ԽԱՉԱԳՈՂ 31 ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ Միշտ զգում էի նրան: Լուսանալիս արթուն էի, հետո ամեն ինչ խառնվեց: Ցերեկ էր, բայց ոչ միայն ժամանակի զգացողությունն էինք կորցրել, այլեւ տարածության, նույն տամկությամբ ու փափկությամբ ողողված, երբեմն ննջելով, երբեմն աչք բացելով, մի երկու անկապ բառ փոխանակելով կամ թեթեւակի շարժվելով: Ինչ-որ անվերջության մեջ էինք հայտնվել, որից դուրս գալու ոչ ուժ ունեինք, ոչ էլ ցանկություն: Գիտակցությանս դեռ չէր հասել, որ արթնացել եմ ձայնից կամ տագնապի զգացողությունից: Սենյակի կիսաբաց դուռը շարժվեց, Նինայի աղճատված դեմքը երեւաց, զզվանքով մեզ էր նայում: Երբ հայացքներս հանդիպեցին, չշարժվեցի ու ձայն չհանեցի: Եվ ի՞նչ պիտի ասեի ու անեի: Մի տող էր խաղում մտքիս մեջ. «Գետափին եղբայրը հայտնվեց, այստեղՙ քույրը: Այս Լավրովները միշտ անպատեհ ժամի են գալիս»: Գոնե այդքան խոհեմություն ունեցավ, որ գնաց, թեեւ պիտի չերեւար այստեղ: Զգուշորեն ցնցեցի Ինայի ուսերը: Տեսնելով, որ այդպես չեմ կարող արթնացնել նրան, սկսեցի համբուրել եւ շոյել: - Հանգիստ, թող քնեմ, մոլագար,- քնաթաթախ բողոքեց նա ավելի հարմար տեղավորվելով գրկիս մեջ: Վերջապես տեղ հասավ, որ լուրջ պատճառ ունեմ արթնացնելու: Իմ կարծիքով էր լուրջ: - Ի՞նչ, եկել էր այստե՞ղ, այ քեզ ավանակ... Եղբոր մասին գետափին ասաց. «Այդ տղան միանգամայն զուրկ է չափի զգացումից»: Այնուամենայնիվ Նինան իր գործն արեց, վեր կացանք: Ինան հագավ վերնաշապիկս, փողկապս գցեց վիզը: Ցերեկվա լույսի տակ կապույտը նրան շատ էր սազում, հատկապես կարճ մազերով: Կրկին բավարարվեցինք մի ձեռք հագուստով: Մի խոչընդոտ էլ կար, որ ուշ թե շուտ ծառանալու էր իր բնականությամբ հանդերձ: - Զուգարանը դրսում է,- ասաց Ինան: Գիտեի, որ դրսում է: Նույնիսկ մեր կառուցած նորաձեւ, համեմատաբար ընդարձակ տների նախագծում զուգարան նշված չէր: Լոգասենյակ կար, ջրի խողովակներն անցկացնում էին, զուգարանը թողնում էին դրսում, ինչպես նաեւ մեր գյուղում էր: Երեւի ճիշտ էին անում: Ես անհանգստանում էի, որ կտեսնեն փողոցից կամ հարեւան տներից: - Թող տեսնեն,- զարմացած ձեւացավ Ինան,- իրենք զուգարան չե՞ն գնում: Ի վերջո նորից մոռացանք բոլոր պայմանականությունները, քանզի նրան ուզելու համար բավական էր ընդամենը անկողնուց ելնել, այսինքն մի քանի րոպե անջատվել նրանից: Մի բան գիտեր, որ իր շորերը չէր հագել: Վերստին հասանք Նինայի խանգարած պահին, որպեսզի շարունակենք միմյանց գրկի մեջ հանգստանալու վայելքը: Կիրակին դեռ չէր ավարտվել... - Գժվեցինք,- ծիծաղեց Ինան,- ոնց որ ամբողջ ժամանակ կարուսել նստած լինեմ... Մի բան պատմիր Երեւանից: Հագավ իր շորերը եւ հայացքս նկատելով հարցրեց,- ինչո՞ւ ես տարակուսած նայում: - Ինչո՞ւ վերնաշապիկս չհագար... Ծիծաղելով նստեց հայելու դիմաց: - Հազիվ մի օր նորմալ մազեր ունեցա: Փոքր ժամանակ միշտ երկար, հարթ մազեր էի երազում, որ ճակատիս վրայից հետ տամ, այ այսպես... - Դրա փոխարեն հրաշալի կազմվածք ունես,- ես էլ հագնվեցի, որ նրան մխիթարեմ ոչ միայն խոսքով,- մանավանդ որ հարթ մազեր շատերն ունեն, միայն չինուհիները երեւի յոթ հարյուր միլիոն կլինեն, իսկ այսպիսի մազեր միայն դու ունես, իմ շեկ մուլատուհի... Վերջին բառերն արդեն ականջի մեջ ասացի, իսկ նա կիսաբաց աչքերով հետեւում էր հայելու մեջ, թե ինչպես եմ գգվում իրեն: Որոշ ժամանակ հապաղելուց հետո կանգնեց. - Գնանք նախաճաշելու: - Նախաճաշելո՞ւ,- նայեցի պատուհանին,- ինձ թվում է, ընթրիքի ժամ է: Ժամացույց չկա՞ տանը: - Ժամացույց Նինային է պետք, կապում է: Ես անկարգ եմ, սեպտեմբերից գուցե ստիպված կապեմ: Իսկ Նինան դասավորում է իր օրը եւ շարժվում ըստ գրաֆիկիՙ դասեր, շախմատ... - Նա շախմա՞տ է պարապում: - Շրջանի միակ աղջիկն է, որ առաջին կարգ ունի, երկրամասի առաջնությանն է մասնակցել: Նա եւ Սաշան խոսում էին քո մասին: Ընդհանրապես, քույրս ոչ միայն գեղեցկուհի է, այլեւ տաղանդավոր է,- հպարտացավ Ինան,- ոսկե մեդալով ավարտեց դպրոցը... Մեդալն առանձնապես չզարմացրեց, շախմատ խաղալն