օրը Շուլան նրան մի լավություն է արել... Հիմա էլ սկսեց, թե Մոծակ ջան, գնացել էի ձեր գյուղը...

Երբեք մինչեւ վերջ չէինք լսում... Հրանտը առանց քաշվելու խռմփացրեց, մյուս ձայնարկուներից Սաքոն ու Վարդանը բացակայում էին, բայց Ոսկանն ու Փայլակը չէին զիջում նրանց: Կամոն էր արթուն: Շուլան արմունկներին հենվելով նայեց խռմփացողներին ու չհասկացված արվեստագետի պես հայտարարեց,- մեկ էլ որ պատմեմ, կուրախանաք...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