էր անսպասելի: Բելիկովն ասել էրՙ ընտանիքով շախմատի սիրահար են: Չէի կարծում, որ Նինային էլ նկատի ունի: Գնացինք խոհանոց: Ինան հացի բարակ շերտերին երկու կողմից ձու էր քսում եւ գցում թավայի մեջ, ես հետեւում էի նրան, ինչպես քիչ առաջ ինքը... Ուտելուց հետո ծխեցինք մի սիգարետ միասին: - Ամեն ինչով բարերար ազդեցություն ես թողնում,- ասաց նա ծխից, գուցե նաեւ սիրուց մշուշված կանաչավուն աչքերի ժպտուն փայլով,- միայն սրա համար, որ սկսել եմ շատ քիչ ծխել, Նինան կսիրի քեզ: - Երեւում է, նա քեզ շատ է ճնշում: - Այո՜... Հիմա լավ է, փոքր ժամանակ շատ լուրջ էր եւ խիստ: Եթե կուզես, նկարներ ցույց տամ: - Իհարկե, անպայման: Վերադարձանք սենյակ, նա մի հին, մեծ ալբոմ հանեց: -Այստեղ քիչ նկարներ են... Հետո ես քեզ իմ նկարները ցույց կտամ: Նայիր, այստեղ Նինան մեկ տարեկան է, սքանչելի երեխա է, չէ՞: - Իսկ ո՞վ է գրկել նրան: - Չճանաչեցի՞ր, ես եմ: - Բայց գրված էՙ Իրինա, Նինա... - Իմ անունն Իրինա է, չգիտեի՞ր: Փոքր տարիքում չէի կարողանում Իրինա ասել, Իինա էի ասում, սկսեցին ինձ Ինա անվանել: - Հիմա հասկացա, թե ինչու եմ քեզ սիրում: - Հետաքրքիր է, ինչո՞ւ: - Անուններ կան, որ ինձ համար անբացատրելի հմայք ունեն: Օրինակ, հայկական Հասմիկը, փոքր քրոջս անունն է: Ռուսական անուններից Իրինան էր այդպես հմայում: Եթե գիրք էի կարդում, որի մեջ Իրինա կար, արդեն սիրում էի այդ աղջկան: - Հիմա ինձ Իրինա՞ ես անվանելու: - Բայց մենք ե՞րբ ենք միմյանց անուններով դիմում... - Որովհետեւ միշտ իրար ականջի մեջ ենք խոսում... - Կամՙ բերանի... Արդեն մոտեցել էի, հեռախոսի զանգը հնչեց: - Նինա, դո՞ւ ես, ի՞նչ,- դարձավ ինձ,- ասում է, բոլորն այսօրվա կինոյի մասին են խոսում... - Թող ինքը գնա, մեզ հետ ինչ գործ ունի,- ասացի ցածր,- ես տեսել եմ... Ինան չլսեց, հանկարծ դեմքը ձգվեց, աչքերը կլորացան: Ի՞նչ էր ասել քույրը... - Ահա,- հայտնեց ծիծաղախառը զարմանքով,- ամբողջ գյուղը մեր մասին է խոսում, իբր մի շաբաթ այս տնից դուրս չենք եկել... - Վատ միտք չէ,- ոգեւորվեցի,- մինչեւ դասերը մնանք... - Դասե՜րը... Աստված իմ, ախր որոշել էի փոխվել, ոչ մի սիգարետ, ոչ մի խմիչք... Ես Ալթայի ամենապարկեշտ աղջիկն եմ լինելու: - Այո՞... Խուսափելու փորձը իզուր կլիներ, սենյակը փոքր էր, ձեռքերս երկար էին: - Այո,- երկարատեւ դադարից հետո մի կերպ արտաբերեց,- երկուշաբթի օրվանից: - Այսինքն մի ամբողջ օր ունենք: - Նինային խոստացա, որ կգնանք կինո: - Ինչո՞ւ ընկերուհիների հետ չի գնում: - Երեւի մեզ է ուզում հանել այստեղից: Նա չափազանցրեց կամ ստեց: Ո՞վ գիտեր մեր մասին, որ նման բան ասեր: Ես էլ էի կարծում, որ չափազանցրել է, բայց եւ չէի բացառում: Համոզվել էի, տեղացիներն անտարբեր էին ձեւանում, իբր թե ուրիշների գործերով չեն հետաքրքրվում, քիթ չեն խոթում, բայց սովորաբար ամեն ինչ իմանում էին: Իսկ Ինան ընդհանրապես հաշվի չէր առնում «գյուղական կարծիք» կոչվածը եւ չէր էլ ջանում փոքր-ինչ գոնե, ձեւի համար սքողել մեր կապը: Ավելին, հաճախ ցուցադրում էր կամ այն աստիճան չէր թաքցնում, որ ստացվում էր ցուցադրություն: Առայժմ առանձնապես մտահոգվելու առիթ չէր եղել. նույնիսկ եղբայրն ի վերջո համակերպվեց, անհավատալի էր, եւ խանդող չէր հայտնվել: Միշտ սպասում էի եւ զարմանում, որ նման հմայիչ աղջկան Դիվինոյի տղաները հեշտությամբ տվել են ինձ: - Ես կինո կգամ,- խոստացա,- մի պայմանով, կինոյից հետո գանք այստեղ: Արդեն մի քանի անգամ նրա հայացքի այդ արտահայտությունը բռնել էի, կասկածամիտ, ստուգող, նույնիսկ գրկիս մեջ: - Դու այդքան անհագո՞ւրդ ես: - Ինչո՞ւ ես կարծում, որ հենց դրա համար եմ գալիս: Դու ինձ մոլագար ես անվանում, բայց ինձ քո ներկայությունը լիուլի բավարարում է: Առաջին հերթին դա... Մնացածն էլ չի խանգարի... Պարզապես միշտ ուզում եմ հետդ լինել... - Չի զգացվում, հենց մի քիչ ժամանակ է անցնում, սկսում ես գործել... - Մեղավորը դու ես: Ես ի՞նչ անեմ, որ դու միշտ ձգում ես ինձ: Մի՞թե դա վատ է: - Այդպես չի լինում, դրա վերջը միայն ու միայն արագ հիասթափությունն է... Թե՞ դու չես հասցնի հիասթափվել: Քիչ մնաց ձեզ, ինչքա՞ն եք մնալու: - Չգիտեմ, ասում ենՙ մինչեւ ձյուն: - Այստեղ սեպտեմբերին էլ է ձյուն գալիս,- արագ ասաց Ինան կարծես չթողնելով, որ հիասթափության մասին խոսեմ,- մեզ մոտ աշունը կարճ է տեւում, ձմեռը շուտ է գալիս... - Երեւանում հրաշալի աշուն է լինում, երկար եւ տաք, թավշյա աշուն ենք անվանում: Եվ գիտե՞ս ինչի հետ կհամեմատեմ: Վզիդ է նման, տաք եւ քնքուշ: Իսկ կուրծքդ գարունն էՙ ծաղկափթիթ, կոնքերդՙ ամառ, շոգ... - Ձմե՞ռը որն է,- ծիծաղեց Ինան համապատասխանաբար ենթարկվելով շոյանքիս ու համբույրներիս: - Ձմեռը հայացքդ է, սառը եւ անհասկանալի, երբ չես հասկանում ինձ ու սահմաններ ես գծում, թե սերը միայն երկրորդ հինգշաբթի օրվա համար է, որովհետեւ ուրբաթ, շաբաթ, կիրակի հարկավոր է խմել, երկուշաբթին ծանր օր է, երեքշաբթի եւ չորեքշաբթի պետք է կազդուրվել եւ սպորտով զբաղվել: Մնաց մի օր, այն էլ ամեն շաբաթ չէ, որ ստացվում է: Ուրեմն մնացինք բախտի հույսին կամ պատահականության քմահաճությանը: Իսկ եթե սիրատոչոր երիտասարդը սիրում է աղջկան, ում սիրահարված էր դեռ իրենց հանդիպելուց շատ առաջ, անբնական է թվում, գիտե՞ք, աննորմալ երեւույթ, շեղո՜ւմ... Այդ հիվանդին, մոլագարին հարկավոր է մեկուսացնել: Նա վտանգավոր է իգական սեռի համար: Պատկերացնո՞ւմ եք, ուզում է գրկել եւ համբուրել իր սիրած աղջկան, մարդակե՜ր է... - Այո, մարդակեր,- Ինան ծիծաղելով ազատվեց ինձնից եւ նստեց թախտին,- եթե օտար լեզուն այդքան լավ գիտես, պատկերացնում եմՙ ինչ կասեիր ինձ ձեր լեզվով: - Երեւի չկարողանայի այսպես խոսել,- նստեցի մոտը,- ի դեպ, ռուսերենը մեզանում օտար լեզու չի համարվում, ասում ենՙ ռուսաց եւ օտար լեզուներ: Ռուսերեն լավ գիտեի, այո, լավ շարադրություններ էի գրում, ազատ խոսում էի, չորս տարեկանից սովորել եմ... Լադեժան սովորեցրեց: Առավոտները սովորաբար մտնում էի քույրերիս մոտ, որ երջանկացնեմ մեկն ու մեկին: Բոբիկ, մի երկար շապիկով, զարմացած, թե ինչու ոչ մեկը չի կանչումՙ ինձ մոտ արի, մտա մեծ քրոջս տեղը... Մի օտար աղջիկ վախեցած ճչալով վեր թռավ, իսկ ես չորեքթաթ, աչքերս պլշած, ոչ պակաս զարմանքով ու վախով նրան էի նայում: Նա ծիծաղեց ու քաշեց ինձ գիրկը... այնպես փափուկ էր ու բուրավետ: Լադեժան, Նադեժդա էր անունը, ռուս ուսուցչուհի էր, հինգ տարի մեր տանն ապրեց: Շուտով խոսում էի հետը, երկու լեզվով, հայերենին ռուսերեն էի պատասխանում, ռուսերենինՙ հայերեն: Առաջին կուրսից «Պատերազմ եւ խաղաղությունը» հայերենից թարգմանում էի ռուսերեն եւ համեմատում Տոլստոյի գրածի հետ: - Ամբո՞ղջը: - Ո~չ... Բունինի պատմվածքներն էի թարգմանում հայերեն եւ նորից ռուսերեն: Արտասահմանյան գրականությունը հիմնականում ռուսերեն եմ կարդացել... Բայց գրեթե չեմ խոսել: Լադեժայի հեռանալուց հետո խոսակից չունեի... Ոչ միայն ռուսերեն, առհասարակ քչախոս էի ու ինքնամփոփ: Դու ինձ փոխեցիր, բնավորություն, մտածողություն, իմացություն... Ես պիտի խոսեի քեզ համար, իսկ դու հայերեն չէիր հասկանա: Հիմա քո շնորհիվ նախկինից անհամեմատ լավ գիտեմ ռուսերեն: Քեզ հետ հեշտ ու ազատ է ստացվում, ինչպես լողալը... Բավական է շուրթերս մոտեցնեմ ականջիդ, բառերն իրենք իրենց թափվում են անվերջանալի շղթայի պես... - Չտեղավորվես,- ձեռքերով մեղմորեն վանեց Ինան,- այլապես այս գիշեր էլ կմնանք... «Պատերազմ եւ խաղաղությո՞ւնն» ես սիրում ամենից շատ... - «Ապուշը», շատ եմ կարդացել: - Իսկ Չեխո՞վ... - Չեմ սիրում: - Չե՞ս սիրում,- զարմացավ Ինան,- ուրիշ գրողների՞ց... Ֆոլկների գիրքն ուզեցիր, հիշում եմ: - Չեմ սիրում... Այդ չսիրելը ճիշտ չի ստացվում: Կարդում եմ, հետաքրքրությամբ, հաճույքով... - Իսկ բանաստեղծների՞ց ում ես սիրում: - Միայն մեկին, Եղիշե Չարենց, հայ բանաստեղծ է, երեսունյոթ թվականին բանտում է կյանքից զրկվել: - Պապիս էլ են բանտարկել, հետո աքսորել են: Այստեղ է տատիս հանդիպել, ոչ այս գյուղում: Առաջին կինը կարծեմ մինչեւ հիմա ապրում է Լենինգրադում: Պատկերացնո՞ւմ ես, լավ, հայտնի ընտանիքի զավակ, Լենինգրադում սիրելով ամուսնացել է, աքսորվել, սիրած կինը չի եկել հետեւից: Այստեղ նորից է սիրել եւ մինչեւ կյանքի վերջը սիրվել: Տատս քիչ է այստեղ գալիս, խուսափում է կարծես: Հենց մտնում է այս տունը, թաղվում է հուշերի մեջ, որտեղ նստեց, ժամերով անշարժանում է, արձանացած, աչքերը բաց... Տեսնում ես, արցունքներ են հոսում... Քեզ սիրում է: Ասում էՙ այդ տղան լավ է աշխատում եւ երեխայի հետ է սիրում զբաղվել: - Ձեր տանը ի՞նչ են խոսում իմ... մեր մասին: - Մեր մասին ի՞նչ պիտի խոսեն: Իմ խնամակալները Սաշան ու Նինան են, հիմա միայն Նինան է տանը, նա էլ սեպտեմբերին կգնա Բառնաուլ, մանկավարժական ինստիտուտ ընդունվեց: Հայրս առավոտից գիշեր տանը չէ, հաճախ օրերով է բացակայում, եթե գնում է հեռավոր գյուղեր կամ Լեռնային Ալթայ: Մայրս... չգիտեմ: Այնպես որ առայժմ զգուշացիր միայն Նինայից: Ինան կանգնեց, սկսեց տունը կարգի բերել, ալբոմը տեղավորեց, սեղանը մաքրեց, անկողինն ուշադիր հարդարեց, որ հանկարծ որեւէ հետք կամ տպավորություն նույնիսկ չմնա: Հաճելի կլիներ նրան հետեւելը, եթե այդպես անվերջ շարունակվեր, բայց գնալու էր պատրաստվում, առայժմ ինձ էր ճամփում, ինքը դեռ մնալու էր: Եվ հանկարծ վերջին պահին, երբ դուրս էի գալու, ասաց. -Ես քեզ մի խորհուրդ կտամ, ուշ ամուսնացիր, շատ ուշ, որպեսզի կնոջդ չդավաճանես: Քո սերը շատ է, դու մի կնոջ համար չես, այդպես բուռն հնարավոր չէ երկար սիրել նույն մարդուն... Իսկ հիմա գնա, որ կինոյից չուշանանք... Դուրս կգաս Կենտրոնական, այնտեղ ավտոկայանը մոտ է: Եվ ուսերս հետեւից կիսագրկելովՙ քնքշորեն հրեց ինձ դուրս: Դուրս գալով ամենից առաջ շրջակայքն ուսումնասիրեցի, որ տունը հեշտությամբ գտնեմ, նույնիսկ մթանը: Քայլեցի նեղ ու կարծես ամայի փողոցով: Դիմովիչին տեսա, ցանկապատին կռթնած ծխում էր: Կռթնած չէր, արմունկն էի մոռացել: - Ողջույն, Դիմովիչ, այստե՞ղ ես ապրում: - Այստեղ... Իսկ դու զբոսնո՞ւմ ես: - Այո, գետափով իջա: - Այսպիսի խուլ փողոցում զբոսնելը հաճելի է, չէ՞: - Այո, շատ հաճելի, խաղաղ փողոց է: - Խաղաղությունը գրեթե միշտ խաբուսիկ է լինում,- ծիծաղեց Դիմովիչը,- վաղուց չես գալիս քարհանք: - Այլեւս բետոն չենք անում: - Հա, քիչ մնաց ձեզ, երեւի մի ամիս... Դե, եթե ժամանակ ունես, հյուր կընդունեմ: - Ափսոս, ոչ այսօր: - Տես, երբ հարմար կլինի: Ավտոկայանի մոտ ավտոբուսին չսպասեցի: Ենթադրելով, որ դեռ շատ ժամանակ կա, քայլեցի մինչեւ ակումբ կամ, ինչպես տեղացիներն էին ասում, կուլտուրայի տուն: Որոշել էի նախապես տոմս գնել եւ ճիշտ էի անում: Առաջին սեանսը նոր էր սկսվել, իսկ հաջորդի համար, որ այսօր տեղափոխել էին տասնմեկին, արդեն հերթ էր: Չորս տոմս գնեցի: Շատ լինի, քիչ չլինի: Հանկարծ ու Նինայի հետ մի հոգի եկավ: Մերոնք տանը չէին: Բարեբախտաբար չէին մոռացել բանալին թողնել սովորական տեղում: Նախ եւ առաջ արագորեն ընթրեցի, ապաՙ մնացած գործողությունները: Ենթադրենք, աշխատանքը նոր վերջացրել ենք: Սափրվելուն շատ ժամանակ հատկացրի, որ անսովորությունից երեսս չկտրեմ: Սովորել էի արդեն մազ-մորուքին, ափսոսանք էի զգում, բայց խոստացել էի Ինային: Մաքրված դեմքս շատ մանկական թվաց, կոստյումիս տաբատն էլ ճմռթված էր, չէի կարող փողկապ կապել, հետ գալուց գրպանս էի մտցրել: Ստիպված էի ջինս հագնել եւ պատանեկան տեսքով գնալ: Սակայն մաս-մաքուր դեմքս ուրախություն էր պատճառում նաեւ, Ինան հաճույքով կհամբուրվեր: Ժամը տասին դուրս եկա, որպեսզի անշտապ իջնեմ ու ժամանակ ունենամ այս երկու օրվա իրադարձությունները մտքիս մեջ դասավորելուՙ գիշերվա համար: Եթե գիշերը հատկացնեմ դրան... Քույրերն ակումբի մոտ էին: Հավանաբար չգիտեին, որ սեանսը տասնմեկին է սկսվում, շուտ էին եկել: Դա իմ սխալն էր, ես էլ պետք է շուտ գայի: Նինան տեսավ ինձ, Ինան հետեւում էր տոմսի պատուհանի մոտ իզուր խռնված մարդկանց: Դիվինոյում անշլագ էր, առաջին անգամ: Ես մատս դրեցի շուրթերիս ու հետեւից մոտեցա Ինային: - Իրինա Գրիգորեւնա,- ասացի ուսուցչին պաշտող աշակերտի պես: Ինան անակնկալի եկած շրջվեց, որ ավելի մեծ անակնկալի հանդիպի: Բայց չթողեցի, որ զարմանքի ձայներ արձակի: - Դո՞ւք եք Իրինա Գրիգորեւնան, ռուսերենի նոր ուսուցչուհին: Ես կցանկանայի Ձեզ մոտ ռուսերեն պարապել, եթե ժամանակ գտնեք: Խոստանում եմ կարգապահ եւ պարտաճանաչ լինել... Նա ձեռքը մեկնեց ու շոյեց երեսս,- ինչ լավ է, Նին, ինչ մաքուր է,- կարծես քրոջն առաջարկում էր շոյել ինձ,- քիչ է մնում համբուրեմ հենց այստեղ: - Լավ, հանգիստ,- սաստեց Նինան,- թատրոն չենք ցույց տալիս... Փոխանակ շուտ գար, որ տոմսերի մասին մտածեր... - Տոմս չունե՞ք,- զարմացա,- հիմա կնայեմ, պատահաբար մոտս չկա՞ արդյոք: Ինան ուրախությունից ծափ տվեց, կարծում եմ, ոչ այնքան տոմսերի, որքան ինձ համար: - Պատահաբար էլի չունե՞ք,- հարցրեցին կողքից: - Պիտի նախապես զգուշացրած լինեիք,- շրջվեցի եւ տեսա սիգարետ ուզողին: Այս աղջիկը միշտ ձգտում էր ինչ-որ բան պոկել ինձնից:- Բարեւ Ձեզ: Նա մարմնի քառասուներեք տոկոսըՙ գոտկատեղից մինչեւ մազերը, առաջ բերեց ու ճանաչելով ասաց. - Օ՜... գրողը տանի, եթե այն ժամանակ քեզ տեսնեի այսպես... Լավ, լավ,- հեգնանքով նայեց քույրերին, երեւի չկողմնորոշվելով, թե որի հետ եմ, եւ երկուսի մեջ էլ արժանի մրցակից չտեսնելով հեռացավ կոնքերը խաղացնելով: - Սա կովն է,- ասացի Ինային: Նինան հայացքը սահեցրեց իր կրծքի վրայով: - Հասկացա, ինչո՞ւ ավելորդ տոմսը չտվեցիր: - Նստեր մեզ մո՞տ... Տոմսը ձերն է, հրավիրեք ում կուզեք: Թեեւ չարժե որեւէ մեկին տալ: Աչքիս ավելի շատ մարդիկ են հավաքվում, քան ձեր դահլիճը կտեղավորի: - Ճիշտ է ասում,- գլխով արեց Նինան: Առաջին սեանսի ժողովուրդը դուրս չէր եկել, բայց ակումբի դիմաց մեծ բազմություն էր հավաքվել, էլի գալիս էին: Պարի տաղավարում, այգում հավանաբար ոչ ոք չկար: Եվ դժբախտաբար սեւ գլուխները շատ էին: - Պե՞տք են մեզ այդ փրչոտ վիկինգները, կինոն,- շշնջացի Ինայի ականջին,- տոմսերը տանք Նինային, թող մի երկուսին լավություն անի... Մենք գնանք տատի տուն կամ գետափին զբոսնենք... - Ո՜չ,- առարկեց նա,- հազիվ մի օր միասին կինո ենք գալիս,- նկատեց զարմացած հայացքս եւ ծիծաղեց,- դու իմ բոլոր խոսքերը պիտի հիշեցնե՞ս... Սիրող զույգի ներդաշնակության բարձրագույն արտահայտությունըՙ առանց խոսքի իրար հասկանալ: Ինքն էր ծաղրել ինձ` կինո հրավիրելու համար, զգաց եւ հիշեց... Վերան եկավ: Քույրերից մի երկու քայլ հեռացա, որ չտեսնի ինձ նրանց հետ: Մինչդեռ կարծեց, թե մենակ եմ, մոտեցավ: - Բարեւ Ձեզ, Արամ,- ժպիտով,- Ձեզ սափրված եմ տեսնում, հանդիպե՞լ եք Ձեր սիրած աղջկան: - Այո,- ակամա պատասխանեցի: - Դե, շնորհավորում եմ: - Շնորհակալություն: - Այս ինչ հարեմ ես հավաքել,- ցնծագին ծիծաղեց Ինան Վերայի հեռանալուց հետո: Վերայի հետ ինչ որ խոսել էի, մանրամասն պատմել էի, հարցուփորձ չարեց սափրվելու եւ ուխտի մասին: Ժամանակին արված խոստովանությունն ազատում է հետագա բարդություններից: - Ո՞վ մնաց,- ժպիտը շուրթերին հարցրեց Ինան: - Սիրած աղջիկը եւ նրա չքնաղ քույրը մնացին... տեղում: Ծիծաղելու հերթը Նինայինն էր, որն առանց այդ էլ տեւական զարմանքի մեջ էր: Սառնությունը շինծու էր, նորից առաջվա աշխույժ աղջիկն էր: Եվ դեռ ինչքան կաշխուժանա, երբ սկսեմ հաղթել իրեն: - Ինչո՞ւ ես ծիծաղում,- հարցրեց Ինան քրոջը,- մարդը քեզ հաճոյախոսություն է նվիրում, իսկ դու... Սխա՞լ է ասում: - Ոչ, ինչու,- շարունակեց ծիծաղել կրտսեր քույրը,- ախր նա երկիմաստ արտահայտություն արեց. մի՞թե չզգացիր: - Զգացի, քույրիկս, ես նրա ֆոկուսներին լավ ծանոթ եմ: Բայց գիտեմ նաեւ, որ դրանք ասում է հանուն խոսքի: Ակումբի կողքից հանդիսատեսների հորձանքը դուրս եկավ փողոց: Շատ-շատ էին, մի ծայրը գրեթե խաչմերուկ հասավ, շարունակում էին դուրս գալ: Անսպասելիորեն մերոնց տեսա, սակայն հասցրեցի կողմ քաշվել, իբր հենց այնպես: - Վիկինգները եկան,- բացականչեց Դավիթը ինձ տեսնելով: Իսկ Փայլակն ուղղակի շնչակտուր եղավ մի երկու բառ ասելիս. - Էս ինչ կինո էր... Էս ինչ ուժեղ կինո էր, «Սպարտակի» շարունակությունն է, Արամ: Դավիթը տակից ձեռքով արեց, իբրՙ չի հասկանում, ինչ է ասում: Ինձ համար հասկանալի էր Փայլակի փայլատակումը, նույն դերասանն էր խաղում: Եվ միայն Ռազմիկը ուշադրություն դարձրեց դեմքիս,- թրաշդ անուշ, Արամ ջան: - Գնացինք, վիկինգներ,- հրահանգեց Սաքոն, ապա աչքով արեց, այտն ու քիթը հետը ծռելով,- գալո՞ւ ես տուն, թե՞ էլի շախմատ խաղալու ես գնալու: Բոլոր հարցերին պատասխանելը պարտադիր չէ, ուսի կամ գլխի շարժումը բավական է: - Այսքա՞նդ եք մնացել,- հարցրեց Ինան: - Այո: - Այնքան էլ բարետես մարդիկ չեն: Իսկ այն մեկը, ձեր բրիգադիրը կարծեմ, ինչո՞ւ էր քիթ ու մռութը ծռմռում: - Իր կարծիքով աչքով էր անում: - Ի՞նչ հարցրեց: - Թե այսօր է՞լ եմ շախմատ խաղալու: - Շախմատը ես լսեցի,- միջամտեց Նինան,- Բելիկովի հե՞տ եք խաղալու: - Մենք էլ կարող ենք խաղալ, եթե ուզում եք: Սպիտակներով եք, քայլ արեք: - c4,- անմիջապես հայտարարեց Նինան: Երեւում էր, առանց տախտակի խաղալը նրա համար նորություն չէր: - Լավ, շախմատի ժամանակը չէ,- խանգարեց Ինան,- դու նորից մի կողմ քաշվեցի՞ր, ինչո՞ւ... - Ոչ էլ դրա ժամանակն է,- ընդդիմացավ քույրը, որին բազմությունն էր անհանգստացնում,- մտնենք, եթե ուզում եք ֆիլմը նստած դիտել: Նրա անհանգստությունը տեղին էր: Առաջին անգամ Դիվինոյում համարակալած տոմսեր էի տեսել, եւ առաջին անգամ չգործեց տեղացիների սովորական կենցաղային կուլտուրան, որը միշտ մեր նախանձն էր հարուցում եւ լավ ծանոթ է Ռուսաստանում եղած ամեն հայի: Գուցե նաեւ այն պատճառով, որ դահլիճ մտնողների մեջ քիչ չէին սեւագլուխները, որոնք ինչքան էլ հիանային խանութներում մանրը, թեկուզ մեկ կոպեկն անպայման վերադարձնելու, հերթերի բծախնդիր, երբեք առաջ չընկնելու, ընդհանրապես ուրիշների իրավունքը հարգելու տեղացիների կարգապահությամբ, հնարավորության դեպքում ջանում էին ե՛ւ առաջ ընկնել, ե՛ւ կովկասյան կոչված ցուցամոլությամբ փայլել: Այնուամենայնիվ առաջացանք դեպի մեր տեղերը, թեեւ ամբողջ շարքը զբաղված էր, երբ էլ հասցրեցին: Բարեբախտաբար աղջիկներ էին գրավել մեր աթոռները, թողեցի, որ քույրերն ազատել տան: Անհանգստանում էի, որ ստիպված կլինեմ բախվել վրացիների կամ չեչենների հետ: Ադրբեջանցիներն առանձնապես նկատելի չէին գյուղում: Մշտապես կինո հաճախող վրացիներն իրենց տեղն ունեին, այդտեղ նստում էին, որ ոտքերն ազատ փռեն: Եվ ցուցադրման ընթացքում հաճախ բարձրաձայն խոսում էին, սիրային տեսարաններին անհապաղ արձագանքում էին շուրթերի ձայներով, թեեւ միջին տարիքի մարդիկ էին, երեսուն-հիսուն տարեկան: Նրանց բախտը բերել էր, որ Պետրոյի խումբը կինո չէր գալիս: Քույրերը երկու տեղ կարողացան փրկել, ավելին պարզապես անհնար էր: Երկու կողմից ամեն աթոռին երկուական աղջիկ էր նստած: Երեք հոգու համար չորս տոմսը քիչ էր: Քույրերը տեղավորվեցին մի աթոռի վրա: Ես հաճույքով կքաշեի այդ նեղությունը: Շուտով գտա ձեւը, թե ոնց կարելի է երկու տեղը երեք դարձնել եւ Ինային մոտեցնել ինձ: Բացի դրանից, մյուս կողմի հարեւանուհիներից մեկը գրեթե ծնկիս էր նստել, հարկավոր էր ժամանակին հեռանալ նրանից: Բազկակալը թույլ էր, հենց ժուռնալը սկսվեց, մի քանի շարժումով կարողացա զգուշորեն հանել ու դնել հատակին, աթոռի տակ: - Ի՞նչ արեցիր,- անհանգստացավ Ինան, բայց երբ տեղը լայնացավ ու մանավանդ ինձ սեղմվելու հնարավորություն ստացավ, ավելացրեց,- տեղն է դրանց, թող մարդկանց համար տեղեր ապահովեն: Նինան նույնպես գոհ էր: Ինքը դեռ չգիտեր, շուտով մենակ մի ամբողջ աթոռ էր զբաղեցնելու: Սովորաբար ժուռնալից հետո լույսերը վառում էին, որ ուշացողները տեղերը գրավեն: Այս անգամ վառեցին, որ տեսնեն, թե ով ում գիրկն է նստել: Սկսվեց ֆիլմը, որն այս երկու օրը խռովել էր Դիվինոյի առօրյան: Քույրերը կլանված դիտում էին, կրտսերն աչք չէր թեքում: Ես սովորականի պես, ֆիլմը տեսած լինեի, թե ոչ, պատկերներին էի հետեւումՙ ծով, նավեր, ֆիորդներ, ամրոցներ, կացնազեն վիկինգներ, կռիվ, սեր եւ կիրք... Այդ ամենը լավ կլիներ, եթե մենակ դիտեի, սակայն հրաշալի էր, որովհետեւ միասին էինք: Կինոյի կեսն էլ չէր անցել, վայրենի ձայնը դրսից, ելքի դռների մոտից խուժեց դահլիճՙ հայերին դուրս կանչելով: Կամ տեղացի էր, որ հայերին մարտահրավեր էր նետում, բայց ռուսի բղավոցի նման չէր, կամ ընկերներին օգնության կանչող հայ, սակայն ինչո՞ւ ռուսերեն: Ինան ձեռքս սեղմեց ու շշնջաց,- չգնաս: Իհարկե, չէի գնալու, ոչ թե վախից, այլՙ ամոթից: Հետեւի շարքերից վիճաբանության ձայներ լսվեցին, մի խումբ դուրս եկավ աղմուկով, անմիջապես հետոՙ մի ուրիշը, նորից մի քանի հոգի, առջեւից նույնպես: Այդքան հայ չկար դահլիճում: Դուրս եկողները, ում տեսնում էի ու տարբերում, հայերից չէին: Սա ճակատամարտի էր նման: Ինան ամուր բռնած պահում էր ձեռքս, սակայն գնայի թե չգնայի, խայտառակված էի եւ ամոթահար: Հիմա նորից կասիՙ վայրենի եք եւ անկուլտուրական, իսկ տանը քույրը կնախատի նրանՙ տեսա՞ր ովքեր են հայերը, ի՞նչ գործ ունես նրա հետ: Դուրս գալուց առաջ Ինան հարցրեց,- դանակդ մո՞տդ է, տուր... Դեռ տագնապում էր, որ կռվի մեջ կներքաշվեմ: - Հիմա միլիցիան հավաքում է բոլորին, եթե հանկարծ քեզ բռնեն ու դանակ հայտնաբերեն, կդատեն, բանտ կնստես: Հասկանո՞ւմ ես: Նինայից էի ամաչում, եւ նա կարծես խուսափում էր ինձ նայելուց: Ակումբից դեպի ձախ, մինչեւ այգու մուտքը եւ միլիցիայի շենքը փողոցը լցված էր մարդկանցով, մահակավոր տղաներ էին երեւում, նույնիսկ աղջիկներն էին կատաղած գոռգոռում: Իրոք ճակատամարտ էր տեղի ունեցել: Ինան իսկույն գնահատեց իրադրությունը եւ թեւս բռնելով թեքվեց աջ, դեպի ավտոկայան եւ տատի տուն: - Գնացինք,- կարգադրեց նա,- Նինա, դու էլ արի: - Ես էլ գա՞մ,- զարմացավ քույրը: - Արի, ի՞նչ է, երկու գիշեր տնից չեմ բացակայի մենակ, նույնիսկ երեք... Այդ կողմը մութ էր, միայն կինոյից տուն գնացող մարդիկ էին երեւում, ենթարկվեցի: Լավ, գնացինք, այդ պահին ճիշտ էր, հետո ի՞նչ էինք անելու երեքով: - Կինոյից բան հասկացա՞ք,- ճանապարհին հարցրեց Ինան: - Ես մինչ այդ գոռոցն էլ բան չէի հասկանում,- ասացի անկեղծորեն: Նինան փռթկաց եւ լռեց, կարծես խեղդեց ծիծաղը: Ինան թեւս բաց չէր թողել, հոգատարությամբ պահպանում էր ինձ, սեղմեց ծիծաղելով: - Իսկ ես մինչեւ վերջ հետաքրքրությամբ նայեցի,- ասաց Նինան, որպեսզի հանկարծ չմտածենք, թե ինքը երբեւէ հայացքը շեղել է էկրանից: Դեմից մահակավոր տղաներ վազելով եկան ու անցան: - Աստված իմ,- դպրոցական տղաներ են,- վախեցավ Ինան,- ես դրանց ո՞նց եմ դաս տալու: Տեսնես ի՞նչ է եղել, որ այսպես կատաղել են: Այս անգա՛մ ինչ են արել ձերոնք: - Գուցե ձերոնք են արել,- հակադարձեցի: - Չեմ բացառում, բայց ավելի հավանական է, որ մեղավորը ձերոնք են: Նինային ըստ երեւույթին այլ բան էր հետաքրքրում կամ մտահոգում: Երբ Ինան մի երկու քայլ հեռացել էր ինձնից, փսփսաց ականջին: - Ոչ, բացառված է,- լսեցի Ինայի ձայնը,- խոստանում եմ: Կարելի էր կռահել կամ ենթադրել, թե ինչ էր խոստանում, բայց ինչո՞ւ էր իմ փոխարեն նույնպես խոստանում, եթե ճիշտ էի կռահել: Դիմովիչի տան լույսը վառ էր: Ես կարծում էի, թե խմած քնած կլինի, այնինչ դեռ խմում էր: - Նա մի քանի տարի է այստեղ,- ասաց Ինան իմ հարցից հետո,- տան տերերը ծեր մարդիկ էին, զավակներ չունեին: Նրանց մահից հետո տունը մնացել էր անբնակ: Սա շատ տխուր փողոց է, ծեր, անճար մարդիկ են մնացել այստեղ: Պատկերացնում եմ տատիս վիճակը, եթե մենք չլինեինք, մենակ այս տանը... Մարդ գոնե կյանքի վերջում մենակ չմնա... - Իսկ եթե գետափով գնանք,- առաջարկեց Նինան, որը երեւի չէր լսում քրոջը եւ իր մտահոգությունն ուներ: - Որպեսզի սպանեն ու գցեն գե՞տը,- միանգամից առարկեց Ինան,- հիմա նրանք ամենուր են, որսի են դուրս եկել: - Կսպանե՞ն,- հարցրեցի: - Չգիտեմ, հնարավոր է: Պետրոն կազմակերպում է գյուղի տղաներին, բանդա են ստեղծել, իրենք հենց այդպես են անվանում: Այսպիսի պատանիներ շատ կան: Չորս-հինգ հոգով շրջում են, մոտենում են Պետրոյին, խոսում, կարծես զեկուցում են, հեռանում: Կարծես թե պարզվում էր այգու հանելուկը, երբ դեռահասներն ինձ ձեռք չտվեցին: Բայց Պետրոն ինչո՞ւ պիտի խնայեր ինձ... - Դու նրան խնդրե՞լ ես ինձ համար,- հարցրեցի Ինային: - Ի՞նչ... Ինչ-որ բա՞ն է եղել: Մի քանի խոսքով պատմեցի: - Այո, բայց չէի խնդրել, ասել էի, որ դու լրիվ տարբեր ես, մյուսների նման չես: Նինան հրեց դռնակը, մտանք բակ: Զգուշությամբ անցանք թփերի միջով, հատապտուղներ էին: Դռան դիմաց, գետնի մեջ բազմաթիվ գլաքարեր էին թաղված, քիչ մեծ այն քարերից, որոնցով Ինայի անունը գրեցի գետափին: - Այստեղ կարելի է բետոնով լավ սարքել,- ասացի,- բակի դռնակից մինչեւ տան դուռը: - Խոստանո՞ւմ ես, շինարար,- ուրախացավ Ինան,- շուտով անձրեւները կսկսվեն, տախտակ ենք դնում, որ անցնենք: - Ես կանեմ, բայց ձերոնք ի՞նչ կասեն: - Կարծում եմ, շնորհակալություն կասեն,- ծիծաղեց Ինան, քույրը` նույնպես: Լավն էր տատի տունը, տային ինձ, ապրեի, փակվեի ու գրեի: Կամՙ Ինայի հետ, օրեր անընդհատ միասին: Այս տունը մի հոգու համար էր, կամ սիրահարների: Երրորդը լցնում էր տունը, ինչպես շուռ էինք գալիս, իրար խանգարում էինք: - Դուք նստեք, ոտքի տակ եք ընկնում,- ջղայնացավ Ինան,- հիմա ես շորերս փոխեմ ու թեյ կտամ: Ես ու Նինան նստեցինք խոհանոցի սեղանի մոտ, դեմ-դիմաց, կարծես շախմատ էինք խաղալու: Իսկ ինչո՞ւ չփորձենք, առանց տախտակի, առաջարկեցի: Նինան գլուխն օրորեց ու հարցրեց քրոջը,- զանգահարե՞մ տուն: - Իհարկե, չանհանգստանան, ասա, որ այստեղ ենք: - Երկուսո՞վ... թե՞ երեքով... Քույրն էլ հումորից լավ էր: - Լավ, ես կխոսեմ,- զգուշացավ Ինանՙ հանկարծ ու քույրը հեռախոսով նույնպես կատակի: Մինչ Ինան սենյակում կխոսեր, ես Նինային նորից առաջարկեցի խաղալ: - Ոչ, չեմ կարող այս ժամին, եթե խաղամ, էլ չեմ քնի: - Ավելի լավ, մինչեւ առավոտ կխաղանք: Նա ծիծաղեց, կատարյալ հաշտություն, մտերմություն նույնիսկ, բայց եղե՞լ էր գժտություն: - Ինչո՞ւ եք ծիծաղում,- Ինան ամեն ինչ պիտի իմանար,- արդեն իրար հետ լավ եք կարծես: Ու երբ ինձնից սիգարետ ուզեց, իսկ ես ասացի, որ չեմ տա, որպեսզի Նինայի մոտ չծխենք, շշմած նայեց: - Ուրեմն այդպես, հա՞... - Այո,- գոհունակությամբ գլխով արեց կրտսերը,- մտածիր ծխելը թողնելու մասին: - Երկուսով իմ դե՞մ... Արամ, դո՞ւ էլ ես պահանջում, որ ծխելը թողնեմ: - Չեմ պահանջում, խնդրում եմ: - Լավ, սեպտեմբերի մեկից չեմ ծխի: - Ինչո՞ւ ոչ հենց այս պահից,- պահանջեց Նինան: - Ուրեմն դու էլ չծխես: Զարմանալի է, քույրն էր նրան պահանջ ներկայացնում, նաՙ ինձ: Սակայն հանուն նրա ամեն ինչի պատրաստ էի, հատկապես որ ծխելուց հրաժարվելն ինձ համար դժվար չէր: «Հանունի» մասը պետք էր բարձրաձայն ասել: - Խնդրեմ, հանուն քեզ ամեն ինչի պատրաստ եմ: Հանեցի «Օպալի» տուփը, ճմռթեցի, արդեն մի քանի անգամ արել էի, եւ գցելու տեղ չգտնելով նորից դրեցի գրպանս: Նինան ծափ տվեց, իսկ Ինան կրկնեց,- հանուն ի՞նձ... բայց փաստորեն մենք ծխելը թողեցինք հանուն Նինայի: - Թեկուզ,- ասաց քույրը,- ի՞նչ վատ է, կարեւորն արդյունքն է: - Որ այդպես է, գնացինք քնելու, ոչ մի թեյ: Նրանից ո՞վ էր թեյ խնդրել: - Գնանք,- իսկույն համաձայնեց Նինան, մի քանի անգամ արդեն հորանջել էր: - Ափսոս չէ՞ գիշերըՙ քնենք,- ասացի: - Եթե ուզում ես, դու մնա... մինչեւ մենք պառկենք,- Ինան ծիծաղելով մտավ սենյակ, քույրը հետեւեց նրան: Առանց նրանց մնալն անիմաստ էր: Քույրերը պառկել էին թախտին, որն ավելի լայն ու ազատ էր, մահճակալը թողնելով ինձ: Ես ցույց տվեցի, թե իրենք պիտի պառկեին մահճակալին, բայց Ինան ձեռքով արեցՙ շատ մի խոսիր: Զգուշորեն նստեցի մահճակալին, որ հանվեմ: Նինան աչքերը փակ պառկած էր, մինչեւ վիզը ծածկված: Հայացքով կանչեցի Ինային: Նա գլուխն օրորեց ու աչքերով ցույց տվեց քրոջը: Զարմացած նայեցի, կարծես նոր տեսա, որ մենակ չէ: Ինան լույսը հանգցրեց: Շատ չանցած սահելով իջավ թախտից, ստվերի պես անլսելի մի քանի քայլ արեց, նույն թեթեւությամբ սողոսկեց ծոցս եւ անմիջապես ուղղակի ականջիս մեջ շշնջաց. -Չէ, խնդրում եմ, Նինային խոսք եմ տվել, պարզապես ուզեցի քեզ կպած պառկել մի քիչ... - Դրա համար էի ասում, որ մահճակալը պիտի թողնեիր Նինային... Իմը շշնջոց չէր, ղռթբռթոց էր ստացվում: Ինան ձեռքով փակեց բերանս, ապա շրջվեց, սեղմվեց մեջքով, ձեռքերս տարավ իրենց տեղերը եւ ասաց. - Քնիր, խնդրում եմ... Ասելը հեշտ էր, շուտով զգաց եւ փախավ: |